Jump to content

Վաղարշ Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաղարշ II
Մեծ Հայքի Արքա
Իշխանություն186–206
Ծնվել է՝անհայտ
Մահացել է՝206
Երկիր Մեծ Հայք
ՆախորդՏիգրան VII Սոհեմոս
ՀաջորդողԽոսրով Ա
ՈւղեկիցԱրշամուհի Փառնավազյան
ԱմուսինԱրշամուհի Փառնավազյան
ՏոհմԱրշակունիներ
ՀայրՏիգրան VII Սոհեմոս
ՄայրՍիլվա
Երեխաներ
Հավատքհեթանոսություն

Վաղարշ II (ծն. թ. անհայտ – մոտ 206), Հայոց Արշակունի արքա 186-206 թթ․։ Հաջորդել է հորը` Տիգրան VII Սոհեմոսին։

186 թվականին իր մահկանացուն կնքեց Մեծ Հայքի թագավորության արքա Տիգրան VII Սոհեմոսը և վերջինիս հաջորդեց նրա որդի[1] Վաղարշ II-ը (186-206), որը հոր ժառանգորդը հանդիսացավ նաև վարվող քաղաքական գծի առումով՝ շարունակելով վարել հռոմեամետ քաղաքականություն։ 189 թվականին Գուտի կիրճի ճ-մ-ում (Գուգարքի և Իբերիայի սահմանին) գահի թեկնածու, Վաղարշ II-ի որդի և Համազասպ II-ի քրոջ որդի Արևի գլխավորած Մեծ Հայքի թագավորության (մոտ 30.000), Հռոմեական կայսրության (մոտ 13.000), ինչպես նաև Իբերիայի ապստամբած իշխանների (մոտ 10.000) ու Ալանական թագավորության (մոտ 10.000) միացյալ բանակը ջախջախեց Համազասպ II-ի գլխավորած Իբերիայի (մոտ 30.000) և Պարթևական (մոտ 15.000) թագավորությունների միացյալ բանակին[2][3][4][5]։ Համազասպ II-ը սպանվեց, իսկ Արևը` Ռևը (189-216), հռչակվեց Իբերիայի թագավորության արքա։ Որպես հետևանք՝ Իբերիայի թագավորությունը մինչև 253 թվականը ընկավ Մեծ Հայքի թագավորության գերիշխանության տակ։ 193-ին Վաղարշ II հրաժարվել է օգնել Հռոմի արևելյան զորքերի հրամանատար և կայսերական գահի հավակնորդ Պեսցենիոս Նիգերին, իսկ վերջինիս պարտությունից հետո բանակցել Սեպտիմիոս Սևերոս կայսեր հետ և կանխել նրա ներխուժման վտանգը։ Սեպտիմիանոս Սևերոսը նպատակ ուներ ամենից առաջ ներխուժել հենց Մեծ Հայքի թագավորության տարածք, սակայն սկսված բանակցությունների արդյունքում վերջինս Վաղարշ II-ին ի վերջո ճանաչեց Մեծ Հայքի թագավորության արքա, իսկ Հռոմեական կայսրությունն ու Մեծ Հայքն էլ իրենց հերթին ճանաչվեցին իրար «դաշնակից և բարեկամ», որի արդյունքում, Մեծ Հայքից դուրս բերվեցին հռոմեական զորքերը, Հռոմը պարտավորվեց ամեն տարի խոշոր գումար վճարել Մեծ Հայքի թագավորությանը, որի միջոցով վերջինս պետք է ապահովեր Ալանաց Դուռ ամրոցի հսկողությունը և լեռնանցքի պաշտպանությունը Ալանական թագավորության հարձակումներից[6]։ Որպես արդյունք, 198 թվականի ամռանը Մեծ Հայքի թագավորության հարավ-արևմտյան սահմաններին մոտեցած Սեպտիմիոս Սևերոսը այնուհանդերձ ոչ միայն չսրեց հակամարտությունը վերջինիս հետ, այլև պարտավորվեց տարեկան նույնիսկ բավարար միջոցներ տրամադրել Վաղարշ II-ին՝ Կովկասյան լեռնաշղթայի բավարար պաշտպանությունն ապահովելու նպատակով։ 206 թվականի գարնանը Վաղարշ II-ի, սպարապետ Աշոտ Բագրատունու և Բաբկեն Արծրունու գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 70.000) Ուտիքի ճ-մ-ում գլխովին ջախջախեց Վնասեպ Սուրհապի գլխավորությամբ Դերբենդ ամրոց-Ուտիք երթուղով Մեծ Հայքի թագավորության տարածք ներխուժած Բասիլական ու Ալանական թագավորությունների միացյալ բանակին (մոտ 100.000, այդ թվում սարմատներ, խազարներ ու բուլղարներ)[7][8][9][10][11]։ Դրանից հետո, արդեն 206 թվականի ամռանը, Դերբենդ ամրոցի ճ-մ-ում Վաղարշ II-ի, սպարապետ Աշոտ Բագրատունու և Բաբկեն Արծրունու գլխավորությամբ Դերբենդի լեռնանցքն անցած Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 80.000) գլխովին ջախջախեց Բասիլական ու Ալանական թագավորությունների միացյալ բանակին (մոտ 80.000, այդ թվում սարմատներ, խազարներ ու բուլղարներ), թեև մարտի վերջում Վաղարշ II-ը նետահար եղավ և զոհվեց[12][13][14][15][16][17]։ Վաղարշ II-ի մահից հետո Մեծ Հայքի թագավորության արքա է հռչակվում նրա որդի Խոսրով I Քաջը (206-253)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
  1. Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 65:
  2. «Քարթլիս-Ցխովրեբա»
  3. Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»
  4. Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»
  5. Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 57
  6. Հերոդիանոս «Պատմություն», գիրք 3, մաս 9։
  7. Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 65
  8. Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 46
  9. Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 1, գլուխ 8
  10. Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 1, գլուխ 5
  11. Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 17
  12. Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 65
  13. Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 46
  14. Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 1, գլուխ 8
  15. Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 1, գլուխ 5
  16. Սամվել Անեցի «Ժամանակագրություն»
  17. Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 17