Սոցիալիստական աշխատանքի հերոս
| Սոցիալիստական աշխատանքի հերոս | |||
|---|---|---|---|
|
| |||
| Երկիր | |||
| Տեսակ | պատվավոր կոչում և highest honors of the USSR? | ||
| Վիճակագրություն | |||
| Հիմնադրման ամսաթիվ | դեկտեմբերի 27, 1938 | ||
| Պարգևատրման քանակը | 20 613 | ||
| Հերթականություն | |||
| Ավագ պարգև | Խորհրդային Միության հերոս | ||
| Կրտսեր պարգև | Հերոսուհի մայր (կոչում) | ||
Սոցիալիստական աշխատանքի հերոս, պետական պարգև նախկին ԽՍՀՄ-ում, գերազանցության բարձրագույն աստիճան։ Համաձայան Հայկական սովետական հանրագիտարանի, տվյալ կոչումը շնորհվել է այն անձանց, որոնք ենթադրաբար ցուցաբերել են «աշխատանքային հերոսություն, առանձնապես ակնառու նորարարական գործունեությամբ զգալի ավանդ ներմուծել հանրային արտադրության արդյունավետության բարձրացման գործում, աջակցել ժողովրդական տնտեսության, գիտության, մշակույթի վերելքին, ԽՍՀՄ-ի հզորության ու փառքի աճին»։ Սահմանվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1938 թ.-ի դեկտեմբերի 27-ի հրամանագրով՝ որպես պատվավոր կոչում։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության 1940 թ.-ի մայիսի 22-ի հրամանագրով Սոցիալիստական աշխատանքի հերոսին հատուկ տարբերակելու նպատակով սահմանվել էր «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալը։ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհվել է ԽՍՀՄ շքանշանների, մեդալների և պատվավոր կոչումների ընդհանուր կանոնադրությամբ (1979 թ.) սահմանված կարգով։ Սոցիալիստական աշխատանքի հերոսին հանձնվում էր նաև ԽՍՀՄ բարձրագույն պարգևը՝ Լենինի շքանշան և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության շնորհագիր։
Սոցիալիստական աշխատանքի հերոսը կրկին «աշխատանքային հերոսություն» ցուցաբերելու համար, կարող էր վերստին պարգևատրվել Լենինի շքանշանով և «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալով։ Նրան միաժամանակ հանձնվում էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության շնորհագիր։ Սոցիալիստ, աշխատանքի կրկնակի հերոսի, ինչպես նաև Սովետական Միության հերոսի և Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումներին արժանացածի ծննդավայրում կամ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ, այլ վայրում կանգնեցվում էին նրանց բրոնզե կիսանդրին։
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում (1920-1991 թթ.) Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման է արժանացել 218 մարդ (1984), այդ թվում՝ 40 կին։ Առավել հայտնի կրկնակի հերոսներից են եղել Վիկտոր Համբարձումյանը, Արտեմ Միկոյանը, Սամվել Քոչարյանցը և այլք։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 33)։ |