Բյուզանդական Հայաստան
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Սեբաստիա Մալաթիա Արշամշատ Կարին | |||
Լեզու | Հայերեն | |||
Ազգություն | Հայեր | |||
Կրոն | Հայ Առաքելական եկեղեցի | |||
Պատմություն |
Բյուզանդական Հայաստան, Բյուզանդիայի գերիշխանության տակ գտնվող Մեծ Հայքի արևմտյան նահանգները (ի սկզբանե՝ մոտ 60.000 կմ2) և Փոքր Հայքի տարածքները (70.000-130.000 կմ2) 387-640 թվականներին։ Միանշանակ սահմաններ չեն եղել, քանի որ դրանք մշտապես ենթարկվել են փոփոխության։
Ստեղծվել է Մեծ Հայքի 387 թվականի բաժանմամբ, երբ երկրի մոտ 20 տոկոսն անցավ Բյուզանդիային (Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիքի մի մաս), իսկ մնացածը՝ Սասանյան Պարսկաստանին։ Ապա Հայաստանը բաժանվեց երկրորդ անգամ, և կայսրության սահմաններն ընդլայնվեցին։ Այս իրավիճակը տևեց մինչև արաբական արշավանքները, երբ բյուզանդացիները ստեղծեցին Արմենիակոն ռազմաքաղաքական թեմը։ 9-րդ դարի վերջին վերականգնվեց Հայաստանի անկախությունը՝ Բագրատունիների գերիշխանություն ներքո, պատմական Հայաստանի որոշ հատվածներ շարունակեցին մնալ Բյուզանդիայի կազմում։
Հայերը մեծ տեղ էին գրավում կայսրության կազմում։ Բյուզանդիայում եղել են բազմաթիվ հայազգի կայսրեր և զորավարներ։ Հայտնի զորավարն էր Նարսեսը, իսկ կայսրերից՝ Հերակլիուսը, Վասիլ I Մակեդոնացին, ով հիմք դրեց Հայկական հարստությանը, Ռոմանոս Ա-ն, Հովհաննես Ա Չմշկիկն ու Նիկեփոր Փոկասը[1]։ Բյուզանդացիները 10-րդ դարի կեսերից մաս-մաս նվաճում էին Բագրատունիների թագավորությունը, որը վերջնականապես իրենցը դարձավ 1045 թվականին։ Քառորդ դար անց Մանազկերտի ճակատամարտից (1071) հետո։ Բյուզանդիան կորցրեց վերահսկողությունը հայկական բոլոր գավառների նկատմամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական Հայաստանը Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո վերջնական բաժանված էր երկու հիմնական միավորների՝ Մեծ Հայք (280-320 հազար կմ2) և Փոքր Հայք (70-130 հազար կմ2): Վերջինս ենթարկվում էր Պոնտոսի թագավորությանը, որի անկումից հետո բռնակցվել էր Հռոմեական Հանրապետությանը։ Մեծ Հայքում դինաստիական փոփոխությունից և Հռոմի՝ կայսրության վերածվելուց հետո, այդ գավառների մի մասը ժամանակ առ ժամանակ ձևականորեն համարվել են Արշակունիների թագավորության մի մասը։ Տրայանոս կայսեր իշխանության տարիներին ժամանակավորապես Հռոմի գերիշխանության տակ է հայտնվել նաև Մեծ Հայքը։
Հայաստանի առաջին բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեական կայսրությունը Փոքր Հայքը 4-րդ դարի վերջին տրոհել էր Առաջին Հայք (Սեբաստիա կենտրոնով) և Երկրորդ Հայք (Մելիտինե կենտրոնով) նահանգների։ 387 թվականին Մեծ Հայքի թագավորությունը բաժանվում է Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Հռոմին հասնում են երեք նահանգներ՝ Բարձր Հայքը (որպես «Ներքին Հայք»), Ծոփքը և Աղձնիքը (Նախարարական կամ «Սատրապական» Հայք) վարչամիավորները։ Վերջինիս կազմում եղել են Մեծ Ծոփք, Փոքր Ծոփք, Անձիտ, Անգեղտուն, Հաշտյանք և Բալահովիտ գավառները։ 389 թվականին տասնութամյա Արշակ Գ-ն, որը ձևականորեն իշխում էր Մեծ Հայքի արևելյան նահանգներում, մահացավ։ Հռոմեացիներն անմիջապես օգտվեցին դրանից և լուծարեցին իրենց իշխանության ներքո գտնվող հայկական թագավորությունը։ 395 թվականին Հռոմեական կայսրությունը բաժանվում է երկու մասի. նորաստեղծ Բյուզադնիային հասնում են տերության արևելյան նահանգները, այդ թվում՝ հայկական վերոհիշյալ գավառները։
451 թվականին կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսի մոտ գտնվող Քաղկեդոն բնակավայրում տեղի ունեցավ քրիստոնեական եկեղեցու հերթական տիեզերական ժողովը։ Դրա ընթացքում բյուզանդական հոգևորականությունն ի վերջո հարեց այն ուղղությանը, որ Հիսուս Քրիստոսն ունեցել է երկու բնություն՝ միաժամանակ եղել է աստված և մարդ։ Նրանք կրոնական կամ քաղաքական տեսանկյունից չսատարեցին արևելյան Հայաստանում բռնկված Վարդանանց պատերազմին։ Աշխարհի կրոնական առաջին ռազմական ընդհարմանը մնալով միայնակ, սեփական ուժերով պահպանելով հավատը՝ արևելահայ հոգևորականությունը չմասնակցեց Քաղկեդոնի ժողովին։ Նրանք պաշտոնական պատասխանը հաստատեցին կես դար անց՝ 506 թվականի Դվինի եկեղեցական ժողովին, որին մասնակցում էին նաև վրացի ու աղվան եպիսկոպոսներ։ Ժողովը հրաժարվեց ընդունել Քաղկեդոնի ժողովի որոշումները։ Այդ պատճառով հայերին սկսեցին անվանել միաբնակներ կամ «հակաքաղկեդոնականներ»։
Մինչև Հուստինիանոս I կայսրի գահակալումը (527-565) Արևմտյան Հայաստանի վերոհիշյալ նահանգներում հայ նախարարները պահպանել են իրենց ժառանգական հողատիրույթները, սեփական ռազմական ուժերը, ավանդական իրավունքներն ու արտոնությունները, որոնք խոչընդոտել են կայսրության վարած ուծացման (ասիմիլյացիա) քաղաքականությունը։ Չհանդուրժելով նման իրավիճակը՝ Հուստինիանոս I 529 թվականին վերացրել է հայ նախարարների՝ սեփական զորամասեր ունենալու իրավունքը և նրանց զրկել իրենց ռազմական հզորությունից։ Կայսրությանը ենթակա հայկական բոլոր հողերը բյուզանդացի ստրատեգոսի գլխավորությամբ միացվել են առանձին ռազմական շրջանի (ստրատեգիայի) մեջ, որի կենտրոնն էր Կարին քաղաքը։ 536 թվականին Արևմտյան Հայաստանը բաժանվել է Առաջին, Երկրորդ և Երրորդ (Փոքր Հայքի Առաջին և Երկրորդ մասեր), Չորրորդ Հայք (Ծոփք և Աղձնիք) նահանգների։ Առաջինը ներառում էր Բարձր Հայք և Փոքր Հայքի ծովափնյա հատվածները, երկրորդը և երրորդը Փոքր Հայքի նախկին մասերն էին, իսկ վերջինը՝ նախարարական Հայքը (Ծոփք և Աղձնիք)։
Հայ նախարարների տնտեսական հզորությունն ու ինքնուրույնությունը պայմանավորվել է նրանց հայրենատիրույթներով, որոնք հորից (պատրոն) անտրոհելիորեն փոխանցվել են ավագ որդուն։ 536 թվականի հրովարտակով նախարարների կրտսեր որդիներին ու դուստրերին՝ մանր ու միջին ազնվականներին նույնպես իրավունք է վերապահվել հավասար հիմունքներով կալվածներ ստանալ իրենց պատրոններից, փոշիացվել է հայ նախարարների տնտեսական հզորությունը, ինչը առաջ է բերել նրանց խոր դժգոհությունները, որոնք երբեմն ուղեկցվել են արյունալի բախումներով։ Հուստինիանոս կայսեր դեմ ամենախոշոր ելույթը տեղի ունեցավ 539 թվականին՝ Հովհաննես Արշակունու գլխավորությամբ։ Նրան դիմադրելու համար ուղակվում է Սիտտաս զորավարի գլխավորած բանակը, որը հաջողության չհասավ և ճակատամարտում զոհվեց։ Որոշ ժամանակ անց ասպարեզից հեռացնելով ապստամբության պարագլխին՝ բյուզանդացիները հաղթեցին հայերին։ Նրա որդի Արտավանը, ինչպես նաև Արշակ Արշակունին դավադրություն կազմակերպեցին, ինչը նույնպես ավարտվեց անհաջողությամբ։
Հայաստանի երկրորդ բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուստինիանոս կայսեր տարիները ոչ միայն բարենպաստ էին Բյուզանդիայի համար, որը եռապատկեց իր տիրույթները, այլև համընկան Սասանյան Պարսկաստանի հզորացման հետ։ Երկու տերությունների միջև տեղի էին ունեցել մի քանի պատերազմներ (421-422, 440, 502-506, 526-532, 541-562), որոնք կա՛մ ավարտվել էին Պարսկաստանի հաղթանակով, կա՛մ էական փոփոխություններ չէին մտցրել Բյուզանդիայի քաղաքականության և վարչական սահմանների մեջ։ Հուստինիանոսի մահից հետո հասունացել էր Սասանյան արքունիքի դեմ ռազմական բախման պահը, որի շարժառիթը դարձավ Կարմիր Վարդանի ապստամբությունը (571-572)։ Նոր պատերազմն աննախադեպ էր տևողությամբ՝ շուրջ քսան տարի (572-591)։ Ի վերջո Հայաստանը երկրորդ անգամ բաժանվում է երկու երկրների միջև։
Կայսրությունը զգալիորեն ընդլայնեց իր սահմանները. Բյուզանդիային անցան Տուրուբերանը, Տայքը, Գուգարքը և Այրարատի մեծ մասը։ Հաստատվեց իշխանությունն արևմտյան Վրաստանի (Լազիկե) հանդեպ։ Հայաստանի այսպիսի պառակտված իրավիճակը շարունակվեց կես դար՝ մինչև արաբական արշավանքները։
Մեծ Հայքի նահանգները վերանվանվեցին տարբեր անվանումներով և սկսեցին կառավարվել Փոքր Հայքի նման։ Մորիկ կայսեր հրամանով հայ նախարարական գնդերը տեղափոխվում էին հեռավոր երկրներ և կռվում կայսրության թշնամիների դեմ։ Նրանց հակառակվող իշխաններից հայտնի էր Սմբատ Բագրատունին, ում մասին հետագայում առասպելներ հյուսվեցին։ Բագրատունիների հիմնական տիրույթներն էին Բարձր Հայքի Սպեր գավառը և Տայքը։ Աստիճանաբար նրանք իրենց գերիշխանությունը հաստատեցին նաև վրացի և աբխազ իշխանների (ազնավուրներ) նկատմամբ։ Բյուզանդա-պարսկական վերջին պատերազմի (602-628) ավարտից հետո քայլեր են արվում Հայաստանի ինքնավարության վերջնական վերացման համար։
640-ական թվականները շրջադարձային են լինում Բյուզանդական Հայաստանի համար. օգտվելով արաբական արշավանքներից՝ հայ ավագանին վարում է անկախության քաղաքականություն։ Մեծ Հայքի երկու մասերը միավորվում են հայոց իշխանի ենթակայության տակ, որն ընդունում է Արաբական խալիֆայության գերիշխանությունը։ Միևնույն ժամանակ Փոքր Հայքի տարածքում ստեղծվում է Արմենիակոն թեմը՝ իբրև սահմանային ռազմական մարզ։ Կորցնելով իշխանությունը քրիստոնյա Եգիպտոսում, Սիրիայում և Հայկական լեռնաշխարհում, բյուզանդացիները կենտրոնացան վրաց ազնվականության վրա։ 7-րդ դարի սկզբին վրաց եկեղեցին ընդունում է քաղկեդոնություն, ինչը դատապարտվում է հայերի կողմից Դվինի եկեղեցական ժողովի ժամանակ։ Մինչդեռ Հայաստանում ողջ իշխանությունն արդեն կենտրոնացած էր հայոց իշխանի (հիմնականում՝ Մամիկոնյաններ և Բագրատունիներ) և հայոց կաթողիկոսի ձեռքում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |