Մենուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մենուայի ջրանցքի պատը սեպագիր արձանագրությամբ (XIX դարի գծանկար)

Մենուա, Մինուա (ծննդ. թվ. անհայտ - մոտ մ.թ.ա. 786), Ուրարտուի թագավոր մոտ մ.թ.ա. 810 թվականից։ Իշփուինի թագավորի որդին, գահակիցը և հաջորդը։

Գործունեությունը[խմբագրել]

Իշփուինիի և Մենուայի համատեղ թագավորության տարիներին Ուրարտուի սահմանները ընդարձակվել են (հարավ-արևելքում հասնելով մինչև Մանա և Բարշուա երկրները, մոտենալով Ասորեստանի արևելյան սահմաններին)։ Մենուայի միանձնյա թագավորության օրոք Ուրարտուն ապրել է ռազմաքաղաքական վերելք։ Կենտրոնական և ծայրամասային մարզերում՝ Վանա լճի շրջակայքում, Արածանիի և Արաքսի վերին հոսանքներում, Կարինի (Էրզրումի) դաշտում Մենուան կառուցել է բազմաթիվ ամրոցներ (ինչպես նաև տաճարներ)։ Դա հնարավորություն է տվել ապահովելու պետության անվտանգությունը, հաստատվելու նվաճված երկրներում և հետագա արշավանքներով գրավելու նոր շրջաններ։ Հյուսիսում Մենուան հասել է Կարսի շրջան, Ճորոխի ավազան և Արարատի հյուսիսային ստորոտները (որտեղ, Արաքսի աջ ափին, կառուցել է Մենուախինիլի քաղաք-ամրոցը)։ Դիաուխի (Տայք), Էթիունի, Էրիկուախի և այլ երկրների դեմ տարած հաղթանակները զգալիորեն ամրապնդել են Ուրարտուի դիրքերը հյուսիսում։ Այնուհետև Մենուան ռազմական գործողություններ է ծավալել արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ Ծուփանիում (Ծոփք), Ալզիում (Աղձնիք), անդրեփրատյան Մելիտեայում (Մալաթիա)։ Մենուան ստեղծել է ոռոգման լայն ցանց։ Ոչ միայն Ուրարտուում, այլ Հին Արևելքում ուրույն տեղ է գրավել Մենուայի կառուցած վիթխարի ջրանցքը՝ շուրջ 80 կմ երկարությամբ, որը խմելու և ոռոգելու ջուր է մատակարարել (այժմ էլ գործում է) Ուրարտուի մայրաքաղաք Տուշպային (Վան)։ Մենուան ջրանցքներ է անցկացրել Վանա լճի հյուսիսային, հարավային ու արևելյան ավազաններում և հարակից շրջաններում։

Գրականություն[խմբագրել]

  • Գ. Ղափանցյան, Ուրարտուի պատմությունը, Երևան 1940 էջ 143-152
  • Ն. Ադոնց, Հայաստանի պատմություն, Երևան 1972
  • Пиотровский Б. Б.5 Ванское царство (Урарту) Москва 1959
  • Марр Н. Я. и Орбели И. А., Археологическая экспедиция 1916 г. в Ван, Петербург 1922
  • Меликишвили Г. А., Наири-Урарту, Тбилиси 1954
  • Арутюнян Н. В., Биайнили (Урарту), Ереван 1970

Տես նաև[խմբագրել]

Նախորդող
Իշփուինի
Ուրարտական արքա
Մենուա

մ.թ.ա. 786-764
Հաջորդող
Արգիշտի Ա