Դասական ֆիզիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դասական ֆիզիկա, ֆիզիկա մինչև քվանտային տեսություն և հարաբերականության տեսություն: Ֆիզիկայի գիտական շենքի ստեղծմանը մասնակցել են տարբեր ժողովուրդների շատ սերունդների առաջավոր մտածողներ, որոնց անունով կոչվում են օրենքներ, բանաձևեր, հաստատուններ, չափման միավորներ: Դրա փայլուն ներկայացուցիչներից էին Էպիկուրը, Դեմոկրիտը, Լևկիպը, Բրունոն, Գալիլեյը, Կոպեռնիկոսը, Նյուտոնը, Պլանկը, Էյնշտեյնը և այլք: Իր ավելի քան 2500-ամյա պատմության մեջ ֆիզիկան ունեցել է քանակական ու որակական զարգացման տարբեր շրջաններ:

Դասական ֆիզիկայի հիմունքները ներդրվում էին Վերածննդի մի շարք գիտնականների կողմից, որոնցից հատկապես առանձնանում է Նյուտոնը՝ դասական մեխանիկայի հիմնադիրը.

Ֆիզիկայի զարգացման փուլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկայի նախապատմությունն ունեցել է հետևյալ փուլերը`

  • անտիկ
  • միջին դարեր
  • Վերածնության դարաշրջան

Անտիկ փուլում, որը ձգվել է մ.թ.ա. 6-րդ դարից մինչև մ.թ.ա. 5-րդ դար, ֆիզիկայի զարգացման հիմնական առանձնահատկությունը փաստերի կուտակումն ու դրանց նախնական բացատրությունն էր: Այն աչքի էր ընկնում փորձնական գիտելիքների բացակայությամբ և մտահայեցողական պարզագույն ընդհանրացումների առատությամբ: Այս շրջանում ֆիզիկան իր զարգացմամբ պարտական է հիմնականում Արիստոտելին և Արքիմեդին:

Միջին դարերում, 6-14-րդ դդ., իշխում էր սխոլաստիկան: Այս շրջանում քիչ հայտնագործություններ են կատարվել:

Վերածնության դարաշրջանում, 15-16-րդ դարեր, հետազոտվեցին մարմինների ազատ անկումը, անկյան տակ նետված մարմնի շարժումը, մարմինների բախումը, իներցիայի երևույթը, ձայնը, շփման օրենքները, մազականությունը:

Ֆիզիկան որպես գիտություն ձևավորվելու շրջանում, որը սկսվել է 17-րդ դարի 80-ական թվականներից, ամենաբնորոշը գիտական հետազոտության մեջ փորձնական մեթոդի արմատավորումն է, որի հիմնադիրը Գալիլեո Գալիլեյն էր: Այս շրջանում էր, որ Տորիչելիի հետազոտությունները սկիզբ դրեցին մթնոլորտի գիտական ուսումնասիրմանը, ստեղծվեց օդահան պոմպը, սահմանվեցին առաջին գազային օրենքները, հիմք դրվեց ֆիզիկական ակուստիկային:

Դասական ֆիզիկայի շրջանը, (17-րդ դարի վերջ – 20-րդ դարի սկիզբ ), ընդգրկում է հետևյալ փուլերը:

  1. Առաջին փուլը (17-րդ դար-19-րդ դ.արի 60-ական թթ.) Նյուտոնի մեխանիկայի հաղթանակն է, աշխարհի մեխանիկական պատկերի ձևավորումը: Այս փուլում էլ բուռն զարգացում են ապրում ֆիզիկայի բոլոր հայտնի բնագավառները: Առավել ավարտուն տեսք է ստանում մեխանիկան` շնորհիվ Նյուտոնի դինամիկայի օրենքների: Հայտնագործվում են մատերիայի և շարժման պահպանման օրենքները, ինչպես նաև էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքները: Սահմանվեցին գազային օրենքները, ձևավորվեց ջերմադինամիկան, դրվեցին լուսաչափության հիմքերը: Փորձնական ճանապարհով ձևավորվեց ալիքային օպտիկան, հայտնաբերվեցին լույսի անտեսանելի մասերը, կարևոր հայտնագործություններ կատարվեցին էլեկտրամագնիսականության բնագավառում:
  2. Երկրորդ փուլում (19-րդ դարի 60-ական թթ. – 19-րդ դարի վերջ) առավել նշանակալից են էլեկտրամագնիսական դաշտի տեսության ստեղծումը, էլեկտրամագնիսական ալիքների փորձնական հաստատումը, ռադիոյի գյուտը, ռենտգենյան և ռադիոակտիվ ճառագայթների գյուտը, գազերի կինետիկ տեսության ստեղծումը, լույսի ճնշման չափումը և այլն:
  3. Երրորդ փուլում (18951904 թթ.) բնորոշ գիծը ֆիզիկայի զարգացման մեջ եղած պատկերացումների արմատական վերանայումն էր, դասական ըմբռնումների ընդլայնումն ու զարգացումը նոր փորձնական փաստերի հիման վրա: Այդ գործում էական նշանակություն ունեցան 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի մեծագույն հայտնագործությունները` ռենտգենյան ճառագայթներ, էլեկտրոնի հայտնագործում, ատոմի առաջին մոդելների ստեղծում, որոնք խարխլեցին աշխարհի մեխանիկական պատկերը և հող նախապատրաստեցին հարաբերականության տեսության և քվանտային մեխանիկայի ստեղծման համար:

Դասական ֆիզիկայի հիմքը կազմող տարածության և ժամանակի մասին նոր պատկերացումները ստեղծել է անգլիացի հայտնի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնը:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պ. Ծատուրյան, Հետաքրքրաշարժ ֆիզիկա, Երևան