Վեսպասիանոս
Վեսպասիանոս | |
---|---|
![]() | |
Զինվորական կոչում | լեգատ |
Ծնվել է՝ | նոյեմբերի 17, 9[1] |
Ծննդավայր | Falacrine, Հռոմեական Իտալիա |
Մահացել է՝ | հունիսի 23, 79 (69 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Aquae Cutiliae, Կաստել Սան Անջելո, Ռիետի, Լացիո, Իտալիայի թագավորություն |
Երկիր | Հին Հռոմ |
Տոհմ | Փլավիոսներ և Flavii Sabini? |
Հայր | Փլավիոս Վեսպասիանոս Տիտոս |
Մայր | Vespasia Polla? |
Երեխաներ | Տիտոս[2][3], Դոմիցիանոս[4] և Domitilla the Younger? |
Հավատք | հին հռոմեական կրոն |
Վեսպասիանոս[5] (լատիներեն՝ Titus Flavius Vespasianus, նոյեմբերի 17, 9[1], Falacrine, Հռոմեական Իտալիա - հունիսի 23, 79, Aquae Cutiliae, Կաստել Սան Անջելո, Ռիետի, Լացիո, Իտալիայի թագավորություն), հռոմեական կայսր 69 թվականի հուլիսի 1-ից[6] մինչև մահը։ Ծննդյան անունը Տիտոս Փլավիոս Վեսպասիանոս էր, որպես կայսր նա օգտագործում էր Կեսար Վեսպասիանոս Օգոստոս անունը։ Պատմությունից հայտնի է Վեսպասիանոս անունով։
Փլավիոսների դինաստիայի հիմնադիրը։ Ծագում էր հեծյալների դասից։ Կլավդիոս և Ներոն կայսրերի ժամանակ զբաղեցրել է քաղաքացիական և զինվորական բարձր պաշտոններ։ Մինչև 69 թվականը ղեկավարել է Հրեաստանում բռնկած հակահռոմական շարժման ճնշումըː Նա հաղթեց քաղաքացիական պատերազմում և 68-69 թվականների գահակալական պայքարի ժամանակ Չորս կայսրերի տարում կայսր է հռչակվել արևելյան լեգեոնների կողմից` դառնալով Փլավիոսների դինաստիայի առաջին Հռոմեական կայսրը։
Ծերակույտի և հեծյալների դասի մեջ ներգրավել է պրովինցիալ ավագանու բազմաթիվ ներկայացուցիչների, պրովինցիաների վրա լայնորեն տարածել հռոմեական և լատինական քաղաքացիության իրավունքը՝ ընդլայնելով կայսրության սոցիալական հենարանը։ Մտցրել է նոր հարկեր, կրճատել բանակը, վարել է պետական միջոցների տնտեսման քաղաքականություն, ստեղծել կայսերական և պետական հողերի ընդարձակ ֆոնդ։ Արևելքում ամրացրել է կայսրության սահմանը Հայաստանի և Պարթևաստանի հետ։ 72 թվականին Կոմմագենեն և Փոքր Հայքը կցել է կայսրությանը։
Երիտասարդ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Րեատե քաղաքի մոտակայքում, իտալիական միջին խավի ընտանիքում։ Պապը՝ Տիտոս Ֆլավիոս Պետրոնը ծառայել է Պոմպեոսի մոտ, հայրը՝ Տիտոս Ֆլավիոս Սաբինոսը (առաջին) Ասիայում եղել է հարկահավաք։ Մորական պապն ու քեռին եղել են պրետորներ։ Սկզբում եղել է Թրակիայում ռազմական տրիբուն, այնուհետև Հյուսիսայի Աֆրիկային Կիրենաիկե պրովինցիայում՝ կվեստորի և պրետորի պաշտոնում։ Կալիգուլայի իշխանության տարիներին Հռոմում զբաղեցրել է պրետորի պաշտոն՝ 39 թ. ղեկավարել է այդ ժամանակ բացահայտված դավադրության կազմակերպիչներ Գետուլիկայի և Լեպիդայի հաշվեհարդարը։
Իշխանության ճանապարհին
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլավդիոս և Ներոն կայսերի ժամանակ զբաղեցրել է քաղաքացիական և զինվորական բարձր պաշտոններ։ Մինչև 69 թվականը ղեկավարել է Հրեաստանում բռնկված հակահռոմեական շարժման ճնշումը։ Ներոնի մահից հետո կայսր է ընտրվում Սերվիոս Սուլպիկիոս Գալբան, ում օրոք սկսվել է քաղաքացիական պատերազմ։ Հռոմի կայսր է դարձել Մարկիոս Սալվիոս Օթոնը, իսկ նրա մահից հետո՝ Ավլոս Վիտելիոսը։
69 թվականին Վեսպասիանոսը Ալեքսանդրիայում հռչակվել է Հռոմի կայսր։ Նրա կողմից էին Ասորիքի, Հրեաստանի և արևելյան մի քանի այլ պրովինցիաներում գտնվող լեգեոնները։ Անտոնիոս Պրիմոսի գլխավորությամբ նրանք շարժվել են դեպի Հռոմ, գրավել են այն և սպանել կայսր Վիտելիոսին (կայսր 69 թվականի ապրիլի 17-ից մինչև դեկտեմբերի 20-ը)։ 70 թվականի ամռանը Վեսպասիանոսը ժամանել է Հռոմ։
Կառավարման տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեսպասիանոսի կառավարման տարիներին հաջողությամբ ընդարձակվում էին Բրիտանիայում գտնվող տարածքները, ճնշվեցին Բոուդիկիի գլխավորությամբ տեղացիների բարձրացրած ապստամբությունները։ Հռոմի պրովինցիաների կազմի մեջ մտցվեցին Հռոդոսը, Լիկիան, Բյուզանդիոնը, Սամոսը, ինչպես նաև Կիլիկիա թագավորությունը և հայկական Կոմմագենե երկրամասը։ Վեսպասիանոսն աչքի էր ընկնում հասարակ քաղաքացի եղած ժամանակներից մնացած շքեղությունների հանդեպ իր արհամարհական վերաբերմունքով։ Իր ամբողջ ջանքերը նա ուղղում էր բանակում կարգապահությունը վերականգնելու, խաղաղություն պահպանելու և պետության ֆինանսական գործերը կարգավորելու վրա։
Գանձարանը լցնելու համար Վեսպասիանոսն ավելացրեց հարկերը, մտցրեց նորերը, այդ թվում նաև՝ հասարակական զուգարաններից (լատիներեն՝ latrina) գանձվող։ Վերջինս դարձել էր ծաղրի առարկա, ինչին, որպես պատասխան, կայսրն արտասանել է իր թևավոր դարձած խոսքը` «Փողը հոտ չունի»։

Միևնույն ժամանակ Վեսպասիանոսը մեծ գումարներ էր ծախսում հասարակական կառույցների վրա. նա վերակառուցեց Կապիտոլիումի տաճարը, որը հրդեհվել էր 69 թվականին Վիտելիոսի դեմ կռվելու ժամանակ, Ֆորումում կառուցեց խաղաղության տաճարը, որն իր չափերով հավասար էր հին աշխարհի ամենամեծ շենքերին և որը Պլինիոս Ավագը դասեց աշխարհի հրաշալիքների շարքին։ Նրա օրոք սկսվեց 80 հազար հանդիսատեսի համար նախատեսված Amphitheatrum Flavium հսկայական ամֆիթատրոնի շինարարությունը (որն ավարտին հասցվեց արդեն Տիտոսի կառավարման տարիներին)։ Կոլիզեում անունն ստացած ամֆիթատրոնն այսօր նույնպես զարդարում է Հռոմը։
Կայսրը նաև մեծ ուշադրություն էր հատկացնում ներքին կարգուկանոնն ամրապնդելու վրա, երբեմն ցուցաբերելով դաժանություն։ Հունաստանի քաղաքներին զրկեց Ներոնից նրանց ստացած արտոնությունները։ Հռոմից արտաքսեց փիլիսոփաներին և աստղաբաշխներին։ Հակառակ դրան, իր իշխանության տարիներին արևմտյան պրովինցիաների շատ քաղաքներ ստացան լատինական քաղաքացիության իրավունքներ, իսկ Գալլիայի և Իսպանիայի արևելյան մասի մի քանի քաղաք հույնիսկ ստացան Հռոմի քաղաքացիություն։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծերակույտի և հեծյալների դասի մեջ ներգրավել է պրովինցիալ ավագանու բազմաթիվ ներկայացուցիչների, պրովինցիաների վրա լայնորեն տարածել հռոմեական և լատինական քաղաքացիության իրավունքը՝ ընդլայնելով կայսրության սոցիալական հենարանը։ Մտցրել է նոր հարկեր, կրճատել բանակը, վարել է պետական միջոցների տնտեսման քաղաքականություն, ստեղծել կայսերական և պետական հողերի ընդարձակ ֆոնդ։ Արևելքում ամրացրել է կայսրության սահմանը Հայաստանի և Պարթևաստանի հետ։ 72-ին Փոքր Հայքը կցել է կայսրությանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Chilver G. E. F. Encyclopædia Britannica
- ↑ Titus, Flavius Sabinus Vespasianus // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 26.
- ↑ Д. К. Тит Флавий Веспасиан (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1901. — Т. XXXIII. — С. 259—260.
- ↑ Domitian // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 8. — P. 405.
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 57. ISBN 99941-56-03-9.
- ↑ Scott, Kenneth (1932). «On Suetonius' Life of Vespasian 12». Classical Philology. 27 (1): 83. doi:10.1086/361434. ISSN 0009-837X. JSTOR 265251. S2CID 161746778. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին. «His tribunician power was reckoned from July 1, 69, the day when he was proclaimed emperor by the army»
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեսպասիանոս» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 382)։ ![]() |