Մուկուչ Արզանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մուկուչ Թևոսի Արզանյան (1886, Խնձորեսկ (Գորիսի շրջանում)-1937), խորհրդային պետական, կուսակցական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1905 թվականից։ 1905-1907 թվականներին Բաքվում մասնակցել է բանվորական դրուժինաների կազմակերպմանը, ռեակցիայի տարիներին՝ նավթարդյունաբերական բանվորների միության, հանքագործարանային հանձնաժողովների ստեղծմանը, ընտրվել «Աշխատանք» կոոպերատիվ վարչության կազմում։ Հեղափոխական գործունեության համար Մուկուչ Արզանյանին հետապնդել են ցարական իշխանությունները։ 1913-1914 թվականներին մասնակցել է Բաքվի բանվորների մասսայական գործադուլների կազմակերպմանը, ռազմա-արդյունաբերական կոմիտեների ընտրությունների բոյկոտին։ Ընտրվել է ՌՍԴԲԿ Սաբունչիի կոմիտեի կազմում։ Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխության հաղթանակից հետո եղել է Բաքվի բանվորների հեղափոխական արհմիությունների ղեկավար կազմակերպիչներից։ 1918 թվականին, ընդհատակում, կատարել է կուսակցական կարևոր հանձնարարություններ, ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղում խորհրդային իշխանության հաստատմանը։ 1923-1928 թվականներին եղել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի հողագործության կոմիսար, 1928-1934 թվականներին՝ Ադրբեջանի հողժողկոմատի կոլեգիայի անդամ, 1935-1937 թվականներին՝ ԼՂԻՄ-ի գործկոմի նախագահ։ Ընտրվել է Անդրերկրկոմի, Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի և ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ։ Արզանյանին շնորհվել է Աշխատանքի հերոսի կոչում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png