Խնձորեսկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Խնձորեսկ (այլ կիրառումներ)
Գյուղ
Խնձորեսկ
Khndzoresk (5144217782).jpg
Խնձորեսկի քարանձավները
39°30′44″ հս. լ. 46°26′01″ ավ. ե. / 39.512222° հս. լ. 46.433611° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Սյունիքի
Գյուղապետ Սերյոժա Հայրապետյան
Բարձր. ծովի մակ-ից 1580 մ
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 2260 մարդ (2011)
Ազգային կազմ Հայեր,
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն խնձորեսկցի
Ժամային գոտի UTC+4
##Խնձորեսկ (Հայաստան)
Red pog.png

Խնձորեսկ, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2011 թվականին կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 2260 մարդ, ինչն աճել է համեմատած 2001 թվականի մարդահամարից (1992)։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1580 մ, զբաղեցրած տարածքը կազմում է 6772,8 հա։ Գտնվում է Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց աջ, խոր ձորի զառիթափի լանջերին և սարահարթի վրա, որտեղից էլ ստացել է Խնձորեսկ անվանումը։ Գտնվում է մարզկենտրոնից 82 կմ հեռավորության վրա։

«Խնձորեսկ» անունով է կոչվում և՛ հին գյուղատեղին, որ տարածված է լեռնահովտում, և՛ նոր գյուղը, որ սփռված է նրանից վեր՝ ձախ կողմում ընկած սարահարթում։

Խնձորեսկը պատմական հուշարձան է համարվել, որը պահպանվել է սովետական պետության կողմից։ «Հին Խնձորեսկը պետք է պահել և պաշտպանել որպես հնությունների խոշորագույն թանգարան,— ասել է Մարտիրոս Սարյանը ՀՍՍՀ Գերագույն սովետի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանում,— այդպիսի հրաշքային տեղ աշխարհում քիչ կա»։ Խնձորեսկի պատմությունը և բնությունը արտացոլվել են մի շարք հայ գրողների ու նկարիչների (Րաֆֆի, Սերո Խանզադյան, Ս. Այվազյան, Մ. Մարյան, Է. Իսաբեկյան, Խ. Եսայան, Հ. Ռուխկյան, Դ. Խանջյան) գործերում, իսկ ժողովրդական մեղեդիների և աշուղական երգերի մոտիվները՝ Ա. Սաթյանի ստեղծագործություններում։

Անվան ստուգաբանություն[խմբագրել]

Ըստ ժողովրդական ստուգաբանության, «Խնձորեսկ» անվան արմատը «խնձոր» բառն է։ Մեկ այլ ստուգաբանությամբ՝ Խնձորեսկ նախապես անվանվել է Խորձոր կամ Խորձրրևսկ, որը հետագայում որոշ հնչյունափոխության ենթարկվելով՝ ընդունել է ներկայիս ձևը։ Երկու կարծիքներն էլ, անշուշտ, ընդունելի են. այդտեղ և՜ ձորերն են խոր, և՜ խնձորն է առատ։

Հին Խնձորեսկ[խմբագրել]

Հին Խնձորեսկը գտնվում է արևմուտքից արևելք գրեթե 3 կմ երկարությամբ ձգվող լեռնահովտի աջ և ձախ լանջերին, որոնք, իրենց հերթին, կտրտված են խոր ձորահովիտներով։ Ձորերը միմյանցից բաժանվում են լեռնաբազուկներով, որոնց լանջերին տեղ-տեղ վեր են խոյանում 100 - 120 մ բարձրության ժայռեր։ Լեռնահովիտների լանջերը, չնչին բացառությամբ, զուրկ են շինարարության համար հարթ տարածություններից։ Այդ պատճառով մարդիկ, օգտագործելով տեղանքի ընձեռած հնարավորությունները, կառուցել են դարավանդներ և տները դասավորել լանջերն ի վեր այնպես, որ մեկի կտուրը հաճախ բակ է ծառայել նրանից վեր կառուցվածի համար։

Խնձորեսկի մասին ամենահին գրավոր հիշատակությունը պատկանում է 13-րդ դարի Սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանին։ Այդքան բնակչության գոյության փաստը վկայում է, որ Խնձորեսկը ամենախոշորներից էր ոչ միայն Սյունյաց աշխարհում, այլ նաև Արևելյան Հայաստանում[1], XIX-րդ դարին գյուղի բնակչությունը կազմել է 4200, իսկ XX-րդ դարի սկզբներին՝ 8300 մարդ։ 1913 թ. ունեցել է 27 խանութ, 3 ներկատուն, կաշվեգործական արհեստանոցներ և 7 դպրոց՝ երկուսը ծխական, մյուսները՝ մասնավոր-տնային։ Գյուղն ունեցել է 4 եկեղեցի. Ս. Հռիփսիմե, Ս. Թաղևոս, Անապատի և Հին։

Պատմություն[խմբագրել]

Խնձորեսկի պատմությունը հին է և հարուստ։ Նրա տարածքում եղած մի շարք բնակատեղիներ, որոնք դեռևս չեն պեղված և ուսումնասիրված, գալիս են, հավանաբար, Սյունյաց աշխարհի սկզբնավորման շրջանից։ Բուն Խնձորեսկում ամենահինը Չահլուկն է, որի պատմությունը հասնում է դարերի խորքը։ Ըստ երևույթին, XIV - XV դդ. է վերաբերում համեմատաբար հարթ ու մատչելի վայրերում գտնվող կենտրոնական թաղերի սկզբնավորումը։ Խնձորեսկի բնակիչները դարեր շարունակ հմտորեն օգտագործել են լեռնային բարդ տեղանքը ինչպես բնակության ու աշխատանքի, այնպես էլ ինքնապաշտպանության համար։

Խնձորեսկը գործուն մասնակցություն է ունեցել ազատագրական այն պայքարին, որ Դավիթ Բեկի գլխավորությամբ ծավալվեց XVIII դարի 1-ին քառորդին Սյունիքում։ Գյուղի բերդը 1728-1730 թթ. եղել է Մխիթար Սպարապետի զորակայանը։ Ազատագրական շարժման պարտությունից օգտվելով՝ պարսիկ և օսմանցի բռնակալները սկսեցին հետապնդել ու հալածել հայերին։

Խնձորեսկը

Աբրահամ Կրետացի կաթողիկոսը, որ Թահմազ Ղուլի-Նադրխանին շահ կարգելուց հետո, 1735 թվականին, Մուղանի դաշտավայրից Տաթևի վրայով Էջմիածին վերադառնալիս կանգ էր առել Խնձորեսկում, իր «Պատմության» մեջ հանգամանորեն նկարագրում է տեսածը։ Գիշեր թե ցերեկ, ամեն րոպե, ուժերի անհամեմատ մեծ գերակշռություն ունեցող հրոսակների կողմից հարձակման ենթարկվելու վտանգը խնձորեսկցիներին ստիպել է որպես կացարան հարմարեցնել այն քարանձավները, որոնք փորված էին ժայռի մեջ, հաճախ գետնից 20 - 30 մ բարձրության վրա։ Կրետացին զարմանքով է դիտել, թե ինչպես պարանով քարանձավ էին մագլցում նույնիսկ կանայք՝ մեջքին կապած երեխա կամ քթոց։

Հին Խնձորեսկը եղել է Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղը. 1913 թվականին ունեցել է 1800 տուն, ընդ որում դրանց մեջ կային բազմաթիվ գերդաստաններ, որոնք բաղկացած էին մի քանի տասնյակ մարդուց։ Խնձորեսկցիները զբաղվում էին դաշտավարությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, արհեստներով. Խնձորեսկի դարբինները, ներկարարները, որմնադիրները, գզրարները, դերձակները, հաղթուկները, պայտագործները, գորգագործները, զինագործները, հմուտ վարպետներ էին, որոնք հաճախ սպասարկում էին նաև հարևան գյուղերին։ Հռչակված էին Խնձորեսկի աշուղները, երգիչ-սազանդարները, որոնք երբեմն հասնում էին մինչև Թավրիզ, որպեսզի մասնակցեն պարսկերենով կատարվող ժողովրդական երգի մրցույթներին։ 1913 թվականին Խնձորեսկում կար զանազան տիպի 27 խանութ, մեծ մասը՝ մանրավաճառ։

XIX դարի վերջին - XX դարի սկզբին կապիտալիստական ապրանքային հարաբերությունների ծավալումը իր ազդեցությունը թողեց նաև Խնձորեսկի վրա. դասակարգային հակասությունների սրման հետ մեկտեղ առաջացավ գերբնակչություն, որը սկսեց աշխատանք որոնել Անդրկովկասի տարբեր վայրերում, հատկապես Բաքվում, ապա, ինչպես խնձորեսկցիներն էին ասում՝ «ծովի էն կողմը»՝ Միջին Ասիայում։ Բնակչության արտահոսքը շարունակվեց նաև հետագայում, և Անդրկովկասի ու Միջին Ասիայի մի շարք կենտրոններում բնակություն հաստատեցին հազարավոր խնձորեսկցիներ։ Բանվորական կենտրոնների հետ անմիջական կապը խթանել է Խնձորեսկում հեղափոխական տրամադրությունների տարածումը, ապա և՝ շարժման վերելքը։ 1919 թվականի ապրիլին ստեղծվել է Խնձորեսկի կոմունիստական կուսակցական կազմակերպությունը՝ առաջինը շրջանում։ 1928 - 1929 թթվականին կազմակերպվել է Խնձորեսկի կոլեկտիվ տնտեսությունը (1976 թ.-ից՝ սովետական տնտեսություն)։ Այդ ժամանակ էլ Խնձորեսկն էլեկտրիֆիկացվել է։

1941 - 1945 թթվականի Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 1300 խնձորեսկցի, որոնցից 480-ը ընկել է մարտի դաշտում։ Նրանք ծառայել են զորքի բոլոր տեսակներում՝ 1100-ը որպես շարքային, մնացածը՝ սպա։ Դիվիզիայի հրամանատարներ գեներալ-մայոր Սերգեյ Կարապետյանի, գնդապետ Ներսես Բալոյանի, Սովետական Միության հերոս Գուրգեն Արզումանյանի և բազմաթիվ ուրիշների անունները առհավետ մտել են Հայրենական մեծ պատերազմի տարեգրության մեջ։ Գյուղը տվել է մեկ գեներալ (Սերգեյ Կարապետյան), 8 գնդապետ, 80 սպա և 200-ից ավելի շքանշանակիր զինվորականներ։

Նոր Խնձորեսկը կառուցվել է 1950-ական թթ. սկսած, երբ 9 կմ հեռավորությունից անցկացվեց ջրատար դեպի Խնձորեսկի սարահարթը։ Նոր գյուղը կառուցապատվել է ըստ գլխավոր հատակագծի։ Սովետական տնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, դաշտավարությամբ։ 1980-ականներին գործում է Գ. Սևունցի անվան գյուղատնտեսական մեքենայացման թեքումով միջնակարգ դպրոցը, ակումբ, գրադարան, կինո, բուժարան։ Խնձորեսկում են ծնվել Լենինյան մրցանակի դափնեկիր Հ. Սարկիսովը (Սարգսյան) և սոցիալիստական աշխատանքի հերոսներ Մ. Թյունյանն ու Մ. Մյուլխասյանը։

Բնակչություն[խմբագրել]

Խնձորեսկի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1939 1959 1979 1989 2001 2004
Բնակիչ 1 342 2 980 1 992 1 820 1 725 1 914 2 027

Տնտեսություն[խմբագրել]

Գյուղատնտեսությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Գյուղում կա 516 գյուղացիական տնտեսություն։ 2011 թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 960 հա աշնանացան։ 2012թ. հունվարի 1-ի դրությամբ Խնձորեսկում անասնագլխաքանակը հետևյալն է[3].

  • խոշոր եղջերավոր անասուններ՝ 3970 գլուխ,
  • մանր եղջերավոր անասուններ՝ 3880 գլուխ,
  • խոզեր՝ 519 գլուխ,
  • մեղվաընտանիքներ՝ 320։

Պատմաճարտարապետական հուշարձաններ[խմբագրել]

Խնձորեսկն ունի հարյուրավոր բնակելի քարանձավներ, խաչքարեր, մ. թ. ա. 2-րդ հազարամյակի դամբարանատեղի։ Համաձայն ՀՀ կառավարության կողմից 2002 թ․ հաստատված ցանկի, գյուղում կա 218 հուշարձան[4]։

Նշանավոր շինություներից են.

  • Աղջկա բերդ ամրոցը
  • Խնձորեսկի բերդը, որը կոչվում է նաև Մխիթար Սպարապետի ամրոց
  • Սուրբ Թադևոս եկեղեցին
  • Անապատ եկեղեցին
  • Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Գյուղում է գտնվում Մխիթար սպարապետի գերեզմանը։

Գյուղում 2012 թ. բացվել է մոտ 160 մ երկարությամբ ճոճվող կամուրջ[5]

Հայտնի մարդիկ[խմբագրել]

  • Աբել Սիմոնյան - պատմական գիտությունների դոկտոր
  • Աշոտ Գյուլխասյան - բժշկական գիտությունների դոկտոր
  • Աշոտ Սաթյան - կոմպոզիտոր
  • Աշոտ Թելունց - փիլիսոփայական գիտությունների դոկտոր
  • Արամ Սաթունի - կոմպոզիտոր
  • Արմենակ Դանիելյան - իրավաբանական գիտությունների դոկտոր
  • Վազգեն Բաղդագյուլյան- պատմական գիտությունների դոկտոր
  • Բենիկ Յուզբաշյան - գրականագետ
  • Գարեգին Սևունց - արձակագիր
  • Կառլեն Ակունց - բժշկական գիտությունների դոկտոր
  • Յաշա Մարտիրոսյան - գերմանագետ
  • Ներսես Սազանդարյան - գուսան Թառ-Սյունի
  • Շահեն Օհանջանյան - պատմական գիտությունների դոկտոր
  • Սուրեն Այվազյան - արձակագիր
  • Վահան Ղազարյան - ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս
  • Վարդան Ակունց - բժշկական գիտությունների դոկտոր
  • Վազգեն Բաղդագյուլյան- պատմական գիտությունների դոկտոր
  • Տաթևիկ Սազանդարյան - ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ
  • Շահեն Օհանջանյան - պատմագիտության դոկտոր

Պատկերներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png