Անգեղակոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անգեղակոթ (այլ կիրառումներ)
Գյուղ
-Անգեղակոթ Սուրբ Աստվածածին եկեղեցի.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Առաջին հիշատակում5 դար
Այլ անվանումներԱնգելաութ
Մակերես45.79 կմ²
ԲԾՄ1800 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1582 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունանգեղակոթցի
Ժամային գոտիUTC+4
##Անգեղակոթ (Հայաստան)
Red pog.png
##Անգեղակոթ (Սյունիքի մարզ)
Red pog.png

Անգեղակոթ, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում։

Աշխարհագրություն

Անգեղակոթը գտնվում է Որոտան գետի ձախափնյա սարավանդի վրա՝ ծովի մակարդակից 1800 մ բարձրության վրա։ Մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 108 կմ դեպի հյուսիս-արևմուտք։

Պատմություն

Անգեղակոթը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, որի պատմությունը թվագրվում է հազարամյակներով։

Հնագույն ժամանակաշրջան

Անգեղակոթը Մեծ Հայքի հնագույն բնակավայրերից է։ Գյուղն առաջին անգամ հիշատակվում է դեռևս V դարում, թեև հայտնի է, որ այն գոյություն է ունեցել շատ ավելի շուտ ժամանակաշրջաններում։ Գյուղի տարածքում հայտնաբերվել են նեոլիթի և բրոնզի դարի դոլմեններ, շրջակայքում կան մ.թ.ա. VIII – I հազարամյակների դամբարանադաշտեր, կիկլոպյան ամրոցի հետքեր, իսկ ավելի ուշ ժամանակաշրջանից՝ միջնադարյան խաչքարեր, գերեզմաններ, ջրաղացներ։ Միջնադարյան հուշարձաններից են Սուրբ Ստեփանոս, Սուրբ Աստվածածին, Սուրբ Հազարափրկիչ եկեղեցիները և մատուռները։ Անգեղակոթի ամենանշանակալից սրբավայրը «Վարդան զորավար» սրբավայրն է, որտեղ ըստ տեղական ավանդապատումների, զետեղված է զորավար իշխան Վարդան Մամիկոնյանի դին, որն այստեղ էր բերվել 451 թվականի Ավարայրի ճակատամարտից վերադարձող զորքերի կողմից։

Նույն դարաշրջանում, Անգեղակոթում էր բնակվում մարզպան Վասակ Սյունին. գյուղի տարածքում կա մի հուշարձան, որի տակ՝ ըստ տեղական ավանդապատումների, թաղված է Վասակ Սյունին։

Միջնադար

Միջին դարերում Անգեղակոթը Սյունիքի վարչական, մշակութային և հոգևոր կենտրոններից էր։ XVI-XVII դարերում այն համարվում էր գյուղաքաղաք և իշխանանիստ-մելիքանիստ ավան՝ Մելիք-Սաֆրազյան (Սաֆրազբեկյան) իշխանական տան նստավայրը։

1699 թվականին հայ ազատագրական շարժման գործիչ իշխան Իսրայել Օրին Անգեղակոթում հրավիրել է մի գաղտնի հավաք (Անգեղակոթի ժողովը) որի ընթացքում Սյունիքի հայ իշխանները (մելիքները) քննարկել են Հայաստանի անկախության ծրագրերը։

Նոր ժամանակաշրջան

1797 թվականին Անգեղակոթը ենթարկվել է պարսիկ Աղա-Մահմեդ Բ խանի հարձակմանը և դատարկվել է։ 1828-30 թվականներին այն նորից վերաբնակեցվեց՝ Պարսկաստանի Խոյ և Սալմաստ շրջաններից (հիմնականում Ղարաքյավշան գյուղից) գաղթած հայ բնակիչներով, ովքեր հիմնեցին «նոր Անգեղակոթը»։

Նախկինում Անգելաութ անվանումով գյուղն ընդգրկված է եղել Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։

Պատմամշակութային կառույցներ

Տարածքում հայտնաբերվել են նեոլիթի, բրոնզե դարի դոլմեններ և դամբարաններ։ Ունի միջնադարյան հուշարձաններ՝ Սուրբ Աստվածածին, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Հազարափրկիչ եկեղեցիներ, մի քանի մատուռ, խաչքարեր, «Վարդան Զորավար» սրբավայր։

Բնակչություն

Անգեղակոթի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի Բնակչություն
1831 276 մարդ [4]
1877 1112 մարդ [4]
1908 2055 մարդ [4]
1914 3420 մարդ [4]
1919 2930 մարդ [4]
1931 1939 մարդ [4]
1970 1779 մարդ [4]
1979 1717 մարդ [4]
1989 1688 մարդ [5]
2001 1860 մարդ [4]
2011 1582 մարդ [1]


Հայտնի անձինք

Անգեղակոթում է ծնվել ծանրամարտի օլիմպիական խաղերի ու աշխարհի չեմպիոն Օգսեն Միրզոյանը։

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, հացահատիկի և ծխախոտի մշակությամբ։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 252
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  5. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 554.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 378 CC BY-SA icon 80x15.png