Ծոփքի միացումը Մեծ Հայքին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծոփքի միացումը Մեծ Հայքին
Թվականմ․թ․ա․ 94 թվական
Մասն էՏիգրանյան նվաճումներ
ՎայրԾոփք, Մեծ Հայք
ԱրդյունքԾոփքի միացումը Մեծ Հայքի թագավորությանը
Հակառակորդներ
Արտաշեսյանների թագավորություն Արտաշեսյանների թագավորությունԾոփքի թագավորություն Ծոփքի թագավորություն
Հրամանատարներ
Տիգրան ՄեծԱրտանես Ա
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Ծոփքի միացումը Մեծ Հայքին, Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորության արքա Տիգրանի կողմից պատմական Հայաստանի մաս կազմող Ծոփք նահանգի միացումը հայոց տիրակալությանը։ Մեծ Հայքում պետականության վերականգնման ժամանակ Արտաշես I-ի միավորիչ գործունեության արդյունքում Ծոփքը չի հայտնվում Մեծ Հայքի թագավորության կազմում և վերջինիս միանում է միայն տասնյակ տարիներ հետո։

Ծոփքը հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով՝ հանդիսանալով հայկական քաղաքակրթության օրրաններից մեկը, որը հիշատակված է Անանիա Շիրակացու «Աշխարհացույց»-ում։ Մ․թ․ա․ 95 թվականին երկրի գլուխ անցնելով՝ Տիգրան Բ-ն սկսում է հայոց պետականության կազմից դուրս գտնվող հայկական հողերի միավորման գործընթացը և առաջինը կանգ է առնում Ծոփքի վրա։ Մ․թ․ա․ 110 թվականից ի վեր Ծոփքի թագավորությունում իշխում էր Արտանես արքան, որի օրոք սկսել էր թագավորության լճացումը։ Մ․թ․ա․ 94 թվականին հայկական զորքերը մտնում են Ծոփք և գահընկեց անում իշխող Երվանդականներին։

Այսպիսով՝ մ․թ․ա․ 94 թվականին Տիգրան Մեծը գրավում է Ծոփքը և միացնում Մեծ Հայքի թագավորությանը։ Վարչական բարեփոխումների արդյունքում մեկ տարի անց՝ մ․թ․ա․ 93 թվականին, Տիգրանը Ծոփք նահանգին է միացնում նաև Մելիտենեի (ներկայումս հայտնի է որպես Մալաթիա) շրջանը կամ գավառը։

Ծոփքը նախքան Մեծ Հայքին միացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծոփքը, կամ ինչպես ընդունված էր անվանել Չորրորդ Հայքը, գտնվում էր Արևմտյան Տիգրիսի վերին և Արածանու ստորին հոսանքի շրջանում։ Հյուսիսից սահմանակից էր Բարձր Հայք, հարավից՝ Աղձնիք, արևելքից՝ Տուրուբերան նա­հանգներին, արևմուտքից՝ Փոքր Հայքին[1]։ Ծոփքը հնուց ի վեր եղել է հայկական պետականությունների անբաժանելի մասնիկը՝ ունենալով ռազմավարական կարևորագույն նշանակություն։ Ծոփքը Մեծ Հայքի 15 նահանգներից երկրորդն է։ Մ.թ.ա. 9-րդ դարի վերջին քարորդից Ծոփքն ընդգրկելով Վանի թագավորության կազմում և նոր վերելք ապրել։ Հետագա հարյուրամյակներում այստեղ իշխել են համահայկական առաջին պետականության կերտողները՝ Երվանդունիները։

Ծոփքում պետականությունը կրկին վերելք է ապրում մ․թ․ա․ 189 թվականին[2]։ Դա պայմանավորված էր Մագնեսիայի ճակատամարտում Սելևկյան տերության կրած խայտառակ պարտությամբ, որից հետո երկիրը այլևս չէր կարող ոտքի կանգնել։ Աշխարհաքաղաքական խառնակ իրավիճակից օգտվում են Մեծ Հայքի կառավարիչ Արտաշեսն ու Ծոփքի կառավարիչ Զարեհը, ովքեր իրենց հռչակում են անկախ երկրների թագավորներ։ Զարեհը մասամբ իր թագավորությանն է միավորել Սելևկյանների միջամտությամբ տրոհված հայկական մերձեփրատյան հողերը։ Իր կառավարման ժամանակահատվածում՝ մ․թ․ա․ 189-160 թվականներին, Արտաշես Բարեպաշտը հայոց վերահսկողության սահմաններում է համախմբում հայկական բոլոր հողերը, բացառությամբ՝ Ծոփքի, Կոմմագենեի և Փոքր Հայքի։ Վերջինս չի կարողանում գրավել Ծոփքը հաշվի առնելով Զարեհի հետ ունեցած ընկերական հարաբերություններն ու վերջինիս պայմանական բնույթը։

Ծոփքի միացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․թ․ա․ 95 թվականին Մեծ Հայքում թագավոր է կարգվում Տիրանի որդի Տիգրանը, ով պարթևական պատանդությունից վերադառնալով բազմում է հայոց գահին։ րա առաջնահերթ խնդիրը հայկական բոլոր տարածքները մեկ ընդհանուր պետության մեջ միավորելն էր։ Արտաշես Ա-ն հիմնականում լուծել էր այդ կարևոր խնդիրը՝ բացառությամբ Ծոփքի և Փոքր Հայքի թագավորությունների։ Այժմ Տիգրան Բ-ն եռանդուն գործունեություն ծավալեց շարունակելու իր պապի միավորիչ քաղաքականությունը։ Մ․թ․ա․ 94 թվականին Տիգրան Մեծի բանակը անցնում է Արածանին և ներխուժում Ծոփք։

Ծոփքում իշխում էին Երվանդյանների կրտսեր ճյուղի ներկայացուցիչները, իսկ Տիգրանի ներխուժման պահին Ծոփքի արքան Արտանեսն էր՝ Զարեհի ժառանգներից։ Մեծ Հայքի թագավորության բանակը կարճ ժամանակահատվածում կարողանում է գահընկեց անել Արտանեսին՝ գրավելով ամբողջ երկիրը։ Այսպիսով՝ կարճ ժամանակահատվածում Տիգրանը գրավում է Ծոփքը՝ բոլոր 15 նահանգները միավորելով Մեծ Հայքի թագավորության կազմում[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ծոփք՝ Մեծ Հայքի վարչական բաժանում» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.(չաշխատող հղում)
  2. «Ծոփք-Կոմագենեի թագավորության առաջացումը». findarmenia.org. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. «Տիգրան Մեծ, Ծոփքի վերամիավորումը Մեծ Հայքին և հայ-պոնտական դաշինքը». www.historyofarmenia.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.