Աշխատանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աշխատանք (այլ կիրառումներ)
Աշխատանք, Ֆորդ Մեդոքս Բրաունի նկար

Աշխատանք, ամենից առաջ մարդու և բնության միջև տեղի ունեցող պրոցես, որի ընթացքում մարդը նպատակահարմար արտադրողական գործունեությամբ ձևափոխում է բնության առարկաները՝ իր պահանջմունքները բավարարելու համար. մարդկանց գոյության պայման, մշտական, բնական անհրաժեշտություն, առանց որի չէր լինի մարդկային կյանքը։ Աշխատանքը բացառապես հատուկ է մարդուն և վճռական դեր է ունեցել նրա ձևավորման գործում։ Աշխատանքն անխզելիորեն կապված է մարդկային հասարակության զարգացման հետ։ Աշխատանքի օգնությամբ են ստեղծվել մարդկության բոլոր բարիքները։

Աշխատանքի ոլորտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակի ընթացքում առանձնացել են աշխատանքի մտավոր և ֆիզիկական ոլորտներ։ Տեխնիկական առաջընթացը, աշխատատար և առողջության համար վնասակար աշխատանքների մեքենայացումն ու ավտոմատացումը նպաստում են աշխատանքի պայմանների բարելավմանը, մասնագիտական վնասակարությունների ազդեցության փոքրացմանը, մասնագիտական հիվանդությունների և արտադրական վնասվածքների նվազմանը։ Սակայն ֆիզիկական աշխատանքի կտրուկ նվազումը կարող է բացասաբար ազդել մարդու առողջության վրա։

Աշխատանք ՏՏ ոլորտում

Տնտեսագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանր աշխատանք, Իլյա Ռեպին, Բուռլակները Վոլգայում, 1870–1873

Որպես տնտեսական կատեգորիա, աշխատանքն իրենից ներկայացնում է արտադրության գործոններից մեկը։

Պատմական մատերիալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական մատերիալիզմի մեջ աշխատանքը դիտարկվում է որպես մարդու կյանքի հիմնարար մեթոդ, ինչպես մարդու՝ աշխարհի նկատմամաբ վերաբերմունքի բոլոր ձևերի բազմազանության մի «բջիջ»։ Նպատակաուղղված աշխատանքի գործընթացում մարդը որպես աշխատանքի սուբյեկտ՝ իր կողմից ստեղծված աշխատանքի գործիքների օգնությամբ վերափոխում է աշխատանքի առարկան՝ իրեն անհրաժեշտ արտադրանքի։ Աշխատանքի առարկան պայմանավորված է առարկայի յուրահատկությունից, գործիքների զարգացման աստիճանից, դրա իրագործման եղանակից ու նպատակից։

Մինչև ստեղծվելը՝ աշխատանքի արտադրանքը գոյություն ունի մարդու մտքում՝ իդեալական վիճակով։ Չնայած նպատակը կազմակերպում է աշխատանքի գործընթացը՝ գործող առարկան հպատակեցնելով, աշխատանքի զարգացվածության գլխավոր չափորոշիչներն աշխատանքի գործիքներն են։ Դրանց մեջ առարկայացված է նյութական արտադրության զարգացվածության աստիճանը, աշխատանքի հասարակական բաժանումը։ Բացի դրանից, աշխատանքի ընթացքում մարդկանց մեջ հատուկ փոխհարաբերություններ՝ արտադրական հարաբերություններ են ձևավորվում։

Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից աշխարհում աշխատանք ունենալ նշանակում է պահպանել ինքնագնահատականը: Նույնիսկ այն դեպքերում, երբ աշխատանքի պայմանները ծանր են և աշխատանքը միօրինակ, որպես կանոն աշխատանքը մարդու հոգեբանական վիճակի և առօրյա գործունեության հիմնական բաղադրիչ տարրերից մեկն է հանդիսանում: Վճարովի աշխատանքի հոգեբանական նշանակությունը հասկանալու համար նշենք աշխատանքի վեց բնութագրեր.

  1. Փող: Աշխատավարձը մարդկանց մեծ մասի համար իրենց պահանջմունքները բավարարելու հիմնական աղբյուրն է հանդիսանում, «հանապազօրյա հացը»: Առանց այդ եկամտի մարդը սկսում է ավելի ու ավելի անհանգստանալ կյանքի ապագայի մասին:
  2. Գործունեություն: Հաճախ մասնագիտական գործունեությունը գիտելիքների և ունակությունների ձեռքբերման և իրականացման հիմք է հանդիսանում: Եթե նույնիսկ աշխատանքը միօրինակ է, այնուամենայնիվ այն առաջարկում է որոշակի համակարգված միջավայր, որում մարդուն ընձեռնցում է իր էներգիան իրացնելու հնարավորություն: Առանց աշխատանքային գործունեության մարդու գիտելիքների և ընդունակությունների իրականացման հնարավորությունը կարող է նվազել:
  3. Բազմազանություն: Զբաղվածությունը կենցաղային միջավայրից բացի այլ իրավիճակների հետ առընչվելու հնարավորություն է ընձեռում: Աշխատավայրում, նույնիսկ, երբ աշխատանքը համեմատաբար միապաղաղ է, անհատը կարող է բավականություն ստանալ կենցաղայինից տարբերվող պայմաններում պարտականություններ կատարելուց անգամ: Գործազրկությունը զրկում է անհատին տնային պայմաններից տարբերվող զգացողությունների աղբյուրից:
  4. Ժամանակի կազմակերպում: Մշտական աշխատանք ունեցող մարդիկ իրենց օրը, որպես կանոն, կազմակերպում են աշխատանքային գրաֆիկից ելնելով: Թեկուզ և երբեմն դա կարող է ճնշել, սակայն այնուամենայնիվ աշխատանքը ամենօրյա գործերին որոշակի ուղղվածություն է տալիս: Նրանց համար, ովքեր զուրկ են աշխատանքից, մեծագույն խնդիր է դառնում ձանձրույթը, այդ մարդկանց մոտ առաջանում է ժամանակի նկատմամբ ապատիա:
  5. Սոցիալական կապեր: Աշխատանքային միջավայրը հաճախ ծնում է ընկերություն և ուրիշների հետ համատեղ գործունեություն ծավալելու հնարավորություն: Աշխատանքային շփումների բացակայության դեպքում մարդու ընկերների և ծանոթների շրջանակը նեղանում է:
  6. Անձնական ինքնություն: Զբաղվածությունը որպես կանոն գնահատվում է, քանի որ պարգևում է անձնական սոցիալական կայունության զգացողություն: Ինքնագնահատականը, հատկապես տղամարդկանց մոտ, սովորաբար կապված է ընտանիքում իրենց ֆինանսական ներդրումից:

Այս ցուցակից հասկանալի է դառնում, թե ինչպես է գործազրկությունը նվազեցնում անձի վստահությունը իր սոցիալական արժեքի նկատմամբ: Մարդը աշխատանքից զրկվելով իրեն հարց է տալիս. «Ի՞նչ է ազատությունը: Ո՞վ եմ ես, հիմա ի՞նչ պետք է անեմ:» Գործազուրկ դառնալով մարդը լիովին հասկանում է, թե ինչ նշանակություն ուներ աշխատանքը[1]:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի կարևորությունը ընդգծող փաստերից հայտնի մի բնորոշ դեպք կա ճապոնացի Ացուխիկո Տատեուկիի մասին: Նա աշխատում էր միջին մեծության մի կազմակերպությունում բաժանմունքի պետ: Երբ նրան աշխատանքից ազատեցին, գործազրկությունը նրա համար այնքան նվաստացուցիչ էր, որ նա որոշեց ընտանիքի անդամներից թաքցնել այդ փաստը: Ամեն առավոտ 7:30 հագնում էր իր կոստյումը, կապում փողկապը և դուրս էր գալիս տնից: Օրն անցկացնում էր սրճարաններում, զբոսայգիներում, կինոթատրոններում: Ի վերջո կինն ու երեխաները կասկածեցին, որ մի բան այն չէ նրա հետ, քանի որ տուն էր վերադառնում 6:30, այլ ոչ առաջվա նման կեսգիշերին[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էնթոնի ԳիդենսСоциология. На работе и без работы. раздел «Социология» библиотеки Гумер. (ռուս.)
  2. Ayres R. and Miller S. Robotics: Applications and Social Implications. Cambridge, 1983.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png