Որոտնավան (Նախկին անվանումները՝ Որոտան, Ուռուտ), գյուղ Հայաստանի ՀանրապետությանՍյունիքի մարզում։ Գտնվում է Սիսիան քաղաքից մոտ 8 կմ հարավ-արևելք, Որոտան գետի բարձրադիր ձախ ափին, ծովի մակարդակից 1360-1460 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 103 կմ։ Բնակչոթյունը` 263 մարդ (2011)[1], հայեր։
Գյուղն եղել է Մեծ ՀայքիԾղուկք գավառի մաս։ Գյուղի դիմաց գտնվում են պատմական Որոտն գյուղի ավերակները, ինչպես նաև միջնադարյան գերեզմանատուն, որտեղից 3 խաչքար բերվել է պատմության թանգարան։ Որոտանի շրջակայքում է գտնվում Որոտնաբերդը, որի մասին հիշատակումներ են պահպանվել պատմիչ Եղիշեի և Ստեփանոս Օրբելյանի թողած գրականություններում։ Բերդը հիշատակվում է նաև XVIII դարում։ Որոտնաբերդը պատկանել է Սյունաց արքա Սենիքերիմ I-ին։ Սյունիքում կատարված ազգային-ազատագրական շարժման ժամանակ բերդը Մելիք Բաշրից ազատագրում է Դավիթ Բեկը։ Գյուղի ներքին մասում է գտնվում ոչ պակաս նշանավոր Մելիք–Թանգու կամուրջը՝ կառուցված 1855 թ.։
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Որոտնավանի մշտական բնակչությունը կազմել է 263, առկա բնակչությունը` 218 մարդ[1]։ Մինչև 1988-1989 թթ. գյուղում բնակվել են հիմնականում ադրբեջանցիներ[2], որոնց հեռանալուց հետո բնակություն են հաստատել Ադրբեջանից բռնագաղթած 85 տուն (292 անձ) հայեր[3]։ Որոտնավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2][3].