Jump to content

Մանավազ Հայկազունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանավազ (այլ կիրառումներ)
Մանավազ Հայկազունի
Մանաւազ
Մանավազյանների նահապետ
 
Ազգություն հայ
Դինաստիա Հայկազունիներ
Հայր Հայկ Նահապետ

Մանավազ Հայկազունի նաև Մանաւազ, Մանազաւ[1] (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), Հայկ նահապետի երրորդ որդին, Արամանյակի, Խոռի և Ապահի եղբայրը, Բազի, Որդի և Հունի հայրը, Մանավազյանների նախարարական տան հիմնադիրը[2][3][4][5][6]։

Կենսագրական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Մովսես Խորենացու Արամանյակը՝ իր եղբայր Մանավազին, նրանց մյուս եղբորը՝ Խոռին և Մանավազի որդիներ՝ Բազին և Որդին, իրենց ամբողջ ընտանիքով թողնում է Հարքում։ Մանավազը ժառանգում է Հարքը, իսկ նրա որդին Բազը ժառանգում է Վանա լճի (աղի ծով) հյուսիսարևմտյան ափը։ Բազը գավառը իր անունով կոչում է Բզնունիք, իսկ ծովը՝ Բզնունյաց ծովը[2]։ Մովսես Խորենացին նույն տեղում ավելացնում է.՝

«Ասում են, որ սրանցից են առաջ եկել Մանավազյան և Բզնունյաց նահապետությունունները, նաև Որդունի կոչվածը, որոնք վերջերս, սուրբ Տրդատից հետո, մեկը մյուսին ոչնչացրին պատերազմով։

Այս հատվածում հաստատվում է Մանավազից՝ Մանավազյանների, նրա որդի Բազից՝ Բզնունիների, իսկ մյուս որդի Որդից Որդունիների նախարարական տոհմերի հիմնադրումը։

Մանավազյան տոհմի վերացումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ քրիստոնեական պատմագրությունում ընդունված վարկածի, 330-ական թթ Մանավազյանները վիճելի կալվածքների համար անհաշտ կռիվներ են մղել իրենց ազգակից իշխանական տոհմերի՝ Բզնունիների ու Որդունիների դեմ։ Չկարողանալով հաշտեցնել կռվող կողմերին՝ Խոսրով Գ Կոտակ թագավորի հրամանով սպարապետ Վաչե Մամիկոնյանը ոչնչացրել է նրանց և բռնագրավել տիրույթները։ Հարք գավառը տրվել է Աղբիանոսյանների եպիսկոպոսական տոհմին[7]։ Իրականում, Խոսրով Գ թագավորի կազմակերպած սպանդի հնարավոր պատճառները այլ էին, քանի որ Մանավազյանների իշխանական կալվածք Հարքը չէր սահմանակցում ոչ Որդունիքին (Բասեն գավառ), ոչ էլ Բզնունիքին։

Մանավազակերտի հիմնումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Մովսես Խորենացու Մանավազը հիմնել է քաղաք, որը իր անունով կոչվել է Մանավազակերտ, որից կրճատմամբ առաջացել է Մանազկերտ անունը։ Մինչև 4-րդ դարը այն եղել է Մանավազյանների աթոռանիստը[8]։

Ըստ Ղևոնդ Ալիշանի Մանավազը ժառանգում է Հարքը, իսկ նրա եղբայր Խոռը հաստատվում է Հարք գավառի արևելյան մասում, որը հետագայում կոչվում է Ապահունիք ու այդ գավառի հյուսիսային մասը (Խորխոռունիք) շենացնում։ Այս երկու գավառների նահմանամեջում (Հարք, Ապահունիք), Արածանի գետի վտակներից մեկի մոտ հաստատվում է Մանավազը, հետո բնակավայրը ընդարձակվելով ու ամրանալով մեծ և նշանավոր քաղաք է դառնում, որը մինչև հիմա գոյություն ունի և հայտնի է Մանազկերտ անունով։ Ղևոնդ Ալիշանը ավելացնում է՝.

... որով (Մանազկերտ) և Հայաստանի ամենէն հին և մնացեալ քաղաքն է, 4000 տարիէ աւելի ըլլալով սկիզբն, որոյ չափ հին խիստ քիչ քաղաք կայ բոլոր երկրիս վրայ. յայտնի է որ անոնց պէս այս այլ փոխեալ է և առաջին շինուածքին հետքն գտնել դժվար է, սակայն նոյն անունը և տեղն պահած, և միշտ բնակուած և շինուած է[1]։

Ի տարբերություն իր եղբայրներ Արամանյակի և Խոռի, որոնք գնացել էին դեպի հյուսիս, Մանավազը ոչ միայն ժառանգեց իր հոր՝ Հայկի ոստանը, այլ ինչպես երևում է չհեռացավ։ Մանավազի անունը մնաց այդ և մերձակա գավառների վրա և հարավում հայտարարվեց որպես «տուն Մանաւազայ կամ Մինայ»[9]։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ղևոնդ Ալիշանի Մանավազ (Մանաւազ, Մանազաւ) անունը սանսկրիտերենից թարգմանած նշանակում է Մանավաս - մարդիկ։ Ման, մեն (որից Ար-մեն-ակ) անունով սկսվում և ավարտվում է Մանավազ Հայկազունու որդու՝ Բազի անունով[1]։

Մանավազը ունեցել է երեք հայտնի որդի՝

  • Բազ, Բզնունիների նախարարական տան նահապետը[1][2]
  • Որդ, Որդունիների նախարարական տան նահապետը[10]
  • Հուն (Հոն), ըստ ենթադրության Ապահունիք գավառի հիմնադիրն է և Մանավազի որդին[1]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Հայաստան յառաջ քան զլինելն Հայաստան», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1904, էջ 159
  2. 2,0 2,1 2,2 «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, 1961, Երևան, Գլուխ Ա. ժբ
  3. «Հայոց պատմություն», Ուխտանես, Ա. ժզ
  4. «Ազգաբանութիուն Հայոց», Մինաս Ամդեցի, էջ 3
  5. «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց», Սամուել Անեցի, էջ 42
  6. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչեայ Աճառեան, Երեւան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 196-197
  7. «Հայկական սովետական հանրագիտարան», խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1981. էջ 214-215
  8. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 679
  9. «Հայաստան յառաջ քան զլինելն Հայաստան», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1904, էջ 160
  10. «Հայաստան յառաջ քան զլինելն Հայաստան», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1904, էջ 161
  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչեայ Աճառեան, Երեւան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 196-197
  • «Հայաստան յառաջ քան զլինելն Հայաստան», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1904, էջ 159
  • «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, 1961, Երևան, Գլուխ Ա. ժբ, Բ. է
  • «Հայոց պատմություն», Ուխտանես, Ա. ժզ
  • «Ազգաբանութիուն Հայոց», Մինաս Ամդեցի, էջ 3
  • «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց», Սամուել Անեցի, էջ 42, 49
  • «Տիեզերական պատմություն», Ստեփանոս Ասողիկ, Ա. ե
  • «Հաւաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի», Վենետիկ, 1862, էջ 90
  • «Հայկական սովետական հանրագիտարան», խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1981. էջ 214-215
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 679