Արտաշատի պայմանագիր
Արտաշատի պայմանագիր | |
---|---|
Ստորագրվել է — վայր |
Մ.թ.ա. 66 թ. Արտաշատ Մեծ Հայք |
Ուժի մեջ է մտել — Պայմաններ |
Կնքման օրվանից Ծոփքն ու Կորդուքը տրվել են Տիգրան Կրտսերին Մեծ Հայքը Հռոմին վճարել է 6000 տաղանդ ռազմատուգանք Մեծ Հայքը ճանաչվել է Հռոմի բարեկամ և դաշնակից, Հօգուտ Հռոմին` Մեծ Հայքը հրաժարվում էր Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից, Կիլիկիայից |
Ստորագրել են | Տիգրան Մեծ և Գնեոս Պոմպեոս |
Կողմեր | Մեծ Հայք
|
Արտաշատի պայմանագիր, կնքվել է հռոմեական զորավար Գնեոս Պոմպեոսի և հայոց արքա Տիգրան Մեծի միջև[1][2]։
Մ.թ.ա 67 թվականի վերջին հռոմեական սենատը Լուկուլլոսի փոխարեն հռոմեական զորքերի հրամանատար է նշանակում Պոմպեոսին, որին տրվում են պատերազմներ վարելու, հաշտություն կնքելու և այլ լիազորություններ, ինչպես նաև սահմանափակ իշխանություն։ Պոմպեոսը, իր հրամանատար նշանակվելու մասին լուրը Կիլիկիայում լսելով, սկսում է նախապատրաստվել Միհրդատի և Տիգրանի դեմ պատերազմին։ Պոմպեսը կարճ ժամանակահատվածում խոշոր բանակ է ստեղծում, և, Միջագետքում Տիգրանի գրաված երկրները պարթևներին վերադարձնելու խոստումով, իր կողմն է գրավում Հրահատ III-ին՝ նրան դարձնելով Հայաստանի վտանգավոր հակառակորդ։ Հայաստանի և Պոնտոսի դեմ ուղղված հռոմեա-պարթեական դաշինքի կնքման գործում դեր է կատարում նաև Տիգրան Կրտսերը։
Մ.թ.ա 66 թվականի գարնանը Մեծ Հայքի վրա են հարձակվում պարթևական զորքերը` իրենց կորցրած հողերը վերագրավելու և Տիգրան Կրտսերին հայկական գահի վրա բարձրացնելու նպատակով։ Հայաստան մտնելուն պես Պոմպեոսը պաշարում է Արտաշատը, սակայն հայկական զորքերի կողմից երկար դիմադրությունից հետո Պոմպեսը վերադառնում է հայրենիք՝ պաշարումը հանձնարարելով Տիգրան Կրտսերին։ Հռոմեական զորքերի հրամանատարի հեռացումից հետո, Տիգրան Մեծը հարձակվում է և հաղթում որդուն, որին հաջողվում է փախչել։ Պոմպեոսը, Միհրադտին պարտության ենթարկելուց հետո, աշնանը հարձակվում է Մեծ Հայքի վրա և շարժվում դեպի Արտաշատ։
Տիգրան Մեծի համար ստեղծվում է բարդ իրավիճակ։ Նա միայն իր բանակով, առանց դաշնակից ուժերի չէր կարող դիմակայել Հին Հռոմին և Պարթևական թագավորությանը։ Մեծ Հայքի այդ ժամանակ կայուն չէր նաև ներքին դրությունը։ Այս ծանր պայմաններում մ.թ.ա 66 թվականի աշնանն Արտաշատում հաշտության պայմանագիր է կնքում Հայաստանի և Հռոմի միջև։
Կետեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ.թ.ա 66 թվականին կնված Արտաշատի պայմանագիրը պարունակում էր հետևյալ կետերը[3]՝
- Ավարտվում է հայ-հռոմեական պատերազմը։
- Մեծ Հայքի կողմից նվաճված բոլոր պետությունները զիջվում են Հռոմին (բացառությամբ Հայկական Միջագետքի)։
- Մեծ Հայքն իր 15 նահանգներով և Գոդերձական կուսակալական շրջաններով պահպանվում է որպես անկախ պետություն։
- Ծոփքը ևս մնում է Մեծ Հայքի կազմում (Տիգրան Կրտսերի կալանավորման և Հռոմ հաղթանդեսի տանելու հանգամանքով պայմանավորված)։
- Մեծ Հայքը Հռոմին վճարում է ռազմատուգանք 6000 արծաթյա տաղանդի չափով, յուրաքանչյուր հռոմեական զինվորին՝ 50 դրամքե, յուրաքանչյուր հարյուրապետին՝ 100 դրամքե, իսկ յուրաքանչյուր զինվորական տրիբունին՝ մեկ դրամքե։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ․ Գ․ Ժամկոչյան, Ա․ Գ․ Աբրահամյան, Ս․ Տ․ Մելիք-Բախշյան, Ս․ Պ․ Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն․ սկզբից մինչև XVIII դարի վերջ», էջ 137-139
- ↑ Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան։ «Հայաստան» հրատարակչություն։ 1966։ էջ 318-319
- ↑ Կարեւորագույն պայմանագրերը Հայաստանում սկզբից մինչև XIV դարը, էջ 17
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 138)։ |