Աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկա
Աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկա, աստղագիտության ճյուղերից մեկը, զբաղվում է բազմանդամ աստղային համակարգերում (տես Աստղակույտեր, Գալակտիկաներ) տեղի ունեցող շարժումների ու համակարգերի զարգացման ուսումնասիրությամբ։ Հետազոտությունները կատարվում են երկնային մեխանիկայի և վիճակագրական ֆիզիկայի մեթոդների կիրառմամբ, որոնց զուգակցումն ու զարգացումը հանգեցրին աստղային կինեմատիկայի և դինամիկայի ստեղծմանը։ Աստղային կինեմատիկան ուսումնասիրում է աստղերի դիտվող շարժումները (նրանց օրինաչափությունների բացահայտման նպատակով), իսկ աստղային դինամիկան զբաղվում է այդ օրինաչափությունների բացատրությամբ և համակարգերի զարգացման մեխանիզմների հետազոտմամբ։ Այս նպատակով հետազոտվում են շարժումների ընդհանուր հատկություններն ու համակարգի բոլոր անդամների գրավիտացիոն ուժերով պայմանավորված բնորոշ վիճակագրական պարամետրերը։ Այս ուղղությամբ տարվող աշխատանքները սկսվել են մեր դարի սկգբներին (Յ. Կապտեյն, Կ. Շվարցշիլդ)։ Ջ. Ջինսի, Արթուր Էդինգտոնի, Սուբռահմանյան Չանդրասեկհարի և այլոց աշխատանքներով ստեղծվեց աստղային համակարգերի դինամիկա՝ առանց հաշվի առնելու աստղային մերձեցումները, որը, սակայն, թույլ չէր տալիս պարզելու նրանց զարգացման իրական պատկերը։ 30-ական թվականներին Վիկտոր Համբարձումյանը մտցրեց կանոնավոր և անկանոն ուժերի գաղափարը և տվեց աստղային համակարգերի քվազիստացիոնար վիճակի ֆիզիկական բնորոշումն ու աստղակույտերի զարգացման ճշգրիտ մեխանիզմը, որոնց վրա փաստորեն հիմնված է այժմյան աստղային դինամիկան։ Հետագայում աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկաի բնագավառում կատարված հետազոտություններում զգալի ավանդ մտցրեցին խորհրդային աստղագետներ Կ. Օգորողնիկովը, Պ.Պարենագոն, Գ. Կուզմինը և Թադևոս Աղեկյանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 583)։ |