Մարաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարաստան (այլ կիրառումներ)
Մարաստան
Mādai
Մ.թ.ա. մոտ 678 - Մ.թ.ա. 550 Աքեմենյաններ 
Քարտեզ

Median empire map.png
(Մարաստանն իր հզորության գագաթնակետին)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Եկբատան
Լեզու մարերեն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Մարական հարստություն
Պետության գլուխ Թագավոր
Պատմություն

Մարաստան, Մեդիա (հին պարսկ.՝ 𐎠𐎼𐏁𐎣, Māda, հուն․՝ Μηδία), հնագույն պետություն Իրանական բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում։ Այն ստեղծել են մարերը՝ իրանական մի ժողովուրդ, որի լեզուն էր մարերենը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին պարսկական աղբյուրներում Մարաստանը կոչվում է Մադա (հին պարսկ.՝ 𐎠𐎼𐏁𐎣, Māda), իսկ ասորեստանյան և բաբելոնյան աղբյուրներում՝ Մադայա (Mādāya)։ Հին հույները Մարաստանը կոչում էին Մեդիա (հուն․՝ Μηδία)։ Անվանումը հստակորեն ստուգաբանված չէ։ Ոմանք այն կապում են հնդեվրոպական «med(h)-» արմատի հետ (որից հայերեն «մեջ», լատիներեն «medius» և այլն)՝ «մեջտեղ, մեջտեղում տեղակայված, կենտրոնական» իմաստով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարական ցեղերը հաստատվել են հետագայի Մարաստանի տարածքում մ․թ․ա․ երկրորդ հազարամյակի վերջերին։ Մինչ այդ այստեղ գոյություն են ունեցել տարբեր պետական կազմավորումներ և ցեղեր։ Մարաստանն առաջին անգամ հիշատակվում է մ․թ․ա․ 10-րդ դարի երկրորդ կեսի ասորեստանյան արձանագրություններում։ Մ․թ․ա․ մոտ 9-րդ դարում սկզբնավորվել են մարերի և Հայկական լեռնաշխարհի ցեղերի փոխհարաբերությունները՝ Ուրմիո լճի արևելյան և հարավարևելյան շրջանում։ Ասորեստանի (որը զավթել էր Մարաստանի հողերի մի մասը) դեմ պայքարը և Ուրարտուի հետ շփումը որոշակի ազդեցություն են ունեցել մարերի ցեղային միությունների և առաջին պետական կազմավորումների առաջացման վրա։

Մար (ձախ) և պարսիկ (աջ) զինվորներ։ Մ․թ․ա․ 5-րդ դարի աքեմենյան հարթաքանդակ Պերսեպոլիսում։

Ըստ Հերոդոտոսի՝ Մարաստանի թագավորությունը և նրա մայրաքաղաք Եկբատանը (ժամանակակից Համադան քաղաքի տեղում) հիմնել է Դեովկես (Դեյոկես) թագավորը (մ․թ․ա․ մոտ 727–675, այլ տվյալներով՝ 709–656 թթ․)։ Ի․ Դյակոնովի կարծիքով՝ Հերոդոտոսը սխալմամբ վերագրում է Դեովկեսին մարական մի քանի առաջնորդների գործունեությունը։ Ըստ ասորեստանյան աղբյուրների՝ Մարաստանի թագավորությունը ստեղծվել է մ․թ․ա․ 8-րդ դարի յոթանասունական թվականներին։ Մարաստանն իր հզորության գագաթնակետին է հասել Կիաքսար (Կվաքսարես, Ուվախշատրա) թագավորի օրոք (մ․թ․ա․ մոտ 625–585): Մ․թ․ա․ 612-ին մարերը գրավել են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Ըստ Մովսես Խորենացու՝ Նինվեի գրավման ժամանակ Կիաքսարին օգնել է Պարույր Սկայորդին, որին Կիաքսարը ճանաչել է Հայոց թագավոր։ Մարաստանն ընդհարվել է նաև Լիդիայի հետ։ Մարերին է վերագրվում Ուրարտուի վերացումը մ․թ․ա․ 7-րդ դարի վերջերին։ Ուրարտուի անկումից հետո, Հայկական լեռնաշխարհում կազմավորված Երվանդունիների թագավորությունը ընդունել է Մարաստանի գերիշխանությունը։ Հայոց թագավորների կառավարմանն են հանձնվել Փոքր Ասիայի այսրհալիսյան մարական տիրույթները։ Կիաքսարի արշավանքների հետևանքով Մարաստանի սահմաններն արևմուտքում հասել են մինչև Հալիս գետը, արևելքում՝ Միջին Ասիա (հավանաբար, նաև այժմյան Աֆղանստանի տարածքը)։

Կիաքսարին հաջորդած որդին՝ Աստիագեսը (ում Խորենացին կոչում է Աժդահակ, մ․թ․ա․ մոտ 585–550), փորձել է թուլացնել մարական ավագանու ազդեցությունը, որով բարդացել է Մարաստանի ներքին քաղաքական իրավիճակը։ Քսենոփոնի «Կյուրոպեդիա»-ի տվյալներով Աստիագեսի ժամանակ Հայաստանը Մարաստանին վճարել է տարեկան 50 տաղանդ, տրամադրել 20 հազարանոց հետևազոր և 4 հազարանոց հեծելազոր։ Օգտվելով Մարաստանի և Բաբելոնի միջև ծագած պատերազմից (մ․թ․ա․ 6-րդ դարի առաջին կես)՝ Հայոց թագավոր Երվանդ Ա Սակավակյացը ապստամբել է Աստիագեսի դեմ, դադարել տուրք վճարելուց և զորք տրամադրելուց։ Սակայն մարերին հաջողվել է վերականգնել իրենց գերիշխանությունը։ Մարերից ազատագրվելու նոր փորձ է կատարել Տիգրան Երվանդյանը՝ Երվանդ Ա Սակավակյացի որդին։ Նա դաշնակցել է Աստիագեսի դեմ ապստամբած Պարսք (Պերսիս, Պարսուա) և Անշան երկրների թագավոր Կյուրոս Բ Մեծին։ Այս իրադարձություններն արտացոլվել են Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ պահպանված (գիրք Ա, գլ. ԻԴ–Լ) ավանդազրույցում («Տիգրան և Աժդահակ»)։ Կյուրոս Բ Մեծը, տապալելով Աստիագեսին, գրավել է Մարաստանը և հիմնել Աքեմենյան պետությունը, որի գերիշխանության տակ, ի թիվս այլ երկրների, ընկել են Մարաստանը և Հայաստանը։ Ըստ երևույթին, Կյուրոսը չի վերացրել, այլ յուրացրել է Մարաստանի պետական ապարատը։ Մարաստանը և մարական ազնվականությունն արտոնյալ կարգավիճակ էր վայելում Կյուրոսի և, զգալի չափով, նաև նրա ժառանգների օրոք։ Հույները, հրեաները և եգիպտացիները պարսիկներին հաճախ չէին տարբերակում մարերին և պարսիկներին, վերջիններիս կոչելով «մարեր»։ Դարեհ Ա-ի ժամանակ (մ․թ․ա․ 522–486) բռնկել է մարերի, հայերի և այլ ցեղերի ու ժողովուրդների միաժամանակյա ապստամբություն։ Ապստամբության ճնշումից հեաո, Դարեհը Մարաստանը և Հայաստանը թուլացնելու նպատակով նրանց տարածքների մի մասում ստեղծել է 18-րդ սատրապությունը։

Մ.թ.ա. 4-րդ դարի վերջին քառորդին նախկին Մարաստանի հյուսիսարևմտյան մասում մարերը ստեղծել են նոր պետություն՝ Ատրպատականը, որը հետագայում կոչվել է Փոքր Մարաստան կամ Մեդիա Ատրոպատենե։ Հայ-մարական առնչություններն այնուհետև կապվում են Հայաստանի ու Ատրպատականի փոխհարաբերությունների հետ։

Հասարակություն և տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ քիչ է հայտնի Մարաստանի հասարակարգի մասին։ Հերոդոտոսը հիշատակում է մարական վեց ցեղեր, որոնց մասին, սակայն, գրեթե ոչ մի տեղեկություն չի պահպանվել։ Մարերը զբաղվել են հողագործությամբ, անասնապահությամբ (առանձնապես՝ ձիաբուծությամբ) և արհեստներով։ Ենթադրվում է, որ զավթումների ժամանակ մեծ քանակությամբ ռազմագերիների ձեռքբերումը, հին քաղաքակրթությունների հետ շփումը նպաստել են Մարաստանում ստրուկների աշխատանքի լայն կիրառմանը։ Հենվելով գլխավորապես լեզվաբանական ապացույցներին, որոշ գիտնականներ համարում են, որ Մարաստանն ունեցել է զարգացած բյուրոկրատական համակարգ, որը հետագայում յուրացրել է Աքեմենյան կայսրությունը։ Ոմանք էլ կասկածի տակ են դնում Մարական կայսրության գոյությունն իսկ, դա համարելով անկայուն մի պետական կազմավորում։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկություններ մարերի կրոնի վերաբերյալ խիստ սակավ են։ Ըստ Հերոդոտոսի՝ մարական ցեղերից մեկն է եղել մոգերը (հուն․՝ μάγοι), որոնք իբրև քրմեր ծառայում են ինչպես մարերին, այնպես էլ պարսիկներին։ Աստիագեսի արքունիքում մոգերը կատարում էին խորհրդականի և գուշակի դերեր։ Ի․ Դյակոնովի կարծիքով՝ Աստիագեսը և գուցե նաև Կիաքսարն ընդունել էին Զրադաշտի ուսմունքից ծագած մի կրոն։ Գիտնականների մեծ մասը, սակայն, համաձայն չէ այս տեսակետի հետ և համարում է, որ զրադաշտականությունը սկսել է տարածվել արևմտյան Իրանում միայն մ․թ․ա․ 6-րդ դարի առաջին կեսին։

Մարաստանի արքաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հերոդոտոսի՝ Մարաստանն ունեցել է չորս թագավոր մեկ հարստությունից (Մարական հարստություն)։ Այս հարստությունն իշխել է 150 տարի՝ մինչև Մարաստանի գրավումը Կյուրոս Բ-ի կողմից մ․թ․ա․ 550 թվականին։ Թագավորների անունները և գահակալության տարիները հետևյալն են․

  • Դեովկես (Դեյոկես, Դայուկկու) մ.թ.ա. 700/670–640
  • Փռավորտիս (Ֆրավարտիշ) մ.թ.ա. 640–625
  • Կիաքսար (Կվաքսարես, Ուվախշատրա) մ.թ.ա. 625–585
  • Աստիագես (Ռշտիվայգա, ըստ Մ. Խորենացու՝ Աժդահակ) մ.թ.ա. 585–550

Ըստ Կտեսիաս Կնիդացու տեղեկությունների, որոնք հայտնի են Մարաստանի թագավորների մասին Դիոդորոսի «Պատմական գրադարանի» վերապատմությունից /Մ. Խորենացի <<Պատմություն Հայոց>> Եր.-1981թ, էջ 82-83/.

  • Վարբակես – Арбак /это имя отождествляют с именем Гарпаг у Геродота/ (ռուս. լեզվով)
  • Մոդակիս – Маудак (ռուս. լեզվով)
  • Սոսարմոս – Сосарм (ռուս. լեզվով)
  • Առտիկաս – Артик (ռուս. լեզվով)
  • Դեովկիս – Арбиан (ռուս. լեզվով)
  • Փռավորտիս – Артей (ռուս. լեզվով)
  • Կվաքսարես – Астибарас (ռուս. լեզվով)
  • Աժդահակ – Аспанд (ռուս. լեզվով)

Մ. Խորենացու ներկայացրած՝ «Մարաց թագավորների» ցանկի վերջին չորս թագավորների անվանումները նկատելի տարբերվում են Կտեսիաս Կնիդացու ցանկի անվանումներից, հավանաբար պատճառն այն է, որ Խորենացին ավելի կիրառական է համարել Հերոդոտոսի մոտ նշված այդ թագավորների անվանումները։

Քրդերի հետ ենթադրյալ կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից քրդերի մոտ տարածված է այն կարծիքը, համաձայն որի հին մարերը քրդերի նախնիներն են, որը հիմնավորվում է նրանց լեզվական առանձնահատկություններով։ Հին քրդերեն լեզուն (ինքնանվանումը՝ zuwān-e kurdānī, բառացի՝ «քրդերի լեզու») միջին իրանական լեզու է, որը զարգացել է մոտավորապես մ.թ. 2-րդ դարում՝ հին իրանական լեզվի՝ մարերենի բարբառներից։ Համարվում է քրդերեն լեզվի զարգացման երկրորդ պատմական փուլը՝ մարերեն լեզվից հետո (մ.թ.ա. IX դ. - մ.թ. I դար)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dandamayev M., Medvedskaya I. (2006)։ «MEDIA»։ Encyclopædia Iranica 
  • Tavernier Jan (2007)։ Iranica in the Achaemenid Period (ca. 550-330 B.C.): Linguistic Study of Old Iranian Proper Names and Loanwords, Attested in Non-Iranian Texts։ Peeters Publishers։ էջ 27։ ISBN 978-90-429-1833-7 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 298 CC BY-SA icon 80x15.png