Սալվարդ գյուղը սահմանակից է Հացավան, Բռնակոթ, Թանահատ, Թասիկ և Արևիս բնակավայրերին։ Գյուղի արևմտյան կողմից վեր է խոյանում շրջանի բարձրությամբ երկրորդ Սալվարդ սարը, որի բարձրությունը 3169 մետր է։ Համայնքի հեռավորությունը Սիսիանից կազմում է 14 կմ, մարզկենտրոնից՝ 132 կմ, մայրաքաղաքից՝ 239 կմ։ Համայնքի վարչական տարածքը կազմում է 4072 հա։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1960 մետր բարձրության վրա։ Տարածքին բնորոշ է չափավոր ցամաքային կլիման՝ տաք ամառ և ցուրտ ձմեռ։ Տարեկան միջին ջերմաստիճանը 6.6 °C է, ձմռանը միջինը՝ -12 °C (առավելագույնը՝ - 25 °C) ամռանը միջին ջերմաստիճանը կազմում է 6 °C, իսկ առավելագույնը՝ 32 °C: Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 370 մմ։
Սալվարդ գյուղը անտառազուրկ է։ Տարածքի մի զգալի մասը տափաստանային գոտում է։ Տափաստանները երկու տիպի են՝ սիզախոտային և փետրախոտ-շյուղախոտային։ Ընդարձակ տարածքներ են զբաղեցնում մարգագետինները, որոնք գյուղի անասնապահության հիմնական կերային բազաներից մեկն է։ Վերին գոտին հարուստ է ալպյան մարգագետիններով։ Ենթալպյան մարգագետինները պահվում են նաև որպես խոտհարքներ։ Այստեղ աճում է խառը բուսականություն (երեքնուկ, եղջերառվույտ, ցորնուկ, շյուղախոտ և այլն)։ Կենդանական աշխարհը չի տարբերվում ողջ Սիսիանի կենդանական աշխարհից։ Լեռնաշխարհի բնորոշ կենդանիները մնում են գայլը, աղվեսը, նապաստակը, փորսուղը։ Թռչունների ընտանիքը համալրում են կաքավը, կաչաղակը, ագռավը, սոխակը, աղավնին, արծիվը և ալն։
Սալվարդ գյուղի մասին հիշատակվում է սկսած 1828 թվականից, երբ մի քանի ընտանիքներ Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից տեղափոխվել, ներգաղթել են և հիմնադրել գյուղը Ալիլու, Այբալու, այնուհետև Սալվարդ անվանումներով։ Նախկին Խորհրդային տնտեսության ժամանակաշրջանում գյուղը ունեցել է բավականին լավ ավանդույթներ դաշտավարության և հատկապես անասնապահության բնագավառներում։ Տարածաշրջանի առաջին կոլտնտեսություններից մեկը հիմնվել է Սալվարդում 1930 թվականին։ 1970-80 թթ-ին գյուղում առկա էին մոտ 700 գլուխ կթու կովեր, 400 մանր եղջերավոր անասուններ, 150 գլուխ խոզեր։ 1992 թ-ին կոլտնտեսությունը լուծարվել է և դարձել կոլեկտիվ տնտեսություն։ Վերջինս գոյատևել է մինչև 1999 թվականը։ Գյուղը էլեկտրաֆիկացվել է 1948 թվականին։ Իսկ առաջին հեռախոսը մուտք է գործել գյուղ 1960 թվականին։ 1956 թ-ին համայնքի ուժերով կառուցվել է առաջին ջրագիծը, որից օգտվում էր ամբողջ համայնքը, իսկ երկրորդ ջրագիծը մուտք գործեց համայնք 1966 թ-ին։ Համայնքում գործում է մշակույթի օջախը, որը կառուցվել է 1975 թ-ին։