Բագրատունյաց Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բագրատունյաց Հայաստան
 Հայաստանի Էմիրություն 8851045 Բյուզանդիա 
Կիլիկիայի Հայկական Թագավորություն 
Զաքարյաններ 
Bagratuni flag.svg Bagrotouni.svg
(Դրոշ) (Զինանշան)
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Անի
Մակերես 250.000 քառ. կմ
Բնակչություն 3.000.000 - 4.000.000
Լեզու Հայերեն
Ազգություն Հայեր
Կրոն Հայ Առաքելական Եկեղեցի
Արժույթ Հիպերպիրոն, Աբբասյան Դինար
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Բագրատունիներ
Պետության գլուխ Թագավոր
Պատմություն

Բագրատունյաց_Հայաստան, Միջնադարյան հայկական թագավորություն Հայկական լեռնաշխարհում։

Աշոտ Ա[խմբագրել]

Աշոտ Ա-ն եղել է Բագրատունյանց արքայատոհմի հիմնադիրը։ Բաղդադի խալիֆն Աշոտ Բագրատունուն թագ է ուղարկում։ Հայոց կաթողիկոսը Բագարան քաղաքում թագադրում է Աշոտ Ա-ին, իսկ հետո թագ է ուղարկում նաև Բյուզանդիայի Վասիլ Ա կայսրը։ Նա` որպես փորձված պետական գործիչ և զորավար, մեծ ուշադրություն էր դարձնում առաջին հերթին երկրի պաշտպանությանը։ Նա քայլեր ձեռնարկեց հայկական տարածքներն իր իշխանության ներքո միավորելու համար։ Սակայն այդ հարցում թագավորը հանդիպում էր ուժեղ դիմադրության։ Աշոտ Ա-ն ճնշեց Վանանդի իշխանների ելույթը և Վանանդ գավառը Կարս բերդաքաղաքով միացրեց իր տիրույթներին։ Կարսը վերակառուցվեց և դարձավ հայոց սպարապետների աթոռանիստը։ Ավելի բարդ էր Վասպուրականի Արծրունի և Սյունիքի Սյունի իշխանական տների խնդիրը։ Դրանք իրենց կարողությամբ և ռազմական ուժով քիչ էին զիջում Բագրատունիներին։ Սակայն Աշոտ Ա թագավորին հաջողվեց խաղաղ ճանապարհով, խնամիական կապեր հաստատելով, ավատատիրական այս հզոր տները ևս ենթարկել իր իշխանությանը։

Հայոց թագավորն իր իշխանությանը ենթարկեց Վասպուրականի, Գուգարքի, Սյունիքի, Արցախի հայկական իշխանությունները, ինչպես նաև Հայաստանի հարավի արաբական ամիրայությունները։ Դրանով հայկական հողերի մեծ մասը միավորեց մեկ պետության մեջ։

Հաջող արշավանքներով Աշոտ Ա-ն ծանր հարվածներ հասցրեց կովկասյան լեռնականներին, որոնք ասպատակում էին Վիրքը և Աղվանքը։ Մինչ այդ նրա ազդեցության տակ հայտնված այդ երկրներն ընդունեցին Աշոտի իշխանությունը։ Հայոց թագավորությունն ընդարձակվեց՝ տարածվելով մինչև Կովկասյան լեռնաշղթա։ Փաստորեն հիմք դրվեց Հայ Բագրատունիների տերությանը։

Սմբատ Ա[խմբագրել]

Աշոտին հաջորդեց նրա որդի Սմբատ Ա-ն (890-914), որը շարունակեց հոր ճկուն դիվանագիտությունը՝ բարեկամական հարաբերություններ պահպանելով Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության հետ։ Նրա օրոք Հայկական տերության սահմաններն ավելի ընդարձակվեցին։ Սմբատն իրեն ենթարկեց Աբխազաց (Արևմտավրացական) թագավորությունը և հյուսիսկովկասյան մի շարք ցեղերի՝ կայազորներ հաստատելով թե' այդ երկրներում և թե' Ալանաց դռներում։ Իրեն հզոր արքայից արքա զգալով՝ նա թագավորական թագ տվեց վրաց Ատրներսեհ իշխանին և Հայոց Արևելից կողմերի Համամ իշխանին, իսկ իրեն հռչակեց «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց»։ Նրա օրոք երկիրը տնտեսապես բարգավաճում էր, ամենուրեք ծավալվում էր խաղաղ շինարարություն։ Արաբների նկատմամբ տարած հաղթանակով Հայաստանի անկախությունը վերջնականապես ամրապնդվեց։ Գրեթե վերացավ արտաքին հարձակումների վտանգը, և երկիրը թևակոխեց խաղաղության ու բարգավաճման երկարատև ժամանակաշրջան։ Պետության կենտրոնացման և հզորացման այս քաղաքականությունը հանդիպում էր ոչ միայն որոշ հայ խոշոր ավատատերերի, այլև խալիֆայության համառ դիմադրությանը։

Իր դիրքերն ամրապնդելու նպատակով Սմբատ Ա-ն 893թ. բարեկամության և առևտրական նոր պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ։ Խալիֆայությունը և Ատրպատականում ձևավորված Սաջյան ամիրայությունը թշնամաբար էին վերաբերվում հայկական պետության հզորացմանը։ Ավելին, Բյուզանդիայի հետ կնքած պայմանագիրն առիթ դարձնելով՝ Սաջյան ամիրայի զորքերը ներխուժեցին Հայաստան։ Արագածոտն գավառի Դողս գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում արաբները ծանր պարտություն կրեցին։

Չկարողանալով զենքով հաջողության հասնել՝ Սաջյան ամիրաները փոխեցին իրենց քաղաքականությունը։ Նրանք Հայոց տերությունը թուլացնելու համար դիմեցին հայ իշխանների միջև երկպառակություն սերմանելուն։ Շուտով հարմար առիթը ներկայացավ։ Վասպուրականի և Սյունիքի իշխանների միջև վեճ առաջացավ Նախճավան քաղաքի համար։ Սմբատն այդ վեճը լուծեց հօգուտ Սյունյաց իշխանների։ Թագավորից դժգոհ Գագիկ Արծրունին բանակցություններ սկսեց Ատրպատականի Նոր ամիրա Յուսուֆի հետ։ Վերջինս անմիջապես միջնորդեց խալիֆի առաջ՝ Սմբատի փոխարեն Հայոց թագավոր ճանաչելու Գագիկ Արծրունուն։ Խալիֆն առանց հապաղելու թագ ուղարկեց, և 908թ. Յուսուֆը Գագիկ Արծրունուն թագադրեց որպես Հայոց թագավոր։ Նրան վերապահվեց նաև Հայաստանից հարկեր հավաքելու իրավունքը։ «Բաժանիր և տիրի՛ր» քաղաքականությամբ արաբները ձգտում էին ավելի խորացնել հայ ազդեցիկ իշխանների տարաձայնությունները և արգելակել Հայոց տերության հետագա վերելքը։

Յուսուֆը, Բագրատունիների թագավորությանն ընդմիշտ վերջ տալու նպատակով, Գագիկ Արծրունու հետ համատեղ հարձակվեց Սմբատի զորքերի վրա։ Դժբախտաբար, Գագիկ Արծրունուց բացի, Յուսուֆի կողմն անցան նաև մի շարք այլ հայ իշխաններ։ Հայոց թագավորության համար ստեղծվեց ծանր կացություն։ Ձախողվեց բյուզանդական կայսեր զինական օգնությունը Սմբատին։ Հայոց թագավորը մնաց առանց դաշնակիցների՝ արաբական վտանգին դեմ հանդիման։ Սմբատ Ա-ն ստիպված եղավ մի փոքր զորագնդով ամրանալ Կապույտ բերդում։ Սակայն մեկ տարվա համառ դիմադրությունից հետո, փորձելով կանխել երկրի հետագա ավերումը, նա անձնատուր եղավ։ Յուսուֆը, հակառակ իր խոստումներին, հայոց թագավորին կալանավորեց և ուղարկեց Դվինի բանտ։ Նախճավանի Երնջակ բերդն այդ ժամանակ հերոսաբար դիմադրում էր արաբներին։ Յուսուֆը Սմբատին տարավ այնտեղ, որպեսզի նա բերդի պաշտպաններին զենքը վայր դնելու հրաման արձակի։ Սակայն թագավորը բերդապահներին միայն դիմադրությունը շարունակելու կոչ արեց, ինչը նրան մահապատժի ենթարկելու առիթ ծառայեց (914թ.)։ Արաբները թագավորի մարմինը Դվինում խաչի վրա գամեցին ժողովրդի վրա ահ ու սարսափ տարածելու նպատակով։

Արաբների ավերիչ արշավանքի և կողոպտիչ քաղաքականության հետևանքով խախտվեց երկրի բնականոն կյանքը։ Երկրում սով սկսվեց, որը տևեց մի քանի տարի։ Նոր ստեղծված հայկական տերությունը կանգնեց անկախությունը կորցնելու լուրջ վտանգի առաջ։

Յուսուֆը հույս ուներ, որ Սմբատի մահապատժից հետո հայերը ծնկի կգան։ Սակայն տեղի ունեցավ հակառակը։ Հայ ժողովուրդը ոտքի ելավ թշնամու դեմ իր անկախությունը պաշտպանելու համար։ Այդ պայքարը գլխավորեց Սմբատ Ա-ի ավագ որդի Աշոտ Բ-ն (914-928), որին ժողովուրդը Երկաթ մականունը տվեց խիզախության և տոկունության համար։ Աշոտ Երկաթը, հոր վրեժն առնելու և երկիրն ազատագրելու համար, հավատարիմ մնացած զորագնդերի գլուխ անցած, ոչնչացրեց կամ դուրս վռնդեց երկրի կարևոր բերդերում ամրացած արաբական զորագնդերը։ Յուսուֆն էլ իր հերթին բռնությունների ենթարկեց անգամ իր կողմն անցած հայ իշխաններին, որոնք նոր միայն հասկացան, թե ինչ ճակատագրական սխալ են թույլ տվել՝ անցնելով արաբների կողմը։ Հասկանալով, որ օրհասական պահին փրկությունը միասնության մեջ է, նրանք աստիճանաբար համախմբվեցին Աշոտ Բ-ի շուրջը

Աշոտ Բ Երկաթ[խմբագրել]

Պայքարը գլխավորեց Սմբատ Ա-ի ավագ որդի Աշոտ Բ-ն (914-928), որին ժողովուրդը Երկաթ մականունը տվեց խիզախության և տոկունության համար։ Աշոտ Երկաթը, հոր վրեժն առնելու և երկիրն ազատագրելու համար, հավատարիմ մնացած զորագնդերի գլուխ անցած, ոչնչացրեց կամ դուրս վռնդեց երկրի կարևոր բերդերում ամրացած արաբական զորագնդերը։ Յուսուֆն էլ իր հերթին բռնությունների ենթարկեց անգամ իր կողմն անցած հայ իշխաններին, որոնք նոր միայն հասկացան, թե ինչ ճակատագրական սխալ են թույլ տվել՝ անցնելով արաբների կողմը։ Հասկանալով, որ օրհասական պահին փրկությունը միասնության մեջ է, նրանք աստիճանաբար համախմբվեցին Աշոտ Բ-ի շուրջը921 թ. Աշոտ Բ-ն իր փոքրաթիվ զորաջոկատով ամրացավ Սևանա կղզում։ Արաբական զորքերի հրամանատար Բեշիրը փորձեց գրավել կղզին, սակայն Աշոտ Բ-ն մի մառախլապատ օր նավակներում տեղավորեց իր լավագույն ռազմիկներին և, դեռ ափ չհասած, հանկարծակի սկսեց ուժգնորեն նետահարել արաբներին։ Հայոց թագաժառանգի այդ անակնկալ համարձակ գործողությունը խուճապի մատնեց արաբներին։ Խուճապահար նահանջող թշնամու վրա հարձակվեց Գևորգ իշխանի ջոկատը և մի նոր ջարդ տվեց նրան։ Գևորգ իշխանի այդ համարձակ քայլն իր արտացոլումն է գտել Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։

Սևանի փայլուն հաղթանակից հետո հայկական զորաբանակները Աշոտ Բ-ի և նրա եղբայր Աբասի գլխավորությամբ արաբներից ազատագրեցին կենտրոնական Հայաստանի մեծ մասը։ Այնուհետև նրանք հաղթանակ տարան նաև Թիֆլիսի արաբական ամիրայության նկատմամբ։

Բյուզանդիան փորձում էր Հայաստանի և Վրաստանի ուժերը ուղղել արաբների դեմ։ Ուստի, երբ Աշոտ Բ-ն 921թ. մեկնեց Կոստանդնուպոլիս, բյուզանդացիներն անմիջապես դաշինք կնքեցին նրա հետ։

Արաբները, համոզվելով, որ Հայաստանը զենքի ուժով այլևս չեն կարող իրենց ենթարկել, ստիպված դիմեցին զիջումների, որպեսզի Հայոց թագավորությունը չանցնի Բյուզանդիայի կողմը։ 922թ. խալիֆը Աշոտ Բ-ին թագ ուղարկեց և ճանաչեց նրան Հայաստանի շահնշահ, այսինքն՝ արքայից արքա։ Դրանով արաբները ճանաչեցին Աշոտ Երկաթի գերակայությունը տեղական մյուս բոլոր արքայիկների նկատմամբ։ Արքայական այս բարձր տիտղոսը Անիի Բագրատունիները կրեցին մինչև թագավորության անկումը։

Ամրապնդելով իր իշխանությունը՝ Աշոտ Բ-ն կարճ ժամանակամիջոցում վերջնականապես հնազանդեցրեց կենտրոնախույս իշխաններին։ Գագիկ Արծրունին, որը մինչ այդ հասկացել էր իր արարքի կորստաբեր լինելը և հեռացել արաբներից, ընդունեց Բագրատունիների գերիշխանությունը՝ բավարարվելով Վասպուրականի թագավոր տիտղոսով։

Այսպիսով, Հայաստանի անկախության և Հայոց տերության պահպանման համար մղվող պայքարն ավարտվեց հայերի վերջնական հաղթանակով։ Հայաստանի անկախությունը նվաճված էր, իսկ Բագրատունյաց տերությունը վերականգնված։ Հայոց թագավորները, որ շարունակում էին կրել «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց» տիտղոսը, շարունակեցին պահպանել իրենց իշխանության ներքո այսրկովկասյան երկրները մինչև հայոց Գագիկ Ա թագավորի գահակալության վերջը։

Աբաս[խմբագրել]

Խաղաղ անցան Աշոտ Բ Երկաթ-ի թագավորության վերջին տարիները։ Անժառանգ Աշոտից հետո գահ բարձրացավ նրա եղբայր, Կարսի կառավարիչ Աբասը (928-953)։ Նա Բագրատունիների արքունիքը տեղափոխեց Կարս և այն դարձրեց իր թագավորության նոր մայրաքաղաքը։ Կարսը կարճ ժամանակամիջոցում աճեց, կառուցապատվեց և դարձավ Հայաստանի նշանավոր քաղաքներից մեկը։ Երկարատև և ավերիչ պատերազմից հետո բնակչությունը ձեռնամուխ եղավ երկրի քայքայված տնտեսությունը վերականգնելուն։

Կենտրոնական իշխանության հզորացմանն էր ձգտում նաև Հայոց եկեղեցին։ Նկատի առնելով այդ հանգամանքը՝ Աբասը 948թ. Աղթամար կղզուց կաթողիկոսական աթոռը տեղափոխեց պետության մայրաքաղաք։ Անանիա Մոկացի կաթողիկոսը հաստատվեց Կարսում։ Հետագայում այն տեղափոխվեց սկզբում Շիրակի Արգինայի վանքը, իսկ այնուհետև՝ Անի։

Աշոտ Գ[խմբագրել]

Աբասին հաջորդեց նրա որդի Աշոտ Գ-ն (953-977)։ Վերջինս պետության ամրապնդման ու կենտրոնացման համար ավելի վճռական քայլերի դիմեց։ Նա էլ ավելի մեծացրեց մշտական բանակը, որը պետք է պաշտպաներ երկրի անվտանգությունը։ Հայոց բանակը պարտության մատնեց կովկասյան լեռնցիներին՝ վերջ դնելով նրանց ասպատակություններին։

Երկրում մեծ չափերով ծավալվում էր շինարարությունը։ Երկրի գլխավոր կենտրոններում հիմնվեցին վանքեր, դպրոցներ ու հիվանդանոցներ։ Խոսրովանույշ թագուհին Ձորագետի հովտում հիմնեց Սանահնի և Հաղպատի նշանավոր վանքերը։ Դրանք դարձան միջնադարյան Հայաստանի մշակույթի խոշորագույն կենտրոններ։ Աշոտ Գ-ն հոգատար էր աղքատների, կույրերի, անդամալույծների նկատմամբ։ Նրանց համար բացվում էին հիվանդանոցներ և այլ բարեգործական հաստատություններ։ Դրա համար էլ ստացավ Ողորմած մականունը։ Սակայն Աշոտ Ողորմածը հարկ եղած պահին մարտի դաշտում էր։ Այսպես, 974թ. հայոց բանակը նրա գլխավորությամբ դուրս եկավ Հովհան Չմշկիկի բյուզանդական բանակի դեմ՝ թույլ չտալով նրա առաջխաղացումը դեպի Հայաստանի խորքերը։

Սմբատ Բ[խմբագրել]

Երկրի բարգավաճումն ու շինարարական լայն գործունեությունն ավելի մեծ թափով շարունակվեցին Աշոտ Գ-ի հաջորդ Սմբատ Բ-ի օրոք (977-990)։ Ամենուր կառուցվում էին եկեղեցիներ, տաճարներ, դպրոցներ, պալատներ, բերդեր, իջևանատներ, կամուրջներ ու ջրանցքներ։

Հայաստանում դեռևս շարունակում էին պահպանվել արաբական ամիրայությունները։ Մասնավորապես Դվինում շարունակում էր գոյատևել արաբական մի ամիրայություն։ Սմբատ Բ-ի թագավորության շրջանում Դվինի ամիրան հանդգնեց հանկարծակի հարձակվել Շիրակի վրա և անգամ նկատելի հաջողության հասավ։ Սակայն Սմբատը կարողացավ գլխովին ջախջախել թշնամուն։ Նա Դվինի ամիրայությունը՝ արաբների այդ վերջին հենակետը, 987թ. միացրեց իր թագավորությանը։ Հայոց Սմբատ Ա թագավորը, թագ տալով վրաց իշխան Ատրներսեհին և Հայոց Արևելից կողմերի իշխան Համամին, ավատատիրական անջատողական ձգտումների համար պարարտ հող նախապատրաստեց։ Ճիշտ է, նրանք ենթարկվում էին Սմբատ Ա-ին, որն իրեն կոչում էր «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց»։ Արծրունիների գլխավորությամբ, 908թ. թագավորության վերածվեց, ինչպես տեսանք, նաև Վասպուրականը։ Աշոտ Բ Երկաթի հաջորդները, որ լուրջ քայլեր ձեռնարկեցին ուժեղացնելու կենտրոնական իշխանությունը, հանդիպեցին ոչ միայն իշխանական դասի համառ դիմադրությանը, այլև արտաքին ուժերի դիվանագիտական կամ զինված միջամտությանը։

Տնտեսական կյանքի զարգացումը երկրի ուժեղ իշխանություններում տնտեսական կենտրոններ ձևավորեց, ինչը կենտրոնական իշխանությունից անջատվելու ձգտումների նախադրյալներ ստեղծեց։ Անջատողական այդ փորձերը խրախուսվում էին Արաբական խալիֆայության և Բյուզանդական կայսրության կողմից։ Նրանցից առաջինը չէր հաշտվում Հայաստանը կորցնելու փաստի հետ, իսկ երկրորդը ծրագրում էր, Հայոց թագավորությունը տրոհելով, տիրանալ Հայաստանին։

Բագրատունի գահակալներն ամեն ինչ անում էին կենտրոնաձիգ իշխանությունն ուժեղացնելու համար։ Սկզբնապես նրանք հասան նկատելի հաջողությունների, սակայն ավատատիրական անջատողական ձգտումներն ավելի ուժեղ գտնվեցին։ X դ. սկզբներից սկսած միայն բուն Հայաստանում ձևավորվեցին մի քանի մեծ ինքնավարություն ունեցող թագավորություններ և իշխանություններ։

Գագիկ Ա[խմբագրել]

Հայաստանը Գագիկ Ա-ի գահակալության օրոք

Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը մեծ վերելք ապրեց Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի թագավորության շրջանում (990-1020)։ Հայոց թագավորը կրում էր «Շահնշահ» կամ «թագավոր Հայոց և Վրաց» տիտղոսները։ Դա նշանակում էր, որ Հայաստանի տարբեր ծայրամասերում և այսրկովկասյան երկրներում առաջացած մանր թագավորություններն անվերապահորեն ենթարկվում էին Անիի Բագրատունիներին։ Առանց շահնշահի հավանության նրանք չէին կարող գահակալել և հարաբերությունների մեջ մտնել հարևան պետությունների հետ։ Հայոց կաթողիկոսի ընտրությունը, ինչպես Հայոց Արշակունիների օրոք, կատարվում էր Բագրատունյաց թագավորների հավանությամբ։

Այսպես, երբ Տաշիր-Ձորագետի (Լոռու) թագավոր Դավիթ Անհողինը 1001թ. ապստամբեց Գագիկ Ա-ի դեմ և հրաժարվեց ճանաչել Անիի Բագրատունիների գերիշխանությունը, Գագիկը հարձակվեց նրա թագավորության վրա և ռազմակալեց նրա ամբողջ տարածքը։ Դավիթը երկրից փախավ՝ իր հողերից զրկվելով, և ստացավ Անհողին մականունը։ Նա ստիպված եղավ խնդրել Գագիկ Ա-ի ներումը՝ ընդունելով Անիի թագավորի գերիշխանությունը և ետ ստացավ իր տիրույթների մեծ մասը։

Գագիկ Ա-ն ավելի մեծացրեց և ամրապնդեց բանակը։ Այն նրա օրոք հզոր ուժ էր, որի օգնությամբ թագավորը հետզհետե ընդարձակեց արքայական տիրույթները։ Գագիկ Ա-ն վերացրեց Վայոց ձորի իշխանությունը և այն միացրեց իր տիրույթներին։ Ապա միացրեց Արցախի մեծ մասը, այդ թվում և Խաչեն գավառը։ Վասպուրականի թագավորությունից գրավվեցին և Անիի Բագրատունիների տիրույթներին միացվեցին Կոգովիտ ու Ծաղկոտն գավառները։

998թ. արաբ ամիրա Մամլանը հարձակվեց Հայաստանի և Վրաստանի վրա։ Նրա դեմ դուրս եկավ հայ-վրացական միացյալ բանակը և ճակատամարտում ծանր պարտության մատնեց արաբներին։ Դրանով վերջ տրվեց արաբ ամիրայությունների հետագա ոտնձգություններին։

Գագիկ Ա-ի թագավորության շրջանում Հայոց տերությունը նշանակալից ուժեղացավ։ Այդ տարիներին ավելի մեծ ծավալով շարունակվեցին շինարարական աշխատանքները, երկիրը բռնեց հետագա բարգավաճման ճանապարհը։ Ծաղկում էր Անին։ Այնտեղ կառուցվում էին նորանոր՝ մեկը մյուսից գեղեցիկ շինություններ։ Գագիկ Ա-ի կնոջ՝ Կատրամիդե թագուհու հովանավորությամբ 1001թ. ավարտվեց Անիի Կաթողիկե հոյակապ եկեղեցու շինարարությունը։ Այն կառուցվել է հռչակավոր ճարտարապետ Տրդատի նախագծով։ Զվարթնոցի նշանավոր տաճարը քանդվել, կործանվել էր։ Թագավորը դրա նմանությամբ մի տաճար կառուցել տվեց Անիում։ Նրա օրոք Անին շարունակեց կառուցապատվել աշխարհիկ և եկեղեցական բազմաթիվ գեղեցիկ շինություններով։

Գագիկ Ա-ի ժամանակ հզորացավ Պահլավունիների իշխանական գերդաստանը։ Այդ տոհմի ներկայացուցիչները ժառանգաբար վարում էին սպարապետի պաշտոնը։ Հատկապես նշանավոր եղավ սպարապետ Վահրամ Պահլավունին։ Պահլավունիները ևս շինարարական լայնածավալ աշխատանքներ էին սկսել։ Նրանք են կառուցել Բջնիի նշանավոր ամրոցը և եկեղեցին, Ամբերդը, Մարմաշենը և այլն։ Շինարարական աշխատանքներ ծավալվեցին նաև Վասպուրականում, Սյունիքում, Արցախում և Հայաստանի այլ մասերում։

Գագիկ Ա-ի մահից հետո Անիի թագավորությունը քաղաքականապես թուլացավ և տրոհվեց, սակայն երկրի տնտեսության խաղաղ բարգավաճումը շարունակվեց։

Գագիկ Ա-ն Հայոց տերության վերջին հզոր թագավորն էր։ Նրա մահից հետո անջատողական ձգտումներն իրենց զգալ տվեցին անգամ Անիի թագավորությունում։ Արքայական իշխանության համար պայքարը Գագիկ Ա-ի որդիների միջև վերաճեց զինված ընդհարման, որին միջամտեցին հարևան պետությունները։ Ի վերջո հայոց սպարապետ Վահրամ Պահլավունու և վրաց թագավորի միջամտությամբ եղբայրները հաշտվեցին։ Ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, որին պաշտպանում էր պալատական վերնախավը, ժառանգեց գահը՝ ստանալով Անի քաղաքը, Շիրակը և հարևան գավառները։ Կրտսեր եղբայր Աշոտ Դ-ին բաժին ընկան Անիի թագավորության հարավային և արևելյան շրջանները։ Հովհաննես-Սմբատի մահվանից հետո Աշոտը ժառանգելու էր նրա տիրույթները։ Փաստորեն Անիի թագավորությունը մասնատվեց, իսկ նրա ենթակա թագավորությունները գործնականում անկախ դարձան։ Բագրատունիների տերությունը դադարեց գոյություն ունենալուց։

Ստեղծված դրությունից չհապաղեց օգտվել Բյուզանդիան՝ միացնելով իրեն Տայքը։ Վրացիների և հայերի կողմից Տայքը հետ գրավելու փորձը ձախողվեց, և բյուզանդական զորքերը ավերեցին վրացական թագավորությունները՝ հաշվեհարդար տեսնելով բնակչության հետ։ 1022թ. վրաց թագավորություններն ստիպված էին Տրապիզոնում հաշտության բանակցություններ սկսել բյուզանդացիների հետ։ Քանի որ Հովհաննես-Սմբատը մասնակցել էր Տայքի համար մղվող պայքարին, բանակցություններին Անիի թագավորության կողմից մասնակցեց հայոց Պետրոս Գետադարձ կաթողիկոսը։ Նա պատկանում էր բյուզանդամետ հոսանքին։ Եվ երբ Վասիլ Բ կայսրը պահանջեց, որ Անիի թագավորությունը հանձնվի կայսրությանը, Հովհաննես-Սմբատը, կաթողիկոսի ճնշման ներքո, ստորագրեց մի խայտառակ կտակ, որով իր տիրույթներն իր մահից հետո պետք է անցնեին Բյուզանդիային։ Դրանով Հովհաննես-Սմբատի թագավորությունը հայտնվեց կործանման եզրին։

Բյուզանդիան մինչ այդ Հայաստանում հասել էր նշանակալից հաջողությունների։ 966թ. կայսրությունը իրեն էր միացրել Տարոնը, շատ չանցած նաև Մանազկերտը՝ ավերելով այն և վերջ տալով կայսիկների արաբական ամիրայությանը, 1001թ.՝ Տայքը, իսկ 1021թ.՝ Վասպուրականի թագավորությունը։ Վասպուրականի Հովհաննես-Սենեքերիմ թագավորը, նեղվելով թուրք քոչվորներից, ստիպված համաձայնել էր իր տիրույթների փոխարեն հողեր ստանալ Սեբաստիա քաղաքի շրջակայքում։ Թագավորի հետ Սեբաստիա գաղթեցին նրա 14 հազար զինվորներն իրենց ընտանիքների հետ։ Բյուզանդացիները չկարողացան ընկճել միայն Սասունի իշխանությունը։

Դիվանագիտական ճանապարհով հաջողության չհասնելու դեպքում կայսրությունը դիմում էր զենքի։ Մի քանի անգամ Անին պաշարելուց հետո 1045 բյուզանդացիները կարողացան գրավել Անին և վերջ դնել Բագրատունյաց Հայաստանի գոյությանը։

Գյուղատնտեսություն[խմբագրել]

Երկրի բարեկեցության հիմնական աղբյուրը երկրագործությունն ու անասնապահությունն էին, արհեստներն ու առևտուրը։ Հայկական լեռնաշխարհը երկրագործության համար բարենպաստ պայմաններ ուներ։ Խոշոր գետերի հովիտները գյուղատնտեսության զարգացման լավագույն կենտրոններ էին։ Դրանցից էին Այրարատյան, Շիրակի, Տարոնի (Մշո), Բագրևանդի (Ալաշկերտի), Բասենի և այլ դաշտեր։

Նշված շրջանում նշանակալից առաջադիմեցին երկրագործությունն ու երկրագործական տեխնիկան։ Լայնորեն տարածվեց հողի մշակման եռադաշտային համակարգը։ Վարելահողը բաժանվում էր երեք մասի, որի մի մասը ցել էր արվում, այսինքն՝ հողը հերկվում և, առանց ցանքս կատարելու, թողնվում էր անմշակ վիճակում։ Վարելահողի երկրորդ մասում աշնանացան էր կատարվում, իսկ երրորդ մասում՝ գարնանացան։ Եռադաշտային համակարգը հնարավորություն էր տալիս հողին հանգիստ տալ՝ բերքատվությունը բարձրացնելու նպատակով։

Երկրագործության մեջ հեղաշրջիչ եղավ երկաթե խոփով ծանր գութանի լայն տարածումը։ Այն հատկապես օգտագործում էին խոշոր տնտեսություններում, որով հեշտությամբ վարում էին նաև խոպան հողերը։ Հողամշակության մեջ կիրառվում էր հողը գոմաղբով պարարտացնելը։

Երկրագործության զարգացմանը նպաստում էր հողի ոռոգումը։ Այս շրջանում ընդարձակվում է ոռոգման ցանցը։ Օգտագործվում էին հին ջրանցքները, կառուցվում էին նորերը։ Ոռոգումը մեծապես նպաստում էր այգեգործության, խաղողագործության և բանջարաբոստանային կուլտուրաների մշակության զարգացմանը։ Հողամշակման և նրա տեխնիկայի բարելավմանը զուգընթաց առաջադիմում էր գյուղատնտեսական մթերքների մշակումը։ Գինու հնձանները, ջրաղացներն ու ձիթհանները գնալով լայն տարածում էին ստանում։

Գետահովիտներում ու հարթավայրերում աճեցվում էին պտղատու ծառեր։ Տարածված էին ծիրանը, դեղձը, տանձը, խնձորը, սալորը, ընկույզը և այլն։ Այրարատյան դաշտում, Վանա լճի ավազանում, Հայաստանի հարավային տաք կլիմա ունեցող վայրերում լայնորեն մշակվում էր խաղողը։ Եթե խաղողագործությունը հնամենի զբաղմունք էր Հայաստանում, ապա նորություն էր բանջարանոցային որոշ մշակաբույսերի՝ լոբու, վարունգի, կաղամբի, գազարի, ձմերուկի մշակությունը։ Հացաբույսերից լայն տարածում էր գտել ցորենի, գարու, հաճարի, բրնձի մշակումը։

IX-XI դարերում խոպան հողերի հաշվին նոր մշակելի դարձած տարածքները հաճախ կոչվում էին նորք։ Հայաստանի անկախության վերականգնումը մեծապես խթանեց արհեստագործության զարգացումը։ Արհեստագործությանն առատ հումք էին մատակարարում թե' երկրագործությունն ու անասնապահությունը և թե' օգտակար հանածոներով հարուստ ընդերքը։ Ոչխարի բրդի, բամբակի, վուշի, մետաքսաթելի, անասունների մորթու արտադրությունը մեծապես զարկ տվեց մանածագործական ու կաշեգործական արհեստների զարգացմանը։ Երկրի աճող պահանջմունքները բավարարելու համար ծաղկում ապրեց մետաղագործությունը։ Գյուղատնտեսության բուռն վերելքը՝ կապված բնակչության արագ աճի հետ, մեծապես խթանեց գյուղատնտեսական գործիքների արտադրությունը։

Արհեստագործություն և առևտուր[խմբագրել]

Գնալով զարգացան շուկայական հարաբերությունները, ձևավորվեց երկրի ներքին շուկան, աշխուժացավ արտաքին առևտուրը։ Շուկայի պահանջմունքը բավարարելու համար արհեստավորներն սկսեցին հրաժարվել գյուղատնտեսական գործունեությունից։ Դրա հետևանքով արհեստները վերջնականապես անջատվեցին գյուղատնտեսությունից։ Արհեստավորները հաստատվում էին քաղաքներում ու մայրուղիների խաչմերուկներում, որտեղ աստիճանաբար ձևավորվեցին նոր քաղաքներ ու վաճառաշահ ավաններ։

Քաղաքներ[խմբագրել]

V դ. պարսից զորքերի իրականացրած Հայաստանի քաղաքային բնակչության բռնագաղթից հետո քաղաքային կյանքը ծանր հարված ստացավ։ Վաղ միջնադարի հետագա շրջանում միայն Դվինն էր, որ շարունակում էր գոյատևել որպես մեծ քաղաք։ Հայաստանի անկախության վերականգնման շնորհիվ IX-XI դդ. հին քաղաքները վերականգնվեցին, հանդես եկան շուրջ երեք տասնյակի հասնող նոր քաղաքներ։ Դրանք առաջացան առևտրական ուղիների կարևոր խաչմերուկներում։ Քաղաքային կյանքի բուռն վերելքը պայմանավորված էր աշխատանքի հասարակական բաժանման արագ խորացմանբ։ Ինչպես նշվեց, արհեստագործությունն անջատվեց գյուղատնտեսությունից, արհեստներն ու առևտուրը գերազանցապես կենտրոնացան քաղաքներում։

Զարգացած մրջնադարի քաղաքը շարունակում էր պահպանել իր կառուցվածքը։ Նրա առավել անառիկ մասում գտնվում էր պարսպապատ միջնաբերդը։ Այստեղ էին գտնվում արքայական կամ իշխանական դղյակներն իրենց օժանդակ կառույցներով։ Միջնաբերդում էին գտնվում նաև այլ իշխանավորների ու բարձրաստիճան հոգևորականության պալատները։ Միջնաբերդի շուրջը տարածվում էր բուն քաղաքը կամ արդյունագործական մասը, որը շարունակում էր կրել շահաստան անունը։ Այստեղ էին կենտրոնացած արհեստավորների և առևտրականների արհեստանոցներն ու կրպակները, շուկաները, հյուրանոցները և այլ շինություններ։ Բացառությամբ առանձին դեպքերի, շահաստանը շրջապատված էր լինում պարսպով, որից դուրս գտնվում էին քաղաքային արվարձանները։ Այստեղ բնակվում էր քաղաքի բնակչության ընչազուրկ մասը՝ աղքատ արհեստավորներ, սևագործ բանվորներ և քաղաքային ռամիկներ, որոնք պատերազմների ժամանակ ապաստանում էին շահաստանում։ Երկարատև խաղաղության պատճառով Արծնը և մի շարք այլ քաղաքներ այդպես էլ չպարսպապատվեցին։ Պայմանականորեն դրանք կարելի է անվանել բաց քաղաքներ։

Քաղաքային ավագանու գլուխ կանգնած էր քաղաքապետը կամ շահապը։ Մուհթասիբ կոչված պաշտոնյան հսկում էր հարկահավաքությունը, շուկաները, առևտրական կրպակները և արհեստագործական գործատները։ Նրանք իրենց գործունեությունն իրականացնում էին ստորադաս պաշտոնյաների միջոցով։ Խոշոր քաղաքներն ունեին ավագների խորհուրդ կամ երիցանի։

Հատկապես բուռն զարգանում էին մանր թագավորությունների և խոշոր իշխանությունների կենտրոնները։ Իրար հետ մրցելով՝ հայ արքայիկներն ու իշխանները իրենց կենտրոնները զարդարում էին հոյաշեն պալատներով, հյուրատներով և այլ շինություններով։ Քաղաքներում կրպակներ կամ խանութներ, արհեստանոցներ, ջրաղացներ և ձիթհաններ ունեին նաև մեծ ու փոքր իշխանները և բարձրաստիճան հոգևորականությունը։ Դրանք նրանց մեծ եկամուտներ էին բերում։

Չնայած գյուղատնտեսությունից արհեստագործության անջատվելուն, քաղաքային բնակչության մի մասը միաժամանակ զբաղվում էր երկրագործությամբ և անասնապահությամբ։ Փոքր քաղաքներում գյուղատնտեսական մթերքների արտադրությունը հաճախ գերակշիռ դեր էր խաղում։

Պետական կարգը, բանակը, դատարանը[խմբագրել]

Հայոց պետության գլուխ կանգնած էր թագավորը։ Նա կոչվում էր նաև արքա կամ Հայոց շահնշահ։ Երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը վարում էր նա։ Անիի Բագրատունի թագավորին էին ենթարկվում հպատակ թագավորները և Հայաստանում առաջացած մի քանի արաբական ամիրայություններ։

Թագավորը պետությունը կառավարում էր արքունիքի միջոցով, որը գործակալությունների մի համակարգ էր։ Գործակալությունները ղեկավարում էին բարձրաստիճան պաշտոնյաները կամ գործակալները։ Դրանք սովորաբար արքայական տան անդամներ էին կամ արքային մերձավոր խոշոր ավատատերեր։ Կարևոր էին հատկապես իշխանաց իշխանի և հայոց սպարապետի պաշտոնները։ Իշխանաց իշխանը թագավորին պատասխանատու էր իշխանների գործունեության համար։ Նրա ենթակայության տակ էին արքայական տիրույթները, պետական գանձարանը, երկրի մեծ ու փոքր պաշտոնյաներն ու հարկահանները։ Իշխանաց իշխանի բարձր պաշտոնը սովորաբար տրվում էր արքայի եղբայրներից մեկին կամ թագաժառանգին։ Հայոց սպարապետը պետության զինված ուժերի՝ բանակի հրամանատարն էր։ Պատերազմի ժամանակ ենթակա թագավորությունների զորքերի հրամանատարները (սպարապետները) ենթարկվում էին Անիի թագավորության սպարապետին։

Բագրատունի թագավորները հատուկ նշանակություն էին տալիս բանակին։ Պատերազմների ժամանակ բանակը համալրվում էր, և զորքի թիվը մեծանում էր։ Խաղաղ պայմաններում այն հասնում էր 80-100 հազարի։ Բանակը կազմված էր արքունական և մարզպանական գնդերից։ Արքունի գունդը անմիջականորեն ենթարկվում էր թագավորին, իսկ մարզպանական գունդը կազմվում էր իշխանական զորաջոկատներից։ Բանակը կազմված էր հեծելազորից, հետևակից և սակրավորական զորամասերից։ Զորքը համալրում էին ազատները, շինականները և քաղաքաբնակները։

Գլխավոր դատավորի պաշտոնն առաջվա նման զբաղեցնում էր հայոց կաթողիկոսը։ Դատավարությունն իրականացվում էր համաձայն եկեղեցական ժողովների մշակած կանոնների ու սովորութային իրավունքի նորմերի։

Պետության կենտրոնացման և հզորացման այս քաղաքականությունը հանդիպում էր ոչ միայն որոշ հայ խոշոր ավատատերերի, այլև խալիֆայության համառ դիմադրությանը։[1]

Աղբյուրներ[խմբագրել]


Ծանոթագրություններ և նշումներ

  1. http://www.findarmenia.com/arm/history/57/180/