Ըստ պատմական վկայության, Տեղ գյուղը հիմնել է Սյունիքի թագուհի Շահանդուխտ II-ը՝ X դարում[1]։ Մինչ այդ, Տեղի տարածքում եղել է քարանձավային բնակատեղի, որի մոտակայքում IV-V դդ կառուցվել է սբ. Գևորգ եկեղեցին։ Ուշ միջնադարում Տեղը եղել է մելիքանիստ գյուղ։
Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, պտղաբուծությամբ, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Խորհրդային շրջանում լայն տարածում են ունեցել նաև ծխախոտագործությունը և ճակնդեղի մշակումը[1]։
Տեղում կանգուն Ս. Գևորգ եկեղեցին ունի թաղածածկ դահլիճի հորինվածք և կառուցված է սրբատաշ խոշոր քարերից։ Շենքի տարածքը բաղկացած է 2 մասից։ Հնագույնը՝ արևելյանը, կառուցված է վաղ միջնադարում (IV-V դարերում), իսկ արևմտյան հատվածը կցվել է 1737 թ.-ին։ Տեղից մոտ 3 կմ հարավ-արևելք գտնվում է «Սըռնեզցի» կոչվող եկեղեցին։ Այն կառուցված է սրբատաշ բազալտից և լավ է պահպանվել։ Գյուղի մեջ գտնվում են ուշ միջնադարի հայկական բնակելի ճարտարապետության արժեքավոր հուշարձաններ. Մելիք-Բարխուդարյանների «Ամարաթը» (1783 թ.), «քարե օթախը» (թաղածածկ սենյակներից բաղկացած բնակելի համալիր), մի շարք գլխատներ[1]։