Թաթուլ Կրպեյան
Թաթուլ Կրպեյան Թաթուլ Ժորժիկի Կրպեյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 21, 1965 |
Ծննդավայր | Արեգ, ՀԽՍՀ, |
Մահացել է | ապրիլի 30, 1991 (26 տարեկան) |
Մահվան վայր | Գետաշեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրոն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Երկեր | Թաթուլ. բանաստեղծություններ |
Մասնագիտություն | զինվոր |
Ամուսին | Իրինա Բարսեղյան-Կրպեյան |
Ծնողներ | Ժորժիկ Կրպեյան, Սեդա Կրպեյան |
Կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Պարգևներ և մրցանակներ | Հայաստանի ազգային հերոս |
Երեխաներ | Ասպրամ Կրպեյան |
Թաթուլ Ժորժիկի Կրպեյան (ապրիլի 21, 1965, Թաթուլ, Հայկական մարզ, Ռուսական կայսրություն - ապրիլի 30, 1991, Գետաշեն, Գոյգյոլի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս։ Արցախյան ազատամարտի ժամանակ՝ 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիս ամիսը, եղել է Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատարը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թաթուլը ծնվել է 1965 թվականի ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում։
1972-1982 թթ. սովորել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում։ 1985-1986 թվականներին սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Թալինի թիվ 76 պրոֆտեխնիկական ուսումնարանը: Այնուհետև 1987-1990 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը։ 1987-1989 թվականներին Թաթուլը նաև եղել է Արցախը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ։
ԵՊՀ-ում սովորելուն զուգահեռ երգել է «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթում, հավաքագրել ու մոռացությունից փրկել է ժողովրդական, և ազգային-ազատագրական պայքարի մասին երգեր ու պարեր: Երևանի պետական համալսարանում հիմնադրել է «Կարս» ազգագրական երգի-պարի համույթը:
1989 թվականին Թաթուլ Կրպեյանն ամուսնացել է Իրինա Բարսեղյանի հետ։ 1990 թվականի փետրվարի 20-ին ծնվել է նրանց դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը։ Ընտանիքը բնակվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածի՝ ասպիրանտների համար նախատեսված 18 հարկանի շենքում։
1990 թվականին ընդունվել է ՀՅԴ կուսակցության շարքերը:
Կրպեյանը եղել է Արցախյան շարժման երիտասարդական թևի սիրված առաջնորդներից, զանգվածային երթերի ու հանրահավաքների, նստացույցերի ու դասադուլների կազմակերպիչներից և ուսանողության շրջանում քարոզչություն իրականացնող առաջամարտիկներից մեկը:
1990 թվականի սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Արցախ, որտեղ վիճակը շարունակում էր վատթարանալ։ Իր իսկ հիմնած զինված խմբով 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիս ամիսը ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի,ռուսական բանակի և ոստիկանական խմբավորումների։
Զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին՝ «Օղակ» գործողության ժամանակ։ 1996 թվականի սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ Ազգային հերոսի կոչմանը։ Պարգևատրվել է նաև «Հայրենիք» շքանշանով։
Թաթուլն ասում էր.
Վերջին անգամ, երբ գալիս է Երևան, գնալիս ասում է հետևյալը.
![]() |
Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն... | ![]() |
2015 թվականի մարտի 18-ին Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի զբոսայգիներից մեկը վերանվանվեց Թաթուլ Կրպեյանի անվամբ[1]: 2015 թվականի հոկտեմբերին նրա անվամբ անվանակոչվեց Երևանի թիվ 62 ավագ դպրոցը:
«Օղակ» գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չորրորդ կուրսում ուսումը կիսատ թողնելով՝ 1990 թվականի օգոստոսին Թաթուլ Կրպեյանը մեկնել է Հյուսիսային Արցախի Գետաշեն գյուղ: Սեպտեմբերից աշխատել է Գետաշենի երկու դպրոցներում որպես հայ ժողովրդի պատմության և աշխարհագրության ուսուցիչ:
1991 թվականի գարնանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսային շրջաններում ավելի էր սրվում պատերազմական իրադրությունը։ 1991 թվականի ապրիլին խորհրդային և ադրբեջանական իշխանություններն այս գյուղերի դեմ ուղղված ռազմական գործողություն սկսելու որոշում ընդունեցին։
Մոսկվայում ստեղծված մարդու իրավունքների «Մեմորիալ» կենտրոնը վերականգնել է այդ օրերի իրադարձությունները։ 1991 թվականի ապրիլի 30-ին չորրորդ բանակը, իսկ քիչ ավելի ուշ՝ ադրբեջանական «ՕՄՕՆ»-ը հարձակվեցին Շահումյանի շրջանին մոտ գտնվող Գետաշենի վրա։ ՕՄՕՆ-ները, հարձակվելով տների վրա, սկսեցին թալանել և կողոպտել դրանք. միևնույն ժամանակ հարձակման ենթարկվեցին տեղի բնակիչները։ Մահացածների մեծ մասը տասնութից տասնինը տարեկան էր[2]։
![]() |
Թաթուլին շատ լավ եմ հիշում։ Ասես Սասնոյ ֆիդայի լիներ՝ թիկնեղ, գանգուր մազերով, թավ մորուքով։ Զինված ջոկատը ղեկավարելուց զատ՝ ուսուցչություն էր անում տեղի երկու դպրոցներում։ Նրա առաքելությունը սոսկ կռվելուց ավելին էր[3] | ![]() |
1990 թ. սեպտեմբեր - 1991 թ. ապրիլ ընկած ժամանակահատվածում Թաթուլ Կրպեյանը եղել է Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատարն ընդդեմ ադրբեջանական ՕՄՕՆ-ի զինված հարձակումների: 1990 թ. ապրիլի 30-ին՝ «Օղակ» ռազմական գործողության սանձազերծման օրը գերի վերցնելով 17 խորհրդային զինվորականների, մեկ ադրբեջանցի ուղեկցորդի և խորհրդային բանակի գնդապետ Մաշկովին՝ Թաթուլ Կրպեյանը նրանից վերցրել է խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի համատեղ իրականացրած «Օղակ» ռազմական գործողության պայմանականչերով պլանը:
Զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին Գետաշենում` բանակցությունների ժամանակ: Նույն օրը Գետաշենում բանակցությունների ժամանակ նրա հետ զոհվեցին փոխհրամանատար Արթուր Կարապետյանը և Հրաչ Դանիելյանը (Զարզանդ): Տղաների զոհվելուց հետո խորհրդային 14 պատանդ զինվորականները փոխանակվել են ՕՄՕՆ-ականների կողմից պատանդ վերցված 27 հայ բնակիչների հետ:
Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թաթուլը հաճախ էր կրկնում, որ «Գետաշենը կդատարկվի միայն իր դիակի վրայով»[4]։ Վերջին անգամ Երևանում գտնված ժամանակ Թաթուլ ասել է բառացիորեն հետևյալը. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն...»։ [փա՞ստ]
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թաթուլ Կրպեյանի անունով են կոչվում Արեգ գյուղի, Կովսական քաղաքի (ԼՂՀ Քաշաթաղի շրջան), Երևանի թիվ 62 ավագ դպրոցները, դասարաններ հանրապետության տարբեր դպրոցներում (Երևանում և Գյումրիում), լսարան ԵՊՀ պատմության ֆակուլտետում, որտեղ սահմանվել է նաև Թաթուլ Կրպեյանի անվան կրթաթոշակ, ազգագրական երգի-պարի համույթներ` «Քաջն Թաթուլ»` Երևանում և «Թաթուլ»` Կովսականում, զբոսայգի Երևանի Նոր Նորքի 1-ին զանգվածում, ՀՅԴ տեղական և արտերկրյա կազմակերպություններ: Արեգ գյուղում Կրպեյանի շիրիմի վրա կանգնեցված է տուֆակերտ հուշակոթող:
Թաթուլ Կրպեյանի կերպարը արվեստի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1993 թվականին լույս է տեսել Թ. Կրպեյանի բանաստեղծությունների «Թաթուլ» գրքույկը
- Թաթուլ Կրպեյանին (և ընկերներին) են նվիրված Ռաֆայել Սահակյանի «Արծվապաշտ երկիր» փաստագեղարվեստական վեպն ու «Կարոտից խելառը» տեսաֆիլմը, ինչպես նաև «Լեռան լանջին» (հեղ.՝ Ներսիկ Իսպիրյան) և «Մայրամուտ իջավ» (հեղ.՝ աշուղ Գևորգ) երգերը։
- Աշոտ Բաբայան Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար (1993 թվական), նվիրված Թ. Կրպեյանին
- 2016 թվականին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը հրատարակել է Իրինա Բարսեղյան-Կրպեյանի հեղինակած «Թաթուլ Կրպեյան. Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» մենագրությունը: Գիրքը մասնակցել է Փարիզի գրքի տոնավաճառին, շնորհանդեսներով ներկայացվել ՀՀ-ում, Կանադայում, Շվեյցարիայում և Ֆրանսիայում: Թողարկվել է Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին նվիրված նամականիշով բացիկ[5]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մայրաքաղաքում բացվել է Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին»։ www.yerevan.am։ Վերցված է 2015-09-02
- ↑ Waal Thomas De (2003-01-01)։ Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War (անգլերեն)։ NYU Press։ ISBN 9780814719459
- ↑ Հարմիկ Հովսեփյանի հիշողություններ
- ↑ «ԳԵՏԱՇԷՆԻ ԱՐԾԻՒԸ՝ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԷԵԱՆ»։ Asbarez - Armenian (en-US)։ 2008-04-23։ Վերցված է 2016-04-26
- ↑ «Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին նվիրված նամականիշով բացիկ»։ Հայփոստ։ Վերցված է 2015-10-29
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բարսեղյան-Կրպեյան Ի. Վ., «Թաթուլ Կրպեյան. Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը», Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2016, 257 էջ:
|