Գագիկ Բ
Գագիկ II | |
---|---|
Հայոց արքա | |
![]() | |
Իշխանություն | 1041–1044 |
Ծնվել է՝ | 1023 |
Մահացել է՝ | մարտի 2, 1079 |
Վախճանի վայր | Կիզիստրա, Բյուզանդական կայսրություն |
Նախորդ | Հովհաննես-Սմբատ |
Ամուսին | Անուշ Արծրունի, Անանուն Բագրատունի |
Տոհմ | Բագրատունիներ[1] |
Հայր | Աշոտ Դ Քաջ |
Երեխաներ | Հովհաննես Բագրատունի Դավիթ Բագրատունի Հեղինե Բագրատունի |
Հավատք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Գագիկ II (1023 - մարտի 2, 1079, Կիզիստրա, Բյուզանդական կայսրություն), Անիի թագավորության արքա (1041 - 1044)։ Բագրատունյաց թագավորության վերջին արքան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայագիտության մեջ Գագիկ Բ Բագրատունուն են անդրադարձել Միքայել Չամչյանը, Լեոն, Մանուկ Աբեղյանը, Ղևոնդ Ալիշանը, Հրաչյա Աճառյանը, Մաղաքիա Օրմանյանը և այլք։ Հայ մատենագիրներից նրա մասին են հիշատակել Արիստակես Լաստիվերցին, Գրիգոր Մագիստրոսը, Սամվել Անեցին, Վարդան Արևելցին, Մխիթար Այրիվանեցին, Մատթեոս Ուռհայեցին, Կիրակոս Գանձակեցին, Սմբատ Սպարապետը և այլք, իսկ բյուզանդական պատմիչներից՝ Հովհաննես Սկիլիցեսը և Միքայել Ատտալիատեսը։ Գագիկ Բ-ն ծնվել է մոտ 1024 թվականին։ 12-րդ դարի ժամանակագիր Մատթեոս Ուռհայեցին Գագիկին բնութագրում է որպես խոհեմ և աստվածասեր պատանու։ Մանուկ Աբեղյանը նշում է, որ Անիի արքունիքում եղել է գրադարան. նույնը կար և կաթողիկոսարանում։ Իբրև ուսումնասեր և գիտուն հիշվում է նաև Գագիկ Բ-ն։ Նրա ամուսնության վերաբերյալ պատմագրության մեջ առկա են հակասական տեղեկություններ։ Մ. Ուռհայեցու վկայությամբ` նրա ընտանիքը Անիից բերվում է Բյուզանդիա, ըստ Ա. Լաստիվերցու` նա կայսեր պահանջով ամուսնացավ Սենեքերիմի որդի Դավթի դստեր հետ, իսկ Մ. Օրմանյանի կարծիքով` ամուսնացել է Դավթի այրու հետ` տեր կանգնելու նրա կալվածքին[2]։
Մաղաքիա Օրմանյանը տեղեկություններ է հայտնում նրա որդիների անունների մասին.
![]() |
«Գագիկ Աշոտեանի երկու որդիներն միայն կը յիշուին պատմութեան մէջ, կրտսերն Դաւիթ, Ապլղարիպի փեսան, նոյնիսկ իր աներէն թունաւորուելով սպաննուեցաւ Գագիկին դիմումէն ետքը։ Իսկ երէց որդին Յովհաննէս, փեսայացած կ’ըսուի Անիի յոյն դուքսին, անկէ Կոստանդնուպոլիս եկած Աշոտ որդւոյն հետ, որ վերջէն նորէն Անի կը դառնայ. եւ Մանուչէի ներքինիներէն մին զայն կը թունաւորէ. Անիի վրայ իրաւունք ունեցողի մը կեանքը վերուցած ըլլալու համար։ Յովհաննէս ալ մեռաւ Աշոտ որդիէն քիչ ետքը»[3] | ![]() |
Նրա կրթության մասին է հաղորդում Կիրակոս Գանձակեցին.
![]() |
«Բայց, որովհետև նա մանկությունից գրքերի ուսումնասիրությամբ էր զբաղված, նրանցով էլ զվարճանում էր»[4] | ![]() |
Գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գագիկ Բ-ի գահակալությանը նախորդած ժամանակաշրջանը
[խմբագրել | խմբագրել կոդը]1020 թվականին հայոց թագավոր Գագիկ Ա-ն մահանում է։ Թեև ավագության իրավունքով գահը ժառանգելու էր ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, գահի համար լուրջ պայքար է սկսվում նրա և եղբոր՝ Աշոտ Դ-ի միջև։ Վահրամ Պահլավունու, կաթողիկոս Պետրոս Գետադարձի և վրաց թագավորի միջնորդությամբ կնքվեց հաշտություն, որի համաձայն Անի մայրաքաղաքը իր շրջակայքով հանձնվեց Հովհաննես-Սմբատին, իսկ մնացյալ հատվածը՝ Աշոտ Դ-ին։ Հաշտության պայմաններից մեկն էլ այն էր, որ Հովհաննես-Սմբատի մահից հետո հայոց գահն ամբողջությամբ անցնելու էր Աշոտ Դ-ին, կամ, եթե նա ևս մահացած լիներ, նրա որդուն[5]։ Սակայն երկրում հաստատված այս անդորրը կարճ տևեց։ 1022 թվականին Տրապիզոնում սկսվում են վրաց-բյուզանդական բանակցությունները, որին մասնակցում էր նաև կաթողիկոս Պետրոս Գետադարձը։ Բանակցությունների ժամանակ բյուզանդական կայսր Վասիլ Բ-ն (Բարսեղ) կաթողիկոսից պահանջում է հանձնել Անիի թագավորությունը։ Բյուզանդասեր կաթողիկոսի ճնշման տակ Հովհաննես-Սմբատը տալիս էր իր համաձայնությունը։ Արդյունքում այդ ստորացուցիչ կտակը ուղարկվում է Վասիլ Բ-ին։ Այդ իրողությունը հայտնի է դառնում Անիի բնակչությանը, և երբ կաթողիկոսը վերադարռնում է հայրենիք, նրա դեմ խռովություն են բարձրացնում։ Մինչև իսկ 1037 թվականին նրան բանտարկեցին, սակայն հետո ազատ արձակեցին։ 1040 թվականին մահանում է Աշոտ Դ-ն, իսկ 1041 թվականին՝ Հովհաննես-Սմբատը։ Այս իրողություններից հետո կայսր Միքայել Դ-ն զորք է ուղարկում Անիի թագավորությունը, կտակի համաձայն, գրավելու համար։ Շուրջ 30.000-անոց զորքի գլուխ անցած Վահրամ Պահլավունուն հաջողվում է հետ շպրտել թշնամուն[6]։
Գագիկ Բ-ի թագադրությունը և կառավարման շրջանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերոնշյալ իրադարձությունների համատեքստում գլուխ է բարձրանում բյուզանդասերների խմբավորումը։ Նման ազնվականների շարքում էր Սարգիս Սյունեցին, որի տրվել է բյուզանդական «վեստ» տիտղոսը և պատմության մեջ հայտնի է որպես Վեստ Սարգիս։ Նա բռնագրավում է արքունիքի գանձերը՝ հանգեցնելով բնակչության ատելությանը։ Արդյունքում, Վահրամ Պահլավունու նախաձեռնությամբ Անիի թագավորության արքա հռչակվեց Աշոտ V Քաջի որդի, տասնութամյա Գագիկը՝ Գագիկ II-ը (1041-1044), որը լավ կրթություն ստացած և ազնիվ մի երիտասարդ էր, սակայն վերջինիս թերությունը կայանում էր հենց նույն այդ ազնվության մեջ, ինչը հետագայում իր ճակատագրական հետևանքներն էր ունենալու։ Ըստ Կարեն Մաթևոսյանի՝ թագադրողը եղել է Գրիգոր Բջնեցին[2]։ Անիի կենտրոնական թագավորությունը այս կարճաժամկետ շրջանում փորձում էր ոտքի կանգնել, սակայն Բյուզանդական կայսրության արտաքին նվաճողականության հետևանքով այլ ճակատագիր վիճակվեց[7]։ Անիի ուղղությամբ կայսրության բանակի վերջին հարձակման ժամանակ թշնամական դիրքորոշում էր գրավել նաև Դվինում իշխող Աբուլ-Ասվար Շավիրը, ինչի արդյունքում 1041 թվականի օգոստոսի կեսին արքայից-արքա Գագիկ II-ի գլխավորած Անիի թագավորության բանակը ասպատակեց Դվինի շրջակայքը և նահանջեց[8][9]: Հատկանշական է, որ վերջին իրադարձություններին, թեև ավելի փոքր չափով, բայց Աբուլ-Ասվար Շավիրը այս անգամ ներքաշել էր նաև Սելջուկյան սուլթանությանը, որի բանակը, մի կողմ թողած Դվինը, փորձ էր կատարել խորանալ Անիի թագավորության տարածքում: 1041 թվականի օգոստոսի վերջին, սակայն, Բջնի ամրոցի ճ-մ-ում Վասակ Պահլավունու որդի Գրիգոր Մագիստրոս Պահլավունու գլխավորած Անիի թագավորության բանակը (մոտ 10.000) ջախջախեց Անիի թագավորության տարածք ներխուժած Սելջուկյան սուլթանության բանակին (մոտ 20.000) և գերեց նրա հրամանատարին[10][11]:
1041 թվականի սեպտեմբերի սկզբին Անիի թագավորության արքա հռչակվելու նպատակ հետապնդող Դավիթ I Անհողիի գլխավորած Լոռու թագավորության բանակը (մոտ 10.000) ևս մեկ անգամ ասպատակեց Անիի շրջակայքը և նահանջեց[12], սակայն որևէ արդյունքի այդպես էլ չհասավ: Այսպիսով՝ հայերը զենքը ձեռքին պահպանեցին իրենց թագավորության ամբողջությունն և ինքնիշխանությունը, սակայն դժվարությունները դեռ առջևում էին:
Իսկ Մատթեոս Ուռհայեցին վկայում է. «Այն ժամանակ բարձրացավ Գագիկ անունով տասնութ տարեկան մի պատանի, Բագրատունիների տոհմից, Աշոտ արքայի որդին` Գագիկի որդին, Աշոտի որդին, Աբասի որդին, Սմբատի որդին, Երկաթի որդին։ Պատանի Գագիկը շատ խոհեմ, երկյուղած և աստվածասեր էր»։
Բագրատունյանց թագավորության անկումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1042 թվականին Բյուզանդիայի կայսր է դառնում Կոստանդին Մոնոմախը։ Նա վճռում է վերջնակապես լուծել առկա խնդիրը. այն է գրավել Անիի թագավորությունը։ Նա դիմեց Գագիկ II-ին՝ որպես կտակի ժառանգորդ, և պահանջեց հանձնել թագավորությունը։ Գագիկ Բ-ն հասկանում էր թշնամու ռազմական առավելությունը, ուստի փորձեց դիմել դիվանագիտությանը։ Իրավիճակը կտրուկ փոխվեց 1044 թվականին, երբ կայսրը որոշեց վերջ դնել հայոց թագավորությանը և մեծաքանակ զորք ուղարկում՝ Միքայել Իասիտեսի գլխավորությամբ։ Հայերը, սակայն, պատրաստ չէին այդքան հեշտությամբ տեղի տալ և արդյունքում 1044 թվականի ապրիլին Անիի ճ-մ-ում սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորած Ոստանիկ բանակը (մոտ 40.000) հաղթեց Բյուզանդական կայսրության առաջխաղացած բանակին (մոտ 70.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 15.000)[13][14][15]։ Եվս մեկ հաղթանակ կրկին հարձակման անցած կայսրության բանակի դեմ Անիի պարիսպների տակ հայերը շահեցին 1044 թվականի մայիսին[16][17][18], իսկ մեկն էլ՝ հունիսին[19][20][21]: Այնուհետև Կայսրը ուղարկում է իր սենեկապետ Նիկոլայոսին։ Անիի դարպասների մոտ տեղի ունեցած կատաղի ճակատամարտում հայկական զորքերը՝ Վահրամ Պահլավունու և Գագիկ Բ-ի գլխավորությամբ փայլուն հաղթանակ են տանում[5]։
Կայսրը դիմեց նաև Դվինի ամիրա Աբուլ-Ասվար Շավիրին՝ առաջարկելով նրան ասպատակել Անիի թագավորությունը։ Կայսրը խոստացավ նրան տալ այն տարածքները, որոնք ամիրան կկարողանար գրավել զենքի ուժով։ Աբուլ-Ասվար Շավիրի գլխավորած բանակը 1044 թվականի նույն հունիսին Անիի թագավորության բանակից (ընդհանուր` մոտ 1.000) գրավեց Սուրմարուն (Այրարատ, Մասյացոտն գավառի հյուսիս, Արաքսի աջ ափին), Ամբերդը (Այրարատ, Արագածոտն գավառի արևմուտք, Արագածի հարավային լանջին) և Խոր Վիրապ ամրոցը[22][23][24]:
1044 թվականի հուլիսին կայսրության բանակը հերթական հարվածը հասցրեց Անիի ուղղությամբ: Անիի պարիսպների տակ, սակայն, սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորած Ոստանիկ բանակը (մոտ 30.000) անակնկալ հարձակումով հաղթեց քաղաքը պաշարած Բյուզանդական կայսրության բանակին (մոտ 55.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 10.000)[25][26][27][28][29][30][31][32][33]։
Դրանից հետո, ռազմական ոլորտում մատնվելով վերջնական անհաջողության, պաշտոնական Կոստանդնուպոլիսը Անիի հարցով որոշեց գործել դիվանագիտական դաշտում: Արդյունքում՝ իր ժամանակի դիվանագիտական երաշխիքների զինանոցի ողջ կիրառմամբ կազմվեց և Գագիկ II-ին ուղարկվեց մի ուղերձ, որով վերջինս, կարծես թե, հարաբերությունները վերջնականապես պարզաբանելու նպատակով, հրավիրվում էր Կոստանդնուպոլիս: Գագիկ II-ը, կարծես թե, նույնիսկ գիտակցաբար սխալվեց՝ այդպես էլ չլսելով բազմափորձ սպարապետ Վահրամ Պահլավունուն ու տեղի տալով իր արքային արդեն վաղուց դավաճանած քսու պալատական Վեստ Սարգսի, ինչպես նաև բոլոր ժամանակների Հայոց, թերևս, ամենաանհաջող կաթողիկոս Պետրոս I Գետադարձի (1019-1058) պնդումներին: Հույս ունենալով ի վերջո խաղաղություն հաստատել՝ Գագիկ Բ-ն որոշում է մեկնել Կոստանդնուպոլիս։ Կայսերական մայրաքաղաքում հայոց արքային նախ դիմավորում են մեծ պատվով, Մոնոմախն անձամբ մի քանի օր մեծարում է նրան՝ ընծաներով ու արքայավայել ճաշկերույթով[7]։ Արդյունքն ավելի քան սպասելի էր, քանի որ, այն բանից հետո, երբ արքայից-արքա Գագիկ II-ը մեկնեց Կոստանդնուպոլիս, այստեղ նա գերվեց և այլևս Անի չվերադարձավ։
Մինչ թագավորի մենկելը, վեստ Սարգիսը ու կաթողիկոս Պետրոս Գետադարձը կայսերն էին ուղարկել Անի մայրաքաղաքի բանալիներն։ Կ. Մոնոմախն իր մոտ կանչեց Գագիկին և նրա առջև դրեց բանալիներն ու նամակը։ Տեսնելով դա, հայոց արքան, ինչպես մեջբերում է Մատթեոս Ուռհայեցին, հառաչեց և ասաց.
![]() |
«Հայոց երկրի տերն ու թագավորը ե՛ս եմ, ես քեզ չե՛մ տալիս Հայաստանը, որովհետև դու ինձ խաբեությամբ Կոստանդնուպոլիս բերեցիր»[34]։ | ![]() |
Նա այդպես անսասան է մնում մեկ ամիս, բայց ի վերջո, ելք չգտնելով, համաձայնեց Անին հանձնել կայսրությանը, որի դիմաց Մոնոմախը, արգելելով Գագիկին Անի վերադառնալ, որպես կալվածք նրան հանձնեց Կապադովկիայի Կալոն Պելատ և Պիզու քաղաքները, կարգադրելով Բյուզանդիա բերել նաև արքայի ընտանիքը։ Իր հերթին ստեղծված ծանր պայմաններում բուն Անիում ծվարած դավաճաններին հաջողվեց մեկուսացնել անզիջում պայքարի կողմնակից ու անկախության ջատագով Վահրամ սպարապետին, զրկել նրան իր կողմնակիցների աջակցությունից և, կապ հաստատելով թշնամու հետ, 1045 թվականի սկզբին Անին, իսկ արդյունքում նաև ողջ թագավորությունը, հանձնել Բյուզանդական կայսրությանը։ Համահայկական նշանակություն ունեցող Անիի թագավորությունը կործանվեց: Այն ողբերգական հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար. բուն Հայաստանում երկար դարեր պետականությունը կործանվեց[6]։
Գագիկ Բ-ի հետագա գործունեությունը և սպանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գագիկ Բ-ի 1045-1065 թվականների գործունեության մասին հայտնի չէ որևէ տեղեկություն։ 1066 թվականի ամռանը Անիի թագավորության երբեմնի արքա Գագիկի գլխավորած Ծամնդավի թագավորության բանակը (1.000) ասպատակեց Կապադովկիան[35][36][37][38], իսկ նույն 1066 թվականի օգոստոսին էլ արդեն Մելիտեի և Հիսն-Կալավդիա ամրոցի շրջակայքը ասպատակեց Սելջուկյան սուլթանության (մոտ 1.000) ու Հայկական (300) միացյալ բանակը և նահանջեց[39][40]: Գագիկիսին վկայություն է պահպանվել՝ կապված Կեսարիայի Մարկոս մետրոպոլիտի հետ։ Այդ վկայությունը այն մասին է, որ հունաց երկրում վերջինս շատ էր անարգում հայ ազգին և շներին անվանում Արմեն։ Երբ ժամանում է Կեսարիա, Գագիկը ցանկություն է հայտնում իջևանել մետրոպոլիտի մոտ։ Մարկոս մետրոպոլիտիը հյուրընկալում է նրան։ Գագիկ Բ-ն հրամայում է իր թիկնապահներին շանը գցել մի պարկի մեջ։ Արքայի թիկնապահները Մարկոսին ևս գցում են պարկի մեջ, բերանը կապում և սկսում շանը ձաղկել, որը, ցավից սաստիկ գազազելով հոշոտում է տիրոջը։ Հույների հանդեպ այդ վարքագիծը անհետևանք չի մնում՝ վրեժխնդրության պատճառ հանդիսանալով։ 1079 թվականի գարնանը Անիի թագավորության նախկին արքա Գագիկի գլխավորած Ծամնդավի թագավորության բանակը (1.000) ասպատակեց Կիլիկիայի հյուսիսը ու Կապադովկիան: Գագիկ Բ-ի սպանության մասին պահպանվել են մի շարք տեղեկություններ[2]։
Մատթեոս Ուռհայեցին Գագիկի սպանության թվականը համարել է 1079 թվականը, մինչդեռ ըստ Սամվել Անեցու ժամանակագրության` 1080 թվականը։
Մ. Ուռհայեցին վկայում է, որ 1079 թվականին Գագիկ Բ-ն իր զորքով գնում է Արժախասի դաշտը՝ Կիզիստրա բերդը, որը պատկանում էր երեք հույն իշխանների՝ Մանդալե եղբայրներին։ Գագիկն իր զինվորներից առաջ անցնելով, ձիով, երեք հոգու ուղեկցությամբ մոտենում է իրեն դիմավորելու եկած եղբայրներին, որոնք նախօրոք դարանակալ զորք էին պատրաստել։ Նրանք մոտեցան Գագիկին, երկրպագեցին և երբ մոտեցան ողջագուրվելու, հանկարծ երեքով փաթաթվեցին արքայի վզին և քաշելով ցած գլորեցին։ Դուրս նետվեցին դարանակալած զինվորները, իսկ Գագիկի ուղեկիցները ետ փախան՝ լուրը տանելով նրա զորքին։ Սրանք լուրն առնելով ցրվեցին՝ արքային մենակ թողնելով։ Իսկ եղբայրները նրան տարան իրենց բերդը։ Ութ օր անց հայոց իշխաններից շատերը, որոնք Բյուզանդիայում էին, դուրս եկան Կիզիստրա բերդի դեմ, սակայն դրա անառիկության պատճառով հաջողություն չունեցան, իսկ հույները Բագրատունյաց թագավորության վերջին շառավիղ Գագիկ II-ին աղեղի լարով խեղդամահ արին և մարմինը մեկ օր կախեցին պարսպից, ապա թաղեցին պարսպի արտաքին կողմում[41][42][43][44][45][46][47][48][49]։ Արքայի մտերիմները գիշերով նրա մարմինը տանում են Պիզու քաղաքը և թաղում վանքում։ Գագիկի մահվան վրեժը հետագայում լուծել է Ռուբինյանների տոհմից Թորոս իշխանը՝ սպանելով երեք եղբայրներին և հետ վերցնելով Գագիկի թագն ու այլ արքայական հարստությունները[2]։
Գագիկ Բ-ի «Հավատոյ գիր» ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գագիկ թագավորի միակ ստեղծագործությունը մեզ է հասել Մ. Ուռհայեցու «Ժամանակագրության» շնորհիվ։ Այն կառուցված է հռետորական դիմումի ճարտասանական հնարքով։ Իր հավատի և դավանության խոսքը ընդմիջում է՝ դիմելով կայսրին, երբեմն էլ ուղենշելով իր խոսքը[2]։ Ստեղծագործության մասին Մաղաքիա Օրմանյանը նշում է.
![]() |
«Գիրը ուղղուած է կայսեր հասցէին, եւ առաջ կը խօսի Երրորդութեան, արարչութեան եւ Հոգւոյն Սրբոյ վրայ, եւ մարդեղութեան վրայ խօսած ատենը կը յիշէ եւ կը հերքէ Վաղինտիանոսի, Մարկիոնի, Մոնտանոսի, Մանիի, Նավատիոսի, Սաբելիոսի, Արիոսի, Վոտինոսի, Նեստորիոսի, Եւտիքէսի, Հայ Սարգիսի, Պօղոս Սամոսատցիի, եւ Պետրոս Կնափեցիի վարդապետութիւնները»[50] | ![]() |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախորդող Հովհաննես-Սմբատ 1020-1021, 1021-1041` համիշխան, 1041 |
Բագրատունյաց թագավոր Գագիկ Բ 1041-1044 |
Հաջորդող Թագավորության անկում 1044 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Եղիազարյան Վ. (2020). Գագիկ Բ Բագրատունին և «Հավատոյ գիրը». Եր. էջեր 25–41.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Մաղաքիա Օրմանյան, «Ազգապատում», հատոր Ա, էջ 1460։
- ↑ Կիրակոս Գանձակեցի, «Հայոց պատմություն»։
- ↑ 5,0 5,1 Հայ ժողովրդի պատմություն. Vol. Գ. Եր.: Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատ. 1976. էջեր 151–154.
- ↑ 6,0 6,1 Մելքոնյան Ա. (1998). Հայոց պատմություն. Դասախոսությունների ձեռնարկ. Եր.: «Հայագիտակ» հրատ. էջեր 78–79.
- ↑ 7,0 7,1 Ժամկոչյան Հ.; Աբրահամյան Ա.; Մելիք-Բախշյան Ս.; Պողոսյան Ս. (1975). Հայ ժողովրդի պատմություն. Եր.: Երևանի համալսարանի հրատ. էջեր 456–460.
- ↑ Մատթեոս Ուռհայեցի «Ժամանակագրություն», մաս 1
- ↑ Սմբատ Սպարապետ «Ժամանակագրություն»
- ↑ Մատթեոս Ուռհայեցի «Ժամանակագրություն», մաս 1
- ↑ Սմբատ Սպարապետ «Ժամանակագրություն»
- ↑ Մատթեոս Ուռհայեցի «Ժամանակագրություն», մաս 1
- ↑ Արիստակես Լաստիվրեցի «Պատմություն», գլուխ 10
- ↑ Հովհաննես Սկիլիցես «Համառոտություն պատմության»
- ↑ Հովհաննես Սկիլիցես «Կոնստանդին Մոնոմախ», մաս 8
- ↑ Արիստակես Լաստիվրեցի «Պատմություն», գլուխ 10
- ↑ Հովհաննես Սկիլիցես «Համառոտություն պատմության»
- ↑ Հովհաննես Սկիլիցես «Կոնստանդին Մոնոմախ», մաս 8
- ↑ Արիստակես Լաստիվրեցի «Պատմություն», գլուխ 10
- ↑ Հովհաննես Սկիլիցես «Համառոտություն պատմության»
- ↑ Հովհաննես Սկիլիցես «Կոնստանդին Մոնոմախ», մաս 8
- ↑ Հովհաննես Սկիլիցես «Համառոտություն պատմության»
- ↑ Հովհաննես Սկիլիցես «Կոնստանդին Մոնոմախ», մաս 8
- ↑ Ամիրաս Երզնկացի «Տարեգրություն»
- ↑ Արիստակես Լաստիվրեցի «Պատմություն», գլուխ 10
- ↑ Մատթեոս Ուռհայեցի «Ժամանակագրություն», մաս 1
- ↑ Սմբատ Սպարապետ «Ժամանակագրություն»
- ↑ Կիրակոս Գանձակեցի «Հայոց պատմություն», գլուխ 1
- ↑ Ավագ Սեբաստացի «Ժամանակագրություն»
- ↑ Սամվել Անեցի «Ժամանակագրություն»
- ↑ Հովհաննես Սկիլիցես «Համառոտություն պատմության»
- ↑ Հովհաննես Սկիլիցես «Կոնստանդին Մոնոմախ», մաս 8
- ↑ Անանուն Թավրիզեցի «Ժամանակագրություն»
- ↑ Մատթեոս Ուռհայեցի, «Ժամանակագրություն», թարգմ.՝ Հ. Բարթիկյանի, էջ 105։
- ↑ Մատթեոս Ուռհայեցի «Ժամանակագրություն», մաս 2
- ↑ Սմբատ Սպարապետ «Ժամանակագրություն»
- ↑ Սամվել Անեցի «Ժամանակագրություն»
- ↑ Գևորգ Սկևռացի «Ժամանակագրություն»
- ↑ Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 15, գլուխ 1
- ↑ Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10
- ↑ Մատթեոս Ուռհայեցի «Ժամանակագրություն», մաս 2
- ↑ Սմբատ Սպարապետ «Ժամանակագրություն»
- ↑ Վահրամ Րաբունի «Ռուբինյաց պատմություն»
- ↑ Սամվել Անեցի «Ժամանակագրություն»
- ↑ Կիրակոս Գանձակեցի «Հայոց պատմություն», գլուխ 1
- ↑ Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 60
- ↑ Գևորգ Սկևռացի «Ժամանակագրություն»
- ↑ Հեթում II «Տարեգրություն»
- ↑ Հովհաննես Դարդել «Ժամանակագրություն Հայոց», գլուխ 6
- ↑ Մաղաքիա Օրմանյան, «Ազգապատում», հատոր Ա, էջ 1484։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 638)։ ![]() |
|