Հարք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հարքը Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում գավառ է, կենտրոնը՝ Կոփ։ Տարածվում էր Արածանի գետի վերին հովտում, Տարոն, Վարաժնունիք, Ապահունիք և Բզնունիք գավառների միջև։ Հարքի մասին տեղեկությունները սակավ ու կցկտուր են։

Մար Աբաս Կատինա պատմիչը Հարք և նրա Հայկաշեն դաստակերտը համարում է հայոց անվանադիր նախնի Հայկի բնակության սկզբնատեղը։ Ըստ այդ ավանդական պատմության, Հայկը Հարքը ժառանգություն է թողել որդիներից Մանավազին, որն իր անունով հիմնել է Մանավազակերտ բերդաքաղաքը։ Մինչև IV դարը Հարքը ժառանգաբար տիրել են Մանավազյանները։ Նրանց իշխանանիստ կենտրոնն էր Մանազկերտը։

Մանավազյան նախարարության բնաջնջումից հետո Արշակունի Խոսրով Բ Կոտակ թագավորը Հարքը պարգևել է Աղբիանոսյաններին, որոնք Մանազկերտը դարձրել են եպիսկոսանիստ կենտրոն․ մանազկերտցի Աղբիանոսյան եպիսկոպոսներից վեցը IV-V դարերում դարձել են կաթողիկոս։ Ներսեսի «Վարքում» հիշվում է Հարքեանք նախարարությունը։

Հարքի հնագույն բնակավայրերից է Հերյանը, որտեղ ըստ Ստեփաննոս Տարոնեցու ծնվել է հայ ականավոր իմաստասեր Դավիթ Անհաղթը։ Նույն պատմիչը Հարքի Եղեգակ գյուղը հիշատակվում է որպես Սահակ Բ կաթողիկոս (534-539) ծննդավայրը։ Արիստակես Լաստիվերցին հիշատակում է Հարքի Մանկագոմ, Գյուղք և Ագարակք ավանագյուղերը։ XI դարի սկզբին Հարքը հիշատակվում է որպես Թոնդրակյան շարժման կենտրոն։ Այժմ Հարքը տրոհված է թուրքական Բուլանըկ և Մանազկերտ գավառների միջև։

Հարք գավառի տարածքը մոտավորապես համապատասխանում է Թուրքիայի Մուշի մարզի Բուլանիք շրջանին։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png