Լևոն Գ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Գ
Լևոն Գ
Լևոն Գ–ն կնոջ և երեխաների հետ

Լևոն Գ (1236–6.2.1289), Հայոց թագավոր Կիլիկիայում 1269–ից։ Հեթում Ա–ի ավագ որդին և հաջորդը։ Հեթումյան արքայատան երկրորդ գահակալը։ 1256–ին Հեթում Ա 20–ամյա Լևոնին շնորհեց «ձիավոր ասպետի» կոչում և հռչակեց գահակից։ 1262–ին Լևոնը ամուսնացավ Լաբրոնի տեր Հեթում իշխանի դստեր՝ Կեռանի հետ։ Եգիպտոսի սուլթանության զորքի դեմ Սև լեռների շրջանում մղած մարտում արքայազն Լևոն գերվեց և բանտարկվեց, իսկ նրա եղբայր Թորոսը սպանվեց։ Հեթում Ա որոշ զիջումներից ազատեց Լևոնին։ Տարսոն քաղաքում նա օծվեց թագավոր, իսկ ծերունի հայրը մտավ Դրազարկի վանքը՝ իբրև կրոնավոր։ Լևոնի գահակալման սկզբնական տարիներին Կիլիկյան Հայաստանը գտնվում էր քաղաքական անբարենպաստ վիճակում։ Հարավ–արևելքից սպառնում էր հզորացած Եգիպտոսի սուլթանությունը, հյուսիսից՝ Իկոնիայի թուրքերը։ Լևոնի ռազմական դաշինքը մոնղոլների հետ ձևական բնույթ ուներ, վերջիններս զբաղված էին իրենց տիրապետության հյուսիսային և արևելյան սահմանների պաշտպանությամբ։ Երկրի ներսում սրվել էին ավատատիրական պառակտությունները։ Իր գահակալման առթիվ, երբ Լևոնը բանտարկյալներին ներում շնորհեց, իսկ հպատակ իշխաններին դիմեց՝ կարոտյալներին օգնելու հորդորով, որոշ իշխանական տներ դժգոհեցին և սրեցին պայքարը կենտրոնական իշխանության դեմ։ Հանգամանքներից օգտվելով, 1275–ին Եգիպտոսի մամլուքների զորքերը ներխուժեցին Կիլիկիա։ Սիս քաղաքի մոտ Լևոնի բանակը՝ Սմբատ սպարապետի առաջնորդությամբ, ջախջախեց թշնամուն և ազատագրեց երկիրը։ Մամլուքների դեմ կռիվներում Լևոնը հաղթանակեց նաև 1276–ին։ Այնուհետև Լևոնը հաղթեց Իկոնիայի սուլթանին և թաթար–մոնղոլական օժանդակ ուժերով արշավեց Ասորիք։ Փոփոխակի հաջողություններով կռիվները շարունակվեցին շուրջ մեկ տասնամյակ։ 1285–ին Եգիպտոսի սուլթանի հետ Լևոնը ստորագրեց 10–ամյա խաղախության պայմանագիր։ Կողմերը գերիներին փոխանակեցին, և ազատ առևտրի իրավունք շնորհվեց վաճառականներին։ Լևոնի ներքին քաղաքականությունը նպաստել է երկրի տնտեսության ու մշակույթի զարգացմանը։ 1271–ին նա վերանորոգվեց վենետիկցիների, իսկ 1288–ին՝ ջենովացիների հետ կնքած առևտրական պայմանագրերը։ Ջենովայի դիվանատանը ցարդ պահպանվում է 1288–ին ջենովացիներին շնորհած պարգևագիրը հաստատված Լևոնի կնիքով ու ստորագրությամբ։ Լևոնը հատել է ոսկյա, արծաթյա և պղնձյա դրամներ, որոնք շրջանառության մեջ են եղել նաև օտար երկրներում։ Լևոնի հովանավորությունն են արժանացել հայ մշակույթի նշանավոր գործիչներ Վարդան Մեծը, Ստեփանոս Օրբելյանը, Հովհաննես Երզնկացին, Վահրամ Րաբունին։


Օգտագործված աղբյուներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան

Ծանոթագրություններ և նշումներ