Jump to content

Էրեբունի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էրեբունիից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էրեբունի (այլ կիրառումներ)
Էրեբունի ամրոց
ՏեսակՊետական նշանակության հնագիտական հուշարձան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԷրեբունու փողոց 38
Վարչական միավորԷրեբունի վարչական շրջան
ԵրկիրՀայաստան
Կազմված է մասերիցՄիջնաբերդ, Բնակելի թաղամաս և Թանգարանի շենք. Երևանի հիմնադրման պատմության թանգարանը
ԿառուցվածՄ.թ.ա. 782
ԿառուցողԱրգիշտի Ա
ՃարտարապետԱրգիշտի Ա
Ճարտարապետական ոճուրարտական
Ընթացիկ վիճակԱնմխիթար
Վերահսկվում էԷրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան
Քարտեզ
Քարտեզ
 Erebuni Fortress Վիքիպահեստում

Էրեբունի ամրոց, Վանի թագավորության հնագույն քաղաք-ամրոցներից մեկը, պատմական հուշարձան, որի ավերակները գտնվում են Արին-Բերդ բլրի վրա՝ ժամանակակից Երևանի Էրեբունի վարչական շրջանի տարածքում։

Այն հիմնադրվել է Արգիշտի Ա արքայի կողմից մ.թ.ա. 782 թվականին՝ թագավորության հյուսիսային սահմանի երկայնքով՝ Արարատյան դաշտում դիրքերն ամրապնդելու համար։

Ֆորբս ամսագիրը Էրեբունի ամրոցը ներառել է «Աշխարհի 9 ամենահին ամրոցների» ցանկում։

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրեբունի ամրոց

Ինչպես հայտնի է Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրություններից և նրա տարեգրությունից, որոնք պահպանվել են Վանի թագավորության մայրաքաղաք Տուշպայում, Էրեբունի ամրոցը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին: Այս ժամանակահատվածում թագավորությունը ապրել է իր ծաղկման շրջանը և եղել է Հարավարևմտյան Ասիայի ամենահզոր պետությունը: Արգիշտի Ա արքային հաջորդած արքաները Էրեբունին դարձրել են իրենց բնակության վայրը հյուսիսային զավթիչների դեմ իրենց ռազմական արշավանքների ժամանակ և շարունակել են շինարարական աշխատանքները: Սարդուրի Բ և Ռուսա Ա արքաները ամրոցը նույնպես օգտագործել են որպես դեպի հյուսիս ուղղված նոր նվաճողական արշավանքների մեկնարկային վայր:

Չնայած օտարերկրյա տերությունների բազմաթիվ ներխուժումներին, ամրոցը երբեք չի լքվել և անընդհատ բնակեցվել է հաջորդ դարերի ընթացքում՝ ի վերջո դառնալով Երևան քաղաքի մաս:

Էրեբունիի և Երևանի միջև սերտ կապը նշվել է 1968 թվականի սեպտեմբերին անցկացված շքեղ փառատոնով՝ նվիրված ամրոցի հիմնադրման 2750-ամյակին:

Ուսումնասիրության պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արին-Բերդ բլուրն առաջին անգամ գիտնականների ուշադրությունը գրավել է 1894 թվականին, երբ ռուս գիտնական Ալեքսեյ Իվանովսկին Չոլմաքչի գյուղի (այժմ՝ Երևանի Հին Նորք շրջան) բնակչից գնել է ուրարտական սեպագիր արձանագրություններով քար։ Տեղի բնակիչ Պապակ Տեր-Ավետիսովը պնդել է, որ այն գտել է Արին-Բերդ բլրի վրա 1879 թվականին։ Միխայիլ Նիկոլսկին հրապարակել է արձանագրության պատկերը և մոտավոր թարգմանությունը հրապարակվել են Մ. Վ. Նիկոլսկու կողմից[1]։ Քարի վրա գրված արձանագրության մեջ նշվել է, որ ուրարտական թագավոր Արգիշտի I-ը այդ վայրում կառուցել է «10 100 կապի տարողությամբ» հացահատիկի ամբար։ Սակայն երկար ժամանակ բլուրը աննկատ է մնացել հնագետների կողմից և միայն 1947 թվականին Բորիս Պիոտրովսկու գլխավորած հնագիտական արշավախումբը, որը պեղումներ է կատարել Կարմիր-Բլուրում, սկսել է հետազոտական աշխատանքներ իրականացնել բլրի վրա։ 1950 թվականին նույն հնագիտական արշավախումբը սկսել է բլրի վրա համակարգված հնագիտական պեղումներ կատարել[2]։

Ուրարտական Էրեբունու նույնացումը Արին-Բերդի ավերակների հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականի հոկտեմբերի 25-ին, հետազոտական աշխատանքների ժամանակ, հայ գիտնական Կոստանդին Հովհաննիսյանը հայտնաբերել է սեպագիր արձանագրություններով ծածկված երկու բազալտե քարեր: Այդ քարերից մեկը վկայել է ուրարտական թագավոր Սարդուրի II-ի կողմից հացահատիկի ամբարի կառուցման մասին, իսկ մյուսը Էրեբունի ամրոցի կառուցումը վերագրել է Արգիշտի I թագավորին: Այդ հայտնագործությունը հանգեցրել է այն վարկածին, որ Արին-Բերդ բլուրը թաքցնում է հին Էրեբունու ավերակները: 1952 թվականից ի վեր բլրի վրա շարունակվել են հնագիտական պեղումները, որոնք համատեղ անցկացվել են երկու հնագիտական արշավախմբերի՝ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանի կողմից՝ Բորիս Պիոտրովսկու ընդհանուր գիտական ղեկավարությամբ: Քանի որ հարևան Թեյշեբաինիում պեղումների ժամանակ հայտնաբերվել էին «Էրեբունի» արձանագրությամբ բազմաթիվ առարկաներ, որոշ ժամանակ կասկածներ են տարածվել այն մասին, թե արդյոք Էրեբունին իրականում գտնվել է Արին-Բերդ բլրի վրա և շրջանառվել է վարկած, որ 1950 թվականին Կոստանդին Հովհաննիսյանի կողմից հայտնաբերված հուշատախտակը պատահաբար է ընկել բլրի վրա: Ութ տարի անց՝ 1958 թվականին, կասկածները փարատվել են, և վարկածը հաստատվել է. հնագիտական պեղումների ժամանակ Էրեբունու հիմնադրման մասին Արգիշտի I-ի մեկ այլ արձանագրություն է հայտնաբերվեց անվնաս, հին պատի մեջ՝ ամրացված քարի վրա: Այդպիսով պարզվել է, որ 1958 թվականից ի վեր Էրեբունին վերջնականապես տեղայնացվել է Արին-Բերդ բլրի վրա[2][3]։

Էրեբունու և Երևանի միջև ստուգաբանական կապ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվան ընթերցումը նույնպես երկար ժամանակ կասկածներ է առաջացրել հետազոտողների շրջանում: Սկզբում Ուրարտուի քաղաքի անունը տարբեր կերպ է ընթերցվում՝ Իրպունի, Իրեպունի, Իրբունի և Սաբունի: Միայն այն բանից հետո, երբ վերջնականապես հաստատվել է, որ Էրեբունիի մի շարք արտեֆակտներ տեղափոխվել են Թեյշեբաինի, և Թեյշեբաինիում Արգիշտի I թագավորի վահանի հայտնաբերումից հետո՝ «Էրեբունի» բառի գրությամբ, որը զգալիորեն ավելի քիչ կասկածներ է առաջացրել ճիշտ ընթերցման վերաբերյալ, «Էրեբունի» ընթերցումը վերջնականապես հաստատվել է և «Էրեբունի» և «Երևան» բառերի միջև ստուգաբանական կապի ենթադրությունը, որն առաջին անգամ առաջ քաշել Գրիգոր Ղափանցյանը մամուլում, ստացել է գիտական հիմք[4]: Ակադեմիկոս Պիոտրովսկին իր 1959 թվականի աշխատանքում զգուշորեն նշել է. «Հնարավոր է, որ նույնիսկ Հայկական ԽՍՀ մայրաքաղաք Երևան քաղաքի անվան մեջ քաղաքի ուրարտական անվանումը՝ Էրեբունի, շարունակում է գոյատևել… Պետք է նշել, որ հին ուրարտական անվանումների համեմատությունները միջնադարյան և ժամանակակից անվանումների հետ, որոնք կատարվում են առանց բավարար հիմնավորման, կարող են մոլորեցնել հետազոտողներին»[3]: Ժամանակակից պատմաբաններն ավելի վճռական դիրքորոշում են որդեգրել՝ համարելով, որ Էրեբունիի և Երևանի միջև ստուգաբանական կապը այսօր ընդհանուր առմամբ ընդունված է[5][6][7][8][9][10]:

Հնագիտական պեղումների այլ արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականից ի վեր ամրոցի տարածքում շարունակվող հնագիտական պեղումների արդյունքում բազմաթիվ արժեքավոր գտածոներ են բացահայվտել, ինչը մեծապես նպաստել է Ուրարտական պետության ուսումնասիրությանը: Բլրի վրա հայտնաբերվել են Արգիշտի Ա, Սարդուրի Բ և Ռուսա Գ թագավորների ընդհանուր առմամբ 23 սեպագիր արձանագրություններ: Էրեբունի բլրի վրա քիչ արտեֆակտներ են հայտնաբերվել, ինչը հիմնականում պայմանավորված է նրանով, որ մ.թ.ա. 6-րդ դարի կեսերին ուրարտացիներն առանց կռվի լքել են Էրեբունին և բոլոր արժեքավոր իրերը տարել հարևան Թեյշեբաինի[11]։ Ավելին, Էրեբունու քաղաքային կառույցները գտնվել են հիմնականում բլրի արևելքում, և այդ կառույցների մեծ մասն ավերվել է Երևանի ծայրամասում գտնվող Նոր Արեշ և Վարդաշեն գյուղերի ինտենսիվ շինարարության ընթացքում[12]։ Տարածքն արգելոց է հայտարարվել միայն 1952 թվականին: Ամրոցի պեղումները շարունակվել են մինչև 1958 թվականը, իսկ քաղաքային թաղամասերի պեղումները սկսվել են 1968 թվականին: Ներկայումս և՛ բնակավայրերը, և՛ Արին-Բերդ բլուրը դարձել են ընդլայնվող Երևանի մաս: Էրեբունի թանգարանը հիմնադրվել է Արին-Բերդ բլրի վրա, որը, իր հերթին, լի է եղել հիմնականում հարևան Թեյշեբաինիի պեղումներից բերված արտեֆակտներով: Բլրի մոտ գտնվող քաղաքային թաղամասերի պեղումները շարունակվում են[13]։

Էրեբունու պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի հիմնադրում (մ.թ.ա. 782)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես հայտնի է Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրություններից և նրա տարեգրությունից, որոնք պահպանվել են Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայում, Էրեբունին հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին: Այդ ժամանակահատվածում Ուրարտուն գտնվել է իր ծաղկման շրջանում և Արևմտյան Ասիայի ամենահզոր պետությունն է եղել: Արգիշտի Ա-ը մտահոգված է եղել իր պետության սահմանների ընդլայնմամբ և տնտեսական բարեկեցության ամրապնդմամբ: Արարատյան դաշտը, իր արհեստական ոռոգմամբ, որին ուրարտացիները կատարելապես տիրապետոել են, չափազանց բարենպաստ պայմաններ է ստեղծել գյուղատնտեսության համար, հետևաբար, գրավիչ տարածք է եղել ուրարտական պետության ընդլայնման համար: Տեղի բնակչությունը (ըստ տարեգրությունների՝ Ազա երկիրը) դիմադրել է ուրարտացիներին և որպես հետագա ընդլայնման առաջին հենարան՝ Արգիշտի Ա-ը հիմնադրել է Էրեբունի նոր ամրոց-քաղաքը:

Արգիշտի Ա-ի «Խորխորյան տարեգրությունից» մի հատված, պատմում է Էրեբունու հիմնադրման մասին: Տարեգրությունը հայտնաբերվել է 19-րդ դարի վերջին՝ Տուշպայի Վանի ժայռի վրա: Արձանագրությունը վնասվել է Առաջին համաշխարհային պատերազմի թնդանոթային արկերից

Արգիշտի Ա-ի «Խորխորյան տարեգրությունից» մեկ այլ հատված, որը դարձյալ պատմում է Էրեբունու հիմնադրման մասին․

Խալդի աստծո զորությամբ ես արշավանքի մեկնեցի Հատի երկրի դեմ[14] <…> Խալդի աստծո հրամանով Արգիշտին՝ Մենուայի որդի, ասում է․ Ես կառուցեցի Իրպունի քաղաքը Բիայնիայի երկրի հզորության և թշնամու երկրի խաղաղեցման համար: Երկիրը ամայի էր, այնտեղ ոչինչ չէր կառուցվել: Ես այնտեղ հզոր գործեր կատարեցի: Ես այնտեղ բնակեցրի Հատիի և Ցուպանիի երկրներից 6600 զինվորների[15]:

Էրեբունիի էթնիկ կազմ և կրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգիշտի I-ի տարեգրությունը պատմում է Էրեբունիում Հատի երկրից գերիների կողմից բնակեցման մասին[14], մասնավորապես՝ Մելիտենեում և Վերին Եփրատում գերի ընկած 6600 զինվորների, որոնք, ամենայն հավանականությամբ, էթնիկ պատկանելությամբ նախահայեր են եղել, ինչպես նաև այլ ցեղեր[16]։ Ավելին, ամրոցում գտնվող տաճարներից մեկը (այսպես կոչված «Սուսի» տաճարը[17]) զարդարված է եղել Արգիշտի I-ի անսովոր արձանագրությամբ, որտեղ հիշատակվել է «Իվարշա» աստվածությունը, որը երբեք չի հանդիպել ուրարտական տեքստերում:

«Սուսի» տաճարի մուտքի մոտ գտնվող սեպագիր արձանագրություն: Հայտնաբերվել է 1956 թվականին

«Սուսի» տաճարի մուտքի մոտ գտնվող սեպագիր արձանագրություն․

Մենուայի որդի Արգիշտին կառուցել է Սուսիի այս տունը Իվարշ աստծո համար: Արգիշտին ասել է․ այդ վայրում գտնվող հողը լքված էր, այնտեղ ոչինչ չէր կառուցվել: Արգիշտի, հզոր թագավոր, մեծ թագավոր, Բիայնիա երկրի թագավոր, Տուշպա քաղաքի կառավարիչ[18]։

Այդ տվյալների հիման վրա գիտնականները ենթադրել են, որ «Իվարշա» աստվածը խեթ-լուվիական Իմարշիա աստվածությունն է, որը հիշատակվում է Բողազքյոյի արխիվի խեթական սեպագիր արձանագրություններում, իսկ «Սուսի» տաճարը կառուցվել է Հաթի[14] և Ցուպանի[19] երկրներից եկած զինվոր-գաղթականների համար։ Այդ փաստարկի համար անբավարար տվյալների պատճառով առաջ է եկել այլընտրանքային տեսություն, որ «Սուսի» տաճարը կառուցվել է Արարատյան դաշտի բնակչության աստվածության՝ ուրարտական տեքստերում Ազա երկրի այսպես կոչված բնակիչների համար[20]։ Չնայած Իվարշա աստվածության հարցը մնում է բաց, գիտնականները համաձայն են, որ Էրեբունու բնակչությունը բազմազգ է եղել հիմնադրման ժամանակներից[2][3][20][21]։

Ամրոցի ներսում, հավանաբար Էրեբունիի հիմնադրումից ի վեր, գտնվել է նաև Ուրարտուի գլխավոր աստծո՝ Խալդի աստծո տաճարը։ Այդ տաճարը զբաղեցրել է զգալիորեն ավելի մեծ տարածք, քան Սուսի տաճարը և եղել է Էրեբունիի գլխավոր տաճարը։ Էրեբունիի պատմության վերջին Աքեմենյան շրջանի ընթացքում երկու տաճարներն էլ ընդարձակվել և վերակառուցվել են պարսկական սրբավայրերի։ Սուսի տաճարը վերածվել է «Կրակի տաճարի», իսկ Խալդի աստծո տաճարը՝ պարսկական ապադանայի[2][22]։

Էրեբունիի ծաղկման շրջան (մ.թ.ա. 782–735)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրեբունի քաղաքի հիմնադրումը հասել է իր նպատակին․ ուրարտացիները հաջողությամբ հաստատվել են Արարատյան դաշտում: Առաջին վեց տարիների ընթացքում Էրեբունին մնացել է Արարատյան դաշտի միակ ուրարտական քաղաքը, սակայն մ.թ.ա. 776 թվականին Արգիշտի I-ը հիմնադրել է Արգիշտիխինիլին՝ ժամանակակից Արմավիրի մոտ գտնվող մեկ այլ մեծ քաղաք: Արգիշտիխինիլիի հատակագիծը ցույց է տալիս, որ այդ քաղաքը հիմնականում ծառայել է տնտեսական, այլ ոչ թե ռազմական նպատակների: Այսպիսով, Էրեբունիի հիմնադրումից ընդամենը վեց տարի անց ուրարտացիները հաստատվել են Արարատյան դաշտում և քաղել են իրենց տնտեսական սխրանքների պտուղները: Արգիշտի I-ի կողմից կառուցված ջրանցքները ապահովել են անհրաժեշտ ոռոգումը և դաշտի բերրի հողերը սկսել են առատ բերք տալ: Մ.թ.ա. 782-735 թվականներին՝ Արգիշտի I-ի և նրա որդու՝ Սարդուրի II-ի օրոք, Էրեբունիում կառուցվել են հացահատիկի մի քանի խոշոր ամբարներ: Նմանատիպ շինարարությունը հարևան Արգիշտիխինիլիում ավելի մեծ մասշտաբի է հասել, և Էրեբունին տարածաշրջանում պահպանել է ռազմական իշխանությունն ու կառավարումը[23]:

Էրեբունիում հացահատիկային ամբարների կառուցման մասին սեպագիր արձանագրությունների օրինակները հայտնաբերվել են 1967-1968 թվականներին հնագիտական պեղումների ժամանակ՝ հիմնաքարերի վրա: Դրանք պահվում են Երևանի Էրեբունի թանգարանում։

Էրեբունիի անկում (մ.թ.ա. 735-600)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրեբունիի խաղաղության շրջանն ավարտվել է Ուրարտուի անկմամբ: Էրեբունիի հիմնադրումից քառասունյոթ տարի անց՝ մ.թ.ա. 735 թվականին, Էրեբունի երկրի արևմտյան ծայրամասում գտնվող տարածքում Սարդուրի II-ը պարտվել է ասորեստանյան թագավոր Թիգլաթպալասար III-ին: Այդ պարտությունը շրջադարձային է դարձել Ուրարտուի պատմության մեջ: Մ.թ.ա. մոտավորապես 735 թվականից սկսած՝ Ուրարտուն աստիճանաբար կորցրել է իր հզորությունն ու տիրապետությունը: Չնայած Ուրարտուի հավերժական մրցակից Ասորեստանի բանակները երբեք չի ներխուժել Հարավային Կովկասի ուրարտական տիրույթներ, Ասորեստանի հետ հետագա տարիների հակամարտությունը մեծապես թուլացրել է ուրարտական բանակը: Մյուս կողմից, Սարդուրի II-ի որդու՝ Ռուսա I-ի գահակալությունից սկսած, կիմերների հարձակումները Ուրարտական տիրույթների հյուսիս-արևելքից Այրարատյան հովտի վրա ուժգնացել են։ Արդյունքում, Այրարատյան հովտի տնտեսական գործունեությունը դադարել է իր հանգիստ և խաղաղ զարգացումը, և իրականացվել են վարչական բարեփոխումներ, որոնք խոչընդոտել են երկրի զարգացմանը և փոխել են Էրեբունիի և հարևան Արգիշտիխինիլիի կարգավիճակը[3]։

Այնուամենայնիվ, երկու քաղաքներն էլ շարունակել են գոյություն ունենալ, առնվազն մինչև Ասորեստանի անկումը (մ.թ.ա. 609 թվական) և Էրիմենայի որդու՝ Ռուսա III-ի գահակալությունը (գահակալել է մոտ մ.թ.ա. 605–595 թվականներին): Ուրարտուի դիրքը Վանա լճի շրջակայքում գտնվող երկրի նախկին կենտրոնում, որտեղ գտնվել են Ռուսախինիլիի և ավելի վաղ՝ Տուշպայի մայրաքաղաքները, մեծապես թուլացել է Ռուսա III-ի օրոք, և Ուրարտուի վարչական կենտրոնը ստիպված են եղել տեղափոխել Անդրկովկաս: Այդ իրադարձությունները կարճ ժամանակով նոր կյանք են հաղորդել Էրեբունիին, պահպանվել են Ռուսա III-ի արձանագրությունները՝ Արգիշտիխինիլիում և Էրեբունիում նոր հացահատիկային ամբարների կառուցման վերաբերյալ։

Ռուսա III-ի ժամանակներից ի վեր Էրեբունիում հացահատիկային ամբարների կառուցման վերաբերյալ արձանագրությունը հայտնաբերվել է 1968 թվականին Արին-Բերդ բլրի վրա: Այն պահվում է Երևանի Էրեբունի թանգարանում: Արձանագրության թարգմանությունը․ «... Էրիմենայի որդին Ռուսան լցրեց այդ հացահատիկային ամբարները: Այնտեղ կար 6848 կատի հացահատիկ[24]»։

Սակայն, կարճատև վերածննդից հետո, ուրարտական բանակը առանց կռվի լքել է Էրեբունին, և Անդրկովկասում գտնվող մեկ այլ ուրարտական քաղաք՝ Թեյշեբաինին, դարձել է ավելի ու ավելի թուլացող Ուրարտուի մայրաքաղաքը[3]։ Պեղումներ կատարող հնագետները Էրեբունի ամրոցում չեն հայտնաբերել ուրարտական մշակութային շերտ, ինչպես նաև հրդեհի կամ այլ ռազմական ավերածությունների հետքեր[2]։ Մյուս կողմից, Թեյշեբաինիում պեղումները բացահայտել են բազմաթիվ իրեր, որոնք նախկինում պահվել են Էրեբունիում։ Էրեբունիի ուրարտական պատմությունն այստեղ ավարտվել է և կարճ ժամանակ անց, զրկվելով Էրեբունիի ռազմական աջակցությունից, Արգիշտիխինիլին կործանվել է[23]։ Այնուհետև, օգոստոսին, Թեյշեբաինին գրավվել և այրվել է գիշերային հարձակման ժամանակ[25]։ Ուրարտական պետությունը դադարել է գոյություն ունենալ։

Ամրոցի պատմության Աքեմենյանների ժամանակաշրջանը (մ.թ.ա. 6-5-րդ դարեր)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանաբար, այն փաստը, որ ուրարտացիները առանց պայքարի լքել են Էրեբունին, թույլ է տվել պահպանել ամրոցն իր հետագա բնակիչների համար[2]: Մ.թ.ա. 6-5-րդ դարերի հնագիտական գտածոների համաձայն, ամրոցի որոշ շինություններ վերակառուցվել են, և դրա տարածքում կառուցվել է պարսկական ոճի տաճար[26]: Բացի այդ, հնագետները ամրոցի տարածքում հայտնաբերել են հետուրարտական շրջանի արծաթե իրեր, իսկ 1956 թվականին հայտնաբերվել են Միլեթի կողմից մ.թ.ա. 4-րդ դարում հատված երկու մետաղադրամներ: Բացի այդ, ամրոցի վերին մշակութային շերտում հայտնաբերվել են ձիու երկաթե սանձեր, որոնք հավանաբար իրանական ծագում ունեին[27]: Այդ տվյալներն ու գտածոները ցույց են տալիս, որ կյանքը Էրեբունիում շարունակվել է Աքեմենյան դարաշրջանում: Այդ ժամանակահատվածում տարածքը, որտեղ գտնվել է Էրեբունին, արդեն երբեմն անվանվել է «Արմենիա» թե՛ հունական, թե՛ պարսկական աղբյուրներում, բայց բաժանված է եղել Աքեմենյան կայսրության 13-րդ և 18-րդ սատրապությունների միջև: Գիտնականները ենթադրում են, որ Էրեբունին շարունակել է օգտագործվել որպես Աքեմենյան կայսրության ամրոց Ուրարտուի անկումից հետո առնվազն մեկ դար: Մ.թ.ա. 4-րդ դարից հետո Էրեբունի ամրոցում կյանքը վերջնականապես կանգ է առել[2][3]:

Աքեմենյան դարաշրջանի արծաթե ռիտոնները համատեղել են արևելյան, հին հունական և ուրարտական արվեստի տարրեր[28]: Գանձը հայտնաբերվել է 1968 թվականին Արին-Բերդ բլրի վրա և պահվում է Երևանի Էրեբունի թանգարանում։

Քաղաքի կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրեբունի քաղաքը բաղկացած է եղել Արին-Բերդ բլրի գագաթին գտնվող միջնաբերդից, ինչպես նաև բլրի ստորոտում գտնվող քաղաքային թաղամասերից: Քաղաքի ընդհանուր մակերեսը կազմել է 200 հեկտար[29]: Բացի այդ, հնագետները երկու հարակից փոքր բլուրների գագաթներին հայտնաբերել են ուրարտական կերամիկայի մնացորդներ, ուստի հնարավոր է, որ դրանց գագաթները նույնպես հին քաղաքի մաս են կազմել[21]: Ցավոք, քաղաքային թաղամասերի հնարավոր տեղակայումը 20-րդ դարի կեսերին ներառվել է Երևանի արվարձանների մեջ և ինտենսիվ զարգացել է, ուստի և վատ է պահպանվել հնագետների համար[12]: Միևնույն ժամանակ, հետազոտողները նշում են, որ, ի տարբերություն Անդրկովկասի այլ ուրարտական քաղաքների (Թեյշեբաինի, Արգիշտիխինիլի), Էրեբունի ամրոցը նախատեսված չի եղել քաղաքային շինությունների հետ սերտ ինտեգրման համար, ինչը, հավանաբար, պայմանավորված է դրա սկզբնական ռազմական նշանակությամբ[2]: Գիտնականները կարծում են, որ Էրեբունիի տեղակայումը որոշվել է բացառապես ռազմական և ռազմավարական նկատառումներով. Արին-Բերդ բլուրից հստակ երևում են ինչպես Արարատյան դաշտը, այնպես էլ տարածաշրջանով անցնող ճանապարհների մեծ մասը[30]։

Ամրոցի կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրեբունի ամրոցը (միջնաբերդը) եռանկյունաձև է եղել և զբաղեցրել է Արին-Բերդ բլրի գագաթը՝ մոտավորապես 65 մետր բարձրությամբ։ Ամրոցի կառուցման ընթացքում բլրի գագաթը արհեստականորեն հարթեցվել է։ Միջնաբերդի ընդհանուր մակերեսը կազմել է մոտավորապես 8 հեկտար։ Ամրոցի հիմքը կառուցված է եղել բազալտե մեծաբեկորներից, որոնք դրված էին բլրի հիմքը կազմող հարթեցված ժայռի վրա։ Ամրոց տանող միակ ճանապարհը գտնվել է դրա հարավարևելյան ծայրում, քանի որ Արին-Բերդի մնացած լանջերը չափազանց զառիթափ են եղել։ Ամրոցի գլխավոր դարպասը գտնվել է այդտեղ և դրա հիմքերում 1958 թվականին հայտնաբերվել է Արգիշտի I-ի արձանագրությունը՝ Էրեբունու հիմնադրման վերաբերյալ[2]։

Ամրոցը

Էրեբունին ամփոփ ճարտարապետական համալիր է` պալատական, կրոնական և տնտեսական կառույցներով։ Կրոնական հատվածում է գտնվել որմնանկարներով զարդարված Վանի թագավորության գերագույն աստված Խալդիի տաճարը, որի մի հատվածն ավելի ուշ շրջանում (Ք․ ա․ VIդ.) վերակառուցվել ու վերածվել է սյունասրահի` ապադանայի։ Վերակառուցումներ են կատարվել նաև տնտեսական մասում։ Դատելով հայտնաբերված հնագիտական նյութերից` այն հանդիսությունների մեծ դահլիճ է եղել` զարդարված ծիսական ու կենցաղային բնույթի բազմերանգ որմնանկարներով։ Մասնավորապես, այդ  են վկայում նաև տեղում պահպանված 5 բազալտե սյունախարիսխները, որոնց վրա արձանագրած տեքստերը հաղորդում են, որ այդ պալատը կառուցել է Արգիշտի I-ը։ Հավանաբար Սարդուրի II ի կամ նրա հաջորդների օրոք, երբ Վանի թագավորությունը կորցրել է իր դերն ու հզորությունը, դահլիճը վերածվել է հսկայական մառանի, ուր տեղադրվել են մոտ 40 000 լ ընդհանուր տարողություն ունեցող 40 և ավելի հսկայական կարասներ` գարեջրի և գինու համար։ Վարչապալատական հատվածում են գտնվել կառավարչի` 3 սենյակներից կազմված կառույցը, Իվարշա աստծուն նվիրված Սուսի ուղղանկյունաձև տաճարը և, հավանաբար, վերջինիս գործունեությանն առնչվող կցակառույց սենյակների համալիրը, որը դարձյալ մասնակի վերակառուցումների է ենթարկվել Ք, ա. VI դարում[31]։

Ամրոցի ներքին շինություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցի մակետը Էրեբունի թանգարանում

Ամրոցում առանձնանում է պալատական հատվածը, որը գտնվում է գլխավոր դարպասի ձախ կողմում: Էրեբունի պալատը գտնվել է ամրոցի հարավ-արևմտյան կողմում (որտեղից երևացել է Արարատ լեռը) և հավանաբար, այն պարբերաբար օգտագործվել է Ուրարտուի թագավորների կողմից: Պալատական հատվածում գտնվել են Սուսի տաճարը, սյունազարդ սրահի բակը և օժանդակ շինությունները, այդ թվում՝ երկու գինու մառանները,որոնք լցված էին կարասներով[2]:

Գլխավոր դարպասի աջ կողմում գտնվում էր ամրոցի ներքին բակը, որի չափսերն էին 14 x 17 մետր, և հարակից Խալդ աստծո տաճարը։ Տաճարն ուներ սյունասրահ և բազմահարկ աշտարակի նման շինություն, որը հիշեցնում էր փոքրիկ զիկկուրատ։ Ամրոցի մնացած հատվածներում տեղակայված էին հացահատիկի պահեստներ, այլ տնտեսական շինություններ և ամրոցը պահպանող ռազմական կայազորի կացարանները։ Ինչպես ուրարտական մյուս քաղաքներում, Էրեբունին ուներ մի քանի գինու մառաններ, որոնցից ամենամեծը՝ 13 x 38 մետր չափսերով, տեղավորում էր 100 գինու կարաս։ Էրեբունու գինու մառանների ընդհանուր տարողությունը, տարբեր գնահատականներով, տատանվում էր 750-ից մինչև 1750 լիտր[32]։

Աքեմենյանների ժամանակաշրջանում Սուսիի տաճարը և Խալդի աստծո տաճարը վերակառուցվել են պարսկական շինությունների՝ համապատասխանաբար «Կրակի տաճար» և «Ապադանու», որոնք Էրեբունու հնագետները անվանել են Սուզի և Պերսեպոլիսի նույնանուն պարսկական շինությունների նմանության համար[33]։

Ամրոցի ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի արտաքին պարիսպը կառուցված է եղել բազալտե քարերից պատրաստված 2 մետր բարձրությամբ ցոկոլից (երբեմն օգտագործվել է նաև տուֆ որպես հիմքի քար) և մոտավորապես 7 մետր բարձրությամբ կավե աղյուսից պատրաստված պատից: Ամրոցի պարիսպը ամրացված է եղել յուրաքանչյուր 8 մետրը մեկ հինգ մետր լայնությամբ որմահեցերով: Որոշ տեղերում պատերի ընդհանուր բարձրությունը հասել է 12 մետրի: Քարերը և կավե աղյուսները կապելու համար օգտագործվել է կավե շաղախ: Արտաքին ամրոցի պարիսպների շուրջ կառուցվել է անջրանցիկ գոտի, որն էլ ավելի է ամրացրել ամրոցի հիմքը և հնարավորություն է տվել պահակներին շրջագայել այդ տարածքում[34]։

Պատերի հիմքերը հիմքային հատվածում լայնացված չէին, ինչպես ավելի ուշ շրջանի ուրարտական կառույցներում, օրինակ՝ Թեյշեբաինիում։ Աղյուսները պատրաստվում էին կավից՝ ավելացնելով մանր կտրատած ծղոտ (ամրության համար), նման այլ ուրարտական և միջագետքյան կառույցներին։ Աղյուսապատումը կատարվում էր մանրազնին կերպով՝ օգտագործելով երկու չափի աղյուսներ՝ ուղղանկյուն (32.3 x 47.4 x 12.5 սմ) և քառակուսի (47.4 x 47.4 x 12.5 սմ), որոնք միացվում էին իրար և կապակցվում։ Շարի համար օգտագործվում էր կավե շաղախ։ Պատերը սվաղվում էին մանր կտրատած ծղոտի հետ խառնված կավով[2]։

Շինությունների մեծ մասի հատակները կառուցված են քարե հիմքի վրա, որը հարթեցվել է 8-9 սմ հաստությամբ կավե շերտով։ Շերտի վրա դրվել է աղյուսի շերտ, և շատ շինություններում դրա վրա դրվել է նաև փայտի շերտ, որը հիշեցնում է ժամանակակից մանրահատակ։ Ծածկերը հիմնականում պատրաստվել են փայտից, միայն առանձին դեպքերում են օգտագործվել աղյուսե կամարներ։

Ամրոցի ներքին շինությունների ստորին մասը նույնպես կառուցվել է բազալտից և տուֆից, իսկ վերին մասը՝ կավե աղյուսից։ Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ որպես դռան հեծաններ օգտագործվել են հաստ փայտե գերաններ, դռները եղել են ամուր փայտից՝ 12 սմ հաստությամբ, իսկ տանիքը ծածկված է եղել փայտե գերաններով, միահյուսված շամբիներով[2]։

Տաճարների ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրեբունիի Խալդ աստծո տաճարի և Սուսի տաճարի ճարտարապետությունը տարբերվում է միջնաբերդի ճարտարապետությունից իր ուրույն ոճով և բավականին ուշագրավ է։

Խալդ աստծո տաճար
[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրեբունիում գտնվող Խալդ աստծո տաճարը ուշագրավ է նրանով, որ այն ամենամեծ ուրարտական տաճարային շինություն է, որը մասամբ պահպանվել է[35]: Խալդ աստծո տաճարը հիմնադրվել է Արգիշտի I-ի կողմից, ինչի մասին է վկայում 1968 թվականին հայտնաբերված մասամբ պահպանված սեպագիր արձանագրությունը: Տաճարը բաղկացած է չորս մասից՝ 7.2 x 7.2 մ չափսի օժանդակ սենյակ, 7.2 x 37.0 մ չափսի մեծ դահլիճ, քառակուսի աշտարակ՝ աստիճաններով, և П-աձև պերիստիլ բակ: Մեծ դահլիճի հատակը, ի տարբերություն մյուս սենյակների, պատված է եղել մանրահատակ հիշեցնող փայտե տախտակներով: Տաճարի պերիստիլ բակը ուրարտական ճարտարապետության եզակի կառույց է, չնայած բնորոշ է այլ հին արևելյան մշակույթների ճարտարապետությանը: Բակի տանիքը եղել է 12 սյուների վրա, իսկ հատակի տակ տեղադրվել է կեղտաջրերի հեռացման համակարգ, որը սալարկված է եղել փոքր քարերով: Աշտարակը՝ իր աստիճաններով, որոշ չափով նման է եղել փոքրիկ միջագետքյան զիկկուրատի[36]՝ ամբողջ տաճարը անկյունագծերով ուղղված դեպի երկրի ուղղությունները, ինչը նույնպես համապատասխանել է միջագետքյան ավանդույթներին: Տաճարի պատերը զարդարված են եղել որմնանկարներով, հիմնականում կապույտ ֆոնի վրա։ Աքեմենյանների ժամանակաշրջանում Խալդ աստծո տաճարի կեսն օգտագործվել է կենցաղային նպատակներով, իսկ մյուս կեսը դարձել է մեծ ապադանայի մաս։

«Սուսի» տաճարի ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սուսի» տաճարը ուղղանկյուն շինություն է՝ 5.05 x 8.08 մետր ներքին չափերով, 10.00 x 13.45 մետր արտաքին չափերով, 40 քառակուսի մետր մակերեսով,այն, ըստ երևույթին, նախատեսված է եղել միայն փոքր թվով այցելուների համար։ Տաճարը տեղակայված է անկյունագծերով դեպի երկրի ուղղությունները, ինչը բնորոշ է Միջագետքի տաճարներին։ Շինության խորքային մասում է գտնվել զոհասեղանը։ Տաճարը լուսավորվել է վերևում գտնվող բացվածքով, որը նաև ծառայել է զոհաբերական կրակից ծուխ դուրս մղելու համար։ Տաճարի ներքին պատերը զարդարված են եղել որմնանկարներով։ Տաճարն ունեցել է մեկ դուռ՝ երկու կողմերում փորագրված Արգիշտի I թագավորի սեպագիր արձանագրություններով, նվիրված կառույցի հիմնադրմանը։ Տաճարի հիմքը պատրաստված է եղել ավելի մեծ և խնամքով մշակված բլոկներից, քան Էրեբունիի մյուս հիմքերը, ինչը ճարտարապետականորեն համապատասխանում է Վանա լճի հյուսիսային ափին գտնվող ուրարտական ամրոցներին։ Այդ առումով գիտնականները ենթադրում են, որ տաճարը, հնարավոր է, կառուցվել է Էրեբունու ոչ ուրարտական բնակչության օգնությամբ (կամ, ավելի հավանական է, Հատի երկրից եկած բնակիչների օգնությամբ կամ «Ազա» երկրի բնակչության մասնակցությամբ): Աքեմենյանների ժամանակաշրջանում տաճարը նույնպես վերակառուցվել է պարսկական տաճարի[2]։

Մոնումենտալ որմնանկարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակնհայտորեն, ուրարտացիների կողմից Էրեբունին առանց պայքարի լքելու շնորհիվ է, որ հենց այդ քաղաքում են մնացել լավագույնս պահպանված մոնումենտալ ներքին որմնանկարները, որոնց հետքերը հնագետները հայտնաբերել են գրեթե բոլոր ուրարտական քաղաքներում[2]: Առաջին որմնանկարները հայտնաբերվել են պեղումների առաջին տարում՝ 1950 թվականին, Խալդ աստծո տաճարում: Դրանից հետո Էրեբունին ուսումնասիրող հնագետները լայնածավալ աշխատանքներ են ձեռնարկել՝ որմնանկարների բեկորներ պարունակող պատերի փլված հատվածները և սվաղի մնացորդները պահպանելու և դրանք կոնսերվացնելու համար: Ուրարտական գեղանկարչության տեխնոլոգիան մինչ օրս պահպանել է որմնանկարների վառ գույները: Որմնանկարների պահպանված բնօրինակ բեկորները պահվում են Հայաստանի թանգարաններում, հիմնականում՝ Հայաստանի պատմության թանգարանում: Այդ որմնանկարների բազմաթիվ պատճեններ և վերականգնումներ ցուցադրվում են նաև Էրեբունի թանգարանում, Էրեբունիի ավերակներում և այլ թանգարաններում:

Քաղաքի ջրամատակարարում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրեբունիի քարե ջրատարի հատված

Ինչպես մյուս ուրարտական ամրոցներում, Էրեբունի ամրոցն էլ ունեցել է մանրազնին նախագծված և կազմակերպված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր: Ամրոցի ջրամատակարարումն ապահովվել է միմյանց միացված կլոր քարե խողովակներից պատրաստված ստորգետնյա ինքնահոս ջրատարով: Խողովակները ունեցել են 40 սմ արտաքին և 10 սմ ներքին տրամագիծ, միացումները փակված են եղել կավով: Ջրատարի ջուրը, հավանաբար, եկել է Էրեբունիից 7 կմ հեռավորության վրա գտնվող Գառնի լեռների աղբյուրներից[37]: Հին ուրարտական ջրատարի մնացորդներ են հայտնաբերվել Արին-Բերդ բլրի վրա պեղումների ժամանակ: Ջրատարը խնամքով ծածկված է եղել և ունեցել է ռազմավարական նշանակություն, հատկապես ամրոցի պաշարման դեպքում[2]։

Ամրոցից կեղտաջրերի հեռացումը նույնպես խնամքով է կազմակերպվել։ Օրինակ՝ ամրոցի ներքին մեծ բակում և պերիստիլային բակում պահպանվել են անձրևաջրերը հավաքելու և հետագայում դրանք հեռացնելու համար նախատեսված ջրհորներ։

Ամրոցի ջրատարի ջուրը, հավանաբար, չի օգտագործվել քաղաքի թաղամասերում՝ դրա անբավարարության պատճառով։ Քաղաքում հայտնաբերվել է քարե տաշտ, որի միջոցով զտել են համեմատաբար աղտոտված աղբյուրների ջուրը[38]։

Էրեբունու ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արին-Բերդ բլրի վրա գտնվող Էրեբունի ամրոցը, որոշակի պայմանականությամբ, համարվում է (Բորիս Պիոտրովսկու խոսքերով) ժամանակակից Երևանի «հին միջուկը»։ Էրեբունի ամրոցը լքվել է ուրարտացիների կողմից մ.թ.ա. 6-րդ դարում, ապա գրավվել է պարսիկների կողմից մ.թ.ա. 5-4-րդ դարերում և վերջնականապես լքվել մ.թ.ա. 4-րդ դարում[2][3]։ Հայտնի է նաև, որ Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Աքեմենյան կայսրության նվաճումից հետո Հայաստանում հունական կենտրոնն արդեն գտնվել է ժամանակակից Վաղարշապատի մոտ՝ Էրեբունիից 20 կմ հեռավորության վրա[12]։ Այսպիսով, մ.թ.ա. 4-րդ դարում լքված Էրեբունիի և մ.թ. 609 թվականին առաջին անգամ հիշատակվող Երևանի (բայց հնարավոր է մ.թ. 3-րդ դարից գոյություն ունեցող) միջև ուղղակի կապ չկա։ Մյուս կողմից, հնարավոր է «Երևան» («Էրիվան») և «Էրեբունի» բառերի միջև ստուգաբանական կապ (չնայած «Իրպունի» սկզբնական ընթերցմանը), ինչը թույլ է տալիս որոշակի կապ ենթադրել Էրեբունիի և Երևանի միջև[3]: Ավելին, Ուրարտուի մշակութային ազդեցությունը Հայաստանի և մասնավորապես Երևանի վրա անհերքելի է: Հետազոտողները նաև Ուրարտուի մշակութային ազդեցության հետքեր են տեսնում Աքեմենյան կայսրության վրա Էրեբունու վերակառուցման մեջ Աքեմենյան ժամանակաշրջանում և այդ ժամանակաշրջանի արծաթե առարկաներում, որոնք հայտնաբերվել են Էրեբունիում[2][39]։

Էրեբունին ներկա ժամանակաշրջանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ ամրոցային կառույցներ, այդ թվում՝ պատի հիմքերի և տաճարի հիմքերի մեծ հատվածներ, մասամբ վերականգնվել են: Խալդ աստծո տաճարի առանձին տարրերը և ամրոցի օժանդակ շինությունները, որտեղ աղյուսե շարվածքի հատվածները լավագույնս պահպանվել են, մասամբ վերականգնվել և վերակառուցվել են՝ ուրարտական ժամանակաշրջանում դրանց կառուցման սկզբունքները այցելուներին ցույց տալու նպատակով[40]:

Բլրի հյուսիսարևմտյան մասի ստորոտում 1968 թվականին բացվել է Էրեբունի թանգարանը։ Այնտեղ պահվում են Էրեբունիից և հարևան Թեյշեբաինիից գտածոներ։ Երկու քաղաքներից վերցված ամենաարժեքավոր արտեֆակտներից մի քանիսի բնօրինակները փոխարինվել են պատճեններով, իսկ առարկաները պահվում են Հայաստանի պատմության թանգարանում կամ դրա պահոցներում[13]։

Բլրի հանդիպակաց լանջին, որտեղ ուրարտական ժամանակաշրջանում գտնվել են քաղաքային շինությունները, Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող հնագիտական պեղումները վերսկսվել են 2002 թվականին՝ հայ և արևմտյան հնագետների մասնակցությամբ[13]։

«Էրեբունի» բառը մեծ ժողովրդականություն է վայելում ժամանակակից Հայաստանում, այն հաճախ օգտագործվում է առևտրային կազմակերպությունների և ապրանքանիշերի անվանումներում: Երևանի այն թաղամասը, որտեղ գտնվում է Էրեբունի ամրոցը, կոչվում է Էրեբունի, նույն անվանումն է կրում նաև Երևանի օդանավակայաններից մեկը։

2012 թվականի ապրիլին «Forbes» ամսագիրը Էրեբունի բնակավայրը ներառել է «Աշխարհի 9 ամենահին ամրոցների» ցանկում[41]:

Հնագիտական ուսումնասիրություններ, պեղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-ֆրանսիական համատեղ պեղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրեբունի ամրոցում հնագիտական ուսումնասիրությունները շարունակելու և ընդլայնելու անհրաժեշտությունից ելնելով՝ 2008 թվականից արգելոց-թանգարանը գիտական և տեխնիկական համագործակցություն է իրականացնում Բրետանի (Ֆրանսիա) հնագիտական առաքելության հետ` Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կողմից 2008-2016թթ. համար արտոնված ծրագրի շրջանակում և Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության ու Գիտական ուսումնասիրությունների ազգային կենտրոնի աջակցությամբ։ Այդ համագործակցության նպատակը կողմերի միջև պարբերաբար գիտական և տեխնիկական տվյալների փոխանակությունն է` հնավայրի լավագույնս գիտական ճանաչման, հայտնաբերված և դեռևս հայտնաբերման ենթակա մնացորդների անվտանգ պահպանության, ինչպես նաև գիտական տվյալների հիման վրա հնավայրի ու թանգարանի հանրահռչակման և մշակութային ծրագրերի  խթանման համար։ Համագործակցության առանցքում դրված են հնավայրի ուսումնասիրության պատմությանը վերաբերող փաստավավերագրական նյութի ամբողջացումը և գիտակրթական նշանակության կարևորումը` մասնավորապես մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին պեղումների գործաշրջանին ներգրավելու միջոցով[42]։

Էրեբունի ամրոցը

2012 թվականի ծրագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էրեբունի» հնավայրի վերականգնման, թանգարանի արդիականացման և այցելուների սպասարկման բարելավման նպատակով «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը 2012թ. մշակել է ծրագիր, որը նախատեսում է հնավայրի ցանկապատում, Էրեբունի միջնաբերդի վերականգնում, հնավայրում սպասարկման ենթակառուցվածքների ստեղծում, միջնաբերդին հանդիպակաց բլրի լանջին ամֆիթատրոնի կառուցում, թանգարանի շենքի վերակառուցում, օժանդակություն սահմանափակ կարողություններով մարդկանց ( արդեն իրականացվել է ) և այլն[43]։

Էրեբունին Հին Արևելքի այն եզակի քաղաքներից է, որտեղ հանգուցվում են 2 հինավուրց մշակույթներ` ուրարտական և աքեմենյան-իրանական։ Մյուս կողմից` Էրեբունիի կառույցները հայկական դասական ճարտարապետության համար կարևոր ու հիմնական ելակետ են հանդիսացել։ Էրեբունիի պեղումները բացահայտել են ուրարտական մշակույթի բազմազանությունը բնութագրող հարուստ հնագիտական նյութ՝ Ուրարտուի տնտեսության, կերպարվեստի ու քաղաքաշինության, ի մասնավորի՝ ամրաշինական, պաշտամունքային ու պալատական ճարտարապետության, շինարվեստի, խեցեգործության և այլ բնագավառների վերաբերյալ։ Հատկապես ուշադրության են արժանի ամրոցի տարածքից գտնված կոթողային ոճի 23 սեպագիր արձանագրությունները, ինչը բացառիկ երևույթ է ուրարտական ամրոցների մեջ։ Գտնված 2 նույնօրինակ սեպագրերը համարվում են ՀՀ քաղաքամայր Երևանի ծննդյան վկայագրերը, որոնք թույլ են տալիս այն դասել աշխարհի հնագույն մայրաքաղաքների շարքին։ Էրեբունի քաղաք-ամրոցի գոյությունը Երևանին հաղորդում է մեկ այլ նշանակություն, որը կարելի է սահմանել որպես՝ գեղագիտական, պատմական, գիտական, սոցիալական, հոգևոր նշանակություն` թե´ անցյալի, թե´ ներկա և թե´ ապագա երևանցիների համար։

Արին բերդ բլուր

Էրեբունիի հնագիտական ուսումնասիրությունները պարզորոշ ապացուցել են, որ կյանքն այս քաղաքում շարունակվել է նաև հետագա դարերում, ընդհուպ մինչև ժամանակակից Երևանը, նույն անվամբ, միայն դարերի ընթացքում փոխակերպված ձևով` Էրեբունի, Երեվունի, Երևան։ Վստահորեն կարելի է ասել, որ հուշարձանը դեռևս թաքցնում է շատ գաղտնիքներ, որոնց բացահայտումը և ուսումնասիրությունը մեծապես կլրացնի Էրեբունի ամրոցի պատմությունը։ [42]

Ուրարտուի թագավոր Արգիշտի I֊ի կողմից կառուցված Էրեբունի ամրոցի մասին կառուցման արձանագրություն
Հայտնաբերվել է 1950 թվականին
Թարգմանություն՝ Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների։ Արգիշտին ասում է... Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի։ Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի».

Էրեբունի թանգարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնավայրի ներկա վիճակը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցի կենտրոնական հատվածում գտնվող Խալդի աստծո տաճարի պատ, որը ենթարկվել է վանդալիզմի

Էրեբունի ամրոցը, չնայած հանդիսանում է

Հայաստանի Հանրապետության հանրապետական նշանակության հուշարձան, գտնվում է անմխիթար վիճակում։ Ամրոցի պարսպի և շինությունների որոշ հատվածներ վերջին տարիներին փլուզվել կամ քայքայվել են։ Որմնանկարներով պատված պատերին առկա են վանդալիզմի հետքեր և մերօրյա գրություններ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Оганесян К.Л. Крепость Эребуни (782 г. до н.э.) / Пиотровский Б.Б.. — Ереван: Айастан, 1980. — 144 с. — 1500 экз.
  • Ходжаш С. И., Трухтанова Н. С., Оганесян К. Л. Эребуни. Памятник Урартского зодчества VIII—VI в. до н. э. — М.: Искусство, 1979.
  • Оганесян К. Л. Арин-Берд I, Архитектура Эребуни по материалам раскопок 1950—1959 гг. — Ереван: Издательство АН Армянской ССР, 1961.
  • Крепость Эребуни / Гаркавец А. Н. — Алматы: Баур, 2005. — 192 с. — ISBN 5-7667-3603-7.
  • Арутюнян Н. В. Город Эребуни согласно клинописным источникам // Древний Восток. Города и торговля. — Ереван, 1973.
  • Арутюнян Н. В. Оганесян К. Л. Новые урартские надписи из Эребуни // Вестник древней истории. — Москва, 1970. — № 3.
  • Лосева И. М. Новые археологические исследования отряда ГМИИ им. А. С. Пушкина на холме Арин-берд // Советская археология. — Москва, 1958. — № 2.
  • Оганесян К. Л. Раскопки урартского города Эребуни // Советская археология. — 1960. — № 3.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Михаил Васильевич Никольский Клинообразная надпись из Ганли-тапа около Эривани // Древности восточные. — Издательство Московского археологического общества, 1894. — В. II.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 Оганесян К. Л. Арин-Берд I, Архитектура Эребуни по материалам раскопок 1950—1959 гг. — Ереван: Издательство АН Армянской ССР, 1961.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Пиотровский, Б. Б. (2013). Ванское царство (Урарту) (ռուսերեն). Рипол Классик. ISBN 978-5-458-39383-6.
  4. Капанцян Г. Р. Новая клинопись // Коммунист : газета. —Ереван, 1950. — Т. X. — № 4.
  5. Iranica. EREVAN Արխիվացված 2020-02-01 Wayback Machine. "Erevan is located on a site that has been occupied for millennia. Today it is generally acknowledged that the name is to be traced to that of an 8th-century B.C.E. Urartian fortress, E/Ir(e)b/puni… Modern Erevan can be said to continue both the name and the history of Erebuni. The identification is confirmed by an Urartian cuneiform inscription found in September 1950 on the mound Arin-Berd (i.e., Ganli Tappa) on the southeastern edge of Erevan "
  6. Hovannisian, Richard G. (1997). The Armenian people from ancient to modern times. Internet Archive. New York: St. Martin's Press. ISBN 978-0-312-10169-5.
  7. Robert H. Hewsen. Armenia: A Historical Atlas — University of Chicago Press, 2001. — 341 p. — ISBN 0226332284, ISBN 9780226332284. Стр. 27. «The study of Urartian historical geography, while perhaps no longer in its infancy, is still in its early stages. Although some toponyms can be identified with certainty (e.g., Tuspa = Van; Erebuni = Erevan), most of them, including some important districts, cannot be located with any degree of exactness, a fact not readily apparent on many maps».
  8. Britannica. Yerevan. «Though first historically recorded in 607 ce, Yerevan dates by archaeological evidence to a settlement on the site in the 6th-3rd millennia bce and subsequently to the fortress of Yerbuni in 783 bce. From the 6th century bce it formed part of the Armenian kingdom».
  9. J.R.Russel. Armeno-Iranica. // Papers in honour of Professor Mary Boyce / Red.: Jacques Duchesne-Guillemin: encyclopédie permanente des études iraniennes, Vol. 1. Brill Archive, 1985. ISBN 906831002X, 9789068310023. P. 454 «Erevan, named after the ancient Urartean fortress of Erebuni»
  10. Paul Zimansky. Urartian and the Urartians // Sharon R. Steadman, Gregory McMahon. The Oxford handbook of ancient Anatolia (10,000-323 BCE). Oxford University Press, 2011. ISBN 0195376145, 9780195376142. P. 557. « All but a few Urartian sites were abandoned, and only rarely do place-names in Urartian texts carry over into later eras, Erevan from Erebuni being one notable exception».
  11. Оганесян К.Л. Крепость Эребуни (782 г. до н.э.) / Пиотровский Б.Б.. — Ереван: Айастан, 1980. — 144 с. — 1500 экз.
  12. 12,0 12,1 12,2 Ходжаш С. И., Трухтанова Н. С., Оганесян К. Л. Эребуни. Памятник Урартского зодчества VIII—VI в. до н. э. — М.: Искусство, 1979.
  13. 13,0 13,1 13,2 Каталог археологических предметов музея «Эребуни». — Ереван: издательство Управления по охране памятников истории и культуры Республики Армения, 2002. — 80 с. — ISBN 99930-2-535-6
  14. 14,0 14,1 14,2 Отождествление Хати, ուրարտ.՝ Ḫāti, с Мелитеной сделано на основе Предыстория армянского народа. История Армянского нагорья с 1500 по 500 г. до н.э. Хурриты, лувийцы, протоармяне и Дьяконов И. М. Малая Азия и Армения около 600 г. до н. э. и северные походы вавилонских царей // Вестник древней истории. — Москва: Наука, 1981. — № 2. — С. 34—63.
  15. Перевод Г. А. Меликишвили из книги: Меликишвили Г. А. Урартские клинообразные надписи. — М.: Издательство Академии наук СССР, 1960. — 504 с.
  16. «История Востока: Восток в древности», глава XVIII «Урарту, Фригия, Лидия Արխիվացված է Հոկտեմբեր 11, 2015 Wayback Machine-ի միջոցով:», часть 2 «Возвышение Урарту»:
  17. На самом деле «susi-» — урартский детерминатив, который вероятно обозначает просто «храм», однако это обстоятельство ещё не было известно учёным в начальный период раскопок в Эребуни, и за данным храмом бога Иварша во всей последующей литературе сохранилось условное название «Суси».
  18. Перевод Георгий Александрович Меликишвили из статьи: Меликишвили Г. А. К вопросу о хетто-цупаннийских переселенцах в Урарту // Вестник древней истории. —Москва, 1958. — № 2.
  19. Меликишвили Г. А. К вопросу о хетто-цупаннийских переселенцах в Урарту // Вестник древней истории. —Москва, 1958. — № 2.
  20. 20,0 20,1 Арутюнян Н. В. Биайнили (Урарту). — Ереван: Издательство Академии наук Армянской ССР, 1970.
  21. 21,0 21,1 Лосева И. М. Раскопки цитадели урартского города Ирпуни // Краткие сообщения Института истории материальной культуры. —Москва, 1955. — № 58.
  22. Оганесян К.Л. Крепость Эребуни (782 г. до н.э.) / Пиотровский Б.Б.. — Ереван: Айастан, 1980. — С. 91—113. — 144 с. — 1500 экз.
  23. 23,0 23,1 Мартиросян А. А. Аргиштихинили. — Ереван: Издательство АН Армянской ССР, 1974.
  24. 24,0 24,1 24,2 Перевод Николай Васильевич Арутюняна из статьи: Арутюнян Н. В. Оганесян К. Л. Новые урартские надписи из Эребуни // Вестник древней истории. —Москва, 1970. — № 3.
  25. «Урартские письма и документы․ Leningrad 1963. - С. 12-13| WorldCat.org». search.worldcat.org (անգլերեն). Վերցված է 2025 թ․ նոյեմբերի 2-ին.
  26. Оганесян К. Л. Раскопки урартского города Эребуни // Советская археология. — 1960. — № 3.
  27. Лосева И. М. Новые археологические исследования отряда ГМИИ им. А. С. Пушкина на холме Арин-берд // Советская археология. — Москва, 1958. — № 2.
  28. Аракелян Б. Н. Клад серебряных изделий из Эребуни // Советская археология. — 1971. — № 1.
  29. Оганесян К.Л. Крепость Эребуни (782 г. до н.э.) / Пиотровский Б.Б.. — Ереван: Айастан, 1980. — С. 33. — 144 с. — 1500 экз.
  30. Оганесян К.Л. Крепость Эребуни (782 г. до н.э.) / Пиотровский Б.Б.. — Ереван: Айастан, 1980. — С. 34. — 144 с. — 1500 экз.
  31. «Պատմական ակնարկ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  32. Оганесян К.Л. Крепость Эребуни (782 г. до н.э.) / Пиотровский Б.Б.. — Ереван: Айастан, 1980. — С. 16. — 144 с. — 1500 экз.
  33. James Russell. The Formation of the Armenian Nation // Govannisian R. G. The Armenian People from Ancient to Modern Times. The Dynastic Periods: From Antiquity to the Fourteenth Century. — New York: University of California, Los Angeles, St. Martin’s Press. — Т. 1. — ISBN 0-312-10169-4.
  34. Оганесян К.Л. Крепость Эребуни (782 г. до н.э.) / Пиотровский Б.Б.. — Ереван: Айастан, 1980. — С. 40. — 144 с. — 1500 экз.
  35. Оганесян К.Л. Крепость Эребуни (782 г. до н.э.) / Пиотровский Б.Б.. — Ереван: Айастан, 1980. — С. 63—64. — 144 с. — 1500 экз.
  36. Оганесян К.Л. Крепость Эребуни (782 г. до н.э.) / Пиотровский Б.Б.. — Ереван: Айастан, 1980. — С. 64. — 144 с. — 1500 экз.
  37. Оганесян К.Л. Крепость Эребуни (782 г. до н.э.) / Пиотровский Б.Б.. — Ереван: Айастан, 1980. — С. 125. — 144 с. — 1500 экз.
  38. Оганесян К.Л. Крепость Эребуни (782 г. до н.э.) / Пиотровский Б.Б.. — Ереван: Айастан, 1980. — С. 125—126. — 144 с. — 1500 экз.
  39. Аракелян Б. Н. Клад серебряных изделий из Эребуни // Советская археология. — 1971. — № 1.
  40. Оганесян К.Л. Крепость Эребуни (782 г. до н.э.) / Пиотровский Б.Б.. — Ереван: Айастан, 1980. — С. 131—138. — 144 с. — 1500 экз.
  41. Асель Сулеевва (2012-09-17). «9 самых древних крепостей мира». Forbes. Արխիվացված օրիգինալից 2021-04-20-ին. Վերցված է 2014-05-21-ին.
  42. 42,0 42,1 «Պեղումներ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  43. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ֆոնդեր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 90
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրեբունի ամրոց» հոդվածին։
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.5/19