Ծնվել է Խնձորեսկ գյուղում։ 1922 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Բաքու։ Այստեղ աշխատել է երկաթուղայինների գրադարանում, «Կոմունիստ» հայերեն թերթի խմբագրությունում։ 1932 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի կենսաբանական ֆակուլտետը, ապա սովորել է Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտի (Բաքու) բանասիրական ֆակուլտետի հայկական բաժնում (հեռակա)։ 1932-1935 թթ. սովորել է ռազմական օդաչուական և սպայական դասընթացներում։ 1935 թվականին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» հայերեն թերթի խմբագրությունում։ 1938-1941 թթ. եղել է «Խորհրդային գրող» ամսագրի (Բաքու) խմբագիրը։ Նրա առաջին[պատմվածքը՝ «Ահմեդը», լույս է տեսել 1928 թվականին։ 1941-1945 թթ. ծառայել է Կարմիր բանակում, որի մեծ մասն անց է կացրել Իրանում[3]։ 1945 թվականից ապրել ու աշխատել է Երևանում։ 1946-1952 թթ. եղել է «Պիոներ» ամսագրի խմբագիրը, 1952-1954 թթ.՝ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերության նախագահը, 1954-1959 թթ.՝ Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Մահացել է Երևանում[4][5]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 328)։