Սատրապություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սատրապություն, Աքեմենյան պետությունում ռազմա-վարչական խոշոր միավոր։ Աքեմենյանների լայնածավալ տերությունը Դարեհ I (մ․թ․ա․ 522-486) բաժանել է 24 սատրապությունների՝ հաշվի առնելով գլխավորապես բնական, աշխարհագրական սահմանները, ինչպես նաև մարզերի էթնիկական կազմը։

Հաճախ սատրապությունը համապատասխանել է նախկինում անկախ այս կամ այն պետության տարածքին (Մարաստան, Հայաստան, Եգիպտոս, Բաբելոն և այլն)։ Դարեհ I-ի օրոք Հայաստանը, Պակտիկեն (պարսկերեն Կատպատուկա, հայերեն՝ Կապուտկե) և հարակից մարզերը (մինչև Եվքսինյան Պոնտոս) ընդգրկվել են 13-րդ Այան մեջ, որից իբրև հարկ տարեկան գանձվել է 400 տաղանդ արծաթ, 20 հազար նժույգ, թանկարժեք մետաղից պատրաստված բարձրարվեստ անոթներ։ Դարեհ I-ի արձանագրություններում Հայաստանը (հին պարսկերեն՝ Արմինա, էլամերեն՝ Հար-Մինույա, աքքադերեն՝ Ուրաշտու) ներկայացված է որպես միատարր ժողովրդով (հայերով) բնակեցված միասնական երկիր։ Արևելքի երկրների բաժանումը սատրապությունների պահպանվել է նաև հետագայում՝ Ալեքսանդր Մակեդոնացու, Սելևկյանների և Պարթև Արշակունիների տերություններում։ Հայաստանը Հռոմեական կայսրության և Պարսկաստանի միջև բաժանվելուց (387) հետո կայսրությանն անցած հայկական հողերի մի մասում վարչական բաժանումները նույնպես կոչվել են սատրապություններ (տես Սատրապական իշխանություններ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png