Jump to content

Ասորիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ասորիք, հնագույն երկիր Մերձավոր Արևելքում։ Արևմուտքից սահմանակից էր Միջերկրական ծովին ու փյունիկիային, արևելյան կողմից, Եփրատ գետով՝ Միջագետքին ու Բաբելոնին, հարավից՝ Անապատային Արաբիային և Հրեաստանին, հյուսիսից՝ Կիլիկիային ու Կոմագենեին։ Բաժանվում էր Հյուսիսային կամ Վերին և Հարավային կամ Ստորին երկրամասերի։

Ասորիքը եղել է քարավանային հնագույն հանգույց, որտեղ դարերի ընթացքում բախվել ու միախառնվել են զանազան ցեղեր ու ժողովուրդներ։ Մ.թ.ա. III-II հազարամյակներում Ասորիքում, մասնավորապես Որոնտես գետի արգասաբեր հովտում, Դամասկոսի ու Պալմիրայի օազիսներում, գերիշխել են խուրրի-սուբարյան և ամովրհական ցեղերը, որոնք մ.թ.ա. II հազարամյակի սկզբին անցան դասակարգային հասարակարգի։ Ասորիքում գոյացան մի շարք քաղաքներ ու քաղաք-պետություններ՝ միմյանցից անկախ արքայիկների գլխավորությամբ։ Ենթարկվելով հզոր հարևանների նավաճումներին՝ Ասորիքը այդպես էլ չկարողացավ ստեղծել միասնական պետություն։ Մ.թ.ա. II հազարամյակի վերջերին Ասորիքը ողողվեց քոչվոր արամեացիներով, որոնք անկման հասցրին նրա տնտեսությունը։ Եկվորների ազդեցությամբ Ասորիքի բնակչության լեզուն աստիճանաբար արամեացվեց, իսկ երկիրը նրանց անունով սկսեց հորջորջվել նաև Արամ։ Մ.թ.ա. IX դարի սկզբին Ասորիքը ասպատակեց Ասորեստանը։ Մ.թ.ա. IX դարի վերջերից մինչև մ.թ.ա. VIII դարի առաջին կեսը Հյուսիսային Ասորիքը ենթարկվում էր Ուրարտուին։ Մ.թ.ա. 740-730-ական թվականներին Ասորեստանի թագավոր Թիգլաթպալասար IIIՈւրարտուի Սարդուրի Բ թագավորին դուրս մղեց Ասորիքից և վերանվաճեց այն։ Ասորեստանի կործանումից հետո Ասորիքին տիրեցին՝ մ.թ.ա. 605-ից՝ Նոր Բաբելոնյան թագավորությունը, մ.թ.ա. 539-ից՝ Աքեմենյանները, մ.թ.ա. 301-ից՝ Սելևկյանները։

Սելևկյան տիրապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելևկյան տիրապետության ժամանակաշրջանում Ասորիքում հիմնվեցին հունական քաղաքներ ու ավաններ, տարածվեց հունական լեզուն ու մշակույթը։ Ասորիքը դարձավ հելլենիստական քաղաքակրթության կենտրոն։ Մ.թ.ա. II դարի Սելևկյանների աշխարհակալությունը քայքայվեց, և հոգևարք ապրող Սելևկյան թագավորները ամփոփվեցին Ասորիքի սահմաններում։ Սելևկյան վերջին գահակալներից հիասթափված՝ Ասորիքի ավագանին մ.թ.ա. 84-ին ընդունեցին հելլենիստական Հայաստանի գերիշխանությունը։ Անտիոքը և մյուս քաղաքները առանց դիմադրելու անձնատուր եղան քաղաքային գլխավոր ճանապարհներին գերիշխող Տիգրան Բ Մեծ թագավորին, դարձավ հայկական փոխարքայություն՝ հայ զորավար Բագրատի գլխավորությամբ։

Տիգրան Մեծից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասորիքի քաղաքները, արհեստները, առևտուրը, մշակույթը վերստին ծաղկեցին։ Մ.թ.ա. 66 թվականի Արտաշատի պայմանագրով Ասորիքը Հայաստանից անջատվեց և վերածվեց հռոմեական նահանգի։ I-IV դարերում պարսկա-հռոմեական մրցակցության ժամանակ Ասորիքը ենթարկվել է պարթևա-պարսկական ասպատակություններին ու ավերածություններին։ Այս ժամանակներում Ասորիքում հիմնվել են մի քանի մանր իշխանություններ, որոնցից նշանավոր էին Պալմիրան և Օսրոյենեն։ Վերջինս հայ և ասորի խառը բնակչությամբ թագավորություն էր, որի վերջին գահակալները հիշվում են իբրև հայեր։ Սերտ կապեր է ունեցել Մեծ Հայքի հետ, թերևս երբեմն միացած է եղել Արշակունիների թագավորությանը, որի համար հայ հին մատենագիրներն այն ուղղակի հայկական երկիր են անվանում։

IV դարի վերջից մինչև 630-ականի արաբական նվաճումները Ասորիքը բյուզանդական նահանգ էր և ռազմական հենակետ։ 661-750 թվականներին դառնում է Օմայանների խալիֆայության քաղաքական ու մշակութային կենտրոնը։ Արաբական ցեղերի զանգվածային հոսքը փոխեց Ասորիքի բնակչության կազմը։ Տեղացի բնակչության զգալի մասը մահմեդականացվեց։

Գիր և գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապես Ասորիքի բնակիչները գործում էին եգիպտական մեհենագրերին նման գրեր։ Մ.թ.ա. I հազարամյակի սկզբից գործածում էին 22 բաղաձայն հնչյուններից բաղկացած նոր գրեր։ Համեմատաբար կատարյալ և դյուրընկալ գրության այս արվեստը մ.թ.ա. I հազարամյակում տարածված էին նաև շրջապատի քաղաքակիրթ երկրների, այդ թվում Հայաստանի պաշտոնական գրասենյակներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 569