Պոնտոսի թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Պոնտոսի թագավորություն
մ.թ.ա. 281 թվական - մ.թ.ա. 65 թվական  
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Ամասիա, Սինոպ
Իշխանություն
Պետական կարգ Թագավորություն
Պետության գլուխ թագավոր

Պոնտոսի թագավորություն կամ Պոնտական կայսրություն, եղել պարսկական Միհրդատների տոհմի կողմից հիմնադրված պետություն[1][2][3][4], որը հնարավոր է ուղղակի սերում է Դարեհ I Մեծից և Աքեմենյան դինաստիայից[4]։ Թագավորությունը հռչակվել է Միհրդատ I-ի կողմից մ.թ.ա. 281 թվականին մինչ այն նվաճեց Հռոմեական հանրապետությունը մ.թ.ա. 63 թվականին։ Այն իր հզորության գագաթնակետին հասավ Միհրդատ VI Եվպատորի օրոք, ով նվաճեց Կողքիսը, Կապադովկիան, Բյութանիան, Խերսոնես Տավրիկյան հունական գաղութները և Ասիա հռոմեական պրովինցիան։ Հռոմի հետ երկարատև Միհրդատյան պատերազմներից հետո, Պոնտոսը պարտվեց և դրա մի մասը կցվեց Հռոմեական հանրապետությանը որպես Բյութանիա և Պոնտոս պրովինցիա, իսկ արևելյան մասը շարունակեց գոյատևել որպես կախյալ թագավորություն։

Մշակութապես թագավորությունը հելլենացված էր[5], որի պաշտոնական լեզուն հունարենն էր[6]։

Պոնտոսի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոնտական մետաղադրամ

Պոնտոսի թագավորությունը բաժանվում էր երկու տարբեր շրջանների, ափամերձ տարածաշրջան և ներքին Պոնտոս։ Ափամերձ հատվածը սահմանակցում էր Սև ծովին և մյուս կողմից բաժանվում էր լեռներով, որոնք կոչվում էին Պոնտական լեռներ և զուգահետ անցնում էին ափի հետ։ Պոնտոսի գետերի ավազանները նույնպես զուգահեռ էին ափի հետ և բավականին բերքառատ էին, ինչը թույլ էր տալիս աճեցնել հացահատիկ, պտղատու ծառեր և բուծել խոշոր եղջերավոր անասուններ։ Ափամերձ հատվածում կային մեծ թվով հունական քաղաքներ, ինչպիսիք էին Ամաստրիսը և Սինոպը, վերջինս դարձավ Պոնտոսի մայրաքաղաքը։ Ափամերձ հատվածը հարուստ էր անտառափայտով, ձկնորսությանմ և ձիթապտուղով։ Պոտնոսը նաև հարուստ էր երկաթով և արծաթով հիմնականում Կերասունի մոտակայքում։ Կար նաև պղինձ, կապար, ցինկ և արսեն։ Ներքին Պոնտոսը ուներ հարուստ գետերի ավազաններ, որտեղով անցնում էին Գայլ և Իրիս գետերը։ Ներքին Պոնտոսի գլխավոր քաղաքն էր Ամասիա, որը Պոնտոսի վաղ շրջանի մայրաքաղաքն էր, որեղ Պոնտոսի թագավորները կառուցել էին իրենց թագավորական պալատները։ Բացի Ամասիայից և մի քանի այլ քաղաքներից ներքին Պոնտոսը հիմնականում բաղկացած էր փոքր գյուղերից։ Պոնտոսի թագավորությունը բաժանվում էր շրջանների, որոնք կոչվում էին Էպարխներ[7]։

Պոնտական լեռները, որոնք բաժանում են թագավորությունը:

Ներքին և ափամերձ Պոնտոսները նաև բաժանվում էին մշակութային առումով։ Ափամերձ մասում հիմնականում ապրում էին հույներ և նրանք զբաղված էին գլխավորապես ծովային առևտրով։ Ներքին Պոնտոսի բնակչությունը հիմնականում ուներ պարսկական արմատներ։ Ներքին Պոնտոսը նույնպես ուներ հզոր ամրոցներ և մեծ պարիսպներ։ Թագավորության աստվածները հիմնականում սինկրետիկ էին, որոնք նմանվում էին պարսկական և հունական աստվածներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միհրդատյան դինաստիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոնտոս տարածաշրջանը սկզբնական շրջանում պարսկական Կապադովկիա սատրապության մասն էր կազմում։ Պարսկական դինաստիան, որը հիմնեց թագավորությունը, մ.թ.ա. 4-րդ դարում կառավարում էր Կիոս քաղաքը Միսիայում, որի առաջին անդամն էր Միհրդատ Կիոսեցին։ Նրա որդի Արիոբարզանես II-ը դարձավ Փռյուգիայի սատրապ։ Նա դաշնություն կնքեց Աթենքի հետ և ապստամբեց պարսկաստանի թագավոր Արտաքսերքսես II-ի դեմ, սակայն կահընկեց եղավ իր որդու` Միհրդատ II Կիոսեցու կողմից[8]։ Միհրդատը մնաց կառավարիչ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո և դարձավ Անտիգոնես I Միաչքանու վասալը, ում անցավ Փոքր Ասիան Տրիպարադիսուսի բաժանումից հետո։ Միհրդատը սպանվեց Անտիգոնուսի կողմից մ.թ.ա. 302 թվականին, քանի որ վերջինս կասկածում էր, որ Միհրդատը բանակցություններ է վարում նրա թշնամի Կասսանդերի հետ։ Անտիգոնեսը մտադիր էր սպանել նաև Միհրդատի որդուն, ում անունը նույնպես Միհրդատ էր, սակայն Դեմիտրիոս I-ը զգուշացրեց նրան և Միհրդատը կարողացավ փախչել վեց ձիավորի հետ[9]։ Միհրդատը սկզբում գնաց Պափլոգոնիա և հետո Ամասիա։ Նա կառավարեց մ.թ.ա. 302-ից 266 թվականները և սկզբում մարտնչեց Սելևկոս I Նիկատորի դեմ և մ.թ.ա. 280 թվականին հռչակեց իրեն հյուսիսային Կապադովկիայի և Պափլոգոնիա թագավոր։ Հետագայում նա ընդարձակեց թագավորությունը դեպի Սանգրիուս գետը արևմուտքում։ Նրա որդի Արիոբարզանեսը նվաճեց Ամասրա քաղաքը մ.թ.ա. 279 թվականին, որը առաջին կարևոր նավահանգիստն էր Սև ծովի ափին։ Միհրդատը նաև դաշնություն կնքեց նոր ժամանած գալաթիացիների հետ և պարտության մատնեց Պտղոմեոս Լագոսի ուղարկած զորքին։ Պտղոմեոսը ներխուժեց նրա տարածք Առաջին Սիրիական պատերազմի ժամանակ ընդդեմ Անտիոքի մ.թ.ա. 270-ական թվականների կեսերին և դաշնություն կնքեց Միհրդատի թշնամի Հերակլեա Պոնտացու հետ[10]։

Պոնտոսի թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությանը քիչ բան է հայտնի Արիոբարզանեսի կարճատև կառավարումից, նրա մահից հետո թագավոր դարձավ նրա որդի Միհրդատ II-ը, ով հարձակման ենթարկվեց գալաթիացիների կողմից։ Միհրդատ II-ին օգնության ձեռք մեկնեց Հերակլեա Պոնտացին, ով նույնպես պատերազմում էր գալաթիացիների դեմ այդ ժամանակ։ Միհրդատը օգնեց Անտիոք Հիեաքսին ընդդեմ նրա եղբայր Սելևկիոս II-ի։ Սելևկիոսը պարտություն կրեց Անատոլիայում Հիերաքսի, Միհրդատի և գալաթիացիների կողմից։ Միհրդատը նաև հարձակվեց Սինոպի վրա մ.թ.ա. 220 թվականին, սակայն չկարողացավ նվաճել քաղաքը։ Նա ամուսնացավ Սելևկիոս II-ի քրոջ հետ և իր դստերը կնության տվեց Անտիոք III-ի հետ, որի դիմաց ճանաչվեց նրա նոր թագավորությունը և սերտ կապեր հաստատվեցին Սելևկյանների կայսրության հետ։ Աղբյուրները լռում են Միհրդատ II-ի մահից հետ Միհրդատ III-ի կառավարման տարիների վերաբերյալ[11]։

Բրոնզե վահան Ֆարնակես թագավորի նավամբ, Գետտի վիլլա:

Ֆարնակաս I Պոնտացին (մ.թ.ա. 189–159) ավելի հաջողակ էր, քան իր նախորդները, քանի որ կարողացավ նվաճել ափամերձ հունական քաղաքները։ Նա միացավ Պրուսիաս I ընդդեմ Էումենես Պերգամոնեցու դեմ պատերազմին և հաշտություն կնքեց մ.թ.ա. 183 թվականին։ Նա նվաճեց Սինոպը մ.թ.ա. 182 թվականին և չնայած Հռոմից սպառնացին դրա վերաբերյալ, ոչինչ չարվեց։ Ֆարնակեսը նաև նվաճեց ափամերձ քաղաքներ Օրդուն, Կերասունը և Տրապիզոնը, արդյունքում վերահսկողություն ձեռք բերեց Անատոլիայի հյուսիսային առափնյա հատվածի հանդեպ։ Չնայած Հռոմի ջանքերին խաղաղություն հաստատել տարածքում, Ֆարնակասը պատերազմում էր ընդդեմ Էումենես Պերգամոնեցու և Արիարաթես Կապադովկացու դեմ։ Չնայած սկզբում հաջող էր մարտնչում, սակայն մ.թ.ա. 179 թվականին ստիպված հաշտություն կնքեց։ Նա վերադարձրեց բոլոր հողերը, որոնք նվաճել էր գալաթիացիներից և Պափլոգոնիան, և թողեց Սինոպ քաղաքը[12]։ Իր ազդեցությունը հյուսիսում վերադարձնելու համար նա հաշտություն կնքեց Խերսոնես Տավրիկյան և Սև Ծովի քաղաքների հետ, ինչպիսիք էր Վառնան բուլղարական ափին։ Ֆարնակասի եղբայր Միհրդատ IV-ի կառավարման տարիներին խաղաղ էր և նա վարում էր հռոմամետ քաղաքականություն։ Նա օգնություն ողղարկեց Հռոմի դաշնակից Ատտալոս II-ին ընդդեմ Պրուսիաս II-ի մ.թ.ա. 155 թվականին[13]։

Նրան հաջորդած Միհրդատ V Պոնտացին մնաց Հռոմի բարեկամը և մ.թ.ա. 149 թվականին ուղարկեց նավեր և փոքր զորաբանակ Հռոմին մարտնչելու Պունիական պատերազմում։ Նա նաև զորքեր ուղարկեց Արիստոնիկոսի դեմ պատերազմում, ով հավակնում էր Պարգեմոնի գահին Ատտալոս III-ի մահեից հետո։ Քանի որ Ատտալոսը ժառանգներ չուներ Պարգեմոնը անցավ Հռոմին և կազմեց Ասիա պրովինցիայի մի մասը։ Հռոմին հավատարիմ լինելու համար Միհրդատին շնորհվեց Մեծ Ֆրիգիա տարածաշրջանը։ Կապադովկիայի թագավորությանը անցավ Լիկաոանիան։ Դրա հետևանքով Պոնտոսը ուղղակի հակամարտության մեջ մտավ գալաթիացիների հետ, քանի որ Պրիգիան ուղղակի սահման չուներ Պոնտոսի հետ։ Միհրդատը նաև ժառանգեց Պափլոգոնիայի մի մասը նրա թագավոր Պիլաեմենեսի մահից։ Միհրդատ V-ը ամուսնացրեց իր դստերը Կապադովկիայի թագավորի հետ, որից հետո փորձեց նվաճել Կապադովկիան, սակայն պատերազմի մանրամասները անհայտ են։ Հելլենիզացիան շարունակվեց Միհրդատ V-ի օրորք։

Քանի որ Միգրդաի մահից հետո նրա որդիները դեռ երեխա էին, Պոնտոսը անցավ նրա կնոջը` Լեոդիսիային։ Նա իր որդիներից նախընտրեց Խրեստուսին և Միհրդատ VI-ին զրկեց գահից։ Ըստ առասպելների Միհրդատը դրանից հետո ճանապարհորդել է Փոքր Ասիայով և սովորել բազմաթիվ լեզուներ։ Նա վերադարձել է մ.թ.ա. 113 թվականին, որպեսզի գահընկեց անի մորը, որից հետո նրա մայրը նետվել է բանտ և իր եղբոր հետ սպանվել[14]։

Միհրդատ VI Եվպատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միհրդատ VI Եվպատորի կիսանդրին Լուվրում

Միհրդատ VI Եվպատորը վարում էր հակահռոմեական քաղաքականություն` գովաբանելով հունական և պարսկական մշակույթները ընդդեմ հռոմեական ազդեցության։ Հռոմը մինչ այդ հիմնադրել էր Ասիա պրովինցիան Անատոլիայում և հետ էր վերցրել Մեծ Ֆրիգիան Պոնտոսից Լեոդիսիայի կառավարման ժամանակ։ Միհրդատը սկսեց ընդարձակել իր երկիրը` ժառանգելով Փոքր Հայքը թագավոր Անտիպատերից և նվաճելով Կողքիսի թագավորությունը։ Կողքիսը կարևոր տարածաշրջան էր Սև ծովի աձին, հարուստ ոսկով, մոմանյութերով և մեղրով։ Խերսոնես Տավրիկյան քաղաքը օգնող նրան սկյութների հյուսիսում։ Միհրդատը ուղարկեց 6.000 զինվոր գեներալ Դիոֆանտուսի գլխավորությամբ։ Դեպի Ղրիմ մի շարք արշավանքներից հետո նա վերահսկեց ամբողջ Խերսոնեսի վրա։ Միհրդատը նաև զարգացրեց առևտրական կապերը Սև ծովի արևմտյան ափի քաղաքների հետ[15]։

Այդ ընթացքում հռոմը կռվում էր Յուգուրթական և Կիմբրական պատերազմներում։ Միհրդատը և Նիկոմեդեսը միասին ներխուժեցին Պափլոգոնիա և բաժանեցին միմյանց միջև։ Հռոմը դեսպան ուղարկեց, սակայն նրա պահանջները մերժվեցին։ Միհրդատը նաև նվաճեց Գալաթիայի մի մասը, որը իր հոր թագավորության մասն էր կազմում և ներխուժեց Կապադովկիա, որտեղի թագուհին էր նրա քույր Լեոդիսիան։ Մ.թ.ա. 116 թվականին Կապադովկիայի թագավոր Արիարատես VI-ը սպանվեց կապադովկիացի ազնվական Գորդիուսի կողմից Միհրդատի ցուցումով և Լեոդիսիան կառավարեց որպես Արիարատեսի որդիների ռեգենտ մինչև մ.թ.ա. 102 թվականը։ Երբ Նիկոմեդես III-ը ամուսնացավ Լեոդիսիայի հետ, նա փորձեց նվաճել տարածաժրջանը, սակայն Միհրդատը ավելի շուտ նվաճեց այն, իր զարմիկ Արիարատես VII-ին կարգեց Կապադովկիայի գահին։ Շուտով պատերազմ բռնկվեց երկուսի միջև և Միհրդատը մեծ բանակ հավաքեց, սակայն Արիարատես VII-ը սպանվեց մինչ որևէ ճակատամարտ տեղի կունենար։ Դրանից հետո Միհրդատը իր ութ տարեկան որդուն` Արիարատես IXին կարգեց Կապադովկիայի թագավոր, իսկ Գորդիուսին` ռեգենտ։ Մ.թ.ա. 97 թվականին Կապադովկիան ապստամբեց, սակայն Միհրդատը արագորեն ճնշեց այն։ Դրանից հետո Միհրդատը և Նիկոմեդես III-ը դեսպաններ ուղղարիեցին Հռոմ։ Հռոմի սենատը որոշեց, որ Միհրդատը պետք է զորքերը հանի Կապադովկիայից, իսկ Նիկոմեդեսը` Պափլոգոնիայից։ Միհրդատը մերժեց և Հռոմը նվաճեց Կապադովկիան։ Մ.թ.ա. 91/90 թվականին, մինչ Հռոմը զբաղված էր Դաշնակցային պատերազմով Իտալիայում, Միհրդատը դաշնություն կնքեց իր փեսա և Հայաստանի թագավոր Տիգրան Մեծի հետ և նվաճեցին Կապադովկիան, իսկ Հռոմի կողմից նշանակված Արիոբարզանեսը փախավ Հռոմ։ Միհրդատը դրանից հետո նվաճեց Բյութանիան և Նիկոմեդեսի փոխարեն գահին նստացրեց Սոկրատես Խրեստուսին[16]։

Առաջին Միհրդատյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական բանակը Մանիուս Ակուիլիուսի գլխավորությամբ մ.թ.ա. 90 թվականին ժամանեց Փոքր Ասիա, մինչև ստիպեց Միհրդատին և Տիգրանին նահանջել։ Կապադովկիայում և Բյութանիայում Հռոմի կողմից նշանակվեցին միապետներ, որոնք Հռոմի սենատորներին տրված կաշառքների պատճառով մեծ պարտքեր կուտակեցին Հռոմի հանդեպ և Նիկոմեդես IV-ը Ակուիլիուսի թույլտվությամբ հարձակվեց Պոնտոսի վրա, որպեսզի մարի պարտքերը։ Նա թալանեց Ամաստրա քաղաքը և վերադարձավ մեծ ավարով։ Միհրդատը ներխուժեց Կապադովկիա և Հռոմը պատերազմ հայտարարեց[17]։

Մ.թ.ա. 89 թվականի ամռանը Միհրդատը ներխուժեց Բյութանիա և պարտության մատնեց Նիկոմեդեսին և Ակուիլիուսին։ Նա արագորեն շարժվեց դեպի Հռոմեական Ասիա և դիմադրությունը կոտրեց։ Մ.թ.ա. 88 թվականին նա նվաճեց պրովինցիայի մեծ մասը։ Նրան ջերմորռն ընդունեցին շատ քաղաքներում, քանի որ դժգոհ էին Հռոմի հարկերից։ Նույն տարում Միհրդատը հրամայեց կոտորել մոտ 80.000 հռոմեացիների և իտալացիների, ինչը հայտնի դարձավ 'Էֆեսյան երեկույթ' անվամբ։ Փոքր Ասիայի շատ հունական քաղաքներ ուրախությամբ կատարեցին հրամանները, ինչը նշանակում էր, որ այլևս Հռոմի հետ դաշնակից չեն լինելու։ Նույն թվականի ամռանը Միհրդատը պաշարեց Հռոդոսը, սակայն չկարողացավ այն նվաճել[18]։

Աթենքում հակահռոմեական ուժերը բավականություն ստացան նորություններով և շուտով դաշինք կնքեցին Միհրդատի հետ։ Միասնական պոնտա-աթենական նավատորմը Դելոսը մ.թ.ա. 88 թվականին և ճանապարհ բացեց դեպի Աթենք։ Շատ հունական քաղաքներ միացան Միհրդատին, ներառյալ Սպարտան, Աքեյան լիգան և Բեոտիյան լիգայի մեծ մասը, բացառությամբ Ֆեսպիից։ Մ.թ.ա. 87 թվականին Լուցիոս Կոռնելիուս Սուլլան Իտալիայից ուղարկեց հինգ լեգիոն։ Նրանք շարժվեցին դեպի Բեոտիա, որն արագորեն անձնատուր եղավ, դրանից հետո պաշարեցին Աթենքը և Պիրեյոսը։ Աթենքը ընկավ մ.թ.ա. 86 թվականին։ Ուժեղ դիմադրությունից հետո պոնտական զորավար Արխելաուսը թողեց Պիրեյոսը և Սուլան կարողացավ ավերել քաղաքը։ Դրանից հետո Միհրդատը իր որդի Արկաթիասի գլխավորությամբ մեծ բանակ ուղարկեց Հունաստան Թրակիայով[19]։

Լուցիոս Կոռնելիուս Սուլլա

Սուլլան այժմ շարժվեց դեպի հյուսիս` Բեոտիայում համալրելով իր բանակը։ Խերոնեայի ճակատամարտում Սուլլան մեծ կորուստներ պատճառեց Արխելաուսին, ով այնուամենայնիվ չնահանջեց և շարունակեց հարձակվել հունական քաղաքների վրա պոնտական նավատորմի օգնությամբ։ Արխելաուսը վերախմբավորվեց և երկրորդ անգամ ճակատամարտեց մ.թ.ա. 85 թվականին, սակայն նորից պարտվեց և կրեց ծանր կորուստներ։ Այս կորուստների արդյունքում նա վերադարձավ Փոքր Ասիա` ճանապարհ բացելով հռոմեացիների համար դեպի Բյութանիա և Միհրդատը ստիպված էր հաշտություն խնդրել։ Միհրդատը և Սուլլան հանդիպեցին մ.թ.ա. 85 թվականին Դարդանիա քաղաքում։ Սուլլան պահանջեց, որ Միհրդատը վերադարձնի Հռոմեական Ասիան, Բյութանիան և Կապադովկիան։ Նա նաև ստիպված էր վճարելու ռազմատուգանք 2.000 տաղանդ։ Միհրդատին մնում էր մնացած տարածքները և նա դառնում էր Հռոմի դաշնակիցը[20]։

Երկրորդ և երրորդ Միհրդատյան պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլլայի հետ կնքված հաշտությունը երկար չտևեց։ Մ.թ.ա. 83-ից 82 թվականների Միհրդատը պատերազմեց և հաղթեց Լիցինիոս Մուրենային, ում Սուլլան նշանակել էր Ասիայի պրովինցիայում։ Այսպես կոչված Երկրորդ Միհրդատյան պատերազմը ավարտվեց առանց որևէ տարածքային փոփոխության։ Հռոմեացիները արդեն սկսել էին պաշտպանել Լիկիայի և Պամփիլիայի ափամերձ հատվածները ծովահեններից` վերահսկողություն հաստատելով Պիսիդիայի և Լիկաոնիայի նկատմամբ։ Երբ մ.թ.ա. 74 թվականին կոնսուլ Լյուցիոս Լուկուլլոսը նվաճեց Կիլիկիան, Միհրդատը ստիպված էր կռվել հռոմեական զորավարների դեմ երկու ճակատով։ Կիլիկիայի ծովահենները վերջնական պարտություն չէին կրել և Միհրդատը դաշինք կնքեց նրանց հետ։ Նա նաև դաշինք կնքեց Իսպանիայի Կվինտոս Սերտորիոսի հետ, ով օգնեց վերակազմավորել նրա զինվորների մեծ մասին հռոմեական լեգիոնական ոճով։

Երրորդ Միհրդատյան պատերազմը բռնկվեց, երբ մ.թ.ա. 75 թվականին մահացավ Բութանիայի թագավոր Նիկոմեդես IV-ը առանց ժառանգի և թագավորությունը թողեց Հռոմին։ Մ.թ.ա. 74 թվականին Հռոմը մոբիլիզացրեց իր բանակները Փոքր Ասիայում, հավանաբար Միհրդատի դեմ, սակայն աղբյուրները միանշանակ չեն այս հարցում։ Մ.թ.ա. 73 թվականին Միհրդատը ներխուժեց Բութանիա և նրա նավատորմը հաղթեց հռոմեացիներին Քաղկեդոնում և պաշարեց Կիզիկուսը։ Լուկուլլոսը իր հինգ լեգիոններով շարժվեց դեպի Պիսիդիա և Միհրդատը ստիպված էր նահանջել Պոնտոս[21]։ Մ.թ.ա. 72 թվականին Լուկուլլոսը ներխուժեց Պոնտոս Գալաթիայով և Հալիս գետի հյուսիսային ափով շարժվեց առաջ ու պաշարեց Ամիսուսը, որը անառիկ մնաց մինչև մ.թ.ա. 70 թվականը։ Մ.թ.ա. 71 թվականին նար Իրիս և Լիկուս գետերի ավազանով շարժվեց և իր տեղակայման վայրը հիմնեց Կաբերիայում։ Միհրդատը ուղարկեց իր հեծելազորը, որպեսզի կտրի հռոմեացիների մատակարարման ուղիները, սակայն մեծ կորուստներ կրեց։ Միհրդատը չէր ցանկանում ճակատամարտել հռոմեացիների դեմ և նահանջեց Փոքր Հայք, որտեղ իր դաշնակից Տիգրան Մեծից օգնության հույս ուներ։ Նրա թուլացած հեծելազորի և նահանջի պատճառով պոնտական բանակը շարքից դուրս էր եկել։ Այս իրադարձություններից օգտվելով Միհրդատի որդի Մաչարեսը, ով Ղրիմյան Բոսֆորի ղեկավարն էր, Հռոմի հետ դաշինք էր փնտրում։ Միհրդատը փախավ Հայաստան[22]։

Մ.թ.ա. 69 թվականին Լուկուլլոսը 12.000 զրոքով Կապադովկիայից ներխուժեց Հայաստան։ Նպատակը Տիգրանի նոր մայրաքաղաք Տիգրանակերտն էր։ Տիգրանը նահանջեց, որպեսզի հավաքի իր զորքերը։ Լուկուլլոսը պաշարեց քաղաքը և Տիգրանը վերադարձավ իր զորքով, ներառյալ մեծ թվով ծանր զինված հեծյալներով Կատաֆրակտոսներով, ինչը մի քանի անգամ գերազանցում էր Լուկուլլոսի բանակին։ Չնայած դրան Լուկուլլոսը հաղթանակ տարավ Տիգրանակերտի ճակատամարտում։ Տիգրանը նահանջեց հյուսիս, մինչդեռ Լուկուլլոսը ավերեց քաղաքը և շարժվեց դեպի հարավ` անկախություն շնորհելով Ծոփքին և վերադարձնելով Սիրիան Սելևկյան թագավոր Անտիոք XIII-ին։ Մ.թ.ա. 68 թվականին Լուկուլլոսը ներխուժեց Հյուսիսային Հայաստան` թալանելով երկիրը և նվաճելով Մծբինը, սակայն Տիգրանը խուսափեց ճակատամարտելուց։ Միևնույն ժամանակ Միհրդատը ներխուժեց Պոնտոս և մ.թ.ա. 67 թվականին պարտության մատնեց հռոմեական մեծաքանակ զորքին Զելայի մոտ։ Լուկուլլոսի զորքը արդեն հյուծվել էր և նա ստիպված էր նահանջել Պոնտոս, որից հետո Գալաթիա։ Նրան փոխարինեցին երկու նոր կոնսուլներ իրենց թարմ լեգիոններով, Մարցիոս Ռեքսը և Ացիլիոս Գլաբրիոն։ Միհրդատը այժեմ վերադարձրեց Պոնտոսը, իսկ Տիգրանը ներխուժեց Կապադովկիա[23]։

Միջերկրական ծովում ծովահենների ակտիվության աճի հետ Հռոմի սենատը Գնեոս Պոմպեոսին նշանակեց կայրության գլխավոր կոնսուլ Միջերկրական ծովում մ.թ.ա. 67 թվականին։ Պոմպեոսը հաղթեց ծովահեններին և դարձավ Փոքր Ասիայում զորքերի հրամանատար ընդդեմ Պոնտոսի։ Պոմպեոսի զորը հաշվվում էր մոտ 45.000 լեգիոներ, ներառյալ Լուկուլլոսի զորքերը և հաշտություն կնքեց պարթևներին, որոնք հարձակվում և շեղում էին Տիգրան Մեծին արևելքից։ Միհրդատի բանակը հաշվվում էր 30.000 զինվոր և 2.000-3.000 ձիավոր, որոնք տեղակայված էին Փոքր Հայքի բարձունքներում։ Պոմպեոսը շրջափակեց Միհրդատին և վեց շաբաթ անց վերջինս ստիպված հեռացավ հյուսիս։ Պոմպեոսը անակնկալի բերեց Միհրդատի զորքին գիշերային հարձակմամբ և ծանր կորուստներ պատճառեց։ Ճակատամարտից հետո Պոմպեոսը հիմնադրեց Նիկրոպոլիս քաղաքը։ Միհրդատը նահանջեց Կողքիս, որից հետո մ.թ.ա. 65 թվականին Ղրիմ, իր որդի Մաչարեսի մոտ։ Պոմպեոսը դրանիշց հետո շարժվեց արևելք դեպի Հայաստան, որտեղ նրան հանդիպեց Տիգրան Մեծը և նրա ոտքերի մոտ դրեց իր թագը։ Պոմպեոսը Տիգրանից վերցրեց կայսրության մեծ մասը, սակայն թույլատրեց Տիգրանին մնալ Հայաստանի արքա։ Մինչդեռ Միհրդատը կազմակերպում էր Ղրիմի պաշտպանությունը, նրա որդի Պարնակեսը ապստամբեց նրա դեմ, Միհրդատը կամ սպանվեց կամ ինքնասպան եղավ[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Foreign Policy of Mithridates VI Eupator, King of Pontus, by B. C. McGing, p. 11
  2. Children of Achilles: The Greeks in Asia Minor Since the Days of Troy, by John Freely, p. 69–70
  3. Strabo of Amasia: A Greek Man of Letters in Augustan Rome, by Daniela Dueck, p. 3.
  4. 4,0 4,1 http://www.iranicaonline.org/articles/pontus
  5. Children of Achilles: The Greeks in Asia Minor Since the Days of Troy, by John Freely, p. 69–70
  6. The Foreign Policy of Mithridates VI Eupator, King of Pontus, by B. C. McGing, p. 11
  7. Crook, Lintott & Rawson "The Cambridge Ancient History. Volume IX. The Last Age of the Roman Republic, 146–43 B.C.", p. 133–136.
  8. Xenophon "Cyropaedia", VIII 8.4
  9. Appian "the Mithridatic wars", II
  10. McGing, 16–17.
  11. McGing, 17–23.
  12. Polybius "Histories", XXIV. 1, 5, 8, 9 XXV. 2
  13. Polybius, XXXIII.12
  14. Cambridge Ancient v. 9, p. 133.
  15. Cambridge Ancient v. 9, p. 137–138.
  16. Cambridge Ancient v. 9, 141–144.
  17. Appian, II
  18. Cambridge Ancient v. 9, 146–49.
  19. Cambridge Ancient v. 9, 150–54.
  20. Cambridge Ancient v. 9, 155–60.
  21. Cambridge Ancient v. 9, 229–36.
  22. Cambridge Ancient v. 9, 237–39.
  23. Cambridge Ancient v. 9, 240–44.
  24. Cambridge Ancient v. 9, 249–54.