Աղբիանոսյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Աղբիանոսյաններ, հոգևորական տոհմ Մեծ Հայքում, 4-5-րդ դարերում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ագաթանգեղոսի, Մեծ Հայքում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո քրմի որդի Աղբիանոսը կարգվեց եպիսկոպոս։ Մեծ Հայքի կրոնական կյանքում ունեցած բարձր դիրքն ու հեղինակությունը Աղբիոնոսին արտոնում էին մասնակցելու պալատական խորհրդականներին և երկրի կարևոր հարցերի քննարկմանը։ Աշտիշատը, որը պատկանում էր Աղբիանոսյաններին, հոգևոր կենտրոնի իր առաջնությունը պահպանեց նաև Մեծ Հայքում քրիստոնեությունն ընդունելուց հետո։ Փավստոս Բյուզանդը Աշտիշատի եկեղեցին անվանում է «մեծ և առաջին մայր եկեղեցի», մատնանշում նրա ավագությունը բոլոր հայ եկեղեցիների նկատմամբ։ IV-V դարերում Մեծ Հայքի եպիսկոպոսապետության համար մղող մրցապայքարում Աղբիանոսյանները մնում էին Գրիգոր Լուսավորչի տոհմի գլխավոր հակառակորդները և հաճախ գերակշռության ձեռք բերում։ Հայրապետական գահին Աղբիանոսյանների և Գրիգոր Լուսավորչի հետնորդների աթոռակայելը հիմնականում պայմանավորվել է Մեծ Հայքի իշխանության վարած արտաքին քաղաքականությամբ։ Գրիգոր Լուսավորչի հետնորդները հակված էին դեպի Արևելյան Հռոմեական Կայսրությունը, անհամերաշխ էին Սասանյան Պարսկաստանին և հայ Արշակունի այն թագավորներին, որոնք փորձում էին դաշնակցել Սասանյան Պարսկաստանի հետ։ Աղբիանոսյանները ձգտել են համերաշխ մնալ դրացի Պարսկաստանի հետ և Հռոմեական կայսրության վերահսկողությունից ձերբազատել հայ եկեղեցին։ 373-ին Աղբիանոսյաններից Հուսիկ Բ կաթողիկոս դարձավ Պապ թագավորի նախաձեռնությամբ, առանց Կեսարիայի մեծ եպիսկոպոսապետի ձեռնադրության՝ փաստորեն հիմնելով հայկական անկախ եկեղեցի։ 5-րդ դարի 2-րդ կեսին Աղբիանոսյանները կորցնում են քաղաքական ակտիվությունը։ Դրանից հետո Աղբիանոսյանների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png