Խաչատուր Կոշտոյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչատուր Կոշտոյանց
Хачатур Коштоянц
Խաչատուր Կոշտոյանց.jpg
Ծնվել էսեպտեմբերի 13 (26), 1900[1]
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 2, 1961(1961-04-02)[2] (60 տարեկան)
Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունակադեմիկոս և ֆիզիոլոգ
Հաստատություն(ներ)Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Գործունեության ոլորտֆիզիոլոգիա
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Հունգարիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Գիտական ղեկավարԻվան Ռազենկով և Ալեքսանդր Սամոյլով
Եղել է գիտական ղեկավարNikolai Artemov?
Հայտնի աշակերտներNikolai Artemov? և Q41632860?
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ

Խաչատուր Սեդրակի (Սերգեյի) Կոշտոյանց (ռուս.՝ Хачатур Седракович Коштоянц, (26) սեպտեմբերի 13, 1900, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի, Հայաստան) - ապրիլի 2, 1961, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային ֆիզիոլոգ, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչատուր Կոշտոյանցի մանկությունն անցել է Պյատիգորսկ քաղաքում, որտեղ և միջնակարգ կրթություն է ստացել։ 1922 թվականին նա ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Լինելով երկրորդ կուրսի ուսանող` Կոշտոյանցը աշխատել է ուսանողական գիտական խմբակներում և ֆիզիոլոգիայի, միկրոբիոլոգիայի ու կենդանաբանության ասպարեզում մի շարք հետաքրքրական աշխատանքներ է կատարել։ Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը վերջացնելուց հետո Կոշտոյանցը ընդունվել է ֆիզիոլոգիայի գծով ասպիրանտ։

Խաչատուր Կոշտոյանցն իր գիտական պատրաստությունն ստացել է խորհրդային և արտասահմանյան խոշորագույն գիտնականների (Սամոյլովի, Առնոլդի, Ռազենկովի, Իորդանի) ղեկավարությամբ։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո աշխատել է Տիմիրյագևի գիտահետազոտական ինստիտուտում, իսկ 1931 թվականին ընտրվել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր։ 1942 թվականին ընտրվել է նույն ամբիոնի վարիչ և գլխավորել այդ ամբիոնը մինչև իր կյանքի վերջը։ Միաժամանակ՝ 1946-1953 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ բնագիտության պատմության ինստիտուտի տնօրենը, իսկ 1936-1961 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ Սևերցևի անվան կենդանիների մորֆոլոգիայի ինստիտուտի էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ[3]։

1939 թվականին ընտրվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1943 թվականին Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ և կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։ 1943-1947 թվականներին ակադեմիկոս Կոշտոյանցը եղել է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենը։

Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային Կարմիր դրոշի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիկոս Կոշտոյանցը մոտ 300 գիտական աշխատությունների հեղինակ է[3]։ Կոշտոյանցի հիմնական աշխատությունները էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի բնագավառից են։ Նրա հետազոտությունները նշանակալից ազդեցություն ունեցան նյարդային համակարգի գործունեության քիմիական հիմունքների ժամանակակից հայեցակարգի ձևավորման վրա։

Նրա «Համեմատական ֆիզիոլոգիայի հիմունքները» (երկու հատորորով) աշխատությունը հրատարակվել է նաև անգլերեն, հունգարերեն, բուլղարերեն։ Նրա աշխատություններից են` «Վեգետատիվ և անիմալ չրգանների ֆունկցիաների վիճակը, նրանց էվոլյուցիայի լույսով», «Ապիտակուցային մարմինները, նյութերի փոխանակությունը և ներվային ռեգուլյացիան», «Ռուսաստանի ֆիզիոլոգիայի պատմության ակնարկներ» և այլն։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչատուր Կոշտոյանցն իր գիտական գործունեությունը զուգակցել է հասարակական աշխատանքով։ Երկար տարիներ նա եղել է ֆիզիոլոգների, բիոքիմիկոսների և ֆարմակոլոգների համամիութենական ընկերության նախագահի տեղակալը և մասնակցել համամիութենական ու անդրկովկասյան համագումարների ու կոնֆերանսների կազմակերպմանը։ Կոշտոյանցը միջազգային ֆիզիոլոգիական կոնգրեսներում և սիմպոզիումներում վեր է հանել խորհրդային գիտության նվաճումները։ Նա ԽՍՀՄ երկրորդ գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ է եղել։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խ. Ս. Կաշտոյանց», պատմաբանասիրական հանդես № 1, 1961, էջ 268-270

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.sci.am/m/membersview.php?id=68&d=&l=&langid=2
  2. 2,0 2,1 Коштоянц Хачатур Седракович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 А. П. Айриян (1998)։ Армянские учёные-медики։ Ереван: Амарас։ էջ 26։ ISBN 99930-1-001-7 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 591 CC BY-SA icon 80x15.png