Jump to content

Վիկտոր Համբարձումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիկտոր Համբարձումյան
Ծնվել էսեպտեմբերի 5 (18), 1908[1][2][3]
Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3]
Մահացել էօգոստոսի 12, 1996(1996-08-12)[1][4][5][…] (87 տարեկան)
Բյուրական, Արագածոտնի մարզ, Հայաստան[6][3]
ԳերեզմանԲյուրական[3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունաստղաֆիզիկոս, քաղաքական գործիչ, աստղագետ և գիտնական
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարան[7], Կազանի դաշնային համալսարանի Ելաբուգայի մասնաճյուղ[7], Երևանի պետական համալսարան[7][2], ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան[7][2][3] և ՀՀ ԳԱԱ[8]
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա[9] և աստղագիտություն[9]
Պաշտոն(ներ)տնօրեն, նախագահ, ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր, նախագահ և նախագահ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Բեռլինի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[8], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[8], Բուլղարիայի գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[10], Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[11], Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[12], ՀՀ ԳԱԱ[13][8], Միջազգային աստղագիտական միություն և Լինչեի ազգային ակադեմիա[14]
Ալմա մատերԳերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարան (1925)[7], Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1928)[7] և Պուլկովոյի աստղադիտարան (1931)[7]
Կոչումակադեմիկոս[2]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[3] (1935)
Տիրապետում է լեզուներինհայերեն[1][9] և ռուսերեն[9][15]
Գիտական ղեկավարԱրիստարխ Բելոպոլսկի
Եղել է գիտական ղեկավարՎիկտոր Սոբոլև
Հայտնի աշակերտներՎիկտոր Սոբոլև
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[2]
Երեխա(ներ)Ռաֆայել Համբարձումյան և Ռուբեն Համբարձումյան
ՀայրՀամազասպ Համբարձումյան
Կայքambartsumian.ru
Ստորագրություն
Изображение автографа
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Viktor Hambardzumyan Վիքիպահեստում

Վիկտոր Համազասպի Համբարձումյան (սեպտեմբերի 5 (18), 1908[1][2][3], Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3] - օգոստոսի 12, 1996(1996-08-12)[1][4][5][…], Բյուրական, Արագածոտնի մարզ, Հայաստան[6][3]), հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի[23] բնագավառներին։ Սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի հեղինակ է։ Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978), Հայաստանի ազգային հերոս (1994), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է[24][25]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկտոր Համբարձումյանի հայրն ու պապը

Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թվականի սեպտեմբերի 18-ին։ Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը եղել է իրավաբան, գրականագետ։ Նկատելով երեք-չորս տարեկան որդու՝ թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, հայրն ավելի լրջորեն է զբաղվել օժտված զավակով՝ զարգացնելով նրա բնատուր բնագիտական ձիրքը[26]։ Դպրոցական տարիներին առավել ցայտուն են դրսևորվել մաթեմատիկայի և աստղագիտության նկատմամբ նրա հակումները։ Այդ տարիներին արդեն հրապարակային դասախոսություններ է սկսել կարդալ ֆիզիկայի և աստղագիտության խնդիրների վերաբերյալ։ 1924 թվականի մարտին 15-ամյա Համբարձումյանը Երևանի պետական համալսարանում անվանի պրոֆեսորների, դասախոսների ուսանողների և աշակերտների համար դասախոսություն է կարդացել Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության վերաբերյալ, որն ընդունվել է մեծ հետաքրքրությամբ[26]։ Մի քանի ամիս անց նույն դասախոսությունը կրկնել է Թիֆլիսում[26]։

1924 թվականին Վիկտորն ընդունվել է Լենինգրադի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը։ Մեկ տարի անց տեղափոխվել է Լենինգրադի պետական համալսարան։ 1926 թվականին, տակավին ուսանող, նա հրատարակել է իր առաջին գիտական հոդվածը՝ նվիրված արեգակնային ջահերին։ Ուսանողական տարիներին տպագրել է ավելի քան 15 հոդված։ Համալսարանն ավարտելուց հետո, 1928-1931 թվականներին Վ. Համբարձումյանն ուսանել է Պուլկովոյի աստղադիտարանի ասպիրանտուրայում՝ ակադեմիկոս Ա․ Բելոպորսկու ղեկավարությամբ։ 1934 թվականին Լենինգրադի համալսարանում չորս տարի աշխատելուց հետո, Համբարձումյանը հիմնադրել և ղեկավարել է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը։

1935 թվականին Համբարձումյանին շնորհվել է ֆիզմաթ գիտությունների դոկտորի աստիճան՝ առանց ատենախոսության պաշտպանության, ինչը նրա գիտական մեծ հեղինակության և համաշխարհային համբավի և վաստակի արդյունքն էր։

Հուշաքար Վիկտոր Համբարձումյանի տան մոտ

1939 թվականին ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, և նշանակվել ԵՊՀ պրոռեկտոր՝ գիտակազմակերպչական աշխատանքների գծով։ 1943 թվականին հիմնադրվել է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիան, որի փոխնախագահ է ընտրվել Վ. Համբարձումյանը։ 1947 թվականից Երևանի համալսարանի պրոֆեսոր է եղել։ 1947 թվականին ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ՝ փոխարինելով Հովսեփ Օրբելուն։ Այդ պաշտոնում վերընտրվել է մինչև 1993 թվականը։

1947 թվականին հրատարակել է իր հայտնի աշխատանքը՝ «Աստղերի էվոլյուցիան և աստղաֆիզիկան», որում ապացուցել է, որ իր հայտնագործած աստղային համակարգերը՝ աստղասփյուռները, կազմված են միանման աստղերից, և դրանով է պայմանավորված նմանատիպ աստղերի բարձր խտությունը։ Ըստ Համբարձումյանի ստացած արդյունքների` աստղասփյուռների տարիքը չէր կարող գերազանցել մի քանի տասնյակ միլիոն տարին։ Եզրակացվել է նաև, որ նույն աստղասփյուռի բոլոր աստղերն առաջացել են միասին։ Դրանով իսկ ապացուցվել է, որ մեր Գալակտիկայում աստղառաջացման պրոցեսը շարունակվում է, և ծեր աստղերի հետ միասին գոյություն ունեն նաև երիտասարդ աստղեր։ Այս աշխատանքի համար Վ. Համբարձումյանը 1950 թվականին արժանացել է պետական մրցանակի։

1948-1955 թվականներին եղել է Միջազգային աստղադիտական միության փոխնախագահ[27], 1961-1964 թվականներին՝ նախագահ[23], 1968-1972 թվականներին՝ Գիտական ընկերությունների միջազգային խորհրդի նախագահ։

1953 թվականին Վ. Համբարձումյանն ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս[28]։

1966 թվականին Բյուրականի աստղադիտարանում կազմակերպվել է Միջազգային աստղագիտական միության 29-րդ ժողովը, ինչը վկայում է Բյուրականի աստղադիտարանում իրականացվող հետազոտությունների կարևորության մասին։

Մինչև կյանքի վերջը Վ. Համբարձումյանը համոզմունքն է ունեցել, որ մեր ժամանակներում նույնպես գալակտիկաներ են ծնվում։

Վ. Համբարձումյանն աշխարհի ավելի քան 30 ազգային ակադեմիաների և միջազգային կազմակերպությունների պատվավոր անդամ էր, իսկ 1958-1961 թվականներին գլխավորել է Միջազգային աստղագիտական ընկերությունը։ Նա երկու անգամ ընտրվել է Գիտական միությունների համաշխարհային խորհրդի նախագահ (1966-1972 թվականներ)։

1993 թվականին դարձել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր նախագահ։

1994 թվականին արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման։

Վիկտոր Համբարձումյանը մահացել է 1996 թվականի օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականի աստղադիտարանի 2,6 մ աստղադիտակից ոչ հեռու՝ Համբարձումյանների ընտանեկան գերեզմանատանը։ Նրա առանձնատունն այժմ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան է դարձել, իսկ Բյուրականի աստղադիտարանը 1998 թվականից կրում է իր հիմնադրի անունը։

Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը, իրավագետ էր, թարգմանիչ, գրականագետ։ Հայտնի թարգմանություններից է Հոմերոսի «Իլիականը»։ Մայրը՝ Հռիփսիմեն, Ցխինվալիի քահանա Տեր-Սահակ Խախանյանցի դուստրն էր։ Քույրը՝ Գոհար Համբարձումյանը, մաթեմատիկոս էր, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ։ Վիկտոր Համբարձումյանի եղբայրը՝ Լևոնը, նրանից փոքր էր երկու տարով, աշխատել է Լենինգրադի աստղագիտական ինստիտուտի գրավիմետրիկ արշավախմբերում։ Մահացել է 1933 թվականին[26]։

1931 թվականի վերջին Վիկտոր Համբարձումյանն ամուսնացել է Վերա Ֆյոդորովնա Կլոչիխինայի հետ։ Չորս զավակներից երկուսը՝ Ռաֆայելը և Ռուբենը, ֆիզիկոսներ են։

Գիտական գործունեության հիմնական ուղղություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղերի թաղանթների և գազային միգամածությունների ֆիզիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին Լոնդոնի Թագավորական աստղագիտական ընկերության «Monthly Notices» հանդեսը հրապարակել է Համբարձումյանի «On the radiative equilibrium of a planetary nebula» (Մոլորակաձև միգամածության ճառագայթման հավասարակշռության մասին) հոդվածը, որն այժմ համարվում է գազային միգամածությունների ժամանակակից տեսության անկյունաքարը։ Այդ խնդրին է նվիրված Համբարձումյանի աշխատությունների մի ամբողջ շարք, որոնցում ստեղծված է աստղերի գազային թաղանթների և գազային միգամածությունների տեսության հենքը և բացատրված են դրանց սպեկտրերի մի շարք առանձնահատկություններ։ Նրա մշակած եղանակները կիրառվել են անկայուն աստղերի գազային թաղանթների հետազոտման համար։ Այդ աշխատություններից մեկում (Ն. Ա. Կոզիրևի հետ համատեղ) հաջողվել է առաջին անգամ գնահատել նոր աստղերի արտանետած գազային թաղանթների զանգվածները։ Այդ զանգվածների գնահատականը շատ էական դեր է ունեցել աստղերի զարգացման խնդիրները դիտարկելիս։ Մասնավորապես, այն հնարավորություն է ընձեռել հայտնաբերել աստղային անկայունության ամենաաննշան դրսևորումները։

Աստղային համակարգերի դինամիկա և վիճակագրական մեխանիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառելով վիճակագրական մեխանիկայի ինքնատիպ եղանակներ՝ Համբարձումյանը կարևոր արդյունքներ է ստացել։ 1936 թվականին այդ ճանապարհով լուծել է անգլիացի աստղագետ Արթուր Էդինգտոնի առաջադրած մաթեմատիկական խնդիրը՝ գտնել աստղակույտի աստղերի տարածական արագությունների բաշխումը՝ ունենալով դրանց տեսագծային արագությունների բաշխումը։ Այդ խնդրի լուծումը տպագրվել է «Monthly Notices» հանդեսում հենց Էդինգտոնի ներկայացմամբ։ Տասնամյակներ անց այդ նույն խնդիրը վերստին ի հայտ է եկել՝ բժշկական համակարգչային ախտորոշման կապակցությամբ։ Ի վերջո (1979 թվական), այդ մաթեմատիկական խնդրի լուծումը նշանավորվել է Գոդֆրի Հունսֆիլդի` բժշկության բնագավառի Նոբելյան մրցանակով «Համակարգչային տոմոգրաֆիայի մշակման համար»։

Աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի եղանակները Համբարձումյանին հնարավորություն են տվել գնահատել աստղային համակարգերի տարիքները։ Մասնավորապես, 1935-1937 թվականներին Համբարձումյանը գիտական բանավեճ է ունեցել անգլիացի նշանավոր գիտնական Ջեյմս Ջինսի հետ՝ մեր աստղային համակարգի՝ Գալակտիկայի տարիքի առիթով և ապացուցել, որ մեր Գալակտիկան առնվազն 1000 անգամ երիտասարդ է Ջինսի տված համընդհանուր հայտնի գնահատականից[29]։

Աստղային համակարգերի դինամիկայի և վիճակագրության վերաբերյալ Համբարձումյանի աշխատություններն ընկած են աստղային համակարգերի արդի վիճակագրական մեխանիկայի հիմքում։ 1995 թվականին Համբարձումյանն այդ հետազոտությունների համար Ռուսաստանի Դաշնությունից Պետական մրցանակ է ստացել[30]։

Միջաստղային նյութ և ֆլուկտուացիաների տեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Համբարձումյանի աշխատությունների մի ամբողջ շարք նվիրված է Գալակտիկայում միջաստղային նյութի հետազոտությանը։ Սզբունքորեն նոր արդյունք է ստացել, որի համաձայն՝ Գալակտիկայում կլանող նյութն ունի պատառաձև բաշխում և լույսի կլանման պատճառը միջաստղային տարածության մեջ բազմաթիվ գազափոշային ամպերի առկայությունն է։ Միջաստղային ամպերի ամբողջության հետազոտման հզոր միջոց եղավ ֆլուկտուացիաների տեսությունը, որը նոր ուղիներ բացեց աստղագիտության մեջ։

Պղտոր միջավայրում լույսի ցրման տեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Համբարձումյանը ստեղծել է պղտոր միջավայրում լույսի ցրման նոր տեսություն, որ հիմնված էր իր առաջարկած ինվարիանտության սկզբունքի վրա։ Կիրառելով այդ նրբագեղ մաթեմատիկական հնարքը՝ Համբարձումյանը լուծել է լույսի ցրման ոչ գծային խնդիրների մի ամբողջ շարք։ Ինվարիանտության սկզբունքը ներկայումս լայնորեն կիրառվում է մաթեմատիկական ֆիզիկայի բազմաթիվ ճյուղերում։

Ռ․ Է․ Բելմանը, Ռ․ Է, Կալաբան և Մ․ Ս․ Պրետրուդն իրենց «Ինվարիանտ համադրում. ճառագայթային տեղափոխումը վերջավոր լայնության շերտերում» գրքում գրում են. «Այդ նորարարական աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձան վերլուծական մոտեցումները և պարզ թվային լուծումները։ Հետագայում այդ գաղափարները զարգացրեց և ընդհանրացրեց Չանդրասեկհարն իր հիմնարար հոդվածների շարքում և 1950 թվականի գրքում... Լուծվեցին բազմաթիվ խնդիրներ, որ չէին լուծվում այլ եղանակներով, և եղավ մեծ առաջընթաց»[31]։

Պղտոր միջավայրում լույսի ցրման տեսութունն ստեղծելու համար Համբարձումյանը 1946 թվականին պարգևատրվել է ԽՍՀՄ պետական մրցանակով (Ստալինյան մրցանակ

Աստղասփյուռներ և աստղերի էվոլյուցիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աստղասփյուռներ Օրիոնի համաստեղությունում

Գալակտիկայում աստղային համակարգերին վերաբերող դիտողական նյութի տեսական վերլուծության միջոցով Համբարձումյանը հայտնաբերել է նոր տիպի աստղային համակարգեր։ Դրական էներգիայով այդ լայնացող համակարգերը նա անվանել է «աստղասփյուռներ» և ապացուցել դրանց «երիտասարդ» լինելը։ Դա հեղաշրջում էր աստղերի տիեզերաբանության մեջ, քանի որ այստեղից հետևում էր, որ աստղառաջացման գործընթացը Գալակտիկայում շարունակվում է նաև ներկայումս, և աստղերը առաջանում են խմբերով։

Աստղասփյուռների հայտնաբերման և հետազոտության համար 1950 թվականին Վ. Համբարձումյանը պարգևատրվել է երկրորդ Ստալինյան մրցանակով։

Երիտասարդ աստղերի ֆիզիկա և աստղերի էներգիայի աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախաստղ, աստղի ձևավորման վաղ փուլ, որն առաջին անգամ ձևակերպել է Վիկտոր Համբարձումյանը[32]

Շատ ուշագրավ են Համբարձումյանի հետազոտությունները այսպես կոչված անընդհատ առաքման վերաբերյալ, որոնք դիտվել է Ցուլի տաու տիպի երիտասարդ աստղերի և նրանց արբանյակ-անկայուն աստղերի սպեկտրներում։ Այդ հետազոտությունները հանգեցրել են աստղերի էներգիայի աղբյուրների բնույթի վերաբերյալ կարևոր եզրակացությունների։ Համբարձումյանն առաջարկել է նախաստղային նյութի նոր հայեցակարգ։ Դասական վարկածը ենթադրում է, որ աստղերը առաջանում են ցրված նյութի խտացման միջոցով։ Նոր վարկածը, նախորդին հակառակ, ընդունում է անհայտ բնույթի զանգվածեղ մարմինների՝ նախաստղերի գոյությունը։ Նախաստղերի տրոհման պրոցեսները հանգեցնում են աստղերի ձևավորմանը աստղասփյուռներում։

Արտագալակտիկական աստղագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համբարձումյանի աշխատությունների մի մեծ շարք նվիրված է մեր Գալակտիկայի նման հսկայական աստղային համակարգերի՝ գալակտիկաների էվոլյուցիայի խնդիրներին։ Ի մասնավորի՝ հարկ է նշել գալակտիկաների կորիզների (կենտրոնական խտացումների) ակտիվության մասին նոր հայեցակարգը։ Ըստ այս հայեցակարգի, գալակտիկաների կորիզները վճռորոշ դեր են կատարում գալակտիկաների և դրանց համակարգերի ծագման և էվոլյուցիայի մեջ։ Այս հետազոտությունների շնորհիվ արտագալակտիկական աստղագիտության գլխավոր խնդիրը դարձել է գալակտիկաներում դիտվող ահռելի չափերի անկայունության երևույթների ուսումնասիրությունը։ Այս շարքին են հարում և' Համբարձումյանի, և' իր աշակերտների կարևոր հետազոտությունները՝ նվիրված հսկա գալակտիկաների կորիզներից կապույտ արտանետումների, նոր տիպի գալակտիկական համակարգերի՝ այսպես կոչված՝ կոմպակտ գալակտիկաների կոմպակտ խմբերի հայտնաբերմանն ու ուսումնասիրությանը։ Գալակտիկաների կորիզների պայթյունների մասին 1958 թվականի Համբարձումյանի առաջին Սոլվեյյան դասախոսությունը ահռելի ազդեցություն է ունեցել։ Այդ դասախոսությունը և դրա հետևանքները նկարագրված են Ջերսի Նոյմանի «Հիշողություններ տիեզերաբանության մեջ հեղափոխական շրջափուլի մասին» հոդվածում (Problems of Physics and Evolution of the Universe, Publishing House of the Armenian Academy of Sciences, Yerevan, 1978, pp. 243–250)։ Ինչպես հիշում է Ջ. Նոյմանը, հակառակ սկզբնական թերահավատությանը, «Համբարձումյանի փաստարկները և համակողմանի ապացույցները ներկա գտնվող գիտնականներին ստիպեցին մտմտալ, որին հետևեց միջազգային բազմաբնույթ մեծ գործունեությունը...»։ Նոյմանը եզրակացնում է. «Այժմ Համբարձումյանի վարկածի օգտին եղած տվյալները շշմեցնում են։ Սրտագին շնորհավորանքս պրոֆեսոր Համբարձումյանին՝ Կոպեռնիկոսյան Հեղափոխականին»[33]։

Դաշտի քվանտային տեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմիտրի Իվանենկոյի հետ մեկտեղ Համբարձումյանն առաջին անգամ առաջ է քաշել այն գաղափարը, որ ոչ զրոյական զանգվածով տարրական մասնիկները փոխազդեցության ընթացքում կարող են ծնվել կամ ոչնչանալ։ Ոչ զրոյական զանգվածով մասնիկներ առաջանալու գաղափարը կատարելապես նորություն էր և չէր բխում դասական նկատառումներից։ Զանգված ունեցող մասնիկների առաջացման Համբարձումյան-Իվանենկոյի հիպոթեզը (1930 թվական) դարձել է ժամանակակից դաշտի քվանտային տեսության անկյունաքարը[34]՝ այսպիսով ձևավորելով դաշտի քվանտային տեսությունը և տարրական մասնիկների ֆիզիկան[35][36]։

Ատոմի միջուկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական գործունեության սկզբում՝ 1930 թվականին, Համբարձումյանը Իվանենկոյի հետ համատեղ աշխատություն է հրապարակել[37], որը կարելի է ընդգրկել ատոմի միջուկի կառուցվածքի մասին ամենաէական աշխատանքների շարքում։ Հակառակ այդ ժամանակ ընդունված պատկերացումների, որոնց համաձայն ատոմական միջուկները բաղկացած են պրոտոններից և էլեկտրոններից, Համբարձումյանը և Իվանենկոն ցույց են տվել, որ միջուկի ներսում ազատ էլեկտրոնը չի կարող գոյություն ունենալ և որ պետք է պրոտոնների փոխարեն լինեն ինչ֊որ չեզոք մասնիկներ[38]։ Ըստ էության սա նեյտրոնի գոյության կանխատեսումն էր, նախքան Ջեյմս Չեդվիկը փորձնականորեն կհայտնաբերեր այն երկու տարի անց։

Համակարգչային տոմոգրաֆիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համբարձումյանի աշխատանքները նպաստել են համակարգչային տոմոգրաֆիայի զարգացմանը։ Մասնավորապես, նա առաջինն է տվել Ռադոնի ձևափոխության թվային ինվերսիան[39]։ Սա ներառում է աստղերի արագությունների եռաչափ բաշխումը գալակտիկայում։ Շատ տարիներ անց տոմոգրաֆիայի Նոբելյան մրցանակակիր Ալան Կորմակը Համբարձումյանի աշխատանքների մասին ասել է․

«...Ռադոնի խնդիրը արագությունների եռաչափ տարածության մեջ... Համբարձումյանը տվեց դրա լուծումները երկու և երեք չափումների համար այն ձեով, ինչ և Ռադոնը։ Ավելին, նա վերցրեց երեք սպեկտրային դասերի աստղերի խմբեր՝ յուրաքանչյուրում 400 – 500-ական աստղով և օգտագործեց իր տեսական արդյունքները՝ տեսագծային արագությունների բաշխումից արագությունների բաշխումը ստանալու համար։ ... Դա Ռադոնի ձևափոխության առաջին թվային հակադարձումն է, և դա հերքում է տարածված պատկերացումը այն մասին, թե իբր համակարգչային տոմոգրաֆիան անհնար է առանց համակարգչի։ Այդ հաշվարկի մանրամասները բերված են Համբարձումյանի հոդվածում, և դրանք հանգեցնում են այն մտքին, որ մինչև իսկ 1936 թ. համակարգչային տոմոգրաֆիան ի զորու պիտի լիներ օժանդակել, ասենք, ուղեղի ուռուցքների ախտորոշմանը... Շատ հնարավոր է թվում, որ Համբարձումյանի թվային եղանակները պիտի կարողանային մեծապես օժանդակել բժշկությանը, եթե դրանք կիրառվեին 1936 թվականին»[40]։

Մանկավարժական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համբարձումյանը գիտական աշխատանքը զուգակցել է աշխույժ մանկավարժական գործունեության հետ։ Նա հեղինակն է տեսական աստղաֆիզիկա առարկայի՝ ԽՍՀՄում առաջին դասագրքի (1939) և հեղինակակիցն է «Տեսական աստղաֆիզիկայի» դասընթացի (1952), որը թարգմանված է բազմաթիվ լեզուների։ 1931 թվականից դասախոսություններ է կարդացել Լենինգրադի համալսարանում։ 1934 թվականին Լենինգրադի համալսարանում հիմնել է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը, որ ղեկավարել է մինչև 1947 թվականը։ 1939-1941 թվականներին եղել է Լենինգրադի համալսարանի աստղադիտարանի տնօրենը, իսկ 1940 թվականից՝ նույն համալսարանի գիտական պրոռեկտորը։ 1941-1943 թվականները եղել է Լենինգրադի համալսարանի տարհանված գիտական մասնաճյուղի վարիչը Ելաբուգայում։ 1944 թվականին Աստղաֆիզիկայի ամբիոն է հիմնել Երևանի համալսարանում։ Համբարձումյանը գիտական դպրոցներ է հիմնել Լենինգրադում և Բյուրականում, որոնք զգալի հետք են թողել աստղագիտության տարբեր ճյուղերի զարգացման վրա։ Գիտության ժողովրդականացման-տարածման ջատագով էր, աստղաֆիզիկայի զանազան խնդիրներին նվիրված բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ։

Գիտա-կազմակերպչական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համբարձումյանը գիտության երևելի կազմակերպիչ էր Հայաստանում, Ռուսաստանում և միջազգային ասպարեզում։ Եղել է Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն ու տնօրենը, Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի փոխնախագահ ու նախագահ, ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի նախագահության անդամ, Միջազգային Աստղագիտական Միության փոխնախագահ (1948–1955) և նախագահ (1961-1964), Գիտական Միությունների Միջազգային Խորհրդի (ICSU) նախագահ՝ բացառության կարգով[41] ընտրվելով երկու անգամ (1968–1970 թթ․, 1970–1972 թթ․)[42]։ Իր «Կյանքի դրվագներ» հուշագրությունում Գիտական Միությունների Միջազգային Խորհրդի նախագահ ընդունվելու մասին Համբարձումյանը գրում է․

․․․Մինկովսկին, որը համագործակցում էր Բաադեի հետ, ենթադրում էր, որ գալակտիկաների ուժեղ ռադիոճառագայթումը առաջանում է երկու գալակտիկաների բախման հետևանքով։ Այս տեսակետը արդեն տարածվել էր, և «բախման տեսության» մասին հարյուրավոր հոդվածներ էին լույս տեսել և՛ Խորհրդային Միությունում և՛ հատկապես արտասահմանում։

Քննելով այս հարցը՝ ես համոզվեցի, որ բախումների տեսակետը ոչ մի կապ չունի իրականության հետ, և ինձ հաջողվեց ժխտել այս տեսակետը։ Քանի որ «բախման տեսությունը» արդեն շատ էր տարածված, դրա ժխտումը մեծ տպավորություն գործեց ոչ միայն աստղագետների, այլև հարակից գիտությունների ներկայացուցիչների վրա։ Գալակտիկաների բախումների մասին ինչքա՜ն էին խոսել գիտաժողովներում և ամսագրերում։ Բայց պարզվեց, որ բախման տեսությունը սխալ է։ Միկկովսկու ջանքերը, գոնե առանձին գալակտիկաների նկատմամբ պաշտպանելու բախման տեսակետը, ապարդյուն անցան։ Այս բոլորը հիմք ծառայեց մի շարք գիտնականների համար, որ իմ թեկնածությունն առաջադրեն Գիտական Միությունների Միջազգային Խորհրդի (ICSU) նախագահի պաշտոնի համար։ Նախագահի պաշտոնում ընտրվեցի 1968 թ. Փարիզում[41]։

Հասարակական-քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականին Վ. Համբարձումյանը դարձել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։ 1947 թվականին ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1950–1990 թվականներին բոլոր գումարումների ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր է ընտրվել, եղել է ԽՄԿԿ 19, 22–25-րդ համագումարների պատգամավոր։ 1989 թվականին ընտրվել է ԽՍՀՄ Ժողովրդական պատգամավորների համագումարի պատգամավոր։ 1948–1989 թվականներին Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ է եղել, Հայաստանում գիտության պետական հովանավորության քաղաքականության պատասխանատուն[43]։

Գիտական կազմակերպությունների անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Համբարձումյանի պատկերով հայկական փոստանշան
Համբարձումյանի պատկերով 100 դրամանոց հայկական թղթադրամ - 1998 (դիմերես)

Համբարձումյանն աշխարհում 24 գիտությունների ակադեմիաների և 15 գիտական կազմակերպությունների անդամ էր[44]։ Դրանք են՝

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
1905 փոքր մոլորակի եռաչափ մոդել

Վ. Հ. Համբարձումյանի անվամբ է կոչվել թիվ 1905 փոքր մոլորակը, որ հայտնաբերել է Տ. Մ. Սմիռնովան՝ Ղրիմի աստղադիտարանում 1972 թվականի մայիսի 14-ին։ Բյուրականի աստղադիտարանը ևս Համբարձումյանի անունով է կոչվել։ Համբարձումյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ը, Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Աստղագիտության օր։

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին հիմնվել է Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ։ Մրցանակը կշնորհվի աստղաֆիզիկայում, ինչպես նաև ֆիզիկայի և մաթեմատիկայի հարակից ոլորտներում նշանակալի գիտական աշխատանքների համար, անկախ գիտնականի քաղաքացիական պատկանելությունից[50]։

  1. Գալակտիկաները և նրանց կորիզները, «Գիտություն և տեխնիկա», 1964, №1։
  2. Տիեզերքի էվոլյուցիայի պրոբլեմները, Երևան, 1968։
  3. Հարդագողի ճանապարհին։ «Գարուն», 1967, № 3, էջ 2-8։
  4. Курс астрофизики и звездной астрономии. Л., 1934
  5. К статистике двойных звезд // Астрономический журнал. 1937. Т. 14. Выпуск 3
  6. К вопросу о динамике открытых скоплений // Ученые записки [Ленинградского гос. университета]. № 22. Серия математических наук. Астрономия. 1938. Вып. 4
  7. Хромосферы // Успехи астрономических наук. М.-Л. 1939
  8. Теоретическая астрофизика. Л.-М. 1939
  9. Флюктуации в числе внегалактических туманностей и галактическое поглощение // Бюллетень Абастуманской астрофизической обсерватории. 1940. № 4
  10. Рассеяние и поглощение света в планетных атмосферах // Ученые записки [Ленинградскою гос. университета]. № 82. Серия математических наук. Астрономия. 1941. Выпуск 11
  11. О рассеянии света атмосферами планет // Астрономический журнал. 1942. Т. 19. Выпуск 5
  12. Новый способ расчета рассеяния света в мутной среде // Известия Акад. наук СССР. Серия географическая и геофизическая. 1942. № 3
  13. К вопросу о диффузном отражении света мутной средой // Доклады АН СССР. 1943. Т. 38. № 8
  14. К вопросу о характере связи диффузных туманностей с освещающими их звездами // Доклады АН Армянской ССР. 1945. [Т.] 2. № 3
  15. К вопросу об относительном распределении светлой и поглощающей материи в Галактике // Доклады АН Армянской ССР. 1946. Т. 4. № 3
  16. О поверхностных яркостях в Галактике // Астрономический журнал. 1946. Т. 23. Выпуск 5
  17. Эволюция звезд и астрофизика. Ер., 1947
  18. Эволюция звезд и астрофизика. Ер., 1947
  19. Звездные ассоциации // Астрономический журнал. 1949. Т. 26. Вып. 1
  20. Теоретическая астрофизика. М., 1952
  21. Научные труды. [В трех томах]. Под редакцией В.В.Соболева. Издательство АН Армянской ССР. Т.1 и Т 2-1960г., Т.3-1988г.
  22. Проблемы внегалактических исследований, в кн.։ Вопросы космогнии, т. 8, М., 1962.
  23. Развитие астрономии в СССР. М., 1967
  24. Проблемы эволюции Вселенной. Ер., 1968
  25. Вспыхивающие звезды в Плеядах. Ер., 1969
  26. Проблемы современной космогонии. М., 1969
  27. Нестационарные обьекты во Вселенной и их значение для исследования происхождения и эволюции небесных тел, в кн.։ Проблемы современной космогонии, 2 изд., М., 1972.
  28. Философские вопросы науки о Вселенной. Ер., 1973
  29. Критический туман вокруг «Туманности Андромеды»։ Письмо в редакцию // Литературная газета. 1959. 29 авг.
  30. On the radiative equilibrium of a planetary nebula. Л. 1933 (Պուլկովի աստղադիտարանի տեղեկատու, հ. 13. № 114)
  31. On the Evolution of the Galaxies, «La structure et l'évolution de l'univers», Bruxelles, Ed. Stoops, 1958.
  32. On the Nuclei of Galaxies and Their Activity, «The structure and Evolution of Galaxies», Interscience Publishers, London-New York-Sydney, 1965[51].

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Վ․ Հ․ Համբարձումյան (կենսամատենագիտություն), Ե․, 1958։
  2. Միրզոյան Լ․ Վ․, Վիկտոր Համբարձումյան (ծննդյան 70-ամյակի առթիվ), Ե․, 1978։
  3. Խաչիկյան Է․ Ե․, Վիկտոր Համբարձումյան (ծննդյան 80-ամյակի առթիվ) Արխիվացված 2019-04-07 Wayback Machine
  4. Վ. Հ. Համբարձումյան, Կյանքի դրվագներ, ՀՀ ԳԱԱ հրատ., Երևան, 2003։
  5. В. А. Амбарцумян [биобиблиография], Е., 1954.
  6. В. А. Амбарцумян Философские вопросы науки о вселенной. Сборник докладов, выступлений и статей. Издательство АН Армянской ССР. 1973г.
  7. В. А. Амбарцумян [биобиблиография], М., 1975.
  8. В. А. Амбарцумян Эпизоды жизни. Издательство "Гитутюн" НАН РА. 2001г.
  9. Ambartsumian, V.A. A life in astrophysics։ selected papers of Viktor Ambartsumian. 1998 Allerton Press, Inc.
  • Ուսումնասիրեցեք ռուս գրականությունը։ «Գրական թերթ», 1948, № 1:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  4. 4,0 4,1 4,2 Massevitch A. G. Viktor Amazaspovich Ambartsumian
  5. 5,0 5,1 5,2 Ambartsumian R. V. A life in astrophycis. Selected papers of Viktor A. Ambartsumian // AstrophysicsSpringer Science+Business Media, 1998. — Vol. 41, Iss. 4. — P. 328—330. — ISSN 0571-7256; 1573-8191doi:10.1007/BF02894658
  6. 6,0 6,1 6,2 The Modern Physics of Compact StarsVolkswagen Foundation.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.)М.: Архив Российской академии наук, 2022. — С. 631. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
  9. 9,0 9,1 9,2 9,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  10. Viktor Amazaspovich Ambartsumian | American Academy of Arts and Sciences
  11. https://web.archive.org/web/20160604195808/http://www.academie-sciences.fr/fr/Liste-des-membres-depuis-la-creation-de-l-Academie-des-sciences/les-membres-du-passe-dont-le-nom-commence-par-a.html
  12. V. Ambartsumian – NAS
  13. National Academy of Sciences of the Republic of Armenia
  14. (unspecified title)doi:10.5281/ZENODO.18315206
  15. CONOR.Sl
  16. Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.)М.: Архив Российской академии наук, 2022. — С. 397. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
  17. https://phys-astro.sonoma.edu/brucemedalists/viktor-ambartsumian
  18. Une lettre de M. Ambartsoumian (ֆր.) / J. Fenoglio, M. LannelongueParis: Société éditrice du Monde, Louis Dreyfus, Jérôme Fenoglio, 1979. — P. 8. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  19. https://ambartsumian.sci.am/membership/other.php
  20. https://www.legifrance.gouv.fr/jorf/jo/id/JORFCONT000000018835
  21. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 10.
  22. Большая золотая медаль РАН имени М.В.ЛомоносоваRAS.
  23. 23,0 23,1 Ю. А. Храмов, Физики. Биографический справочник, Москва, Наука, 1983
  24. «BAAS 29 (1997) 1466». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 12-ին.
  25. JRASC 90 (1996) 351
  26. 26,0 26,1 26,2 26,3 Ակադեմիկոս Վ․ Հ․ Համբարձումյան, Կյանքի դրվագներ, ՀՀ ԳԱԱ, Երևան, 2003, ISBN 99930-78-14-X, «Համազասպ Համբարձումյանի հուշերից», էջ 84-91։
  27. Հայկական սովետական հանրագիտարան, Վիկտոր Համբարձումյան, հ․ 6, էջ 109։
  28. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  29. «Խաչիկյան Է․, Վիկտոր Համբարձումյան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
  30. Վիկտոր Համբարձումյանի մասին ռուսալեզու կայք
  31. Bellman, Richard Ernest and Robert E. Kalaba and Marcia C. Prestrud. Invariant Imbedding and Radiative Transfer in Slabs of Finite Thickness. New York: American Elsevier Pub. Co., 1963 p. 1.
  32. Lynden-Bell, Donald; Gurzadyan, V. (1998). «Victor Amazaspovich Ambartsumian. 18 September 1908-12 August 1996». Biographical Memoirs of Fellows of the Royal Society. 44: 23. doi:10.1098/rsbm.1998.0002. ISSN 0080-4606.
  33. Hannes Alfvén and Ludwig Vasili Mirzoyan, Problems of Physics and Evolution of the Universe. Yerevan: Publishing House of the Armenian Academy of Sciences, 1978, pp. 243–250.
  34. «G-sardanashvily.ru». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
  35. «Vaprize.sci.am». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
  36. Sciteclibrary.ru
  37. Dokl. AN SSSR, ser. A, No. 6, p. 153 (1930)
  38. Ambarzumian V., Iwanenko D., Les électrons inobservables et les rayons, Compt. Rend. Acad Sci. Paris 190 (1930) 582.
  39. MN-RAS 96, 172, 1935, communicated to the RAS by Arthur Eddington
  40. Computed Tomography, Some History and Recent Developments, Proc. of Symposia in Applied Mathematics, Vol. 29, p. 35, 1985
  41. 41,0 41,1 Ակադեմիկոս Վ․ Հ․ Համբարձումյան, Կյանքի դրվագներ, ՀՀ ԳԱԱ, Երևան, 2003, ISBN 99930-78-14-X, էջ 69-70։
  42. Նախագահների ցուցակը ԳՄՄԽ կայքում Արխիվացված 2017-01-04 Wayback Machine(անգլ.)
  43. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  44. Վիկտոր Համբարձումյան
  45. "Book of Members, 1780–2010: Chapter A". American Academy of Arts and Sciences. Retrieved 17 April 2011.
  46. «Указ Президента РФ от 20 июня 1995 № 604». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  47. ՀՍՀ, Վիկտոր Համբարձումյան, հ.6, էջ 110
  48. Awarding of Bruce Medal Award of the Bruce Gold Medal to Prof. V. A. Ambartsumian
  49. «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  50. ՀՀ գիտության պետական կոմիտե
  51. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Վիկտոր Համբարձումյան». opac.flib.sci.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Համբարձումյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Համբարձումյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Համբարձումյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 109