Jump to content

Արշակ Գ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշակ Գ Արշակունի
Դրոշ
Դրոշ
Մեծ Հայքի արքա
378 - 387
Նախորդող Վարազդատ
Հաջորդող Խոսրով Դ
Դրոշ
Դրոշ
(1-րդ) Մեծ Հայքի արևմտյան մասի արքա
385 - 389
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ծննդյան օր անհայտ[1]
Վախճանի օր մոտ 390[1]
Դինաստիա Արշակունիներ
Հայր Պապ Արշակունի[1]
Մայր Զարմանդուխտ
Ամուսին Վարդանդուխտ Մամիկոնյան[2][3]

Արշակ Գ Արշակունի[4] (հունարեն՝ Ἀρσάκης, պարթևերեն՝ 𐭀𐭓𐭔𐭊, անհայտ[1] - մոտ 390[1]), Մեծ Հայքի արքա 378–387 թվականներին։ Պապ թագավորի ավագ որդին, որն իր եղբոր՝ Վաղարշակի հետ, Հռոմի կայսր Թեոդոսիոս Ա Մեծի կողմից կարգվեց Հայաստանի կառավարիչ։ 387թ. Թեոդոսիոսը պարսից Շապուհ III արքայի հետ բաժանեց Հայաստանը և Արշակը, չցանկացավ մնալ երկրի արևելյան՝ հեթանոսական Պարսկաստանին պատկանող մասում տեղափոխվեց արևմտյան՝ բյուզանդական հատված։ Արշակի հետ այնտեղ տեղափոխվեցին նաև բոլոր քրիստոնյա նախարարները։ Արշակ Գ-ը հաճախ հայտնի է որպես Հայաստանի վերջին հռոմեական հպատակ թագավորը։ Գահակալության ընթացքում Հայաստանի այն մասը, որը կառավարում էր Արշակ Գ-ը, գտնվում էր հռոմեական տիրապետության տակ՝ համաձայն Եկեղյաց գավառի (Ակիլիսենեի) պայմանագրի։ Մտահոգված լինելով՝ Շապուհն իր տիրույթում թագավոր կարգեց Արշակունյաց տոհմից քրիստոնյա Խոսրով Դ-ին։ Նա գրավեց փախուստի դիմած նախարարներին, և նրանք սկսեցին վերադառնալ իրենց հողերը։ 390 թվականին Արշակը մահացավ։ Նա Արևմտյան Հայաստանի վերջին Արշակունի գահակալն էր:

Ընտանիք և վաղ կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակ Գ-ը եղել է Հռոմի կողմից նշանակված (կախյալ) Հայաստանի նախորդ թագավոր Պապի առաջնեկ որդին։ Պապը թագավորել է 370-ից մինչև 374 թվականը։ Արշակ Գ-ի մայրը հայ ազնվական կին էր՝ Զարմանդուխտ անունով։ Նա ուներ մեկ փոքր եղբայր[5]՝ Վաղարշակ անունով։ Նրա տատն ու պապը հայրական կողմից եղել են Արշակ Բ թագավորը և նրա կինը՝ Փառանձեմը[6]։

Արշակ Գ-ը կոչվել է հայրական պապի անունով, ինչպես նաև Արշակունի տոհմի իր մի քանի նախնիների անունով։ Նա ծնվել է հոր գահակալության ընթացքում՝ անհայտ տարեթվին, և մեծացել է Հայաստանում։ 374 թվականին, հոր սպանությունից հետո, քանի որ Արշակ Գ-ը և նրա եղբայրը դեռ չափազանց փոքր էին գահ բարձրանալու համար, Հռոմի կայսր Վալենսը նրանց հայրական առաջին զարմիկ Վարազդատին ուղարկեց՝ զբաղեցնելու Հայաստանի գահը։ Նրանց զարմիկը մինչ այդ որոշ ժամանակ ապրել էր Հռոմում (ստույգ ժամանակահատվածը հայտնի չէ)։ Վարազդատը սկսեց իր իշխանությունը Մուշեղ Ա Մամիկոնյանի խնամակալության ներքո, որի ընտանիքը հռոմամետ էր։

Գահ բարձրանալը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արշակունյաց Հայաստանը 298-387 թթ.

Մանվել Մամիկոնյան սպարապետը, գահընկեց անելով Վարազդատ թագավորին, Հայոց գահին բարձրացրել է մանկահասակ Արշակին՝ դառնալով նրա նախնակալը։ Արշակի կրտսեր եղբայր Վաղարշակը դարձել է թագավորի աթոռակիցը։ Սակայն Արշակի թագավորությունը եղել է անվանական, երկիրը կառավարել է Մանվել Մամիկոնյանը։ Պարսից Շապուհ II արքան սիրաշահել է Արշակին և հայ նախարարներին՝ կամենալով իր կողմը գրավել նրանց, կանխել Հայաստանի և Հռոմի մերձեցումը։ Նա Հայաստան է ուղարկել զորաբանակ, որի հրամանատարը տիրացել է երկրի իշխանությանը, հայ նախարարներին ստիպել հարկ վճարել Պարսից արքունիքին։ Մանվել Մամիկոնյանը, չհանդուրժելով այս արարքը, պարսկական զորաբանակը դուրս է վանել երկրից։

378 թվականին, այն բանից հետո, երբ Վարազդատը սպանել տվեց իր խնամակալին՝ Մուշեղ Մամիկոնյանին, Մուշեղի եղբայրը՝ Մանվել Մամիկոնյանը, հավաքեց զորք և Վարազդատին դուրս քշեց Հայաստանից[7]՝ նրան վերադարձնելով Հռոմ։ Այնուհետև Մանվելը Հայաստանի գահին բարձրացրեց Արշակ Գ-ին և Վաղարշին՝ որպես համատեղ թագավորներ, նրանց մոր՝ Զարմանդուխտի[8] անվանական խնամակալության ներքո։ Երկրում տիրող քաղաքական անիշխանությանը վերջ տալու նպատակով, քանի որ Մանվելն արդեն փաստացի իշխանությունն իր ձեռքում ունեցող խնամակալն էր, նա Արշակ Գ-ին ամուսնացրեց իր դստեր՝ Վարդանդուխտի[9] հետ, իսկ Վաղարշին՝ Բագրատունիների տոհմից Սահակի դստեր հետ[10]։

Մամիկոնյանների կառավարությունը Հայաստանում հաստատեց խաղաղություն և կայունություն[11], քանի որ Մանվելը խոհեմ կերպով ղեկավարում էր երկիրը։ Նա Արշակ Գ-ին, Վաղարշին[12] և Զարմանդուխտին վերաբերվում էր մեծ պատվով, նրանց դաստիարակում և խնամում էր այնպես, կարծես իր սեփական երեխաները լինեին[11]։ Արշակ Գ-ը, ինչպես իր նախորդները, վարում էր ակտիվ քաղաքականություն, որը հիմնված էր արիոսական քրիստոնեության վրա[13]։

Վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

386 թվականին Վաղարշը մահացավ՝ ժառանգ չթողնելով, և Արշակ Գ-ը դարձավ Հայաստանի միակ թագավորը։ Քանի որ նույն ժամանակ մահացան նաև Մանվել Մամիկոնյանը և Վաղարշակը, Արշակ Գ-ի իշխանությունը թուլացավ՝ պայմանավորված Պարսկաստանից Հայաստանի դեմ իրականացվող սասանյան ներխուժումներով։ 387 թվականին Արշակ Գ-ը տեղափոխվում է Եկեղյաց շրջան (Արևմտյան Հայաստան): Այդ ժամանակ նա իշխում էր միայն Արևմտյան Հայաստանի վրա՝ մոտավորապես Էրզրումից մինչև Մուշ ձգվող գծով[14], քանի որ 387թ. Հայաստանը բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև:

Գահակալման ավարտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտավորապես 390 թվականին Արշակ Գ-ը մահացավ՝ ժառանգ չթողնելով։ Դեռ մինչև Արշակի մահը Հայաստանը դարձավ կռվախնձոր Պարկաստանի և Հռոմի միջև և Շապուհ III-ը և Թեոդոսիոսը համաձայնության են գալիս և բաժանում են Հայաստանը միմյանց միջև 387թ.։ Արևմտյան մասը ընկնում է Հռոմի (395 թվականից Բյուզանդիա), իսկ Արևելյանը՝ Պարսկաստանի տիրապետության տակ։ Հռոմին բաժին էին ընկնում հայոց Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, մասամբ Տարոն աշխարհները։ Նրանցից արևելք Հայաստանի մեծ մասը մնում էր Պարսկաստանին։ Արշակի մահից հետո Հռոմը վերացնում է հայ Արշակունիներին իր շրջանում, իսկ պարսկական մասում նրանք իշխում են մինչև 428 թվականը[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. ↑ Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 330.
  3. ↑ Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècle — Paris: 2006. — P. 132. — ISBN 978-2-7018-0226-8
  4. ↑ Hovannisian, The Armenian People From Ancient to Modern Times, Volume I: The Dynastic Periods: From Antiquity to the Fourteenth Century, p.94
  5. ↑ Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 1968, էջ 37։
  6. ↑ Lenski, Failure of Empire: Valens and the Roman State in the Fourth Century A.D., p.170
  7. ↑ Adalian, Historical Dictionary of Armenia, p.177
  8. ↑ Hovannisian, The Armenian People From Ancient to Modern Times, Volume I: The Dynastic Periods: From Antiquity to the Fourteenth Century, p.92
  9. ↑ Փավստոս Բուզանդ,Հայոց պատմություն, Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 1968, գիրք 5 էջ 44
  10. ↑ Kurkjian, A History of Armenia, p.107
  11. 1 2 Topchyan, The Problem of the Greek Sources of Movses Xorenac’i’s History of Armenia, p.42
  12. ↑ Adalian, Historical Dictionary of Armenia, p.xxxiii
  13. ↑ Terian, Patriotism And Piety In Armenian Christianity: The Early Panegyrics On Saint Gregory, p.18
  14. 1 2 Աշոտ Մելքոնյան, Հայոց պատմություն, Երևան, «Հայագիտակ», 1998, էջ 44։
  • Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 1968
  • D. M. Lang, Armenia: Cradle of Civilization – p.p. 163-165, Boston: George Allen & Unwin, 1970
  • N. Lenski, Failure of Empire: Valens and the Roman State in the Fourth Century A.D., University of California Press, 2003
  • R. G. Hovannisian, The Armenian People From Ancient to Modern Times, Volume I: The Dynastic Periods: From Antiquity to the Fourteenth Century, Palgrave Macmillan, 2004
  • A. Terian, Patriotism And Piety In Armenian Christianity: The Early Panegyrics On Saint Gregory, St Vladimir's Seminary Press, 2005
  • A. Topchyan, The Problem of the Greek Sources of Movses Xorenac’i's History of Armenia, Peeters Publishers, 2006
  • V. M. Kurkjian, A History of Armenia, Indo-European Publishing, 2008
  • R. P. Adalian, Historical Dictionary of Armenia, Scarecrow Press, 2010
Արշակ Գ
Արշակունյաց հարստություն
Ծնվել է՝ անհայտ Մահացել է՝ մոտ 390
Նախորդող՝
Վարազդատ
Արշակ Գ
378-387
Հաջորդող:
Վաղարշակ