Սարդուրի Ա
Սարդուրի Ա | |
|---|---|
| «մեծ արքա», «տիեզերքի արքա», «Նաիրի երկրների արքա», «բոլոր թագավորներից հարկեր ստացող արքա», «ճակատամարտերից չերկնչող զարմանահրաշ քուրմ», «Բիայնա երկրի արքա» | |
| Իշխանություն | մ.թ.ա. 835 թ.-մ.թ.ա. 825 թ. |
| Լրիվ անուն | Սարդուրի Ա |
| Ծնվել է՝ | 910-900 մ.թ.ա. |
| Մահացել է՝ | մ.թ.ա. 824 |
| Թաղվել է՝ | Մուսասիր |
| Ազգություն | հայ |
| Հաջորդող | Իշպուինի |
| Հայր | Լուտիպրի |
| Երեխաներ | Իշպուինի |
Սարդուրի Ա (ծննդ. թվ. անհայտ մ.թ.ա. 910-900 - մ.թ.ա. 824 թվական), Վանի թագավորության մ.թ.ա. մոտ 835-825 թվականներին։ Շարունակելով նախորդների՝ Արամեի և իր հոր՝ Լուտիպրիի քաղաքականությունը, հաջողությամբ դիմակայել է Ասորեստանի կողոպտչական արշավանքներին, ընդարձակել և ամրապնդել թագավորության սահմանները։ Գահակալման սկզբնական տարիներին միավորելով Արածանի գետի միջին և ստորին ավազանի «երկրները», արևմտյան սահմանը հասցրել է մինչև Եփրատ գետը։ Ասորեստանում Սալմանասար Գ-ի դեմ ապստամբություններն ու գահակալական կռիվները (մ.թ.ա. 827-825) զգալիորեն հեշտացրել են Սարդուրի Ա-ի առաջխաղացումը դեպի հարավ, որտեղ նա պետության սահմաններն ընդարձակել է մինչև Հայկական Տավրոսի լեռնաշղթան և հսկողության ենթարկել կապանները։ Նույն ժամանակաշրջանում Սարդուրի Ա միավորել է Վանա լճի ավազանի երկրները և հիմնադրել արքունի նոր բերդաքաղաք Տուշպան (Տոսպավան), որն այնուհետև դարձել է Արարատյան (աքադերեն՝ Ուրարտու) թագավորության ռազմական գլխավոր հենակայանը հարավում՝ ընդդեմ Ասորեստանի։
Շինարարական աշխատանքների մասին Սարդուրի Ա-ի արձանագրությունը աքադերեն պահպանվել է բերդապարսպին։ Ըստ այդ արձանագրության՝ նա մեծարվել է «մեծ արքա», «տիեզերքի արքա», «Նաիրի երկրների արքա», «բոլոր թագավորներից հարկեր ստացող արքա», «ճակատամարտերից չերկնչող զարմանահրաշ քուրմ» և այլ տիտղոսներով։ Իր գահաժառանգ որդի Իշպուինիին թողել է ընդարձակ և կայուն սահմաններով թագավորություն։ Հավանաբար թաղվել է Մուսասիրի (Արդինի) տաճարում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գ. Ղափանցյան, Ուրարտուի պատմությունը, Երևան 1940 էջ 143-152
- Пиотровский Б. Б.5 Ванское царство (Урарту) Москва 1959
- Меликишвили Г. А., Наири-Урарту Тбилиси 1954
- Меликишвили Г. А., Урартские клинообразные надписи Москва 1960
- Lehman Haupt C. F., Armenien Einst und Jetzt, Bd II, 1, Berlin 1926
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]| Նախորդող Լուտիպրի |
Ուրարտական արքա Սարդուրի Ա մ.թ.ա. 844-828 |
Հաջորդող Իշպուինի |
| ||||||||||||||||||||||||||||||

