Երվանդ Գ
Երվանդ Գ | |
---|---|
Ծնվել է՝ | մ.թ.ա. 4-րդ դար |
Մահացել է՝ | մ. թ. ա. 260 |
Վախճանի վայր | Գավգամելա, Աքեմենյան պետություն |
Տոհմ | Երվանդունիներ[1] |
գերիշխան | |
Հայր | Միհրան |
Երեխաներ | Շամուշ |
Երվանդ Գ (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայաստանի սատրապ մ.թ.ա. 336-331 թվականներին, այնուհետև թագավոր մինչև մ.թ.ա. IV դ. վերջը։ Երվանդ Բ–ի որդին կամ թոռը։ Սատրապի պաշտոնում հաջորդել է Դարեհին։ Մ.թ.ա. 331 թվականին հայկական զորքով Աքեմենյան բանակում մասնակցել է Գավգամելայի ճակատամարտին։ Դարեհ III–ի պարտությունից հետո Երվանդ Գ լքել է նրան, հռչակվել Հայոց թագավոր՝ վերահաստատելով մ.թ.ա. VI դ. վերջին Աքեմենյանների միջամտությամբ ընդհատված հայկական անկախ պետականությունը։ Հայկական թագավորությունն ընդգրկել է հիմնականում սատրապության տարածքը։ Նրա սահմանները անդրեփրատյան Կոմմագենե երկրից ձգվել են մինչև Կուր գետը, Արևմտյան և Արևելյան Տիգրիս գետերից՝ մինչև Պոնտոսի լեռները։ Մայրաքաղաքն էր Արմավիրը։ Պատմական վավերագրերում նշվում է, որ Ալեքսանդր Մակեդոնացին չի գրավել Հայաստանը, վկայված է, որ Մակեդոնացին Մեննոն զորավարի գլխավորությամբ զորք է ուղարկել Սպեր գավառի հանքերը գրավելու համար, սակայն նա պարտություն է կրել, հունական զորքը դուրս է շպրտվել Հայաստանից, իսկ Մեննոնը սպանվել է մարտում։ Երվանդի թագավորությունը եռանդուն մասնակցել է Առաջավոր Ասիայի քաղաքական կյանքին։ Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո Առաջավոր Ասիայում ստեղծված իրավիճակում Երվանդը համակրել է այն խմբավորման առաջնորդներին, որոնք փորձել են պահպանել մակեդոնական տիրակալության ամբողջությունը և երաշխավորել Աքեմենյաններից անկախացած պետությունների ինքնուրույնությունը։
Համեմատական ծանոթագրություններ ըստ Մ.Խորենացու << Պատմություն Հայոց>> աշխատության[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Մ. Խորենացու. <Վահեն Ալեքսանդր Մակեդոնացու դեմ ապստամբելով՝ մեռնում է նրա ձեռքով> /տես՝ << Պատմություն Հայոց >> Եր.-1981թ, 303 էջ/: Եթե այս ավանդախառն հիշատակումն իրոք իր մեջ պատմական իրողություններ է պարունակում, ապա պետք է, որ Վահեն Հայաստանում գահակալած լիներ Ալեքսանդր Մեծի օրոք, այսինքն՝ մ.թ.ա. 336-ից /Մակեդոնիայի թագավոր/ մինչև նրա մահը մ.թ.ա. 323-ը: Հետևաբար Վահեի գահակալման ժամանակաշրջանը համընկնում է Երվանդական Հայաստանի գահակալներից՝ Երվանդ Գ-ի (սատրապ մ.թ.ա. 336 – 331-ին, այնուհետև թագավոր մինչև մ.թ.ա. IVդ. վերջը) իշխանության ժամանակաշրջանին: Ելնելով այս հանգամանքներից, եթե համեմատական զուգահեռներ տանենք Վահեի և Երվանդ Գ-ի կենսագործունեության միջև՝ կարելի է կատարել հետևյալ երեք պատմական փաստարկների վերլուծությունը.
- Գավգամելայի ճակատամարտին Հայկական այրուձին և հետևակը մասնակցում էին Օրոնտեսի (Երվանդ Գ) և Միթրաուստեսի գլխավորությամբ: Աքեմենյան կայսրության կործանումից (Գավգամելայում կրած պարտությունից) անմիջապես հետո՝ 331-330 թթ, Երվանդ Գ-ն իրեն հայտարարեց Հայաստանի անկախ կառավարիչ: /տես՝ <<Հայ ժողովրդի պատմություն>>, հ. 1-ին, Ե.- 1971, 504 էջ;
- Ալեքսանդր Մեծը Հայաստան չարշավեց և չնվաճեց այն, բայց Գավգամելայի ճակատամարտից հետո Հայաստանի սատրապ նշանակեց Միհրան անունով մի պարսիկի (Լիդիայի նախկին կառավարիչ Միթրենեսին), որը սակայն, չկարողացավ մտնել Հայաստան և պաշտոնավարել: /տես՝ <<Հայ ժողովրդի պատմություն>>, հ. 1-ին, Ե.- 1971, 502 էջ; ՀՍՍՀ ԳԱ <<Հայկական սովետական. հանրագիտարան>>, Ե.-1984, հոդ. <Ալեքսանդր Մակեդոնացի>/
- Երեք տարի անց Ալեքսանդր Մեծը Մենոն զորավարի գլխավորությամբ զորամաս ուղարկեց Հայաստան՝ Սպեր գավառի ոսկու հանքերը գրավելու նպատակով, բայց հայերը վռնդեցին հունա-մակեդոնական զորքերին և ճակատամարտում սպանեցին Մենոնին: /տես՝ ՀՍՍՀ ԳԱ <<Հայկական սովետական. հանրագիտարան>>, Ե.-1984, հոդ. <Ալեքսանդր Մակեդոնացի>/
Ըստ (1) փաստարկի. Գավգամելայի ճակատամարտում Վահեի զոհվելու վերաբերյալ տարբերակն ի սկզբանե անիմաստ է՝ այն պարզ պատճառով, որ պատմության մեջ Գավգամելայի ճակատամարտը հանդիսանում է երկու գերհզոր ուժերի միջև կայացած մեծ իրադարձություններից մեկը, այլ ոչ թէ՝ Մ. Խորենացու մոտ հիշատակված՝ պարզապես <ապստամբություն>:
Ըստ (2) փաստարկի. Այստեղ որևէ ապստամբության մասին խոսքի չի գնում, առավել ևս որևէ անձի զոհվելու վերաբերյալ և ընդհանրապես. <այդ տեղեկությունը ոչ միայն չի հաստատվում որևէ այլ փաստով, այլ հերքվում է մի շարք իրարից անկախ աղբյուրներից քաղված տվյալների համադրությամբ> /տես՝ <<Հայ ժողովրդի պատմություն>>, հ. 1-ին, Ե.- 1971, 502 էջ/: Հետևաբար Վահեի ապստամբության և նրա զոհվելու տարբերակը նույնպես բացառվում է:
Ըստ (3) փաստարկի. Այս իրադարձությունն իրոք կարելի է դիտել, որպես Ալեքսանդր Մեծին ցուցաբերած անհնազանդություն կամ ապստամբություն, բացի այդ, այս պատմական իրողությունում առկա է պատերազմող կողմերից մեկի ղեկավարի զոհվելու /սպանվելու/ փաստը, որն էլ ավանդազրույցի տարբերակով (հավանաբար) վերագրվել է ոչ թէ մակեդոնական կողմին այլ Հայոց գահակալին:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 394.
|
|