Աշոտ Աբրահամյան (պատմաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Աբրահամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Աբրահամյան
Ծնվել էհունվարի 31, 1903(1903-01-31)[1][2]
Ղուշչի, Շարուր-Դարալագյազի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 28, 1983(1983-03-28)[2] (80 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան, աղբյուրագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1] և Էջմիածին[1]
Ալմա մատերԳևորգյան Հոգևոր Ճեմարան (1917)[1] և Երևանի պետական համալսարան (1933)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1][2] (1943)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ

Աշոտ Գարեգինի Աբրահամյան (հունվարի 31, 1903(1903-01-31)[1][2], Ղուշչի, Շարուր-Դարալագյազի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 28, 1983(1983-03-28)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), հայ խորհրդային աղբյուրագետ-պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1943), պրոֆեսոր (1944), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հունվարի 31-ին, Շարուր-Դարալագյազի գավառի Ղուշչի (այժմ՝ Վայոց ձորի մարզի Կեչուտ) գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է Նախիջևանի հայկական դպրոցում, ապա՝ Գևորգյան ճեմարանում (1916-1917)։ 1920-1926 թվականներին աշխատել է Վայոց ձորի Խաչիկ գյուղում որպես հոգևոր հովիվ։ 1933 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմա-տնտեսագիտական ֆակուլտետը, 1937 թվականին՝ Մոսկվայի ԽՍՀՄ Կենտգործոմին կից ասպիրանտուրան։ Նույն թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1948 թվականին Անանիա Շիրակացուն նվիրված ուսումնասիրությունների շարքի համար նրան շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, մեկ տարի անց՝ պրոֆեսորի կոչում։

1944-1949 թվականներին եղել է Երևանի համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, իսկ 1968-1974 թվականներին ղեկավարել է հնագիտության և աղբյուրագիտության ամբիոնը։ Խմբագրել է «Էջմիածին» ամսագիրը (1944, 1949-1954)։ 1938 թվականից, փոքր ընդմիջումներով, մինչև կյանքի վերջը ԵՊՀ պատմության ֆակուլտետում վարել է հայ ժողովրդի պատմության, աղբյուրագիտության և հնագրության դասընթացներ։

1944 թվականին պետական հատուկ հանձնարարությամբ գործուղվել է Իրան, Իրաք, Լիբանան, Պաղեստին, Եգիպտոս՝ սփյուռքահայության շրջանում հանգանակություն կազմակերպելու «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունն ստեղծելու համար։ 1945-1946 թվականներին մեծ աշխատանք է տարել Մերձավոր Արևելքի երկրներում հայրենադարձությունը կազմակերպելու համար։

Նրա գրչին են պատկանում շուրջ 250 հոդված, երկու տասնյակից ավելի մենագրություններ, որոնցից հիշարժան են «Անանիա Շիրակացու մատենագրությունը» (1944), «Հովհաննես Իմաստասերի մատենագրությունը» (1956), «Հայ գրի և գրչության պատմության» (1959), «Եղիա Կարնեցու «Դիվանը» (1967), «Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության» (հ. 1-2, 1963, 1967) գործերը։ Կազմել է հայ հնագրության բուհական ամբողջական ձեռնարկը («Հայկական պալեոգրաֆիա», 1948)։

Գիտական զեկուցումներով հանդես է եկել միջազգային և միութենական գիտաժողովներում (Դելի, Պրահա, Մոսկվա, Թբիլիսի, Բաքու և այլն)։

Պարգևատրվել է մարտական և աշխատանքային գերազանցության մեդալներով և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրերով[4]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մի էջ Անդրկովկասի ժողովուրդների և հայ-ռուսական հարաբերությունների պատմությունից, Ե., 1953
  • Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հտ. 1-2, Ե., 1964-1967
  • Дешифровка надписей кавказских агван, Е., 1964

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. «Աշոտ Աբրահամյան». Վերցված է 2014 Հունվարի 27-ին.
  4. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 50-51։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրոֆեսոր Ա. Գ. Աբրահամյանի տպագիր աշխատությունների մատենագիտություն, Երևան, 1979։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 42