Բզնունիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բզնունիներ
Տեսակազնվական տոհմ և նախարար
Մասն էՀայ ազնվականություն
ԵրկիրՄեծ Հայք
ՏիրույթներԲզնունիք
ԾագումՄանավազ Հայկազունու թոռ Բազ նահապետ
ՏիտղոսներԻշխան Բզնունյաց, տեր Խլաթի, Դատվանի եւ Արծկեի
ԴավանանքՀեթանոսություն, Քրիստոնեություն, Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի

Բզնունիներ, հնագույն իշխանական, նախարարական տոհմ Հայաստանում։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն տոհմական ավանդության, որը մեզ է փոխանցել Մովսես Խորենացին, Բզնունիների տոհմը սերում է Բազ նահապետից։ Բազը Մանավազ Հայկազունու թոռն էր։ Նա հաստատվեց Վանա ծովի հյուսիսարևմտյան կողմում։ Նրա անունով ծովը կոչվեց Բզնունյաց, իսկ գավառը՝ Բզնունիք։ Այլ պատմական վկայության համաձայն Հայաստանի Լոռվա հյուսիսային շրջանում ևս Բազ նահապետը հիմնադրել է Բազակերտ ավանը Բազաբերդ ամրոցով, որի մասին բազմաթիվ հիշատակումներ կան միջնադարյան հայ պատմիչների մոտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բզնունիների տոհմը նախնական շրջանում վարել է արքունի որսապետության, այնուհետև զորահրամանատարության պաշտոնները։ Բզնունիների տոհմական տոտեմը եղել է Բազեն, որն էլ հետագայում դարձել է տոհմի զինանշանը։ Տրդատ Գ Մեծի ժամանակ նրանց է վստահվել Ձորա պահակ սահմանային լեռնանցքը։ Բզնունյաց նախարարները եղել են զորահրամանտարներ և սահմանային կուսակալներ։ Բզնունիները հիշատակվում են Գահնամակում և Զորանամակում։ Զորանամակի համաձայն Բզնունիները Հայոց արքունիքին տվել են 3000 հեծյալ։ Խոսրով Կոտակի ժամանակ տոհմի տանուտեր Դատաբեն Բզնունին, չենթարկվելով կենտրոնաձիգ իշխանությանը, ապստամբեց արքայի դեմ։ Վաչե Մամոկոնյանը Առեստի ճակատամարտում ջարդում է ապստամբների մի մասին, իսկ մնացած մասը փախուստի է դիմում։ Դատաբեն Բզնունուն շղթայակապ բերում են արքայի մոտ, և ըստ ժամանակի պատժի միջոցների, նրան մահվան են դատապարտում դավաճանի նման՝ քարկոծելով։ Սակայն Բզնունյաց ավատատիրական վերնախավը դեռ գոյություն ուներ և նահապետական կարգերին հավատարիմ այդ տունը դեռ պահպանում էր նախկին անհնազանդ ու ինքնիշխան կացութաձևը, ուստի Վաչե Մամիկոնյանին հրաման տրվեց՝ ոչնչացնելու դավադրության մասնակից ողջ տանուտիրական ավագանին, որից հետո Բզնունյաց տիրույթները բռնագրավվում են և միացվում արքայական կալվածքներին։ Հետագայում, որպես բռնագրավված գավառ, շնորհման կարգով այն հանձնվում է Աղբիանոս եպիսկոպոսին, քանզի եկեղեցին սահմանափակվում էր հեթանոսական տաճարապատկան հողերով և բռնագրավված տիրույթների ստացմամբ։ Չնայած տոհմի տանուտիրական վերնախավի վերացմանը, Բզնունյաց տոհմը կարողացավ պահպանել իր գոյությունը ավատատիրական կարգի մեջ։ 6-7-րդ դարերում հիշատակվում են Բզնունյաց եպիսկոպոսներ, տարբեր ձեռագրերի հիշատակարաններում հանդիպում ենք պատվիրատու և ստացող Բզնունի վարդապետներ, ինչը խոսում է նրանց ավատատիրական և ազնվական աստիճանի պահպանման մասին։ Մշտապես վառ էր հիշողությունը տեղանունների նկարագրության ժամանակ։ Օրինակ 13-րդ դարում Խլաթը հիշատակվում է որպես «քաղաք Բզնունյաց Խլաթն»;

Լևոն Բզնունի

Տոհմի ոչնչացում ասելով միանշանակ հասկացվում է տոհմական ավագանու ու տանուտիրական իշխանության վերացումը, քանզի տոհմի հազարավոր անդամներ խնամիական ու պաշտոնակատար բազմաթիվ կապերով կապված ու սերտաճած էին պետության բոլոր տարածքներում ու բնագավառներում, այն էլ դեռևս դարավոր հեռավորությունից։

Հետագայում Բզնունի նախարարական տոհմի ներկայացուցիչներից հիշատակվում են հազվադեպ։ 16-17-րդ դարերում հիշատակվում են ձեռագրերի հիշատակարաններում որպես պատվիրատու, ստացող կամ վարդապետ։

Բզնունի նախարարական տոհմից են սերվում Ներսես Վրդ. Բզնունին (Ծն. 1839-ին Կարինում (Էրզրում)), Սուրբ Թադևոսի վանքի վանահայր Սիմեոն Բզնունի եպիսկոպոսը, Բալուի գավառի 19-րդ դարավերջի հոգևոր առաջնորդ Ներսես վրդ. Բզնունին եվ Հովհաննես վրդ. Բզնունին։ 1918 թ.մայիսի 21-29-ի Սարդարապատի հերոսամարտի մասնակից՝ դաշնակցական Հարություն Բզնունին, 20-րդ դարի պարսկահայ բանաաստեղծ Լևոն Բզնունին եվ այլք։ Տոհմի ներկայացուցիչներ կան նաև մեր օրերում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մովսես Խորենացի, «Պատմություն Հայոց», էջ 226, Երևան 1961։
  • «Իրանահայ արդի գրողներ» գրքի առաջին հատորից, էջ 103, Տպարան «Մոդեռն», Թեհրան, 1964։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 428