Խալդայներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խալդայներ, խալիբներ, խալյուբներ (հուն․՝ Χάλυβες, հուն․՝ Χάλυβοι), Խաղտիք երկրի բնակչության անվանումը մ. թ. ա. 1-ին հազարամյակում։ Ըստ Քսենոփոնի, սակավահող ու աղքատ խալդայները, որոնց չափահաս բոլոր այրերը կրում էին նիզակներ և ճյուղերից հյուսած վահաններ, հաճախ տրվում էին վարձկանության հարևան երկրների, գլխավորապես Պարսից և Հայոց բանակներում։ Այդ ռազմասեր լեռնականները պատեհ առիթներով խուժում էին Հայաստանի սահմանամերձ շրջանները, կողոպտում երկրագործ հայերին և արագորեն ապաստանում լեռների ծերպերին կառուցած իրենց ամրություններում։

Քսենոփոնը վկայում է, որ մ. թ. ա. VI դ. 1-ին կեսին Պարսից զորավար Կյուրոս Աքեմենյանի միջամտությամբ հայերը համաձայնել են օգտվել խալդայների լեռնային արոտավայրերից, իսկ խալդայները՝ հայերի երկրագործական արդյունքներից։ Հին հունական հեղինակները ավանդաբար խալդայներին համարում են առաջին մետաղագործները, նրանց վերագրում պողպատի գյուտը (հին հունարենում «պողպատը» կոչվել է «խալյուֆ»)։

Որոշ ուսումնասիրողներ (Լեհման-Հաուպտ, Հ. Մանանդյան և ուրիշներ) սխալմամբ կարծել են, որ խալդայները ուրարտացիների մնացորդներն էին, որոնց իբր հայերը մղեցին լեռները։ Մինչդեռ ուրարտական պետության ժամանակ խալդայները հիշվում են որպես ուրարտացիներից տարբեր ցեղախումբ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քսենոփոն, Անաբասիս, Ե., 1970։
  • Ксенофонт, Киропедия, М., 1976;
  • Страбон, География в 17 книгах, Л., 1964;
  • Шмидт Р. В., Металическое произвоство в мифе и религии Античной Греции, M., 1931;
  • Пиотровский Б. Б., Ванское царство (Урарту), M., 1959.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png