Արտաշես Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Արտաշես Ա Բարեպաշտ
Մեծ Հայքի Արքա
Ardashescon.png
Իշխանություն մ.թ.ա. 190–մ.թ.ա. 160
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Հաջորդող Արտավազդ Ա
Ուղեկից Սաթենիկ (Ալանաց թագավորի աղջիկը)
Տոհմ Արտաշեսյան
Հայր Զարեհ Երվանդունի
Երեխաներ Արտավազդ Ա, Տիգրան Ա

Արտաշես Ա Բարեպաշտ (մ.թ.ա մոտ 230 – մ.թ.ա. մոտ 160), Հայոց թագավոր մ.թ.ա. 189–ից: Զարեհի որդին, Երվանդունի տոհմից: Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական: Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. շուրջ 200–ին նրա կառավարիչ է կարգել Արտաշես Ա–ին: Մագնեսիայի ճակատամարտում Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որն իր հիմնադրի անունով պատմագրության մեջ կոչվում է Արտաշեսյան: Արտաշես Ա–ի թագավորությունն սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով: Կարճ ժամանակաշրջանում նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ.թ.ա. IIIդ. վերջին կամ մ.թ.ա. IIդ. սկզբին անջատված ծայրագավառները, ստեղծել միաձույլ պետություն, որի հզորությունն ու կենսունակությունը խարսխված է եղել միասնական էթնիկական հիմքի վրա: Հույն աշխարհագրաագետ Ստրաբոնը մանրամասն տեղեկություններ է հաղորդում Արտաշեսի այդ միավորիչ գործունեության մասին: Իր թագավորության սկզբում Արտաշես Ա արշավում է դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը, որի շնորհիվ Մեծ Հայքին են միացվում Փայտակարանը և Կասպից երկիրը: Միացյալ հայկական պետությունից դուրս են մնացել Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը: Արտաշես Ա վարել է Մերձավոր Արևելքում գերիշխող Սելևկյան պետությունը թուլացնելու քաղաքականություն, հմտորեն օգտագործել ինչպես հարևան երկրների, այնպես էլ Հռոմի հակասելևկյան դիրքավորումը: Սակայն Արտաշես Ա չի դաշնակցել Հռոմի հետ, ավելին, ապաստան է տվել Հռոմի անհաշտ հակառակորդին՝ Կարթագենի զորավար Հաննիբալին: Մ.թ.ա. 165–ին հարավում Արտաշես Ա բախվել է սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ, հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը: Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները: Պահպանվել են գյուղերի և ագարակների հողաբաժան սահմանաքարերից մի քանիսը, որոնք ունեն Արտաշես Ա անունով արամեերեն արձանագրություններ: Արտաշես Ա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնք կառավարել են ստրատեգոսները: Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները: Խրախուսել է քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը: Նրա ժամանակ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը: Վախճանվել է ծեր հասակում: Գահը ժառանգել է ավագ որդին՝ Արտավազդ Ա: Արտաշեսի ջանքերով Հայաստանը դարձավ ընդարձակ և ուժեղ պետություն, որը, բնականաբար, կարիք էր զգում նաև ներքին լայն բարեփոխումների: Արտաշեսի վերափոխիչ գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը: Արևելքում տարածված սովորույթ էր, որ նոր արքայատոհմի հիմնադիրը, գահ բարձրանալով, նոր մայրաքաղաք էր կառուցում: Արտաշատը կառուցում է մոտ Ք.ա.185 թ. Արարատյան դաշտում՝ Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում: Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հունահռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»: Արտաշեսը կառուցել է նաև այլ քաղաքներ Զարեհավան, Զարիշատ և այլն: Վերջիններս անվանվել են ի պատիվ Արտաշեսի հոր՝ Զարեհի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Երվանդ Դ Վերջին մ.թ.ա. 220 - մ.թ.ա. 201
Մեծ Հայքի արքա
Արտաշես Բարեպաշտ

մ.թ.ա. 189 - մ.թ.ա. 160
Հաջորդող
Արտավազդ Ա մ.թ.ա. 160 - մ.թ.ա. 115
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png