Գարդմանի իշխանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գարդման (այլ կիրառումներ)
Գարդման
 
Քարտեզ

Գարդման-Փառիսոսի թագավորությունը (982-1017 թթ.) և Լոռու թագավորությունը։
(1017 թ.)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Գարդման բերդ, Փառիսոս, Ոսկանապատ
Լեզու հայերեն
Ազգություն Հայեր
Կրոն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Իշխանություն
Պետական կարգ իշխանություն]
Դինաստիա Առանշահիկներ, Միհրանյաններ, Խաչեն
Պետության գլուխ իշխան, թագավոր, մելիք
Պատմություն

Գարդման (գրաբար նաև՝ Գարդմանք կամ Գարդմանաձոր) հինավուրց հայկական իշխանություն Մեծ Հայքի հյուսիս-արևելքում, ընդգրկում էր Ուտիք նահանգի համանուն Գարդման և Տավուշ գավառները։ Սահմանակցում էր հարավից՝ Արցախին, հարավ-արևելքից Շակաշենի իշխանությանը, հյուսիս-արևելքից Կուր գետով՝ Աղվանից աշխարհին, հյուսիս-արևմուտքից՝ Գուգարքին։ Գարդմանքի կենտրոնն էր Գարդման ամրոցը։ Գարդմանք է կոչվել և այստեղ բնակվող հնադարյան ցեղը։ Արշակունյաց ժամանակ այստեղ եղել է Ուտիքի նախարարության աթոռանիստը, ուստի նահանգը վարչաքաղաքական առումով հայտնի է եղել որպես «Գարդմանցոց իշխանություն»։ Ըստ պատմաբան Լեոյի Գարդմանն այն վայրն էր, որտեղ սկզբնապես հաստատվել է Սիսակյան Առանի իշխանությունը և, որից էլ սերվել է Գարդմանի Հայկազուն իշխանատոհմը [1]։ 5-րդ դարում Գարդմանն անցել է Աղվանքին, իսկ 6-րդ դարավերջին կամ 7-րդ դարասկզբին այստեղ է հաստատվել Միհրանյանների տոհմը, որն ոչնչացնելով բնիկ հայկազուն իշխաններին տիրացել է Գարդմանին և հռչակվել Աղվանքի գահերեց իշխանատոհմ։

Aquote1.png Բայց Եռանշահիկ տոհմն անհետ չկորավ, ոչ էլ մոռացավ իր պայքարն այդ եկվորների դեմ, որոնք հափշտակել էին իր սեփականությունները։ Եռանշահիկները դուրս են մղվում Գարդմանից հարևան լեռնային գավառները։ Երկու տոհմերի միջև հաստատվեց հին աշխարհի նվիրագործած արյան վրիժառությունը։ Այդ մի դարավոր արյունահեղ պայքար էր, որ իր վերջնական լուծումն ստացավ 9-րդ դարում Եռանշահիկների հաղթությամբ։
- Լեո, Հայոց պատմություն, Բ հատոր. Միջին դարեր։ Երևան 1967, էջ 327
Aquote2.png


821 թ. Գարդմանի վերջին իշխան՝ Վարազ Տրդատի սպանությունից հետո, նրա դուստր Սպրամիկ Միհրանյանը ապաստանում է Խաչենի ամրոցում և ամուսնանում Առանշահիկ տոհմի պայազատ Սահլ Սմբատյանի որդու՝ Ատրներսեհ Ա-ի հետ, որով Միհրանյան տոհմը խառնվում է հայ իշխանատոհմի հետ [1]։ Ատրներսեհի և Սպրամի թոռ Սահակ Սևադա իշխանը Խաչենի իշխանական տոհմի տիրույթներին է միացրել Գարդմանը։ 982 թ. Գարդմանում և Արցախի Փառիսոս գավառում հաստատվել է հայկական փոքրիկ թագավորություն, որը գոյատևել է մինչև 1017 թվականը [2]։ Այնուհետև Գարդման-Փառիսոսի թագաւորությունը հարևան Տաշիր-Ձորագետի հայկական թագավորության կողմից գրավվեց և միացվեց վերջինիս, գրեթե կրկնապատկելով Տաշիր-Ձորագետի, Լոռու կամ Գուգարքի թագավորություն կոչվող այդ քաղաքական միավորի տարածքը, որտեղ իշխում էին Անիի Բագրատունիների կրտսեր ճյուղ հանդիսացող Կյուրիկյանների արքայատոհմը։ Վերջինների հաջողվեց իրենց քաղաքական ազդեցության տակ առնել նաև Կուրի ձախ ափին գտնվող Կախթե-Հերեթ թագավորությունը, որտեղ իշխանությունն անցավ Կյուրիկյանների կրտսեր ճյուղին։ ՛՛1037 թ. առանց արու ժառանգ թողնելու, սպանված Կիւրիկե III-ին (Գուրգեն Բագրատունուն) Կախեթ-Հերեթի գահին հաջորդեց նրա քրոջ տղան՝ Դավիթ Անհողինի որդի Գագիկը։ Դրանից հետո Կախթ-Հերեթում գահակալեց Կյուրիկյանների (Գուգարքի կամ Տաշիր-Ձորագետի հայ Բագրատունիների) կրտսեր ճյուղը և, բնականաբար, այն հայտնվեց Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության քաղաքական ազդեցության ոլորտում։ Տրամաբանական է, որ այս հանգամանքը պետք է հանդիպեր Վրաստանի միավորմանը ձգտող վիրա-աբխազական թագավոր Բագրատ IV Բագրատունու (1027–1072) հակազդեցությանը և վրաց Բագրատունիներ–Կյուրիկյաններ հակասութիւնների խորացմանը։ ՛՛ Տե՛ս ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ, ՛՛ՏԱՇԻՐ–ՁՈՐԱԳԵՏԻ ԿԻՒՐԻԿԵԱՆ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԱՑՈՒՄՆ ՈՒ ՀԶՕՐԱՑՈՒՄԸ՛՛, http://hpj.asj-oa.am/2701/1/2009-2-3(224).pdf :[3]։

16-18-րդ դարերում Գարդմանը որպես մելիքություն մտել է Խաչենի տոհմից սերված Մելիք-Շահնազարյանների տիրույթի մեջ։ Գարդմանի մելիքությունը ընդգրկում էր Շամքոր գետի վերին ավազանը և իշխանանիստ Ոսկանապատ ավանի անունով կոչվում էր նաև Ոսկանապատի մելիքություն[2]։

Ներկայումս պատմական Գարդմանի իշխանության տարածքում են գտնվում Հայաստանի Տավուշի մարզը և Ադրբեջանի Ղազախի, Թովուզի, Դաշքեսանի, Խանլարի, Գետաբեկի շրջաններն ու Գանձակ քաղաք։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Լեո, Երկերի Ժողովածու, Բ հատոր. Հայոց պատմություն. Միջին դարեր։ «Հայաստան» հրատ., Երևան, 1967, էջ 151, 327-419.
  2. 2,0 2,1 Hewsen, Robert H (2001). Armenia: A Historcial Atlas. Chicago: University of Chicago Press. էջ 119, 163. ISBN 0-2263-3228-4. 
  3. Շահնազարյան, Արտաշես (2009). ՏԱՇԻՐ–ՁՈՐԱԳԵՏԻ ԿԻՒՐԻԿԵԱՆ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԱՑՈՒՄՆ ՈՒ ՀԶՕՐԱՑՈՒՄԸ. Երևան: Պատմա-բանասիրական հանդես. էջ 224, 233. ISSN 0135-0536.