Փոքր Հայք
|
Փոքր Հայք | ||||
| Փոքր Հայքի սահմանները Մ.թ.ա 330թ.-ին | ||||
| Պետական կարգ | թագավորություն, սատրապություն | |||
| Մայրաքաղաք | Անի-Կամախ | |||
| Թագավորանիստ ոստան | քաղաքամայր | |||
| Պետության գլուխ | թագավոր | |||
| Արքայատոհմ | Երվանդունիներ | |||
| Լեզու | հայերեն հին հունարեն | |||
| Կրոն | Հեթանոսություն Հայ առաքելական եկեղեցի | |||
| Դեպքեր և իրադարձություններ | ||||
| Պատմական շրջան | հին աշխարհ | |||
| Հասարակարգ | ստրկատիրական, ավատատիրական | |||
| Հիմնադրում | մ.թ.ա. 331 թվական | |||
| Հզորության գագաթնակետ | ||||
| Անկում | մ.թ. 72 թվական | |||
| Ժամանակագրական հաջորդականություն | ||||
| - մ.թ.ա. 322 - մ.թ.ա. 301 | Նվաճում Հունամակեդոնական կայսրության կողմից | |||
| - մ.թ.ա. 200 - մ.թ.ա. 190 | Նվաճում Սելևկյան տերության կողմից | |||
| - մ.թ.ա. 115 - մ.թ.ա. 66 | Միացում Պոնտոսի թագավորությանը | |||
| - մ.թ.ա. 66 - մ.թ. 72 | Վասալ թագավորություն Հռոմի կազմում | |||
| Ներկայիս տարածքում | ||||
|
| ||||
| Պատմության պորտալ | ||||
Փոքր Հայք, Հայկական լեռնաշխարհի և պատմական Հայաստանի արևմտյան, համեմատաբար՝ փոքր տարածքի և նրանում ձևավորված թագավորության անվանումը։ Գոյատևել է չորս հարյուրամյակ` մ.թ.ա. 331 - մ.թ. 72 թվականները։ Գտնվում է Մեծ Հայքի և Եփրատ գետի արևմտյան կողմում, վերջինիս և Անտիտավրոսի լեռների միջև ընկած տարածքում[1]։ Ժամանակին այն բաժանվում էր երեք վարչական շրջանների` Առաջին Հայք, Երկրորդ Հայք և Երրորդ Հայք։ Հերոդոտոսը Հայաստանի անբաժան երկրամաս է համարում Եփրատից արևմուտք ընկած Պակտիկեն, որը համընկնում է հին պարսկական արձանագրություններում նշված «Կատպատուկա» և հին հայկական աղբյուրներում հիշատակվող «Կապուտկող», ավելի ուշ` Փոքր Հայք երկրամասին[2]։ Փոքր Հայքը եղել է հայ ժողովրդի ձևավորման հնագույն շրջաններից մեկը[3]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ.թ.ա. 4-րդ դարի վերջին, Աքեմենյան պետության կործանումով, վերացել է Հայաստանի սատրապություն-նահանգը։ Այն կիսվել է երկու մասի. Երվանդ զորավարի պետության մեջ մտնում էր Հայկական լեռնաշխարհի մեծ մասը, ուստի այն կոչվեց «Մեծ Հայք»[4]։ Միթրաուստես զորավարի տարածքը երկուսուկես անգամ զիջել է Երվանդի թագավորությանը, ուստի հայտնի դարձավ որպես «Փոքր Հայք»[5]։
«Փոքր Հայաստան» անվանումը հանդիպում է նաև միջնադարյան տեքստերում. խաչակիրներն այդպես էին կոչում Կիլիկիայի հայկական իշխանությունը, ապա և՝ թագավորությունը[6]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր Հայքի տարածքը ժամանակ առ ժամանակ տատանվել է 70-130 հազար քառակուսի կիլոմետրի սահմաններում։ Հզորության շրջանում՝ մ.թ.ա. 3-րդ դարում, դրա մեջ մտել էին Արևմտյան Եփրատի վերին ավազանի աջ հովիտը (այժմ՝ Էրզինջան, Բայբուրթ, Գյումուշխանե), Լյուկոս կամ հայերեն անվամբ՝ Գայլ գետի վերին և միջին հոսանքի ամբողջ ավազանը (Սիվաս, Գիրեսուն), Հալիս գետի վերին հոսանքի ամբողջ ավազանը (Թոքաթ, Օրդու), Սև ծովի ափամերձ շրջանները՝ ժամանակակից Բաթում քաղաքից մինչև Գայլի գետաբերան (Արդվին, Ռիզե, Տրապիզոն)[7]։ Գրեթե ամբողջությամբ Փոքր Հայքի մեջ էր մտել Համշեն գավառը, որը հայաբնակ է մինչ այժմ։
Փոքր Հայքի վարչական բաժանումների սահմանները այնքան հաճախ են փոփոխությունների ենթարկվել, որ անկարելի է ճշտությամբ որոշել նրանց տարածությունը։ Ունեցել է երեք նահանգ[8]՝
- Առաջին Հայք. գտնվել է Կապադովկիայի և Պոնտոսի միջև։ Գլխավոր քաղաքը Կեսարիան էր։ Տարածքում գտնվել են Եվդոկիա, Պիզա, Նիկոպոլիս և Նյուս քաղաքները, Ծամնդավ բերդաքաղաքը, Կիզիստրա բերդը։
- Երկրորդ Հայք. գլխավոր քաղաքն էր Սեբաստիան։ Նահանգում գտնվել են Լասիստա, Ավալա, Տյուրիկե և Ակն քաղաքները։
- Երրորդ Հայք. գլխավոր քաղաքն էր Մալաթիան՝ ռազմական և առևտրական նշանավոր կենտրոն Առաջավոր Ասիայում։ Նահանգի կազմում էին Սամոսատ, Քեսուն, Բարձրբերդ, Ռապան, Ուլնիա և Պեհետնի քաղաքները, Վարդահեր ավանը, Փարզման, Կոկիսոն, Շահասպ բերդերը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական լեռնաշխարհի տարածքում առաջին ցեղապետություններն առաջացել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակում։ Դրանցից էր Հայասան (Խայաշա, մ.թ.ա. 16 - մ.թ.ա. 13-րդ դարեր), որից ենթադրաբար ծագում է «հայ» անունը։ Այդ ցեղային միությունը տարածված էր լեռնաշխարհի արևմտյան հատվածում՝ Սև ծովի ափերից Եփրատի ավազան ընկած հատվածը։ Սև ծովի ափերին հայերի բնակության մասին է վկայում նաև հին հեթանոսական առասպելը, որի համաձայն Տորք Անգեղը, քշելով թշնամուն լեռներից՝ հասել է մինչև ծով, ժայռեր պոկել և նետել լողացող նավերի վրա։ Արևմտյան տարածքներում որոշ ցեղապետություններ ընդունել էին Խեթական թագավորության (Խաթթի, մ.թ.ա. 18 - մ.թ.ա. 12-րդ դարեր) գերիշխանությունը։ Դրանք էին՝ Թեգարաման (Թորգոմի տուն՝ Հայկ Նահապետի հոր անունով), Մելիդը և այլն։ Խեթերի պետականության կորստից հետո այս միությունները երբեմն կիսանկախ էին՝ ընկնելով Ասորեստանի թագավորության ազդեցության տակ։

Մ.թ.ա. 9-րդ դարում ստեղծվեց Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը՝ Վանի թագավորությունը (Ուրարտու), որը երեք հարյուրամյակի կյանք ունեցավ։ Ի սկզբանե այն իր մեջ ներառել էր Վանա և Կապուտան լճերի միջև ընկած տարածքը, որն Ուրուատրի ցեղային միության բնօրրանն էր։ Հետզհետե զորեղանալով՝ ուրարտացիները կարողացան գրավել Եփրատից մինչև Արաքս ընկած հայկական ցեղերի տարածքները, ապա և ժամանակավորապես իրենց ենթարկել Եփրատից արևմուտք ընկած հողերը։ Միևնույն ժամանակ հին հույները սկսեցին Սև ծովի ափին բնակություն հաստատել, հիմնելով մի քանի «պոլիսներ»՝ քաղաք-պետություններ։ Մ.թ.ա. 7-րդ դարի ընթացքում Վանի թագավորություն են ներխուժել սկյութներն ու կիմերները։ Վերջիններս բնակություն են հաստատել Եփրատ գետից արևմուտք ընկած տարածքներում[9]։
Մ.թ.ա 7-րդ դարի վերջին, պայմաններ են ստեղծվել հայոց առաջին պետականության հիմնադրման համար։ Մ.թ.ա. 612 թվականին Պարույր Նահապետի ջոկատները միացել են մարերի և բաբելոնցիների բանակներին և գրավել Նինվեն՝ Ասորեստանի մայրաքաղաքը։ Ավելի ուշ կործանվեց նաև Վանի թագավորությունը։ 580-ական թվականներին Պարույրի ազգականներից Երվանդը ստեղծեց համահայկական առաջին պետությունը՝ Վան մայրաքաղաքով։ Դրա մեջ մտավ ամբողջ Հայկական լեռնաշխարհը, այդ թվում՝ Եփրատից արևմուտք ընկած երկրամասերը։ Կարճ ժամանակ անց այն ենթարկվեց Աքեմենյան Պարսկաստանին (մ.թ.ա. 522 - մ.թ.ա. 331), որը Առաջավոր Ասիայի և ամբողջ Մերձավոր Արևելքի միակ գերտերությունն էր։
Մ.թ.ա. 4-րդ դարի կեսերին, երբ Աքեմենյանները թուլացել էին, Մակեդոնիայի արքա Ալեքսանդր Մեծը նպատակ դրեց ոչնչացնել այն։ Նա սկսեց «արևելյան արշավանք», որի ընթացքում երեք բախտորոշ ճակատամարտ տվեց թշնամուն։ Դրանցից երկրորդին՝ Գավգամելայի ճակատամարտին, մասնակցել են հայկական երկու զորաբանակ՝ Երվանդ (Օրոնտ) և Միթրաուստես (Միթրա-Միհր) սատրապների գլխավորությամբ։ Դրա անհաջող ավարտից հետո հայ զորավարները վերադարձել են հայրենիք, իրենց հռչակել անկախ թագավորներ[10]։ Հերոդոտոսը նշել է, որ դեռ մ.թ.ա. 5-րդ դարից արդեն շրջանը բնակեցված էր հայերով։
Անկախության շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ.թ.ա. 330 թվականին Փոքր Հայքը, ի թիվս Փոքր Ասիայի մի քանի այլ փոքր պետությունների, հռչակել է իր անկախությունը[11]։ Առաջավոր Ասիայում սկսել էր հելլենիզմի դարաշրջանը, և նորաստեղծ պետությունները հիմնականում հետևել են հունական մշակույթին։ Սկզբնական շրջանում ընդգրկել էր Եփրատի վերին, Ճորոխի ու Գայլ գետի վերին ու միջին և Հալիս գետի վերին հոսանքի շրջանները՝ Մեծ Հայքի, Կապադովկիայի ու Պոնտոսի միջև։ Կազմել է հնագույն Հայասա երկրի մասը[1]։ Փոքր Հայքը հպատակեցրել է խալդայներին ու տիբարեններին, հյուսիսից տարածվելով մինչև Սև ծով։ Մ.թ.ա. 322 թվականին Նեոպտղոմեոսը փորձել է Փոքր Հայքը միացնել հունա-մակեդոնական կայսրությունը[12]։ Իպսոսի ճակատամարտից հետո մ.թ.ա. 301 թվականին Փոքր Հայքն ապստամբել և անկախացել է։ Այս վիճակը տևել է երկու հարյուրամյակ[13]։ Պետության մայրաքաղաքն էր Անի-Կամախը՝ հեթանոս հայերի գլխավոր աստված Արամազդի պաշտամունքի գլխավոր վայրը։ Այս բնակավայրը նախքան այդ Հայասա ցեղային միության կենտրոնն էր։

Փոքր Հայքի թագավորության տարածքը լեռնային էր. դրա մեջ էին մտել նաև Կարինը և Դերջանը (հետագայում՝ Բարձր Հայք)։ Դաշտային հատվածներն ամփոփված էին գլխավորապես խոշոր գետերի հովիտներում։ Բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն էր՝ ոչխարաբուծությունն ու ձիաբուծությունը։ Հետագայում, երբ Մեծ Հայքից առանձնացել են հայկական երկու թագավորություններ՝ Կոմմագենեն և Ծոփքը, Փոքր Հայքը նրանց հետ հաստատել է աշխույժ տնտեսական կապեր։ Դա բացատրվում է Եփրատ գետի միջոցով այդ երկրների փոխշահավետ առևտրի հանգամանքով։ Փոքր Հայքը կապված էր նաև նորաստեղծ հունական պետությունների՝ Պոնտոսի և Կապադովկիայի հետ։
Մ.թ.ա. 3-րդ դարի վերջին Սելևկյանները հարձակվել են Հայկական լեռնաշխարհի վրա, հպատակեցրել Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն։ Փոքր Հայքում ստեղծվել է առանձին սատրապություն, որի սատրապ է նշանակվել մի հայ մեծատոհմիկի և սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծի քրոջ որդի Միհրդատը։ Տասը տարի անց՝ մ.թ.ա. 190 թվականին Մագնեսիայի ճակատամարտում Անտիոքոս III-ի զորքերը Հռոմից պարտություն են կրել։ Այս դեպքից հետո Փոքր Հայքի սատրապը վերականգնել է անկախությունը։ Ստրաբոնը նշել է, որ Փոքր Հայքը միշտ ունեցել է իր ազգային իշխանները կամ դինաստիաները, որոնք հաճախ դաշնակից են իրենց հետ Հայաստանի հետ, բայց գործել են հաճախ նաև դրանից անկախ[14]։
Ք.ա. 331-112 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է, որ Փոքր Հայքն առաջին անգամ հիշատակվում է Գավգամելայի ճակատամարտի առնչությամբ։ Ըստ Քվինտոս Կուրտիոս Ռուփոսի, Փոքր Հայքի զորքը տեղակայված է եղել աքեմենյան բանակի կենտրոնում, իսկ Մեծ Հայքինը՝ բանակի աջ թևի առաջին շարքում[15].
Գավգամելայի ճակատամարտի մասին վկայող մեկ այլ պատմիչ՝ Արիանոս Փլավիոսը, նշում է նաև հայոց բանակի առաջնորդների անունները.
| Հայերին ղեկավարում էին Օրոնտեսը և Միթրաուստեսը, իսկ կապադովկացիներին՝ Արիակոսը… Աջ թևի առաջամասում դասավորված էին հայկական և կապադովկիական հեծելազորները և հիսուն մանգաղավոր մարտակառքեր[16]։ |
Գավգամելայի ճակատամարտից որոշ ժամանակ անց, մտնելով Բաբելոն, Ալեքսանդր Մակեդոնացին համարել է, որ արդեն հասել է հաջողության և կատարել է մի շարք նշանակումներ, այդ թվում՝ Հայաստանի կառավարիչ է նշանակել Սարդեսի բերդը դավաճանաբար իրեն հանձնած պարսիկ Միթրենեին (Միհրանին)[17]։ Սակայն դատելով փաստերից՝ հայերը նրան անգամ թույլ չեն տվել ոտք դնել Հայաստան[18][19]։
Մակեդոնական և հայկական զորքերի հաջորդ բախումը տեղի է ունեցել 2-3 տարի անց, երբ Ալեքսանդրի զորաբանակներից մեկը՝ Մենոն զորավարի գլխավորությամբ, ուղարկվեց գրավելու Բարձր Հայքի ոսկու հանքերի շրջանը, որը սահմանակցում էր Փոքր Հայքին։ Ինչպես վկայում է հույն մատենագիր Ստրաբոնը, հայերը ոչնչացրել են նրա բանակը, իսկ զորավարին մահապատժի ենթարկել։ Դրանից հետո Ալեքսանդրը փորձ չի արել Հայաստան զորք ուղարկել։ Ք.ա. 331 թվականի Փոքր Հայքի անկախացումից հետո Միթրաուստեսի մասին սկզբնաղբյուրներում այլ տեղեկություններ չեն պահպանվել։ Թե քանի տարի է իշխել Միթրաուստեսը՝ հայտնի չէ։ Անհայտ է մնում նաև, թե ով է անմիջապես հաջորդել նրան։
Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա զորավարների միջև սկսվել են ավելի քան երկու տասնամյակ տևած պատերազմներ (դրանք հայտնի են որպես դիադոքոսների՝ «ժառանգորդների» պատերազմներ), որոնք ավարտվել են Ք.ա. 301 թվականին՝ Մակեդոնացու աշխարհակալության մասնատումով։ Նրա տերության առաջին բաժանումը տեղի է ունեցել մահվան տարում՝ Ք.ա. 323 թվականին, Բաբելոնի խորհրդակցության ժամանակ։ Թեպետ որոշվել է պահպանել տերության ամբողջականությունը և ընդհանուր խնամակալ դարձավ Պերդիկկասը, սակայն երկրների իրական կառավարումը անցել է Մակեդոնացու զորավարներին, որոնք երբեմն հակադրվում էին նաև Պերդիկկասին։ Զորավարների միջև բաժանված երկրների ցանկում Ք.ա. 323 թվականին Հայաստանը չի հիշատակվում, ինչը նշանակում է, որ այն լիովին անկախ է եղել։ Մակեդոնական աշխարհակալության ընդհանուր խնամակալ դարձած Պերդիկկասը որոշել է տերությանը միացնել Փոքր Ասիայի այն տարածքները, որոնք չէր հասցրել գրավել Ալեքսանդրը։ Առաջինը թիրախավորվել է Կապադովկիան։ Պերդիկկասը անձամբ է առաջնորդել արշավանքը Ք.ա. 322 թվականին և, պարտության մատնելով երկրի թագավոր Արիարաթեսին, մահապատժի ենթարկել նրան։ Կապադովկիայի արքայազնը ապաստան է գտել Հայաստանում, իսկ որոշ ժամանակ անց հայկական զորքերի օգնությամբ վերականգնվել է հայրական գահին։ Այդ դեպքերի վերաբերյալ հանգամանորեն տեղեկացնում է Դիոդորոս Սիկիլիացին․
Ք.ա. 321 թվականի գարնանը բռնկվել է դիադոքոսների առաջին պատերազմը, որի ժամանակ Պերդիկկասի դեմ դաշինք ստեղծեցին Եգիպտոսում հաստատված Պտղոմայոսը և Մակեդոնական տերության եվրոպական մասերի վրա իշխող Կրատերը ու Անտիպատրոսը։ Այդ ժամանակ Պերդիկկասը Եվմենեսին նշանակեց Փոքր Հայքում և Կապադովկիայում գտնվող զորքերի գլխավոր հրամանատար[Ն 1]։
Նեոպտոլեմոսը (որի դեմ ընդվզել էր Փոքր Հայքը) դավաճանաբար անցել է Կրատերի կողմը, սակայն ճակատամարտի ժամանակ սպանվեց Եվմենեսի կողմից։ Որոշ ժամանակ անց սպանվում է նաև Պերդիկկասը․ մահապատժի են դատապարտվում նրա համախոհների մեծ մասը, այդ թվում՝ Եվմենեսը (վերջինս դիմել է փախուստի և սպանվել)։
Ք.ա. 321 թվականին Տրիպարադիսում տեղի է ունեցել Մակեդոնացու տերության երկրորդ բաժանումը։ Այստեղ ևս հայկական որևէ պետություն չի հիշատակվում։ Կապադովկիայի սատրապ է դառնում Նիկանորը։ Թեպետ Փոքր Հայքի մասին ստույգ տեղեկություններ չեն պահպանվել, սակայն այն փաստը, որ հայկական երկրամասը ընդվզել էր մակեդոնական զորավարների դեմ Ք.ա. 321 թվականին, որոնց պարտության մատնեցին ու ոչնչացրին, իսկ նույն ժամանակաշրջանի մակեդոնական տերությանը ենթակա երկրների ցանկում այն չի հիշատակվում, թույլ է տալիս եզրակացնել, որ Փոքր Հայքը վերականգնել էր իր անկախությունը։ Այսինքն՝ Ք.ա. 331 թվականին անկախացումից հետո Փոքր Հայքը կարճ ժամանակով՝ Ք.ա. 322-321 թվականներին, ենթարկվել է մակեդոնական նվաճման, ապա կրկին անկախացել։ Չի բացառվում, որ Փոքր Հայքի անկախության վերականգնումը տեղի է ունեցել Մեծ Հայքի աջակցությամբ, որը ապաստան էր տվել Կապադովկիայի գահազրկված արքայազնին և տարիներ անց զորքով օգնել նրան վերականգնվել հայրական գահին։
Դիադոքոսների պատերազմները ավարտվել են Ք.ա. 301 թվականին Մակեդոնացու աշխարհակալության մասնատումով։ Տերությունը վերջնականապես բաժանվել է մի քանի մասերի, որոնցից ամենախոշորն եղել է Հայաստանին սահմանակից Սելևկյան տերությունը։
Ապպիանոս Ալեքսանդրացու «Հռոմեական պատմության» մեջ նշվում է, որ այդ տերության հիմնադիր Սելևկոս Նիկատորը «տիրել էր Միջագետքին, Հայաստանին և Կապադովկիային, որն անվանում են Սելևկյան, Պարսկաստանին, Պարթևստանին և Բակտրիային, արաբական երկրներին, Տաբարիստանին, Սոգդիանային, Արախոսիային, Հիրկանիային և բոլոր այն հարակից երկրներին մինչև Հնդոս գետը, որոնք զենքի ուժով նվաճել էր Ալեքսանդրը։ Այնուհետև, ներկայացնելով Սելևկոս Նիկատորի հիմնած բազմաթիվ քաղաքները, Ապպիանոսը գրում է․
| Իսկ ի պատիվ իր՝ Սելևկոսի հաղթանակների հիմնվեց Նիկեփորիոնը Միջագետքում և Նիկոպոլիսը Հայաստանում, այնտեղ, որն ամենամոտն է Կապադովկիային։ |
Այստեղից պարզ է դառնում, որ Կապադովկիայի հետ հիշատակվող «Արմենիան» ոչ թե Մեծ Հայքն է, այլ Փոքր Հայքը, քանի որ Ապպիանոս Ալեքսանդրացին նույն աշխատության հաջորդ բաժնում (գիրք XII, «Միհրդատյան պատերազմներ») նշում է Նիկոպոլիս քաղաքի կառուցման վայրը՝ Փոքր Հայքը, սակայն քաղաքի հիմնադրումը վերագրում է Պոմպեոսին, որը այն կառուցել է ի նշանավորումն Միհրդատ Եվպատորի դեմ տարած հաղթանակի։
Ք.ա. 301 մինչև Ք.ա. 183 թվականներին Փոքր Հայքի մասին պահպանվել է միայն մեկ արձանագրություն։ Դա Փոքր Հայքի Աղջա-կալե (Աղաչակալե) հնավայրից գտնված երկլեզու (հունարեն և արամեերեն) արձանագրությունն է, որը պարունակում է չափազանց կարևոր տեղեկություններ։
Արձանագրության արամեերեն բաժնում ասվում է․
| Այս պարիսպների մեջ հիմնվեց դամբարանը Օրոմանայի՝ Արիաուկայի որդու։ Որպես մնայուն հիշատակ կառուցեց այն Արի[աուկան]՝ Օրոմանայի որդին, սատրապը Արմենիայի։ |
«Հանկարծակի և դաժան հարձակման ենթարկվելով՝ Փառնակեսը պատրաստ էր ընդունելու ամեն մի առաջարկ, ուստի նա դեսպաններ ուղարկեց Եվմենեսի ու Արիարաթեսի մոտ։ Եվմենեսն ու Արիարաթեսը լսելով նրանց, իրենք էլ իսկույն իրենց դեսպաններին ուղարկեցին Փառնակեսի մոտ, և այս բանը երկուստեք բազմիցս կրկնվելով՝ հաշտություն կնքվեց հետևյալ պայմաններով․ թող մշտական խաղաղություն լինի մի կողմից՝ Եվմենեսի, Պրուսիասի և Արիարաթեսի, մյուս կողմից՝ Փառնակեսի և Միհրդատի միջև։ Փառնակեսը ոչ մի ձևով չպետք է արշավի Գալաթիայի վրա, և գալաթների հետ նախկինում նրա կնքած բոլոր պայմանագրերը պետք է համարվեն անվավեր։ Որոշվեց նաև, որ Փառնակեսը պետք է առանց փրկագնի վերադարձնի ռազմագերիներին և փախստականներին։ Որոշվեց նաև, որ Արմենիայի սատրապ Միհրդատը պետք է վճարի 300 տաղանդ, որովհետև նա դրժելով Եվմենեսի հետ կնքած դաշինքը՝ պատերազմել էր Արիարաթեսի դեմ։ Այդ դաշինքին մասնակից դարձան Ասիայի իշխաններից Արտաշեսը՝ Արմենիայի մեծագույն մասի տիրակալը, և Ակուսիլոքոսը»[20]։
Արձանագրությունը վկայում է, որ Փոքր Հայքում իշխել է Արիակեսը (Արիաուկան), որին առաջարկվել է նույնացնել Գավգամելայի ճակատամարտում Մեծ Հայքի բանակի կողքին մարտնչող կապադովկացիների հեծելազորի հրամանատար Արիակեսի հետ։ Չբացառելով նման նույնականացման հնարավորությունը, որը ունի հավելյալ հիմնավորման կարիք, կարելի է ենթադրել, որ այստեղ կարող է լինել պարզապես անունների պատահական համընկնում։
Արիակեսին (Արիակես Ա-ին) հաջորդում է նրա որդի Օրոմանեսը (Օրոմանա, թերևս՝ Արամանյակ)։ Իսկ Օրոմանես-Արամանյակին հաջորդում է վերջինիս որդի Արիակես Բ-ը, որն էլ մեզ հասած վերոնշյալ երկլեզու արձանագրության հեղինակն է։
Փոքր Հայքին վերաբերող սկզբնաղբյուրներում պահպանված հաջորդ տեղեկությունը վերաբերում է Ք.ա. 183 թվականին։ Պոնտոսի թագավոր Փառնակը և Փոքր Հայքի «սատրապ» Միհրդատը դաշնակցած ներխուժում են Գաղատիա և Կապադովկիա, սակայն պարտվում են և ստիպված լինում հաշտություն կնքել աննպաստ պայմաններով։
Ենթադրվել է, որ Ք.ա. II դարի սկզբին Փոքր Հայքը ենթարկվել է Պոնտական թագավորությանը։
Այս մասին Հ. Մանանդյանը գրում է․
Ստրաբոնի տեղեկությունից պարզ է դառնում, որ Ք.ա. 112 թվակնին նախորդած տարիներին՝ մինչև Միհրդատ VI Եվպատորի իշխանության անցնելը, Փոքր Հայքի թագավորներն են եղել Սիսիսը և նրա որդի Անտիպատրոսը։ Ք.ա. 133-129 թվականներին, Փոքր Հայքի արքա է եղել Միհրդատ Եվերգետեսը, որը Պոնտոսի արքա Միհրդատ V-ն է (Ք.ա. 150-120 թվականներ)՝ Միհրդատ VI Եվպատորի հայրը[21][22]։
Մ.թ.ա. 2-րդ դարի վերջին Փոքր Հայքի թագավոր Անտիպատրոսը որդեգրել է Պոնտոսից փախած Միհրդատին։ Լինելով անժառանգ՝ Երվանդունի տոհմից սերող հայ թագավորը նրան է ժառանգել իր թագավորությունը։ Մ.թ.ա. 115 թվականին Միհրդատը թագադրվել է Փոքր Հայքի, իսկ երկու տարի անց նաև՝ ամբողջ Պոնտոսի թագավոր։
Օտար տիրապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոնտական գերիշխանության ժամանակաշրջանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միհրդատ Ե-ի դավադրական սպանությունից հետո Միհրդատ Եվպատորը, որն այդ ժամանակ եղել է 11 տարեկան, մոր՝ Լաոդիկե VI թագուհու և կրտսեր եղբոր՝ Քրեստոսի հետ ժառանգել է թագավորությունը։ Քանի որ երեխաները դեռևս եղել են մանկահասակ, թագուհին ստանձնել է երկրի խնամակալությունը։ Սակայն դա մեծ վտանգ է եղել Միհրդատի համար, քանի որ մայրը ցանկացել է գահին տեսնել կրտսեր որդուն։ Այդ պատճառով Միհրդատը հեռացել է երկրից և միայն տարիներ անց վերադարձավ՝ հաստատվելով իր հայրական գահին։
Դատելով փաստերից՝ Փոքր Հայքի արքա Անտիպատրոսը նախ ապաստան է տվել պոնտական արքայազնին, իսկ հետագայում, հավանաբար, անժառանգ լինելով և գնահատելով Միհրդատին, որդեգրել է նրան՝ այդպիսով ժառանգելով իր թագավորությունը։ Այդ մասին կարող է վկայել այն փաստը, որ Միհրդատ VI Եվպատորը հիշատակվում է որպես «Պոնտոսի և Հայոց թագավոր»[23]։ Փոքր Հայքը, որպես ժառանգություն, կտակել է Միհրդատ Եվպատորին Անտիպատրոս արքան, և դա տեղի է ունեցել մ.թ.ա. մոտ 112 թվականին: Իսկ այն փաստը, որ նա սկզբնաղբյուրներում հիշվում է որպես «Պոնտոսի և Հայոց թագավոր», թույլ է տալիս Միհրդատ Եվպատորին դիտարկել նաև որպես Փոքր Հայքի արքա՝ հավանաբար «Արտաշես» պատվանուն-գահանունով։
Պոնտական թագավորությունում հայտնի են դեպքեր, երբ գրավյալ երկրներում թագավորը արքայորդիներին նշանակել է գերագույն ղեկավարներ։ Ենթադրվել է, որ նման իրավիճակ կարող էր լինել նաև Փոքր Հայքում, որտեղ մ.թ.ա. 80-ական թվականներին կարող էր թագավոր հռչակվել Արկաթիոսը՝ Միհրդատ Եվպատորի ավագ որդիներից մեկը[24]։
Պոնտոսի արքան իր գահակալման ողջ ընթացքում օգտագործել է Փոքր Հայքի ռազմական ուժերը։, Միհրդատ Եվպատորի բանակում վճռորոշ դերակատարում է ունեցել Փոքր Հայքի 10-հազարանոց հեծելազորը, որը մասնակցել է նրա արշավանքներին։ Միհրդատը Փոքր Հայքի հայ զինվորներին վստահել է իր պետության ծայրամասերում գտնվող քաղաքների պաշտպանությունը։ Այդ մասին են վկայում Օլիվիայից և Խերսոնեսից գտնված արձանագրությունները[25][26]։
Միհրդատ VI Եվպատորը մ.թ.ա. 71 թվականին Լուկուլլոսի հռոմեական բանակից պարտվելուց հետո դուրս մղվեց իր տիրույթներից (այդ թվում՝ կորցնելով նաև Փոքր Հայքը) և ապաստան գտավ Տիգրան Մեծի մոտ։ Մ.թ.ա. 68 թ. սեպտեմբերին Արածանիի ճակատամարտում Լուկուլլոսին ջախջախելուց հետո Տիգրան Մեծը Միհրդատ Եվպատորին տրամադրել է 4-հազարանոց զորք։ Դրան գումարելով նույն քանակի իր բանակը՝ Միհրդատը ազատագրել է Պոնտոսն ու Փոքր Հայքը հռոմեացիներից։ Ավելին, զարգացնելով հաջողությունը՝ ներխուժել է Բյութանիա, իսկ Տիգրան Մեծը գրավեց Կապադովկիան[27]։
Հռոմեական շահերը Արևելքում եղել են խիստ վտանգված, և դրությունը փրկելու համար արտակարգ լիազորություններով այստեղ է ուղարկվել Պոմպեոսը։ Վերջինս մ.թ.ա. 66 թ. պարտության է մատնել Միհրդատ Եվպատորին, որը այս անգամ չստանալով Տիգրան Մեծի աջակցությունը՝ հեռացավ Բոսփորի թագավորություն, իսկ մ.թ.ա. 63 թ. ինքնասպանությամբ վերջ դրեց իր կյանքին։
Հռոմ և Բյուզանդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ.թ.ա. 73-71 թվականներին Միհրդատյան երրորդ պատերազմի ժամանակ հռոմեական զորավար Լուկուլլոսի զորքերը ռազմակալել և ավերել են ամբողջ Պոնտոսը, այդ թվում և Փոքր Հայքը։ Մ.թ.ա. 68 թվականին Միհրդատ VI-ն ազատագրել է այն։ Երկու տարի անց Հռոմն արևելք է ուղարկել Գնեոս Պոմպեոսին։ Նա հաղթել է Փոքր Հայքի վերջին անկախ թագավոր Միհրդատ VI-ին և այդ տեղում կառուցել Նիկոպոլիսը՝ «հաղթանակի քաղաքը»։ Փոքր Հայքը, որոշ ընդհատումներով, մինչև 72 թվականը գոյատևել է որպես Հռոմի վասալ թագավորություն։ Նրա թագավոր-կառավարիչներ են նշանակվել տարբեր միապետեր՝ Կապադովկիայի արքաներ Արիոբարզան Ա-ն (մ.թ.ա. 64 - մ.թ.ա. 63), Արիոբարզան Գ-ն (մ.թ.ա. 47 - մ.թ.ա. 44), Գալաթիայի կառավարիչ Դեյոտարոս Ա-ն (մ.թ.ա. 63 - մ.թ.ա. 47, մ.թ.ա. 44 - մ.թ.ա. 42), Կաստորը (մ.թ.ա. 41 - մ.թ.ա. 36), Դեյոտարոս Բ-ն (մ.թ.ա. 36 - մ.թ.ա. 33), Պոնտոսի արքա Պտղոմեոս Ա-ն (մ.թ.ա. 33 - մ.թ.ա. 30)[28]:
Մեծ Հայքում Արտաշես Բ-ի գահակալության տարիներին ուժեղացել է Պարթևստանի ազդեցությունը։ Փոքր Հայքում թագավոր է դարձել Ատրպատականի արքա Մար Արտավազդը (մ.թ.ա. 30 - մ.թ.ա. 20): Պարթևների հաջողությունները կարճատև եղան. Հռոմի նորանշանակ կայսր Օկտավիանոս Օգոստոսը վերականգնել է տերության սահմանները, Փոքր Հայքի արքա նշանակել (մ.թ.ա. 20 - մ.թ. 17):

1 թվականին Մեծ Հայքում ընդհատվել է Արտաշեսյանների դինաստիան։ Շուրջ կես դար Հռոմն ու Պարթևստանը պայքար են մղել հայոց գահի համար։ Մեծ Հայքում առավել երկար է իշխեն Զենոնը, որը Պոնտոսի և Փոքր Հայքի Պոլեմոն թագավորի որդին էր։ Ժողովուրդը նրան այնքան է հավանել, որ տվել է «Արտաշես» անվանումը՝ Զենոն-Արտաշես կամ «Արտաշես Գ» (18-34)։ Առավել նշանակալի էր Զենոնի որդու՝ Կոտիսի գահակալումը (37-43), որը միաժամանակ Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորն էր։
Հայաստանի համար պայքարն ավարտվել է հռոմեա-պարթևական պատերազմով (54-64)։ Հայ ավագանու ընտրած Տրդատ Արշակունին՝ պարսից շահի եղբայրը, դարձավ Մեծ Հայքի թագավոր։ Միևնույն շրջանում Փոքր Հայքի թագավորն էր փյունիկյան միապետերից Արիստոբուլոսը (55-72)։ Թեև Հռոմը ճանաչեց Տրդատի գահակալությունը, սակայն ի պատասխան դրա, որոշ ժամանակ անց՝ 72 թվականին, Վեսպասիանոս կայսրը Փոքր Հայքի թագավորությունը վերածեց հռոմեական պրովինցիայի՝ Կապադովկիայի ներսում։
3-րդ դարի վերջին Փոքր Հայքը անջատվեց Կապադովկիայից իբրև առանձին պրովինցիայի՝ ձևականորեն ենթարկվելով Արշակունիներին։ Այն բաժանվեց երկու մասի՝ Armenia Prima և Armenia Secunda[29]: Ավելի ուշ կազմավորվեցին նաև տեղի լեգիոնները՝ Legio I Armeniaca և Legio II Armeniaca։ Տեղի քրիստոնեական համայնքերը սկսում են աշխուժանալ։ Պատմությանը հայտնի են տեղացիների անձնուրաց պայքարը քրիստոնեության համար, մասնավորապես՝ Սեբաստիայի 40 և Նիկոպոլիս 45 զոհերի մասին պատմությունները։ Նրանք սրբացվել են ուղղափառ եկեղեցու կողմից։ 325 թվականին Նիկեայի ժողովում քրիստոնեությունը հռչակվել է որպես թույլատրելի կրոն, իսկ 381 թվականի Կոստանդնուպոլսի ժողովում ընդունվել է որոշում, որի համաձայն քրիստոնեությունը դարձել է Հռոմի պետական, պաշտոնական կրոնը։ 387 թվականին տեղի ունեցավ Հայաստանի առաջին բաժանումը։ Հռոմեական կայսրության ներսում ձևավորվեցին հայկական չորս նահանգներ՝ երկուսը Փոքր Հայքում, երկուսը՝ Մեծ Հայքում։ 395 թվականին այս վարչական միավորները նույն կերպ ժառանգվեցին Բյուզանդական կայսրությանը։

4-րդ դարում հռոմեական մատյաններում նշվել են մի քանի խոշոր քաղաքների անուններ, որոնք դարձել են եպիսկոպոսանիստ։ Դրանք էին[30]՝
- Բերիսսա, Կոլոնիա (կաթոլիկ), Նիկոպոլիս, Պեդակտոն (կաթոլիկ), Սատաղ, Սեբաստիա, Սեբաստուպոլիս (Առաջին Հայք)
- Արաբիսուս, Արկա, Արիարաթիա, Կոմանա, Կուկուսուս, Մալաթիա (Երկրորդ Հայք)
- Երզնկա, Կամախ, Սիտարիզում, Թեոդոսուպոլիս կամ Կարին (Երրորդ Հայք՝ Մեծ Հայքի տարածքում)
7-րդ դարում Մեծ Հայքն ընկել է Արաբական խալիֆայության ազդեցության տակ, ապա և գրավվել։ Փոքր Հայքը մնացել է Բյուզանդիայի կազմում՝ որպես «Արմենիակոն» թեմ։ Արաբական հալածանքներից փախչելով՝ Համամ և Շապուհ Ամատունի իշխանները 789-790 թվականներին, Վասպուրականի Արտազ գավառից, և մասամբ Այրարատից, 12 հազար գաղթականներով տեղափոխվել և բնակություն են հաստատել բյուզանդական Խաղտիք (Խալդիա) բանակաթեմում։ Համամ իշխանը հիմնել է Համամշեն (Համշեն) ավանը, որի անունով կոչվել է կիսանկախ իշխանությունը։ Ավելի ուշ շրջանում բյուզանդացիները մաս-մաս նվաճել են Բագրատունիների թագավորությունը և Փոքր Հայք վերաբնակեցրել հազարավոր հայերի։ Առավել հիշարժան են Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմ Արծրունու և իր հպատակների տեղափոխումը Սեբաստիա, Վանանդի վերջին թագավոր Գագիկ Բագրատունու տեղափոխումը Կեսարիա, և այլն։
Թուրքական տիրապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]11-րդ դարի 2-րդ կեսից Փոքր Հայքը զավթել են սելջուկ-թյուրքական նվաճողները, 15-րդ դարի առաջին կեսից՝ Օսմանյան կայսրությունը։ 19-րդ դարից սկսած Փոքր Հայքի բնակիչները հորջորջվել են «արևմտահայեր». դա հատկապես ցայտուն է դարձել ռուս-պարսկական պատերազմներից հետո, երբ Արևելյան Հայաստանը միացվել է Ռուսական կայսրությանը[31]։
20-րդ դարի սկզբին Փոքր Հայքում (Սեբաստիայի և Տրապիզոնի վիլայեթներ) հայերի թիվն ավելի քան 350 հազար էր[32], հույների և հունախոս բնակիչների թիվը՝ 400 հազար[33][34]։ 1915 թվականին՝ Մեծ Եղեռնի ժամանակ, Փոքր Հայքը հիմնականում հայաթափվել է։
Գահացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միհրավիշտ (Միհրովիշտ) - մ.թ.ա. 331-322 (?) թվականներ[35][36][37]
- Արիակես (Արիոքա) I - մ.թ.ա. IV դարի վերջին տասնամյակներ (հնարավոր է՝ մ.թ.ա. 321-ից կամ 301-ից հետո)
- Օրոմանես (Օրոմանա, Արամանյակ) - մ.թ.ա. IV դարի վերջ / կամ III դարի առաջին տասնամյակներ
- Արիակես (Արիոքա) II - մ.թ.ա. III դարի կեսեր
- Միհրդատ - մ.թ.ա. 180-170-ական թվականներ
- Սիսիս - (?) թվականներ
- Անտիպատրոս - մ.թ.ա. (?)-112 թվականներ
- Միհրդատ VI Եվպատոր (Արտաշես) - մ.թ.ա. 112-71 և 68-66 թվականներ
- Բրոգիտարոս Գալաթացի - մ.թ.ա. 64-52 թվականներ
- Դեյոտարոս Գալաթացի - մ.թ.ա. 52-47 թվականներ
- Արիոբարզանես Կապադովկիացի - մ.թ.ա. 47-44 թվականներ
- Դեյոտարոս Գալաթացի - մ.թ.ա. 44-42 թվականներ (երկրորդ անգամ)
- Պոլեմոն Պոնտացի - մ.թ.ա. 34-30 թվականներ[38][39][40][41][42][43][44]
- Արտավազդ Ատրոպատենացի - մ.թ.ա. 30-20 թվականներ
- Արխելաոս Կապադովկիացի - մ.թ.ա. 20 - մ.թ. 17 թվականներ
- Կոտիս Թրակիացի - 38-54 (?) թվականներ[45]
- Արիստոբուլոս Քաղկիդիկացի - 54-72 թվականներ
Բնակչություն, մշակույթ և պատմական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր Հայքի բնակչության հիմնական բնույթը պատմագիտության մեջ ընդունված է համարել հայկական, թեև սահմանային լինելու պատճառով այն մշտապես շփվել է հարակից անատոլիական, պոնտական, հելլենական և հռոմեական միջավայրերի հետ։ Հունական քաղաքային մշակույթը, հռոմեական վարչակարգը և հայկական տեղական ավանդույթները այստեղ գոյակցել են երկար ժամանակ։ Այդ պատճառով Փոքր Հայքի քաղաքներում և ճանապարհային կենտրոններում ձևավորվել է բազմալեզու և բազմամշակութային միջավայր։
Փոքր Հայքի նշանակությունը հայոց պատմության մեջ հաճախ թերագնահատվել է։ Դրա պատճառներից մեկն այն է, որ այն վաղ շրջանում առանձնացել է Մեծ Հայքից և ավելի ուժեղ կերպով ներգրավվել Փոքր Ասիայի ու Հռոմեական կայսրության քաղաքական համակարգերի մեջ։ Սակայն այդ հանգամանքը չի նշանակում, թե այն դուրս է մնացել հայկական պատմական իրականությունից։ Ընդհակառակը, Փոքր Հայքի գոյությունը ցույց է տալիս, որ հայկական պատմական և մշակութային տարածքը Մեծ Հայքով չէր սահմանափակվում։
Երկրամասը երկար ժամանակ եղել է սահմանային հայկական աշխարհ, որտեղ հայ բնակչությունը, տեղական իշխանական ավանդույթները և հայկական անվանումը պահպանվել են նույնիսկ այն ժամանակ, երբ տարածքը քաղաքականորեն ենթարկվել է Պոնտոսին, Կապադովկիային, Հռոմին կամ Բյուզանդիային։ Այս տեսանկյունից Փոքր Հայքը կարևոր է ոչ միայն որպես աշխարհագրական միավոր, այլև որպես հայերի արևմտյան տարածական ներկայության և պատմական հիշողության մաս։
Քրիստոնեության տարածումից հետո Փոքր Հայքը դարձավ նաև եկեղեցական և մշակութային կարևոր շրջան։ Բյուզանդական դարաշրջանում այստեղի հայկական բնակչությունը մեծ դեր ունեցավ տեղական եկեղեցական կյանքի, վանականության և ռազմական ազնվականության ձևավորման մեջ։ Սեբաստիան, Մալաթիան, Կեսարիան և հարակից քաղաքները միջնադարում դարձան հայկական հոգևոր ու մշակութային կարևոր կենտրոններ։
Տարբերակումը Կիլիկյան Հայաստանից
[խմբագրել | խմբագրել կոդը]«Փոքր Հայք» անվանումը երբեմն շփոթվում է Կիլիկյան Հայաստանի հետ, քանի որ եվրոպական որոշ աղբյուրներում «Little Armenia» անվանումը կիրառվել է նաև Կիլիկիայի հայկական պետության համար։ Սակայն հին շրջանի Փոքր Հայքը կամ Armenia Minor-ը և միջնադարյան Կիլիկյան Հայաստանը տարբեր աշխարհագրական ու ժամանակագրական իրողություններ են։
Փոքր Հայքը գտնվում էր Եփրատից արևմուտք՝ Կապադովկիայի, Պոնտոսի և Մեծ Հայքի միջև, իսկ Կիլիկյան Հայաստանը ձևավորվեց շատ ավելի ուշ՝ 11-12-րդ դարերում, Միջերկրական ծովի հյուսիսարևելյան ափամերձ Կիլիկիայում։ Այդ պատճառով հին շրջանի մասին խոսելիս ճիշտ է կիրառել «Փոքր Հայք», «Armenia Minor» կամ «Lesser Armenia» ձևերը, իսկ Կիլիկիայի հայկական պետության դեպքում՝ «Կիլիկյան Հայաստան» կամ «Կիլիկիայի հայկական թագավորություն»։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Երբ Կրատերը և Անտիպատրոսը հույներին հաղթելուց հետո անցել էին Ասիա, որպեսզի զրկեն Պերդիկկասին իշխանությունից, և երբ արդեն լուր էր ստացվել, որ նրանք մտադիր են ներխուժել Կապադովկիա, Պերդիկկասը, որը ինքը պատերազմ էր սկսել Պտղոմայոսի դեմ, Եվմենեսին նշանակեց Արմենիայում և Կապադովկիայում գտնվող զորքերի բարձրագույն հրամանատար։ Այդ մասին նա նամակներ գրեց Ալկետասին և Նեոպտոլեմոսին և հրամայեց, որ նրանք ենթարկվեն Եվմենեսին, որին իրավունք էր տրված գործերը վարել իր հայեցողությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 ՛՛Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանի՛՛,հատոր 5, ՛՛Տ-Ֆ՛՛, Երևան, 2001 թվական, էջ 277
- ↑ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Երվանդունիների (Հայկազյան) թագավորությունը(չաշխատող հղում)
- ↑ Армен Петросян. Арменоведческие исследования (Ереван 2014) . — стр. 108.
- ↑ "Kingdom of Greater Armenia". Oxford University Press. Retrieved 20 November 2013.
- ↑ Հ. Գ. Ժամկոչյան, Ա. Գ. Աբրահամյան, Ս. Տ. Մելիք-Բախշյան, Ս. Պ. Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն. սկզբից մինչև XVIII դարի վերջ», էջ 106
- ↑ "Landmarks in Armenian history". Internet Archive. Retrieved June 22, 2010. "1080 A.D. Rhupen, cousin of the Bagratonian kings, sets up on Mount Taurus (overlooking the Mediterranean Sea) the kingdom of New Armenia which lasts 300 years."
- ↑ Армения Малая // Ангола — Барзас. — М. : Советская энциклопедия, 1970. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 2).
- ↑ Լեո, Երկերի ժողովածու, առաջին հատոր, էջ 167
- ↑ Սարգիս Պետրոսյան, Հին Թրակյան էթնիկ տարրը հնագույն Վանանդում
- ↑ Հ. Գ. Ժամկոչյան, Ա. Գ. Աբրահամյան, Ս. Տ. Մելիք-Բախշյան, Ս. Պ. Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն. սկզբից մինչև XVIII դարի վերջ», էջ 100-101
- ↑ Աշոտ Մելքոնյան, Հայոց պատմություն, էջ 17 Արխիվացված 2019-02-15 Wayback Machine
- ↑ Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն, Փոքր Հայք
- ↑ Հ. Գ. Ժամկոչյան, Ա. Գ. Աբրահամյան, Ս. Տ. Մելիք-Բախշյան, Ս. Պ. Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն. սկզբից մինչև XVIII դարի վերջ», էջ 107
- ↑ Claude Mutafian et Éric Van Lauwe, Atlas historique de l'Arménie, Autrement, coll. « Atlas / Mémoires », 2005 (ISBN 978-2746701007), p. 24.
- ↑ Կուրտիոս Ռուփոս, Քվինտոս (1987 թվական). Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը. էջեր 350–351.
- ↑ Ալեքսանդրի արշավանքը. էջեր 97, 101.
{{cite book}}:|first=missing|last=(օգնություն) - ↑ Դիոդորոս Սիկիլիացի (1985). Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին. Երևան. էջ 98.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Ն. Ադոնց (2009). Երկեր, հ. Դ,. Երևան. էջեր 435–436.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Հ. Մանանդյան (1977). Երկեր, հ. Ա. Երևան. էջեր 96–100.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Պատմություն. – Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա. էջեր 277–278.
{{cite book}}:|first=missing|last=(օգնություն) - ↑ M. Schottky (2004). Herrscherchronologien der antiken Welt: Namen, Daten, Dynastien (գերմաներեն). Stuttgart-Weimar. էջ 95.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Ch. Marek (2010). Geschichte Klaeinasien in der Antike. էջ 815.
- ↑ Павел Орозий (2002). История против язычников VI. էջ 10.
- ↑ Ռ. Վարդանյան (2018). Դրամաթողարկումը Հայաստանում հելլենիստական և հռոմեական ժամանակաշրջաններում. Երևան. էջ 35.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ М. Максимова (1956). Античные города юго-восточного Причерноморья (published 226).
- ↑ Е. А. Молев (1977). Митридат Евпатор. Создание Черноморской державы (published 51-53).
- ↑ Ռ. Մանասերյան (1987). Տիգրան Մեծ. Հայաստանի պայքարը Հռոմի և Պարթևստանի դեմ. Երևան. էջեր 189–198.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Gérard Dédéyan (dir.), Histoire du peuple arménien, Toulouse, Éd. Privat, 2007 (1re éd. 1982), 991 p. [détail de l’édition] (ISBN 978-2-7089-6874-5), p. 133
- ↑ Peter Edmund Laurent (1830). An Introduction to the Study of Ancient Geography. With copious indexes. Oxford: Henry Slatter. p. 234.
- ↑ Annuario Pontificio 2013 (Libreria Editrice Vaticana 2013 ISBN 978-88-209-9070-1), "Sedi titolari", pp. 819-1013
- ↑ Timothy C. Dowling Russia at War: From the Mongol Conquest to Afghanistan, Chechnya, and Beyond pp 729 ABC-CLIO, 2 dec. 2014 ISBN 1598849484
- ↑ James Bryce Bryce (Viscount), Arnold Toynbee, The Treatment of Armenians in the Ottoman Empire, 1915-1916:
- ↑ Alexandris, Alexis (1999). "The Greek census of Anatolia and Thrace (1910–1912): a contribution to Ottoman Historical Demography". In Gondicas, Dimitri; Issawi, Charles (eds.). Ottoman Greeks in the age of nationalism: Politics, Economy and Society in the Nineteenth Century. Princeton, N.J.: Darwin. pp. 45–76.
- ↑ Alexandris 1999, էջեր. 71–2 states that the 1918 Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, composed by Greek archaeologist Georgios Soteriades, was an instance of the usual practice of inflating the numbers of ethnic groups living in disputed territories in the Paris Peace conference.
- ↑ Արիանոս «Ալեքսանդրի արշավանքը», գիրք 3, գլուխ 16
- ↑ Կուրցիոս Ռուֆոս «Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը» գիրք 5, գլուխ 44, գիրք 6, գլուխ 3
- ↑ Դիոդորոս Սիկիլիացի «Պատմական գրադարան», գիրք 18, գլուխ 64
- ↑ Հովսեփ Ֆլավիոս «Հրեական հնախոսություն», գիրք 15, գլուխ 3
- ↑ Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 18
- ↑ Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 6, գլուխ 19
- ↑ Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 6, գլուխ 19
- ↑ Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 3, գլուխ 32
- ↑ Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 7, գլուխ 6
- ↑ Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 48
- ↑ Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 11, գլուխ 8, 9
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Richard G. Hovannisian (dir.), Armenian Sebastia/Sivas and Lesser Armenia, Mazda Publishers, Costa Mesa, 2004 (ISBN 9781568591520)
- Claude Mutafian et Éric Van Lauwe, Atlas historique de l'Arménie, Autrement, coll. « Atlas / Mémoires », 2005 (ISBN 978-2746701007)
- Cyrille Toumanoff, Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle : Tables généalogiques et chronologiques, Rome, 1990
- Mack Chahin, The Kingdom of Armenia: A History, Routledge, London, 2001. (ISBN 0-7007-1452-9)
- Robert H. Hewsen, Armenia: A Historical Atlas, University Of Chicago Press, 2000. (ISBN 0-226-33228-4)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր Հայք» հոդվածին։ |
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 635)։ |