Արձանագրություն (փաստաթուղթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արձանագրություն (այլ կիրառումներ)

Արձանագրություն պատմական, հին և միջնադարյան ժողովուրդների գրերով ու լեզվով պահպանված փաստագրեր։

Արձանագրությունների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանվել են ժայռերի, քարերի, կավե տախտակների, կավանոթների, փափուկ մետաղների, ոսկրե, փայտե, ապակյա առարկաների, պապիրուսների վրա։ Արձանագրությունները բազմաբնույթ են (քաղաքական, օրենսդրական, առևտրական, ռազմական և այլն)։ Պետական նշանակություն ունեցող փաստագրերը պահվում էին արքունական դիվաններում, մյուսները՝ մեհյաններում։ Նշանավոր դեպքերի վայրերում կանգնեցնում էին կոթողներ և դրանց վրա գրում տվյալ դեպքի մասին։ Վարչա–պետական սահմանաբաժան կետերում դրվում էին արձանագրությամբ սահմանաքարեր։ Օրենսդրական ակտերը հրապարակելու համար գրվում էին նաև հասարակական շենքերի, մեհյանների, եկեղեցիների որմերին։ Արձանագրությունները առաջնակարգ աղբյուրներ են ժողովուրդների պատմության և մշակույթի ուսումնասիրման համար։ Հին Արևելքի անհետացած մի շարք ժողովուրդների թողած արձանագրությունները դարձան նրանց պատմության, մշակույթի և լեզվի վերականգնման աղբյուր։ Արձանագրություն գրելու մշակույթ են ունեցել նաև հայերը։ Նախնադարյան ժամանակներից Հայաստանում պահպանվել են ժայռերի և քարանձավների պատերին փորագրված պատկերներ և նշանագրեր, ուրարտական շրջանից՝ հարյուրների հասնող սեպագրեր, այնուհետև՝ արամեերեն, հունարեն և լատիներեն արձանագրություններ։ Հայտնի են հայկական հուշարձանների վրա (սկսած 6-րդ դարից) փորագրված մոտ 10000 արձանագրություն։ Մատենագրության և նյութական մշակույթի մնացորդների հետ միասին դրանք կարևոր աղբյուրներ են Հայաստանի պատմության և մշակույթի ուսումնասիրության համար։ Արձանագրությունների ուսումնասիրությամբ զբաղվում է արձանագրագիտությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 86