Տաթև (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Տաթև
Tatev-Village-Armenia.jpg
Տաթև գյուղը 2013 թվականին
Կոորդինատներ: 39°22′54″ հս․ լ. 46°14′24″ ավ. ե. / 39.38167° հս․. լ. 46.24000° ավ. ե. / 39.38167; 46.24000
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Սյունիքի
Գյուղապետ Մուրադ Սիմոնյան
Մակերես 65.73 կմ²
ԲԾՄ 1680 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 892 մարդ (2010)
Խտություն 14 մարդ/կմ²
Ազգային կազմ Հայեր,
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն Տաթևացի
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +374(284)[1]
Փոստային ինդեքս 3218[2]
Պաշտոնական կայք tatev.am
##Տաթև (գյուղ) (Հայաստան)
Red pog.png
##Տաթև (գյուղ) (Սյունիքի մարզ)
Red pog.png

Տաթև գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, մարզկենտրոնից` 50 կմ հյուսիս, Որոտան գետի աջ կողմում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Պողոս -Պետրոս եկեղեցին

Հայաստանի հնագույն բնակավայրերից է, նշանավոր է Տաթևի վանական համալիրով։ Այն եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում։ Հիմնադրվել է 4-րդ դարում, 5-8-րդ դարերում եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, 8-րդ դարի վերջից՝ Սյունյաց Եպիսկոպոսության աթոռանիստը։ 906 թվականին կառուցվել է վանքի Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067 թվականին՝ սուրբ Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295 թվականին սուրբ Գրիգոր եկեղեցին։ 1390-1435 թվականներին Տաթևի վանքում գործել է Տաթևի նշանավոր համալսարանը և մանրանկարչության ու գրչության դպրոցը։ Վանքն ունեցել է խոշոր մատենադարան, որտեղ պահվել են 10 հազարից ավելի ձեռագիր մատյաններ։ Միջնադարում վանքին հարկ է վճարել 10 գավառի 264 գյուղ։ Այստեղ է գտնվում հայ մեծանուն փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Տաթևացու դամբարանը։ Տաթևը հանրահայտ է նաև իր ճոճվող խաչքարակիր-գավազանով, որը հայ ճարտարապետական մտածողության հետաքրքիր լուծումներից է։ 17-րդ և 20-րդ դարի 20-ական թվականների սկզբներին վանքը եղել է ազատագրական պայքարի կարևորագույն հենակետ։ Նրա հետ են կապված բազմաթիվ նշանավոր իրադարձություններ և ավանդույթներ։ 20-րդ դարի վերջերին վանքի տարածքում և շրջակայքում իրականացվել են շինարարական և վերականգնողական աշխատանքներ։ Վանքը ներկայումս հիմնականում վերականգնված է և Սյունիքի թեմի հոգևոր կենտրոնն է։

Տաթևի շրջակայքում կան գյուղատեղիներ, եկեղեցիներ, հին գերեզմանոցներ։ Այստեղ է գտնվում նաև Հայաստանի բնաության հրաշալիքներից մեկը՝ «Սատանի կամուրջը»։

ՀՀ կառավարության 26.06.2009 թվականի ««Տաթև» զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» N 848-Ն որոշմամբ «Տաթև» վանական համալիրը և հարակից՝ ՀՀ Սյունիքի մարզի Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթևի, Սվարանցի, Տանձատափի, Աղվանիի և Բարձրավանի գյուղական համայնքները հայտարարվել է զբոսաշրջային կենտրոն։ Նույն որոշմամբ հաստատվել են «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները և գերակա խնդիրները։

Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի 2010 թվականի փետրվարի որոշմամբ, Տաթև շրջանում զբոսաշրջության և տնտեսական զարգացման համար վերականգնվելու են Տաթևի վանական համալիրը, Մեծ Անապատը, համալիրի տարածքում դպրատունը, իսկ Տաթև զբոսաշրջային կենտրոնում հիմվելու է գիտակրթական համալիր։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաթևի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1873 1897 1926 1931 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 313 1326 1971 1958 2058 2096 1376 1408 1096 913 1042 1025

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի, ծխախոտի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղատնտեսությամբ զբաղվում է 216 գյուղացիական տնտեսություն։ Անասնագլխաքանակը 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.խոշոր եղջերավոր անասուններ՝ 436 գլուխ, մանր եղջերավոր անասուններ՝ 991 գլուխ, խոզեր՝ 62գլուխ, մեղվաընտանիքներ՝ 600։

Համայնքում 2011 թ.-ին կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 155 հա աշնանացան։

Ճոպանուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրամի միջոցներով կառուցվեց և 2010 թվականի հոկտեմբերի 16-ին հանդիսավորությամբ բացվեց աշխարհի ամենաերկար «Տաթևի թևեր» ճոպանուղին, որի երկարությունը կազմում է 5.7 կմ։ Ամենամեծ խորությունը կենտրոնական հատվածում է՝ մոտ 350 մ։ Այն կառուցվել է շվեյցարական Գարավենտա ձեռնարկության միջոցով, ձգվում է Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից մինչ Տաթև վանական համալիրը։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաթևն իրենից ներկայացնում է իր հմայքն ունեցող լավ պահպանված գյուղի եզակի օրինակ։ Բլուրների վրա տեղակայված տները Հարավային Կովկասի գյուղական ճարտարապետության բնութագրական նմուշներ են։ Ավանդական հայկական հյուրասիրությունը բնորոշ է նաև Տաթևին, որտեղ գյուղացիները կհյուրընկալեն յուրաքանչյուրին իրենց տներում և կհյուրասիրեն։ Գյուղում զբաղվում են մի ամբողջ շարք ավանդական աշխատանքներով՝ բուրդ են գզում ու իլիկով թել մանում, թոնրում լավաշ են թխում կամ հատուկ սարքերով օղի են թորում։ Գարնանից մինչև աշուն, մեղուների համար սնուցման հիմնական աղբյուրը ալպիական ծաղիկներն են, ինչի արդյունքը Տաթևի հայտնի մեղրն է։

Գյուղում և մերձակայքում հավաքում են վայրի խոտաբույսեր, ապա չորացնում և օգտագործում են բժշկական նպատակներով։ Ըմպելիքները բազմազան են՝ սկսած թանից մինչև թարմ ուրցով պատրաստված թեյը, սատանայի կամրջի հանքային ջուրը, տարբեր մրգերից և հատապտուղներից պատրաստված թարմ հյութերն ու տնական խմիչքը։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաթևում և նրա շրջակայքում են գտնվում Տաթևի վանքը, Սբ. Պողոս-Պետրոս (906), սուրբ Գրիգոր Լուսավորիչ (848), սուրբ Աստվածածին (1087) եկեղեցիներով, ճոճվող հուշասյունը (10-րդ դար)։ Գյուղի պատմամշակութային կառույցներից են «Սատանի» և Տաթևի (17-րդ դար) կամուրջները։

Այլ դիտարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաթևից դեպի հարավ-արևելք մեկ ժամ քայլելով, կարելի է հասնել հարևան գեղատեսիլ Տանձատափ գյուղը, որը հայտնի է իր մրգերով և մասնավորապես, ընկույզով։ Սյունիքի բնապատկերը տեսնելու համար կարելի է ճանապարհ ընկնել դեպի Հարսնաձոր՝ վայր, որն այդպես է անվանվել համաձայն գեղեցիկ աղջկա մասին լեգենդի, որը նախընտրեց իրեն ձորից վայր նետել, քան դառնալ Շահ Աբբասի հարսնացուն։

Հողային և այլ բնական ռեսուրսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողեր (ընդամենը)՝ 7627 հա, այդ թվում՝

  • Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 5216 հա, որից՝
  • վարելահող՝ 408 հա, խոտհարք՝ 280 հա, արոտ՝ 2296 հա, այլ հողատեսք՝ 2232 հա
  • բնակավայրերի հողեր՝ 166 հա,
  • արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր՝ 3 հա
  • էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր՝15 հա
  • հատուկ պահպանվող տարածքների հողեր՝ 12 հա,
  • անտառային հողեր՝ 2183 հա, որից անտառածածկ՝ 1206 հա
  • ջրային հողեր՝ 33 հա

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]