Jump to content

Փավստոս Բուզանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Փավստոս Բյուզանդից)
Փավստոս Բուզանդ
Փաւստոս Բուզանդ
Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց» գրքի առաջին էջը.
Ծնվել է4-րդ դար
Վախճանվել է5-րդ դար
Մասնագիտությունպատմաբան
Լեզուհայերեն և հին հունարեն
ՔաղաքացիությունԲյուզանդական կայսրություն
Ուշագրավ աշխատանքներHistory?
Փավստոս Բուզանդ Վիքիքաղվածքում
 Faustus of Byzantium Վիքիպահեստում

Փավստոս Բուզանդ (նաև՝ Փավստոս Բյուզանդ գրբ.՝ Փաւստոս կամ Փօստոս Բիւզանդացի), 4-րդ դար - 5-րդ դար), 5-րդ դարի հայ պատմագիր։

Բուզանդի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուզանդի կենսագրություն և ծագման վարկածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան մի քանի հայ հեղինակների նման Փավստոս Բուզանդը և նրա «Պատմություն հայոցը» նույնպես տեղիք են տվել աղբյուրագիտական և պատմագիտական բնույթի վեճերի։ Փավստոս Բուզանդի ու նրա աշխատության շուրջը ծագած վեճերը հիմնականում վերաբերում են այս հարցերին, ազգությամբ ո՞վ է Փավստոսը, ե՞րբ և ի՞նչ լեզվով է գրել նա իր գիրքը, Փավստոսի աշխատությունը արդյոք ամբողջությամբ է մեզ հասել, թե՞ կիսատ է[1]։

Բուզանդի կենսագրության մասին շատ քիչ տեղեկություններ կա, Միքայել Չամչյանը, Նորայր Բյուզանդացին, Նիկողայոս Ադոնցը, Մկրտիչ Էմինը, Սեն-Մարտենը և այլ հետազոտողներ հեղինակին նույնացնելով իր «Հայոց պատմություն» աշխատության մեջ հիշատակված հույն եպիսկոպոս Փավստոսի՝ Ներսես Ա Մեծի խորհրդականին հետ, կարծում են, որ պատմիչը իր աշխատությունը գրել է հունարենով 4-րդ դարի 80-ական թվականներին, իսկ հայերեն թարգմանվել է 5-րդ դարում[2]։ Ըստ Քերովբե Պատկանյանի Բուզանդը ասորի է եղել և իր երկը գրել է ասորերեն։ Ղ. Ինճիճյան, Հ. Տաշյան, Ս. Մալխասյանց, Մ. Աբեղյան, Հ. Գելցեր և այլոք Բուզանդին համարում են հայ։ V դարի երկրորդ կեսի պատմիչ Ղազար Փարպեցին ենթադրել է, որ Փավստոսը ծագումով Բյուզանդիայից էր։ Ավանդաբար համարվում էր, որ Բուզանդը ապրել է IV դարում։ Ղազար Փարպեցին Բուզանդին համարում է որպես Հայոց պատմության երկրորդ գրքի հեղինակի, իսկ երկում եղած թերությունները վերագրում է հետագա թերուս մարդկանց (ըստ Փարպեցու՝ Հայոց պատմության առաջին գրքի (290-330 թվականների ժամանակաշրջանի պատմության) հեղինակն է Ագաթանգեղոսը[3])։ Պատմիչի Բուզանդ մականունը հիմնականում մեկնաբանվել է «բյուզանդացի» կամ Բյուզանդիայում կրթություն ստացած մարդու իմաստով։ «Բուզանդարան պատմութիւնք» անվան առաջին բառը ավանդաբար կապվել է հեղինակի անվան հետ և մեկնաբանվել որպես «Բյուզանդ»՝ «Բյուզանդիա» բառից ածանցյալ։

Կա տեսակետ ըստ որի «Հայոց Պատմությունը» գրվել է երկու անձի կողմից, որոնցից մեկը հույն էր, մյուսը՝ ասորի։ Աբեղյանը նշում է նաև, որ գիրքը գրվել է մի հայ պատմիչի կողմից, ով ապրել է 4-րդ դարում և գրել համառոտ պատմություն հունարենով, որը 5-րդ դարում թարգմանվել է հայերեն և ավելացվել ու ընդարձակվել[4]։

Բուզանդի «Հայոց Պատմություն» գրքից մի հատված, որ վերաբերում է Արշակ թագավորին, կա նաև հույն պատմիչ Պրոկոպիոսի (6-րդ դար) նույնանուն ստեղծագործության մեջ, ինչի պատճառով էլ շատերը կարծում են թե Բուզանդի երկը գրված է եղել հունարեն։

Հրաչյա Աճառյանի «Հայոց անձնանունների բառարան»-ում Փավստոս Բուզանդ անունով նշված են մի քանի անձեր. Աճառյանի խոսքով՝ մեկը Արշակ Բ-ի ժամանակակից եպիսկոպոս էր, մյուսը՝ հույն, որ Հայաստանում ցանկանում էր ձեռնադրվել եպիսկոպոս, ինչպես նաև պատմիչ Փավստոս Բուզանդացին, ով գրել է «Հայոց Պատմությունը» Տրդատի մահից մինչև Արշակունյաց բաժանումը[5]։

Փավստոս Բուզանդը կրթություն է ստացել հայրենիքում։ Նա 5-րդ դարի մյուս մատենագիրների նման ուսումը շարունակելու համար արտասահման չի մեկնել։ Ուսումը ավարտելուց հետո նա եռանդուն կերպով սկսում է գրի առնել ժողովրդական ավանդություններն ու առասպելները։ Բուզանդի առանձնահատկություններն այն է, որ նա լսած ժողովրդական պատումները գրի է առել համարյա նույնությամբ, առանց ակտիվ միջամտության։ Եվ այսպես, ժամանակի ընթացքում նրա մոտ կուտակվել է ահագին նյութ, որը մշակելով ու դասավորելով, դարձրել է մի գիրք[1]։

«Բուզանդ» և «Բուզանդարան» բառերի մեկնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ստեփան Մալխասյանի Բուզանդ բառը բաղկացած է «բու» և «զանդ» հնդեվրոպական արմատներից և նշանակում է եղելությունների, զրույցների մեկնիչ։ Մ. Մալխասյանցի և Ա. Պերիխանյանի եզրակացությունների համաձայն՝ «բուզանդարան» բառը ծագում է պարթևերեն «բոզանդ» բառից և նշանակում է «երգիչ, ասող, աշուղ», իսկ «պատմութիւնք» նշանակում է «պատմություններ, վիպական շարադրանքներ», այսինքն՝ պատմական վիպական ժողովածու[6]։ Իրանագետ Անահիտ Փերիկխանյանի վերլուծությամբ՝ «Բուզանդարան» բառը կազմված է իրանական արմատից, որը նշանակում է «էպիկական երգեր ասող, գուսան», և «-արան» վերջածանցից, որը ցույց է տալիս տեղանք։ Այսպիսով՝ այն նշանակում է «էպիկական պատմությունների ժողովածու», իսկ Բյուզանդիայի հետ կապը առաջացել է սխալ մեկնաբանությունից։

Նրա անձի մասին մատենագրական ոչ մի տեղեկություն չի պահպանվել, բացի երեք անորոշ և մութ ակնարկներից։ Երրորդ գրքի վերջում առկա հիշատակությունը՝ «Փավստոս Բիւզանդ մեծ պատմիչ, հույն ժամանակագիր», համարվում է ավելի ուշ հավելում[7]։ Բուզանդի երկում եղած արտահայտությունից՝ «զմերոյ տոհմի ազգի իշխանն Սահառունեաց» կարելի է եզրակացնել, որ ինքը Սահառունյաց տոհմից է[8]։

Ժամանակակից հետազոտողների տեսակետները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից հետազոտողները՝ Ջեյմս Ռասելը և Ռոբերտ Թոմսոնը, հակված են կարծելու, որ «Փավստոս Բուզանդ» անունը պատմականորեն ճշգրիտ չէ, և գործի հեղինակը, հավանաբար, անանուն V դարի հայ հոգևորական է։ Նինա Գարսոյանը պնդում է, որ հեղինակը անանուն հոգևորական էր, որը համակրում էր ազնվականությանը և ուներ քարոզչական որոշ կարողություններ[9]։ Գարսոյանը և Ջեյմս Ռասելը հատկապես ընդգծել են, որ աշխատության մեջ առկա են իրանական, մասնավորապես պարթևական ավանդույթների բազմաթիվ արտացոլումներ[10]։ Երկը գրվել է մոտավորապես 470-ական թվականներին և այն կարելի է բնորոշել որպես բանավոր ավանդույթների անանուն ժողովածու։

Ժամանակակից ռուսալեզու աղբյուրներում երբեմն հանդիպում է նաև «Ֆաուստ Վիզանդացի» ձևը[11]։

Փավստոս Բուզանդ. «Պատմություն հայոց»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակագրական ընդգրկում և կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 19-րդ դարի վերջին քառորդը Բուզանդի «Պատմություն Հայոցը» անվստահելի աղբյուր է համարվել։ Ամեն ինչ փոխվեց, երբ ֆրանսիացի հայագետ Անտուան-Ժան Սեն-Մարտենը, գերմանացի գիտնական Ալֆրեդ Գուտշմիդը և ուրիշներ Բուզանդի երկը գնահատել են որպես կարևոր աղբյուր։ Հետագայում աշխատությունը գնահատվեց ոչ միայն որպես պատմական աղբյուր, այլ նաև որպես պատմա-էպիկական բնույթի կարևոր հուշարձան։

Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց»-ն ընդգրկում է շուրջ կես դարվա պատմություն՝ Խոսրով Կոտակի թագավորությունից (330—338) մինչև Հայաստանի առաջին բաժանումը Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև՝ 387 թվականը։ Գիրքը սկսվում է Գրիգոր Լուսավորչի մահվամբ (331 թ.) և ավարտվում 387 թ. Հայաստանի բաժանմամբ Իրանի և Հռոմի միջև։ Երկը բաղկացած է առաջաբանից և չորս դպրություններից (Երրորդ, Չորրորդ, Հինգերորդ, Վեցերորդ), դրանք էլ իրենց հերթին բաժանվում են մանրամասն վերնագրեր ունեցող գլուխների։ Ըստ Մանուկ Աբեղյանի հեղինակը գրած է եղել նաև Ա և Բ դպրությունները, որոնք չեն պահպանվել, բայց որպեսզի դրանք զուր չկորեն Գ դպրության սկզբում ավելացվել է «Իսկզբն» բառը[4]։ Առաջին շրջանը (դպրություն Ա) «Սկզբնական պատմությունն» է, որը ընդգրկում է «Բաբելոնի աշտարակից» մինչև «Քրիստոսի մահը» ժամանակահատվածը։ Այս ժամանակաշրջանում հայերը, բնականաբար, հեթանոսներ էին։ Երկրորդ շրջանը՝ «Միջին պատմությունը», սկսվել է «Քրիստոսի մահից» հետո և ընդգրկում է այն ժամանակահատվածը, որը անհրաժեշտ էր քրիստոնեության տարածման և Հայաստանում պետական ​​կրոն դառնալու համար։ Այս երկրորդ շրջանն ավարտվել է Տրդատ Գ-ի մահով, ով առաջին հայ թագավորն էր, որը ընդունեց քրիստոնեությունը[2]։ Հայտնի է, որ առաջին երկու դպրությունները չեն եղել արդեն Փարպեցու ժամանակ[12]։

Որոշ գիտնականներ փորձել են ընդհանրապես հերքել այս գրքերի գոյությունը «Պատմության» մեջ, մինչդեռ մյուսները փորձել են դրանք գտնել հին հայկական պատմական գրականության այլ աշխատություններում, մասնավորապես՝ Սեբեոսի (7-րդ դարի պատմիչ) «Հայոց պատմության» սկզբնական հատվածում[2]:

Թվագրման անհամապատասխանությունը (սկսվում է Երրորդ գրքով) հավանաբար պայմանավորված է ավելի ուշ խմբագրությամբ կամ նրանով, որ աշխատությունը ներառված է եղել այլ ժողովածուի կազմում։

Դպրությունների բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ դպրությունը ընդգրկում է Խոսրով Բ Կոտակի (330–338) ու Տիրանի (338–350) թագավորությունների ժամանակաշրջանը։ Չորրորդ դպրությունը՝ Արշակ Բ-ի (350 – մոտ 368) գահակալության շրջանը մինչև Անհուշ բերդում բանտարկվելը։ Հինգերորդ դպրությունը վերաբերում է Պապ թագավորի (370–374) և Վարազդատի (374–378), Արշակ Գ-ի (378–390) և Վաղարշակի թագավորելու ժամանակահատվածներին։ Վեցերորդ դպրությունը բաղկացած է 16 գլխից, որոնցից առաջինում Հայաստանի բաժանման պատմությունն է (Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև), իսկ հաջորդ 15-ում՝ համառոտ տեղեկություններ հայ եպիսկոպոսների մասին։

Թեմատիկ շերտեր և գաղափարախոսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտնականները աշխատության մեջ առանձնացնում են երեք հիմնական շերտ՝ թագավորական պատմություն, եկեղեցական պատմություն և Մամիկոնյանների պատմություն։ Մամիկոնյան ցեղից մի քանի սպարապետների (Վասակի, Մուշեղի, Մանուելի) պատմությանը մեծ տեղ է հատկացված։ Նրանք ներկայացվում են որպես աննկուն, քաջ կռվողներ, հայրենիքի, եկեղեցու և բնիկ Արշակունի հայ թագավորների համար ապրող ու մեռնող հերոսներ։ Փավստոսը Մամիկոնյաններին ներկայացնում է որպես Հայաստանի գլխավոր պաշտպաններ, որոնք հավատարիմ էին անգամ անարժան Արշակունի թագավորներին։ Կարևոր տեղեկություններ է հաղորդված հայ նշանավոր հոգևորականների մասին, խոսվում է նրանց վարքի, քարոզների, աղոթքների, կատարած բարեգործությունների ու հրաշագործությունների մասին։ Հատկապես բարձրացվում է Ներսես Մեծը, որի կենսագրությունը լրացնելու համար օգտվել է նաև 4-րդ դարի նշանավոր աստվածաբան Բարսեղ Կեսարացու վարքից[12]:

Բուզանդը սկսում է Գրիգոր Ա Լուսավորչի, Արիստակես Ա Պարթևի և նրանց շիրիմների մասին պատմությամբ՝ հեղինակը տեղեկություններ է հաղորդում նաև նրանց հաջորդների վերաբերյալ։ Փավստոս Բուզանդը նկարագրել է նրանց պայքարը հեթանոսական սովորությունների դեմ, ներքին հակասությունները եկեղեցու և թագավորական իշխանության միջև, ինչպես նաև անդրադառնում է նրանց մասնակցությանը երկրի քաղաքական կյանքին[13]։

Երկը շարադրելիս, Բուզանդն օգտվել է Աստվածաշնչից, վարքաբանական-վկայաբանական գրքերից, պատմագիտական գրականությունից, ավանդազրույցներից։ Բավական լավ ծանոթ է եղել Ագաթանգեղոսի գրեթե ամբողջ բովանդակությանը, որից հիշատակումներ է արել իր երկի բազմաթիվ մասերում[4]։ Նա լայնորեն մեջբերում է հայերեն Աստվածաշունչը և, հավանաբար, ծանոթ չէր դասական հունա-հռոմեական պատմագրությանը։ Նրա հիմնական աղբյուրը եղել է հայկական բանավոր ավանդույթը՝ գուսանների երգերն ու պատումները։ Ակտիվորեն օգտագործված են նաև տեսիլների, անեծքների, գուշակությունների ձևով ակնարկներ 5-րդ դարի եղելությունների մասին և վերջապես հատվածներ Կորյունի գրքից[4]։ Առանձնահատուկ կարևորություն ունի «Պարսից պատերազմը» ժողովրդական ավանդավեպը, որի առանցքը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի մղած հերոսական պայքարի պատմությունն է։ Գիրքը կոչված էր՝ Հայաստանի ծանր կացության պայմաններում բարձր պահել ժողովրդի ազատագրական ոգին և միաժամանակ ներթափանցված է քրիստոնեական գաղափարախոսությամբ։ Մ. Աբեղյանի կարծիքով՝ այս գործը չի կարելի անվերապահորեն օգտագործել որպես լիովին վստահելի պատմական աղբյուր, քանի որ ստեղծագործական տարրը մեծ տեղ ունի։

Պատմագիտական արժեք և հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փավստոս Բուզանդի անվան փողոցից հատված Երևանում

«Պատմություն Հայոցը» պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի 4-րդ դարի քաղաքական պատմության, ներքին կյանքի, հասարակական-քաղաքական կառուցվածքի, դասակարգային ու ներդասային պայքարի, եկեղեցակրոնական հարցերի, սովորությունների, հավատալիքների, պարսկա-բյուզանդական հակամարտության մեջ Հայաստանի դերի մասին։ Չնայած ստույգ ժամանակագրության բացակայությանը, առկա անճշտություններին և չափազանցություններին, կրոնական և քաղաքական գործիչների գեղարվեստական կերպավորմանը, ամեն դեպքում «Պատմություն Հայոցը» հայկական մատենագրության արժեքավոր երկերից է։ Առաջին անգամ՝ 1730 թվականին, «Բիւզանդարան պատմութիւն» վերնագրով հրատարակվել է Կ.Պոլսում։ Ամենահին ամբողջական ձեռագիրը թվագրվում է 1599 թ. (Երուսաղեմ №341), եթե չհաշվենք 1224 թ. հատվածական ձեռագիրը (Վենետիկ №673)[14]։ Ֆրանսերեն լույս է տեսել Մկրտիչ Էմինի թարգմանությամբ՝ 1867 թվականին, գերմաներեն՝ Մ. Լաուերի թարգմանությամբ՝ 1879 թվականին։ Ստեփան Մալխասյանցի աշխարհաբար թարգմանությունը հրատարակվել է 1947 թվականին Երևանում։ 1953 թվականին Երևանում լույս է տեսել ռուսերեն թարգմանությունը մեկնաբանություններով[15], 1985 թվականին՝ անգլերեն թարգմանությունը (Ռոբերտ Բեդրոսյան), իսկ 1989 թվականին՝ Նինա Գարսոյանի անգլերեն թարգմանությունը՝ ներածությամբ և ծանոթագրություններով[6]։

Փավստոս Բուզանդի «Պատմությունը» հետագա սերունդների համար եղել է գեղարվեստական նյութի անփոխարինելի աղբյուր։ Մասնավորապես, Րաֆֆին «Սամվել» պատմական վեպի գաղափարը նրանից է փոխառել[12]։

Երևանում Փավստոս Բուզանդի անունով կա նաև փողոց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Ստեփան, Մելիք–Բախշյան (1996). Հայոց պատմության աղբյուրագիտություն. ԵՊՀ. էջ 61.
  2. 1 2 3 «ФАВСТОС БУЗАНД->ИСТОРИЯ АРМЕНИИ->ПРЕДИСЛОВИЕ». www.vostlit.info. Վերցված է 2026-02-19-ին.
  3. «Հայոց պատմություն. Թուղթ Վահան Մամիկոնյանին», Ղազար Փարպեցի, աշխ. թարգմ.՝ Բագրատ Ուլուբաբյանի, Երևան, 1982, էջ 6-7.
  4. 1 2 3 4 Մանուկ Աբեղյան, Մ․ Ա․. «Հայոց Հին Գրականության Պատմություն, Գիրք Ա.». serials.flib.sci.am. Վերցված է 2026-02-19-ին.
  5. «Հայոց անձնանունների բառարան, Հրաչեայ Աճառեան». www.nayiri.com. Վերցված է 2026-02-19-ին.
  6. 1 2 «The Epic Histories Attributed to Peawstos Buzand, "Buzandaran Patmutiwnk.". Nina G. Garsoïan». Speculum. 67 (2): 414–416. 1992-04. doi:10.2307/2864407. ISSN 0038-7134.
  7. Upton, Rebecca L. (2016). About the Author. Lexington Books. էջեր 117–117. ISBN 978-0-7391-9663-2.
  8. «Փավստոս Բուզանդ». www.anunner.com. Ա.Մարտիրոսյան. 10.02.2012. Վերցված է 22.03.2023-ին.
  9. Nicholson, Oliver (2018). The Oxford Dictionary of Late Antiquity (անգլերեն). Vol. 1. Oxford University Press. doi:10.1093/acref/9780198662778.001.0001. isbn 978-0-19-866277-8.. ISBN 978-0-19-866277-8. {{cite book}}: Check |doi= value (օգնություն); no-break space character in |doi= at position 43 (օգնություն)
  10. Greenwood, Tim (2007-11-01). Armenian Sources. British Academy. ISBN 978-0-19-726378-5.
  11. Гришин, Евгений Сергеевич; Быстрицкий, Николай Игоревич; Крутов, Дмитрий Андреевич (2024). «Исторический атлас «византийского» Крыма: системный подход и методика реализации». Византийский временник = ΒΥΖΑΝΤΙΝΑ ΧΡΟΝΙΚΑ (107, 2023): 130–146. doi:10.55959/msu0132-3776-2024-107-130-146. ISSN 0132-3776.
  12. 1 2 3 «Փավստոս Բուզանդ | Հայոց պատմություն | համառոտ». Տարընթերցում. Վերցված է 2026-03-04-ին.
  13. Մալխասյանց, Ստեփան (1941 թ. հունիսի 7). Պատմություն Հայոց (Փավստոս Բուզանդ). Թբիլիսի.
  14. Pʻawstos; Garsoïan, Nina G. (1989). The epic histories attributed to Pʻawstos Buzand (Buzandaran patmutʻiwnkʻ). Harvard Armenian texts and studies. Cambridge, Mass: Distributed for the Dept. of Near Eastern Languages and Civilizations, Harvard University by Harvard University Press. ISBN 978-0-674-25865-5.
  15. Baliozian, Ara; Simonian, A. B.; Arzumanian, M. V. (1982). «Haykakan Sovetakan Hanragitaran». World Literature Today. 56 (1): 170. doi:10.2307/40137160. ISSN 0196-3570.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աբեղյան Մ․ Խ․ Հայոց հին գրականության պատմություն, գիրք Ա, Երևան 1994, էջ 166-173․
  • Абегян М. Х. Литература и историография // Культура раннефеодальной Армении (IV—VII вв.). Ер., 1980. С. 23 — 147.
  • Адонц Н. Г. Фауст Византийский как историк // Христианский Восток. 1922. Т. 6. Вып. 3. С. 235—272.
  • Ельницкий Л. А. К истории антицерковных и антихристианских тенденций в Армении в IV в. н. э. // Вестник древней истории. 1965. № 2. С. 122—130.
  • Խաչիկյան, Լ. Ս. «Հայաստանի պատմություն»՝ Փավստոս Բուզանդի // Փավստոս Բուզանդ, Հայաստանի պատմություն. Երևան, 1953,
  • Ստ. Մալխասյանց, Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Երևան, ԵՊՀ հրատ., 1987, 456 էջ
  • Faustus de Byzance. Bibliothèque historique en quatre livres, traduite pour la première fois de l'arménien en français, par Jean-Baptiste Emine, directeur du Gymnase impérial de Wladimir sur la Klazma, в сборнике: „Collection des historiens anciens et modernes de l'Arménie, publiée en français.” par Victor Langlois", tome 1 (Paris, Librairie de Firmin Dido Frères, Fils et Cie, 1867), p.201 — 310.
  • Des Faustus von Byzanz Geschichte Armeniens. Aus dem Armenischen ubersetzt und mit einer Abhandlung uber die Geographie Armeniens eingelates von Dr. Lauer. Koln, 1879.
  • Norman H. Baynes. Rome and Armenia in the fourth century // The English Historical Review, vol. XXV. New York-Bombay-Calcutta, 1910.