Միջագետք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Միջագետք (այլ կիրառումներ)
Միջագետք(Մեսոպոտամիա)

Միջագետք (Մեսոպոտամիա) [1], բնամարզ Արևմտյան Ասիայում, Տիգրիս և Եփրատ գետերի ավազանում։ Հին Արևելքի խոշոր մշակութային կենտրոններից։ Ընդգրկվում է Միջագետքի հարթավայրը և Ջեզիրե սարավանդը։ Կլիման հյուսիսում մերձարևադարձային է, հարավում՝ արևադարձային, անապատային։ Հունվարի միջին ջերմաստիճանը Բաղդադում մոտ 10 աստիճան է, հուլիսինը՝ 34 աստիճան։ Տարեկան տեղումները՝ 163 մմ։ Հիմնական գետերն են Տիգրիսն ու Եփրատը։ Դաշտավայրն առաջացել է գետերի բերուկների և ծովային նստվածքների կուտակման հետևանքով։ Կլիմայական պայմաններով նման է Արաբական թերակղզուն, այն տարբերությամբ միայն, որ այստեղ տեղումների տարեկան քանակը քիչ ավելի է, քան Արաբիայում։ Հյուսիսում այն հասնում է 400-450 մմ, դեպի հարավ այն աստիճանաբար նվազում է և ծայր հարավում կազմում 50-100 մմ։ Տարածված են մերձարևադարձային և արևադարձային անապատները, ծայրամասերում՝ կիսաանապատները, գետերի երկարությամբ՝ տեղ–տեղ սրահային անտառները։ Հյուսիսում կան նավթի հարուստ հանքավայրեր։ Բնակիչները զբաղվում են քոչվորական անասնապահությամբ, ոռոգովի հողագործությամբ, փյունիկյան արմավենու մշակությամբ։ Միջագետքը մարդու ծագման և համաշխարհային քաղաքակրթության բնօրրաններից է։[2]

Միջագետքի Մասիոս լեռնապարից հյուսիս գտնվող երկրամասը մատենագրության մեջ կոչվել է Միջագետք Հայոց, Եփրատի և նրա վտակ Խաբուրի միջև գտնվող Միջագետքի մասը՝ Միջագետք Ասորվոց։ Միջագետքի տարածքում մ.թ.ա. IV-III հազարամյակներում ձևավորվել են վաղ դասակարգային պետություններ, մ.թ.ա. III հազարամյակի վերջին՝ Աքքադը, Ուրը։ Մ.թ.ա. II հազարամյակի սկզբին Միջագետքի հարավում կազմավորվել է Բաբելոն պետությունը։ Հետագայում Միջագետքը գտնվել է Ասորեստանի, Նոր Բաբելոնական թագավորության, Աքեմենյանների, Ալեքսանդր Մակեդոնացու, Սելևկյանների, Պարթևական պետության կազմում։ Մ.թ. 114-117–ին նվաճել է Հռոմի կայսր Տրայանոսը։ Հուստինիանոս I–ի ժամանակ Միջագետքի զգալի մասը գտնվել է Բյուզանդիայի տիրապետության տակ, VII դարից՝ Արաբական խալիֆայության կազմում։ X դ. Եփրատի վերին հոսանքում, նրա ձախ ափին կազմվել է բյուզանդական Միջագետքի բանակաթեմը, որի մեջ մտել են Բարձր Հայքի, Ծոփքի արևմտյան գավառները, Կամախը և Երզնկան։ XIIդ. Միջագետքը նվաճել են սելջուկները, XIIIդ.՝ մոնղոլները, XVIդ. Սկզբին Սեֆյանների գերիշխանության տակ էր, XVIIդ.– 1918–ին՝ Օսմանյան կայսրության կազմում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Միջագետքի մեծ մասը գտնվում է Իրաքի կազմի մեջ, մնացածը՝ Սիրիայի և Թուրքիայի։

Մ.թ.ա. I դ. Միջագետքի զգալի մասը գտնվել է հայկական պետության կազմում։ Միջագետքի նվաճած մասը Տիգրան Բ Մեծը դարձրել է նահանգ և կառավարիչ նշանակել իր եղբայր Գուրասին։ Մ.թ.ա. 66-ի հայ–հռոմեական հաշտությամբ Տիգրան Բ Մեծը կորցրել է Միջագետքի հողերը, բացառությամբ Մեծ Հայքի մաս կազմող Հայկական Միջագետքի։ X-XI դդ. Միջագետքի մի մասը մտել է Կիլիկիայի արևելքում և Ասորիքում առաջացած հայկական իշխանությունների մեջ։ Միջագետքում ընդարձակ տիրույթներ ունեին Պահլավունիները։ 1046–ին Գրիգոր Մագիստրոս Պահլավունին նշանակվել է Միջագետքի բյուզանդական կառավարիչ։ Հայկական պետականության և XII դ. կեսին Միջագետքում հայկական իշխանությունների անկումից հետո Միջագետքը շարունակել է մնալ հայերի տնտեսական և մշակութային կենտրոններից մեկը։

Քրիստոսից առաջ 20-ից 17-րդ դարերում աշխարհաքաղաքական իրադարձությունների հիմնական թատերաբեմը Առաջավոր Ասիան էր՝ Միջագետքը, Իրանական բարձրավանդակը, Հայկական լեռնաշխարհը։ Միջագետքի հյուսիսը Հին Ասորեստանի մայրաքաղաք Աշուրի ազդեցության տակ էր, որի արքա Շամշի-Ադադ Ա-ն, գրավելով հսկայական տարածքներ, հասել էր մինչև Հայկական լեռնաշխարհի հարավային սահմանը կազմող Կուտիում ու Սուբուր-Արման երկրները։ Առաջ գնալ այս արքան չէր հանդգնում, քանզի պատերազմել հայոց արքաների հետ՝ կնշանակեր պարտություն։ Նույն իրավիճակն էր նաև Հին Բաբելոնի ամենահայտնի արքա Համմուրապիի (Ք.ա. 1792-1750 թ.թ.) օրոք։ Նա, ի տարբերություն նախորդների, իր գահակալության վերջին տասնամյակում հայոց երկրի վրա, այնուամենայնիվ, պարբերաբար արշավում է, բայց հաջողության այդպես էլ չի հասնում։ Ավելին, նրա որդի Սամսուիլունայի (Ք.ա. 1749-1712 թ.թ.) իշխանության ութերորդ տարում տեղի է ունենում հայերի արշավանքը դեպի Բաբելոն։ Հայ ասելով, տվյալ դեպքում, ի նկատի ունենք պատմությանը հայտնի քասեցիներին։ Քասու (Քաշու) երկիրը Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում գտնվող Քաշիար լեռներում էր, որոնք հին հունական ու հայկական աղբյուրներում նշվում են Մասիուս և Մասիոն անուններով։ Ավելի պարզ՝ քասեցին ոչ թե ազգի, այլ բնակավայրակերտ անվանում է, ինչպես հիմա՝ երևանցի, ղարաբաղցի, լոռեցի և այլն։ Միջագետքի մեծ մասը զբաղեցնում է Իրաք և Սիրիա պետությունները։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 52. ISBN 99941-56-03-9. http://issuu.com/5420/docs/texekatu?e=3902245/2725897. 
  2. Մ . Իսկանդարյան, Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն, Երևան 1996 թ