Jump to content

Էրիսթավի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էրիսթավի (վրաց.՝ ერისთავი, բառացի՝ «ժողովրդի գլուխ» («էրի» — «ժողովուրդ» և «թավի» — «գլուխ»), պաշտոն ավատատիրական Վրաստանում, որ մոտավորապես համապատասխանում է բյուզանդական ստրատեգոսին։ Սովորաբար անգլերեն թարգմանվում է որպես «հերցոգ»։ Վրաստանի ազնվականների շարքում էրիսթավիի տիտղոսը սովորաբար զբաղեցնում էր երրորդ տեղը թագավորից ու մթավարիից հետո և համապատասխանում էր խոշոր գավառների կառավարիչներին։ Տիտղոսակիրն ուներ իր ռազմական դրոշակը, կրում էր հատուկ հագուստ, մատանի, գոտի ու նիզակ, ինչպես նաև նստում էր հատուկ ցեղատեսակի ձի։

Բարձրաստիճան էրիսթավիներից ոմանք կրում էին էրիսթավթ էրիսթավի (վրաց.՝ ერისთავთ-ერისთავი), այսինքն՝ «հերցոգների հերցոգ» տիտղոս, սակայն քիչ հավանական է, որ այդ տիտղոսը կրողը ունենար իրեն ենթարկվող էրիսթավիներ։ Էրիսմթավարի (վրաց.՝ ერისმთავარი, բառացի՝ «մարդկանց գլուխ») տիտղոսը գործածվել է հիմնականում մինչ Բագրատիոնիների թագավորության ժամանակաշրջանը, իսկ հետագայում գործածվել էրիսթավի տիտղոսի հետ։

Վրացերեն գրությամբ արծաթե մետաղադրամներ՝ հատված վրացի էրիսմթավարի Ստեֆանոզ Առաջինի կողմից յոթերորդ դարում

Օգտվելով այն հանգամանքից, որ Վրաստանը հաճախ չէր ունենում թագավոր, էրիսթավիներից ոմանք իրենց տիտղոսը դարձրին ժառանգական և իրենք էլ դարձան կալվածատեր իշխաններ, իսկ ոմանք դարձան փաստացի ինքնիշխան (օրինակ՝ Մինգրելիայի, Աբխազիայի, Գուրիի, Սվանեթիայի և Ախալցխայի էրիսթավիները)։

Այս տիտղոսից են ծագում վրացական ազնվական հինգ տոհմերի ազգանունները, որոնք ռուսական իշխանության ժամանակաշրջանում՝ XIX դարում, ստացել են իշխանի կոչում։ Ռուսաստանում էյդ հինգ ընտանիքները հայտնի են եղել պարզապես որպես Էրիսթով իշխաններ, սակայն նրանք ունեցել են տարբեր ծագում։

  • Джавахишвили И. История Грузии: Кн. 2: Т.1. - Тбилиси, 1928.
  • Վրացական սովետական հանրագիտարան, հատոր 4, Թբիլիսի, 1979, էջ 192։