Արտաշես Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Արտաշես Բ
Մեծ Հայքի Արքայից արքա
Artaxias II.jpg
Իշխանություն մ.թ.ա. 30մ.թ.ա. 20
Ծնվել է՝ մ.թ.ա. 1-ին դար
Մահացել է՝ մ. թ. ա. 20
Հաջորդող Տիգրան Գ
Տոհմ Արտաշեսյան
գերիշխան
Հայր Արտավազդ Բ

Արտաշես Բ (ծն.թ. անհայտ մ.թ.ա. 60ական.– մ.թ.ա. 20), Հայոց թագավոր մ.թ.ա. 30–ից։ Արտաշեսյան հարստությունից, Արտավազդ Բ–ի որդին։ Հոր և եղբայրների գերեվարությունից հետո Արտաշեսը ռազմական դաշինք է կնքել Պարթևաց Հրահատ IV թագավորի հետ և օկուպացված Հայաստանից արքունի զորագնդով քաշվել Պարթևաստան։ Օգտվելով հռոմեական զորավարներ Օկտավիանոսի և Անտոնիոսի միջև մ.թ.ա. 31-ին ծագած պատերազմական իրադրությունից՝ Արտաշեսը հայկական ուժերով նախ հարձակվել է Անտոնիոսի դաշնակցի՝ Ատրպատականի թագավոր Արտավազդ Մեդացու վրա։ Վերջինս պարտվել է և փախել Օկտավիանոսի մոտ։ Այնուհետև Արտաշես Բ մտել է Հայաստան, պարտության մատնել այնտեղ գտնվող հռոմեացիներին և հաստատվել հայրենական գահին։ Նա Հայաստանին է միացրել նաև Ատրպատակարանը։ Մ.թ.ա. 29-ին Արտաշեսը դեսպանություն է ուղարկել Հռոմ և պահանջել ազատել եղբայրներին՝ Տիգրանին ու Արտավազդին, որոնք Ակտիումի ճակատամարտից հետո Եգիպտոսից Հռոմ էին տարվել։ Արտաշեսը չի ցանկացել, որ հայ արքայազունները հռոմեական դաստիարակություն ստանան և դիվանագիտական զենք դառնան թշնամու ձեռքին։ Քանի որ Արտաշեսը ժառանգորդ չի ունեցել, ապա եղբայրներին գերությունից ազատելու փորձը եղել է նաև Արտաշեսյան գահի պահպանման մտահոգություն։ Օկտավիանոսը մերժել է Արտաշեսի պահանջը՝ պատճառաբանելով, որ նա կոտորել է հռոմեացիներին։ Մերժողական պատասխանը եղել է անկախ Հայաստանի նկատմամբ Հռոմի թշնամական վերաբերմունքի արտահայտություն։ Սակայն Օկտավիանոսը չի համարձակվել պատերազմել հայ–պարթևական միացյալ ուժերի դեմ՝ հաշվի առնելով հռոմեական նախկին զորավարներ Կրասոսի և Անտոնիոսի պատմությունների փորձը։ Հռոմը սկսել է վարել Հայաստանը Պարթևաստանից մեկուսացնելու, այն ներսից պառակտելու և թշնամի դրացիներով օղակելու դիվանագիտություն։ Նա Փոքր Հայքի թագավոր է կարգել Արտաշեսի թշնամի՝ Ատրպատակարանի նախկին թագավոր Արտավազդ Մեդացուն։ Դավերի, կաշառքի ու զանազան խոստումների միջոցով Հռոմը Հայաստանի դեմ է գրգռել Կապադովկիային, Պոնտոսին, Իբերիական ու աղվանական ցեղերին։ Մ.թ.ա. 20-ին Օկտավիանոս Օգոստոս կայսրը մեծաթիվ բանակով բանակով մտել է Ասորիք։ Արտաշեսի դաշնակից Հրահատ IV, պարթևական թագավորության անկայուն վիճակից դրդված, անջատ հաշտություն է կնքել Օգոստոսի հետ, որից հետո հռոմեական լեգեոները ներխուժել են Հայաստան՝ Արտաշեսին տապալելու, հայկական գահին Արտաշեսի գերյալ եղբորը՝ Հռոմի կամակատար Տրգրանին նստեցնելու և Հայաստանը հռոմեական նահանգ դարձնելու նպատակով։ Հայաստանի մեկուսի և վտանգավոր կացությունը խուճապ է առաջացրել հայ ավագանու շրջանում։ Պատերազմից խույս տալու և երկրի անկախությունն իսպառ չկորցնելու հույսերով նրանք դավադրաբար սպանել են Արտաշես Բ–ին և պատգամավորություն ուղարկել Օգոստոսի մոտ՝ խնդրելով Տիգրանին տալ Հայաստանի գահը։ Հռոմեական թագավորը մտել է Հայաստան, Տիգրան Գ–ին թագավոր հռչակել՝ այնտեղ հաստատելով Հռոմի գերիշխանությունը։ Հայաստանից անջատել է Ատրպատակարանը։ Արտաշես Բ եղել է Արտաշեսյան հարստության վերջին հզոր ներկայացուցիչը, որից հետո սկսվել է այդ հարստության անկման ժամանակաշրջանը։