Սյունիքի թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սյունիք (այլ կիրառումներ)
Սյունիքի թագավորություն
 Բագրատունյաց Հայաստան 987 - 1170 Զաքարյան Հայաստան 
Քարտեզ

The Kingdom of Syounik-Baghk, 1020-1166.gif

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Կապան
Մակերես 5.000 կմ2
Մակերես 8.000 կմ2
Լեզու հայերեն
Կրոն Հայ առաքելական եկեղեցի
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Սյունիներ
Պետության գլուխ թագավոր
Պատմություն

Սյունիքի կամ Կապանի թագավորություն (987 - 1170), ավատատիրական պետություն միջնադարյան Հայաստանում՝ Սյունիների արքայատոհմի գլխավորությամբ։ Կոչվում է նաև Կապանի թագավորություն։ Միջնադարյան Բագրատունիներից վասալական կախման մեջ գտնվող այս թագավորությունը ներառում էր տարածքներ ներկայիս Հայաստանից, մասամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից և Նախիջևանի ինքնավար հանրապետությունից (Ադրբեջան

Բագրատունյաց Հայաստանի ենթակա թագավորություններից (Վասպուրական, Սյունիք, Վանանդ, Լոռի) ու իշխանություններից (Տարոն, Տայք) ամենավերջինն էր, որը հիմնադրվել էր 987 թվականին՝ Սմբատ Սյունու կողմից։ Տարածքն ընդգրկում էր Սյունիք նահանգի հարավային հատվածները՝ կազմելով 8 000 քառ. կմ։

Սյունիքի թագավորության մեջ կային 43 բերդ, 48 վանք և 1000-ից ավելի գյուղեր։ Մայրաքաղաքը սկզբնական շրջանում Շաղատ գյուղաքաղաքն էր, իսկ 10-րդ դարի վերջերից Կապան քաղաքը։

Սյունիքի թագավորության պատմությունը ամփոփված է մի քանի հայ պատմիչների աշխատություններում։ Նրանցից հատկապես մեծարժեք է Ստեփանոս Օրբելյանի «Սիսական նահանգի պատմություն» երկասիրությունը։

Աշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աշխարհացոյցի» համաձայն` Սյունիք նահանգն ունեցել է 12 գավառ։ Դրանցից 7-ը (Բաղք-Քաշունիքի հետ՝ 8) ներառվել են Բաղաց կամ Սյունիքի թագավորության կազմում՝

  • Ծղուկ - 1950 կմ2 (այժմյան Սյունիքի մարզի Սիսիանի շրջանը, ըստ «Աշխարհացոյցի»՝ Սյունիքի 7-րդ գավառը)
  • Աղահեճք - 1402 կմ2 (այժմյան Քաշաթաղի շրջանը, ըստ «Աշխարհացոյցի»՝ Սյունիքի 6-րդ գավառը)
  • Հաբանդ - 1325 կմ2 (այժմյան Գորիսի շրջանը, ըստ «Աշխարհացոյցի»՝ Սյունիքի 8-րդ գավառը)
  • Բաղք (Քաշունիքի հետ) - 925 կմ2 (այժմյան Կապանի շրջանը, ըստ «Աշխարհացոյցի»՝ Սյունիքի 9-րդ գավառը)
  • Ձորք - 525 կմ2 (այժմյան Կապանի շրջանի Գեղվաձորը, ըստ «Աշխարհացոյցի»՝ Սյունիքի 10-րդ գավառը)
  • Արևիք - 625 կմ2 (այժմյան Մեղրիի շրջանը, ըստ «Աշխարհացոյցի» Սյունիքի 11-րդ գավառը)
  • Կովսական - 625 կմ2 (նախկին Զանգելանի և մասամբ Կապանի շրջանները, ազատագրումից հետո վերանվանված դարձյալ Կովսական։ Ըստ «Աշխարհացոյցի»՝ Սյունիքի 12-րդ գավառը)

Տարածքը սկզբնական շրջանում բավականաչափ մեծ էր՝ իր մեջ ընդգրկում էր 5-րդ դարի պատմիչ և աշխարհագետ Մովսես Խորենացու «Աշխարհացոյց»-ում նկարագրված Սյունիք աշխարհի ավելի քան կեսը մասը։ Թագավորության սահմաններից դուրս էին Սյունիքի Սոդք և Գեղարքունիք գավառները, այսինքն՝ Սևանա լճի ավազանը, ինչպես նաև Վայոց ձոր և Երնջակ գավառները։

Բագրատունի Գագիկ Ա թագավորը (990-1020) 1003-ին Սյունիքի թագավորությունից գրավում Անի-Շիրակի թագավորությանն է միացնում Վայոց ձորն ու նրա շրջակայքի մի քանի գավառներ։ Սյունիքի թագավորության սահմանները արևմուտքում կազմում էին Զանգեզուրի լեռների հարավային մասը, հարավում Արաքս գետը, արևելքում՝ Աղավնո (Հագարի) գետը, իսկ հյուսիսում այդ սահմանն անցնում էր Հագարի գետի Աղողլան վտակի և Որոտան գետի ջրբաժան լեռներով, ապա ուղղվում դեպի արևմուտք և հատվում Սյունյաց լեռների հետ։ Սյունիքի թագավորությունը նշված սահմաններում ընդգրկում էր Բաղք, Կապան, Արևիք, Կովսական ու Հաբանդ գավառները ամբողջությամբ և Ծղուկք գավառի հարավային մասը։ Այս սահմանները վերաբերում են 11-րդ դարին, ներկայացնում են Սյունիքի թագավորության առավելագույնը ՝ հետագա ժամանակների համեմատությամբ։

Սյունիքին բնորոշ են բարձր լեռնաշղթաները, նրանց արանքում սեղմված բարձրադիր հովիտները, որոնց միջով անցնող ոչ մեծ գետերի ջրերը (Որոտան գետի վտակներ) կյանք են տալիս նրանց։ Լեռնային հովիտների կլիման մեղմ է, նպաստավոր երկրագործության համար։ Նախիջևանի և Մեղրու հովիտները բարենպաստ են պտղատու և խաղողի այգիների մշակման համար։ Լեռնային արոտները հնարավորություն էին ընձեռում անասնապահության զարգացման համար։

Հիմնադրում և հզորացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական պետականության վերականգնումից (885) 21 տարի անց հայ իշխանները ժամանել էին Տաթև՝ ուրախությամբ նշելու Սյունյաց եպիսկոպոսական աթոռի մայր տաճարի՝ Պողոս-Պետրոս եկեղեցու նավակատիքը։ 906 թվականին օծման արարողություններին մասնակցում էին հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին, պատմիչ-կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին, Աղվանքի կաթողիկոս Սիմեոնը, Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունին, Գեղարքունիքի մեծ իշխան Գրիգոր Սուփանը, Արցախի Եսայի և Ատրներսեհ իշխանները, Գարդմանա տեր Սահակ Սևադան, Աշոտ և Վասակ Գնթունիները, Սյունյաց գահերեց և գահակալ իշխաններ Աշոտը, Ձագիկը, Հրահատը և այլք։

Սակայն 2 տարի անց, արտաքին ուժերի սադրանքով Գագիկ Արծրունին 908 թվականին Ատրպատականի արաբական ոստիկան Յուսուֆի աջակցությամբ իրեն հռչակեց Հայաստանի թագավոր։ Պատճառը Նախիջևանն էր, որ Սմբատ Ա Բագրատունին վերցրեց Վասպուրականից և հանձնեց Սյունյաց գահերեց իշխանին։ Սա առիթ հանդիսացավ քաղաքական երկպառակության։ Այնուհետև աստիճանաբար բզկտվեց Հայաստանի քաղաքական քարտեզը գերագահության մարմաջով բռնված իշխանական հզոր տոհմերի միջև։ Առանձին թագավորություն ունենալու խմորումներ առաջացան նաև Սյունիքում, որի տերերից Վասակ Գաբուռն ամուսնացած էր Բագրատունյաց արքայադուստր Մարիամի հետ։ Սյունյաց բարձրաստիճան հոգևորականությունը և հատկապես Վահան եպիսկոպոս (հետագայում՝ կաթողիկոս) Ջևանշերյանը՝ Բաղք-Ձորք գավառների գահակալ իշխան Ձագիկի թոռը, բացահայտորեն կամ ծածուկ նպաստում էր այդ գաղափարի իրականացմանը։

970 թվականին Սյունյաց գահերեց իշխան Աշոտի թոռը՝ Սահակի որդի Սմբատը, նույնպես արտաքին ուժերի սադրիչ միջամտությամբ իրեն հռչակեց Սյունիքի թագավոր։

Aquote1.png Այդ ինչու՞, գրում է Ստեփանոս Օրբելյանը, Հրաչյայի կողմից գերեվարված Բագրատունիների ժառանգներից կարող են օծվել հայոց թագավորներ, իսկ Սյունյաց աշխարհից՝ ոչ։ Չէ՞ որ ի Հայկայ երևելի հարազատութեամբ որդիք զհարս փոխանակելով և տերութեամբ եկեալ հասեալ էին մինչև ցայժմ։ Սյունյաց աշխարհի իշխանները «երբեք ոչ ըմբոստացան ի հայրենի տերութեանցն», ուստի «քրեական մեղք» չի կարելի համարել Սմբատի գահակալություն Aquote2.png

Սյունիքի առաջին գահակալը՝ Սմբատ Սահակյանը վախճանվեց 998 թվականին և ամփոփվեց Տաթևի վանքում։ Գահը ժառանգեց որդի Վասակը (998-1040), որը «ազատակոյտ բազմութեամբ» թագավոր օծվեց Գրիգոր եպիսկոպոսի ձեռքով։ Նրա կրտսեր եղբայր Սևադան դարձավ իշխանաց իշխան։ Վասակ թագավորի միամորիկ դուստրը՝ Կատրանիդեն, ամուսնացած էր Գագիկ Ա Բագրատունի թագավորի (989-1020) հետ և իր մոր՝ Սյունյաց թագուհի Շահանդուխտի նման զբաղված էր շինարարական լայն գործունեությամբ։

Վասակ թագավորի խնդրանքով և նրա դստեր՝ թագուհի Կատրանիդեի միջամտությամբ վերականգնվում է Սյունիքի մետրոպոլիտությունը, որը շնորհված էր նահանգի հոգևոր առաջնորդներին դեռևս 4-րդ դարում Ներսես Մեծի կողմից և վերացվել էր Անանիա Մոկացի կաթողիկոսի կոնդակով 960-ական թվականներին։ Պատմական որոշակի արժեք է ներկայացնում Սարգիս Սևանցի կաթողիկոսի 1006 թվականի շրջաբերական նամակը՝ ուղղված Վասակ թագավորին և Սյունյաց Սևադա ու Աշոտ իշխաններին՝ Սյունիքի հոգևոր թեմին ենթակա հարկատու գավառների մասին։ Ի թիվս այլ գավառների՝ այստեղ մտցված են Նախիջևանը, Ագուլիսը, Ջուղան, Օրդվատը (Օրդուբադը), Երնջակը, Ճահուկը և այլ բնակավայրեր։

Հոգևոր-մշակութային կյանքի ծաղկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյունյաց թագավորների մեծ մասը արու զավակ չեն ունեցել, ինչի արդյունքում խնամիական կապեր հաստատած Արցախի իշխանները հայտնվել են Սյունիքի գահին։ Սմբատ Բ-ի կրտսեր եղբայր Գրիգորը (1051-1072) ամուսնացած էր Արցախի ականավոր իշխան Սահակ Սևադա Բ-ի դստեր՝ Շահանդուխտի հետ։ Նրանք նույնպես ժառանգ չունեին, որպիսի փաստը արձանագրված է Վահանավանքի սուրբ Աստվածածին կրկնահարկ եկեղեցու 1086 թվականի վիմական բնագրում։

Սմբատ Բ և Գրիգոր Ա թագավոր-եղբայրները զբաղվել են շինարարական աշխատանքներով։ Աջակցել և «ամենայն պիտոյիւք» օգնել են Տաթևի վանքի, Վահանավանքի, Բղենո-Նորավանքի և հոգևոր-կրթական այլ կենտրոնների վերանորոգման աշխատանքներին։ Նրանց գահակալության տարիներին առավել հարստացան Սյունիքի կրոնական օջախները, առանձնապես Տաթևի վանահայրությունը, որն ուներ միաբանության ավելի քան 1000 անդամ։

Գրիգոր Ա-ի մահվանից հետո Սյունյաց ազնվականության որոշմամբ թագավոր է հռչակվում Շահանդուխտ թագուհու կրտսեր եղբայր Սենեքերիմը, ով պատերազմներ է մղել Սյունիքի Կովսական գավառ ներխուժած Փատլուն ամիրայի դեմ։ Նա ունեցել է 4 որդի (Գրիգոր, Սմբատ, Սևադա, Կյուրիկե) և մեկ դուստր։ 1081 թվականին, Շահանդուխտ թագուհին, «սրբասնունդ օրիորդ» Կատան՝ նրա քույրը, և Սենեքերիմ եղբայրը իրենց մոր՝ Աղվանից թագուհի իշխանուհի Սոփիայի հիշատակը հավերժացնելու նպատակով գեղաքանդակ խաչքար են կանգնեցրել մեծ տաճարի արևելյան սարալանջին։ Վահանավանքի կրկնահարկ դամբարան-եկեղեցու գավթում է թաղված Աղվանից կաթողիկոս Տեր-Ստեփանոսը, որը Կապան էր եկել «նեղեալ ի Տաճկաց», այսինքն՝ սելջուկ-թուրքերից, հավանաբար, 1070-ական թվակականներին։

Ի տարբերություն հարևան Վասպուրականի իշխողների, որոնք քրիստոնյա Բյուզանդիայի աջակցությամբ, փաստորեն, կործանեցին իրենց երկիրը՝ փոխանակելով այն Կեսարիայի հետ, Սյունիքի տերերը իրենց հեռատես և դիվանագիտական հմուտ քայլերի շնորհիվ բարեկամական հարաբերություններ հաստատեցին սելջուկ սուլթանների հետ ու պահպանեցին Սյունյաց աշխարհն ավերիչ ասպատակություններից։ Այս նուրբ, ճկուն ու հեռատես քաղաքականությունը հետագայում որդեգրեցին հատկապես Օրբելյան և Պռոշյան իշխանները, երբ մոնղոլների աշխարհավեր արշավանքներից տարիներ հետո հարաբերական անդորրն ու կայունությունն օգտագործելով՝ Սյունյաց լեռնաշխարհի ապահով մի անկյունում հիմնադրեցին հանրահռչակ Գլաձորի ուսումնագիտական կենտրոնը։

Անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյունիքի թագավորությունը, նույն ժամանակաշրջանի մյուս հայկական թագավորությունների նման, մինչև 1045-ը Անի-Շիրակի թագավորության վասալն էր։

Սյունիքի թագավորությունը տնտեսական կապերով կապված էր Անի-Շիրակի ու Վասպուրականի թագավորությունների ու Աղվանքի հետ։ Երկրում առևտրական ճանապարհների վրա առաջացել էին փոքրիկ, բայց առևտրական տեսակետից զգալի նշանակություն ունեցող գյուղաքաղաքներ։ Ամբողջ թագավորության մեջ տնտեսական և քաղաքական բացառիկ նշանակություն ուներ երկրի միակ քաղաքը՝ Կապանը, որը առևտրի ու տեղական նշանակություն ունեցող արհեստագործական կենտրոնն էր։ Սյունիքի թագավորությունում, գյուղատնտեսությունից բացի, մեծ զարկ էր ստացել պղնձի հանույթն ու ձուլումը։

Սյունիքի թագավորության տնտեսական վերելքը երկար չի տևում։ 11-րդ դարի վերջերից նա ընկնում է քաղաքական աննպաստ դրության մեջ։ 1094 (կամ 1096) թվականին խաղաղության դաշն կնքելու պատրվակով, միջնորդ ունենալով Շիրակի Գրիգոր Ապիրատյան իշխանին, Գանձակի ամիրան ժամանում է Կապան, որտեղ՝ Բաղաբերդ ամրոցում, ճակատամարտի էր պատրաստվում Սենեքերիմ արքան։ Գրիգոր իշխան Անեցին, մտնելով ամրոց, համոզում է Սյունիքի թագավորին, որ Գանձակի տերը եկել է Սյունիք բարի առաքելությամբ՝ միայն խաղաղության դաշն կնքելու և բարեկամություն հաստատելու նպատակով։ Հավատալով հայ իշխանի խոսքին՝ Սենեքերիմն իջնում է ամրոցից, սակայն բանակցությունները դեռ չսկսած՝ «չարաթոյն գազան» թուրք բռնապետը անսպասելիորեն «ստեաց ուխտին և յարձակեալ մռմռանօք ի վերայ եսպան զթագաւորն»,- գրում է պատմիչը։ Ապա՝ շարունակում է. «Այսպես շիջաւ ճրագն քրիստոնէից, որ կայր մնացեալ յամուրսն Բաղաց»: Սենեքերիմը նույնպես թաղվեց Վահանավանքի արքունական դամբարանատանը՝ «ի շիրմի ընդ այլ թագաւորսն»։

1103 թվականին սելջուկ-թուրքերը Մելիք-Շահի երբեմնի մատռվակ Չորթմանի գլխավորությամբ ներխուժում են Սյունիքի Բաղք գավառ։ Նրանց հիմնական նպատակն էր գրավել Կապան մայրաքաղաքը, ոչնչացնել թագավորության զինական ուժը և վերջնականապես լուծել «Սյունյաց խոչընդոտի» հարցը։ Չորթմանի հրոսակները կոտորածն սկսում են Կապանի Ջհտաթաղ (հրեաների թաղ) կոչված արվարձանից։ Թշնամուն չի հաջողվում գրավել արքայանիստ Բաղաբերդ ամրոցը և կողոպտած հարուստ ավարով հեռանում է քաղաքից։ Սյունիքի մայրաքաղաք Կապանի ավերակները գտնվում են Կապան-Քաջարան մայրուղու ձախակողմյան սարալանջին, Ողջի գետի աջ ափին, այժմյան դպրոցական ճամբարների և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի առողջարանային համալիրի տարածքում։ Երբեմնի քաղաքը ծածկված է անտառային խիտ բուսականությամբ, սակայն հարավային մասում տեղ-տեղ երևում են պարսպապատերի մնացորդները՝ երբեմն 2-2,5 մ բարձրությամբ։ Կատաղի մարտերը տևեցին մեկ տարի։ 1104 թվականին նրանք ներխուժեցին Որոտն և Բղեն գավառ, որը գտնվում էր Հաբանդի (այժմյան Գորիսի շրջան) և Բաղքի (այժմյան Կապանի շրջան) միջնամասում։ Գերվեց Բղենո Խոսրովիկ իշխանը։ Ապա՝ Սյունիքը խաղաղության մեջ գտնվեց ևս 22 տարի։ 1126 թվականին Հարոն ամիրան գրավեց Արևիք գավառը (այժմյան Մեղրիի շրջանը)։ 1152 թվականին թուրքերին հաջողվեց նվաճել Շլորուտի բերդը, իսկ հինգ տարի հետո՝ 1157 թվականին ընկավ Մեղրու բերդը։ 1170 թվականին թուրքերը Կապան քաղաքի մերձակա գրավեցին Սյունյաց աշխարհի «հոյս եւ ապաւէն» Բաղաբերդ ամրոցը։ Կողոպտվեցին և ոչնչացվեցին այստեղ ամբարված ավելի քան 10 000 ձեռագիր մատյաններ, սրբություններ, Սյունյաց նահանգի արքունական գանձերը։ Բաղաբերդի անկումը պատմիչը համեմատում է Նաբուգոդոնոսոր արքայի կողմից Երուսաղեմը կործանելու հետ։ Ուսումնասիրողներից ոմանք համարում են, որ Բաղաբերդը Կապան քաղաքի միջնաբերդն էր, որպիսի վարկածը ընդունելի չէ, քանզի պատմական Կապան քաղաքը գտնվելիս է եղել Ողջի գետի աջ ափին, իսկ Բաղաբերդ ամրոցը՝ գետի ձախակողմյան սարալանջին՝ Բաղակու քարին հանդիպակաց։

Թագավորների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1166 թվականին մահանում է Սյունիքը 70 տարի իշխած Գրիգոր Բ թագավորը, ով սերում էր Խաչենի Առանշահիկների իշխանական տոհմից։ Նույն տարում մահանում է նաև եղբայրը։ Գրիգորը իր միակ դստերը՝ Կատային, կնության էր տվել Խաչենցի իշխանազն Հասան Գեռաքարեցուն։ Վերջինս էլ դառնում է Սյունիքի 7-րդ թագավորը։

Սակայն Հասան Խաչենցի թագավորը, ով հայտնի էր նաև որպես Գեռաքարեցի, անկարող գտնվեց կազմակերպել Սյունիքի պաշտպանությունը և ընտանիքը վերցրած, հեռացավ Արցախ։

Այսպիսով՝ պատմության ասպարեզից վերացավ Հայաստանի վերջին քաղաքական կազմավորումը (բուն Հայաստանում)՝ Սյունիքի թագավորությունը, որը համառորեն գոյատևեց 200 տարի շարունակ։ Սյունիքը ղեկավարել են յոթ արքաներ՝

Անունը Իշխել է Նշումներ
Սմբատ Ա 987-998 Սիսակ իշխանի որդի, Աշոտ Սյունի գահերեց իշխանի թոռ, Սյունիքի թագավոր
Վասակ Ա 998-1040 Սմբատ Ա-ի որդի, Սյունիքի թագավոր
Սմբատ Բ 1040-1051 Աշոտի (Աշոտիկի) որդի, Սյունիքի թագավոր
Գրիգոր Ա 1051-1072 Աշոտի (Աշոտիկի) որդի, Սյունիքի թագավոր
Սենեքերիմ Սևադյան 1072-1096 Սևադայի որդի, Սյունիքի թագավոր
Գրիգոր Բ 1096-1166 Սենեքերիմի որդի, Սյունիքի թագավոր
Հասան Խաչենցի 1166-1170 Սյունիքի վերջին թագավոր

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]