Jump to content

Իշպուինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իշպուինի
Դիմանկար
Իշպուինի արքան կնոջ հետ
Ծնվել էՔ.ա. 9-րդ դար
Մահացել էՔ.ա. 810
ՔաղաքացիությունՎանի թագավորություն
Ազգությունհայ
Մասնագիտությունմիապետ
ԳործունեությունՎանի թագավորության արքա Ք.ա. մոտավոր 825-810
Ծնողներհայր՝ Սարդուրի Ա
Զբաղեցրած պաշտոններՎանի թագավորության արքա
ԵրեխաներՍարդուրի, Մենուա
 Ishpuini Վիքիպահեստում

Իշպուինի (ասորերեն՝ Ուշպինա), (Ք.ա. 9-րդ դար – Ք.ա. մոտ 810), Վանի թագավորության արքա Ք.ա. 828-810 թվականներին[1]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշպուինին Սարդուրի Ա-ի որդին էր։ Վերջինս Վանը դարձրել էր իր տերության մայրաքաղաքը։ Իշպուինին առաջինն էր, որ ուրարտական լեզվին փորձում է հարմարեցնել ասուրական բևեռագրերը։ Իրականում դա այնքան էլ հեշտ գործ չէր, քանի որ շատ դժվարություններ ու առանձնահատկություններ ուներ ուրարտերենի հնչյունական մասը. այդ լեզվի հարուստ հնչյունները ճիշտ չէին արտահայտում պաշտոնական նշանները։ Դրանով Իշպուինին հսկայական ծառայություն է մատուցում թե՛ Ուրարտուի, թե՛ Հայաստանի և թե՛ Հին Արևելքի պատմությանը, քանի որ մեր պատմական աղբյուրները հիմնականում այդ ուրարտական արձանագրություններն են։ Ուրարտերեն լեզվով Իշպուինիի մեզ հասած արձանագրությունները սահմանափակ թվով են և հիմնականում շինարարական բնույթ ունեն։ Մի կողմից շինարարական գործունեություն է ծավալել Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայում և նրա շրջակայքում, մյուս կողմից` Արածանիի վերին հոսանքում։ Կառուցելով մի շարք ամրոցներ Իշպուինին գերազանցապես զբաղվել է երկրի պաշտպանունակության ամրապնդմամբ։ Ասուրական աղբյուրներում Իշպուինին հիշատակվում է Շամշիադադ V (Ք.ա. 824-811) թագավորի կառավարման ժամանակաշրջանում։ Շամշիադադ V-ը չի կարողանում վերականգնել Ասորեստանի երբեմնի հզորությունը և ի տարբերություն իր նախորդի՝ Շամշի-Ադադը  հրաժարվում է Ասորեստանի գերիշխանությունից անդրեփրատյան երկրներում, հատկապես Ասորիքում[2][3]։ Մ.թ.ա. 824 թվականին Ալաշկերտի ճ-մ-ում (Այրարատ, Բագրևանդ գավառ, Արաքսի վերին հոսանքից մոտ 22 կմ հարավ) Արարատյան թագավորության բանակը (17.220, որից 1.460 հեծյալ, ինչպես նաև 66 մարտակառք) հաղթեց Տայքի, Գուգարքի, Խաղկտիքի և Արցախի իշխանությունների միացյալ բանակին (մոտ 10.000), որից հետո առանց մարտերի մտավ Հզոր Կուկրու ամրոց ու Ախուրյանի հովտով հասավ մինչև Կղարջք: Գերվեցին 1.720 տղամարդ և 1.670 կին, վերցվեցին 126 ձի, 13.540 գլուխ խոշոր և 20.785 գլուխ մանր եղջերավոր անասուններ[4]։ Արդյունքում՝ Հայաստանի հյուսիսում և արևելքում գտնվող բոլոր իշխանությունները ընդգրկվեցին Արարատյան թագավորության կազմում, ինչը զգալի չափով մեծացրեց յշպուինիիան ռազմական հզորությունը: Հարավային վտանգը, սակայն, նույն այս ժամանակ դեռևս լիովին չեզոքացված չէր և արդյունքում Արարատյան թագավորության գահակալը այդպես էլ հնարավորություն չունեցավ լրիվ ծավալով կյանքի կոչել սեփական քաղաքական ծրագրերը: Մ.թ.ա. 823 թվականին Շամշիադադ V-ի գլխավորած Ասորեստանի թագավորության բանակը (մոտ 70.000) ասպատակեց Աղձնիքը ու Կորճայքը և նահանջեց[5]: Առաջին հարվածը հայերը բաց էին թողել, բայց փոխարենն արդեն մ.թ.ա. 822 թվականին, հակառակորդի հերթական հարվածի ժամանակ, Աղձնիքի ճ-մ-ում իշպուինի գլխավորած Արարատյան թագավորության բանակը (մոտ 60.000), օգտվելով մարտի ընթացքում թշնամու բանակի կազմում գործող Աղձնիքի իշխանության բանակի (մոտ 7.000)՝ թիկունքից հասցված հարվածից, հաղթեց Շամշիադադ V-ի գլխավորած Ասորեստանի թագավորության բանակին (մոտ 70.000)[6]։ Դրանից հետո, զարգացնելով խոշոր այս հաջողությունը, մ.թ.ա. նույն 822 թվականին Արարատյան թագավորության բանակը (11.878, որից 9.174 հեծյալ, ինչպես նաև 106 մարտակառք) Ասորեստանի թագավորության բանակից (մոտ 3.000) գրավեց Արդնին և Կորճայքի հարավ-արևելքը, որից հետո, շարունակելով արշավանքը ու մտնելով Մեիշտա, Կուան, Շարիտուն և Նիգիբուն (Կորճայքի հարավ-արևելք), իր գերիշխանությանը ենթարկեցրեց Պարսքը (Արևմտյան Պարսկաստան): Գերվեցին զգալի քանակությամբ մարդիկ, վերցվեցին 1.120 ձի, 12.000 գլուխ խոշոր և 5.000 գլուխ մանր եղջերավոր անասուններ, 65 ուղտ, ինչպես նաև այլ տեսակի ռազմավար: Ի պատիվ այս հաղթանակի Իշպուինիի հրամանով տնկվեցին սոսյաց անտառներ և կառուցվեցին տաճարներ[7]: Վերջին իրադարձություններում Շամշիադադ V-ի թագավորությունը շոշափելի հարված էր ստացել, սակայն այն դեռևս պահպանել էր զգալի հարվածային հնարավորություններ։ Արդյունքում՝ մ.թ.ա. 821 թվականին Շամշիադադ V-ի գլխավորած Ասորեստանի թագավորության բանակը (մոտ 70.000) ասպատակեց Պարսկահայքը ու Կորճայքը և նահանջեց[8], որից հետո մ.թ.ա. 818[9], մ.թ.ա. 817[10] ու մ.թ.ա. 816 թվականներին հարված հասցրեց արդեն միայն Կորճայքին, թեև ի վերջո կրկին հետ քաշվեց ելման դիրքեր[11]: Մարտական այս գործողությունները, սակայն, Շամշիադադ V-ին վերջին հաշվով որևէ հաջողություն չբերեցին և, այն բանից հետո, երբ մ.թ.ա. 811 թվականին վերջինս կնքեց իր մահկանացուն ու գահն անցավ նրա մանկահասակ որդի Ադադնիրարի III-ին (մ.թ.ա. 811-783), Ասորեստանի թագավորություն արդեն կորցրել էր իր երբեմնի հզորության զգալի մասը, իսկ Արարատյան թագավորությունն էլ, սրան հակառակ, գտնվում էր վերելքի ուղու վրա: Մ.թ.ա. 810 թվականին Իշպուինիի մահից հետո Արարատյան թագավորության գահն անցավ նրա որդի Մենուային (մ.թ.ա. 810-786), որը ռազմական, վարչական և կազմակերպչական հսկայական ունակությունների տեր մի անձնավորություն էր: Հենց այս ժամանակից սկսած էլ Ասորեստանի և Արարատյան թագավորությունների հարաբերություններում ռազմավարական նախաձեռնությունը գրեթե յոթ տասնամյակով անցավ երկու այս թագավորություններից վերջինին:

Մենուայի հետ համատեղ գահակալում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշպուինիի օրոք սկսված և Մենուայի գահակալության ընթացքում շարունակված բարեփոխումները Վանի թագավորության հզորացման և տարածաշրջանային տերություն դառնալու գործում կարևոր դեր էին խաղում։ Իշպուինիի անվան հետ էին կապված գահակալության առաջին շրջանում անցկացված բարեփոխումները, իսկ երկրորդ շրջանում նրա հետ հեղինակակից է հանդես գալիս որդին՝ Մենուան, ինչը երևում է նրանց համատեղ արձանագրություններից։ Եթե Իշպուինիի կառավարման սկզբնական շրջանում տեղի է ունեցել գրային բարեփոխում` տեղական սեպագրի ստեղծում, ապա նրա գահակալության երկրորդ շրջանում կատարվել է կրոնական բարեփոխում` ողջ թագավորության համար միասնական դիցարանի (պանթեոնի) ստեղծումով։ «Խալդյան դարպասի» վրա դիցարանի արձանագրումը հետագայում մեր ժողովուրդը կոչեց «Մհերի դուռ»։ Ք.ա. IX դարավերջի հարավհայաստանյան դիցարանում միավորված էին նախկին Նաիրյան համադաշնության երկրների աստվածությունները։ Ռազմական ոլորտի բարեփոխումները սկսվեցին Իշպուինիի օրոք և շարունակվեցին Մենուայի օրոք։ Նախկին դաշնային աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ կանոնավոր բանակով[12]։

Ուրարտուի սահմանները Իշպուինիի և Մենուայի օրոք ընդլայնվում են ոչ միայն հարավ-արևելյան, այլև հյուսիսային ուղղությամբ։ Ք.ա. 820-ական թվականների վերջին ընդլայնել է թագավորությունը Ուրմիո լճի ավազանի հարավում։ Արդինի-Մուսասիրը միացնում է իր թագավորությանը և պետության հոգևոր կենտրոնը դարձնում է Արդինի-Մուսասիրի համանուն կենտրոնը։ Կառուցվում էին պաշտամունքային շինություններ, ինչպես նաև երկրի նվաճումից հետո ուրարտական աստվածներին մատուցվում էին զոհեր։ Մեծահարուստ ավարով Վանի թագավորություն են վերադառնում Դիալայի ակունքներից, ուր նվաճել էին Բարշուա (Պարսուա) երկիրը։ Այս քայլով Ասորեստանը Ուրարտուից մարտահրավեր է ստանում` մոտենալով նրա արևելյան սահմաններին[3][12]։

Ուրարտական զորքերը պատմական Կղարջք (Կատարզա) և Արաքս գետի վերին հոսանք (Ուիտերուխի) են հասնում հյուսիսային ուղղությամբ ձեռնարկված արշավանքների ընթացքում։ Հիշյալ երկրների վրայով ուրարտական զորքերի հաղթարշավը չկարողացան կասեցնել նույնիսկ հյուսիսում ընկած Էթիունի հզոր ցեղային միության օգնությամբ։ Ուրարտական պետության համար այդ հաղթանակների արդյունքներն այնքան էական էին, որ Իշպուինին և Մենուան անհրաժեշտ են գտնում դրանք հավերժացնել բազմաթիվ արձանագրություններով, որոնցից պահպանվել են չորսը[3]։

Իշպուինիի, ինչպես նաև Մենուայի հետ համատեղ թողած որոշ արձանագրություններ, վերաբերվում են Արարատյան դաշտում, Տուշպայի (Վան), Մանազկերտի և այլ շրջաններում կատարած շինարարական ձեռնարկումներին (բերդաքաղաքներ, պալատներ, ամառանոցներ, այգիներ, ոռոգիչ առուներ և այլն)։ Իշպուինին կրել է «Մեծ արքա», «Հզոր արքա», «Տիեզերքի արքա», «Նաիրի, Սուրա, Բիայնա երկրների արքա» տիտղոսները։ Կյանքի վերջին տարիներին արքայական գահը հանձնելով Մենուային՝ նվիրվել է քրմապետական գործունեությանը։ Վանի «Մհերի դուռ» կոչվող ժայռին պահպանված արձանագրությունը ներկայացնում է Իշպուինիի կազմած հաշտից ցուցակը՝ Խալդի աստծո գլխավորությամբ ավագ ու կրտսեր աստվածությունների դիցակարգությունը (նվիրապետությունը)[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայ ժողովրդի պատմություն, սկզբից մինչև 18-րդ դարի վերջը (PDF). Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. 1975. էջ 38. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.
  2. Ղափանցյան, Գրիգոր (1940). Ուրարտուի պատմությունը. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջ 139.
  3. 3,0 3,1 3,2 Հայ Ժողովրդի Պատմություն, Հ. 1. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ. 1971. էջեր էջ 290-292.
  4. Իշպուինիին և Մենուային վերագրվող արձանագրություններից:
  5. Շամշիադադ V-ին վերագրվող արձանագրությունից: «Էպոնիմների ցանկ» արձանագրությունից:
  6. Շամշիադադ V-ին վերագրվող արձանագրությունից:
  7. Իշպուինիին և Մենուային վերագրվող արձանագրություններից; «Էպոնիմների ցանկ» արձանագրությունից:
  8. Շամշիադադ V-ին վերագրվող արձանագրությունից; «Էպոնիմների ցանկ» արձանագրությունից:
  9. «Էպոնիմների ցանկ» արձանագրությունից:
  10. «Էպոնիմների ցանկ» արձանագրությունից:
  11. «Էպոնիմների ցանկ» արձանագրությունից:
  12. 12,0 12,1 «Մովսիսյան Ա. | historyofarmenia.am.am». www.historyofarmenia-am.armin.am. Արխիվացված է օրիգինալից 2023-02-18-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 18-ին.
  13. «Հայկական սովետական հանրագիտարան», Հատոր IV. Երևան: Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն. 1978. էջ 377.
Նախորդող
Սարդուրի Ա
Ուրարտական արքա
Իշպուինի

մ.թ.ա. 828/825-810
Հաջորդող
Մենուա