Անգեղակոթի ժողով
Անգեղակոթի ժողով, հայ մելիքների գաղտնի հավաք Սյունիքի Անգեղակոթ գյուղում 1699 թվականին։ Դրա մասին վկայող փաստաթուղթը իշխան Իսրայել Օրու 1699 թվականի ապրիլի 29-ի զեկուցագիրն է Պֆալցի (Գերմանիա) կայսերընտիր իշխան Հովհանն Վիլհելմին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանը ազատագրելու նպատակով 1677 թվականին Էջմիածնում գաղտնի ժողով է գումարվում։ Կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ որոշվում է պատվիրակություն ուղարկել Եվրոպա՝ մեծ տերություններից օգնություն խնդրելու։ Պատվիրակության կազմում մեկնած Իսրայել Օրին 1679 թվականի դեկտեմբերին Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսից գնում է Վենետիկ, 1683 թվականին՝ Փարիզ, 1690-ականներին՝ Դյուսելդորֆ։ Այնտեղ նա ստանում է ռազմական կրթություն և սպայական կոչում։
Գերմանիայում կայսերընտիր Հովհան Վիլհելմ իշխանի հետ Իսրայել Օրին քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը։ Իշխանն առաջարկում է Օրուն քսանամյա ընդմիջումից հետո գնալ Հայաստան և ծանոթանալ իրավիճակին։ Հովհան Վիլհելմը միաժամանակ թղթեր է հղում Արևելյան Վրաստանի (Քարթլիի) Գեորգի XII թագավորին, հայ մելիքներին, Ամենայն Հայոց և Աղվանից կաթողիկոսներին։
Ժողովի որոշումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգեղակոթի ժողովին մասնակցել են Սյունիքի 11 իշխան-մելիքները։ Քննարկվել է Արևելյան Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու հարցը։ Ժողովի մասնակիցների ստորագրությամբ դիմումներ են հղվել Հռոմի պապին ու Հովհան Վիլհելմին։ Ընդունվել է Իսրայել Օրու առաջարկած ծրագիրը, այս ծրագրի համաձայն՝ գաղտնի զորք է կազմակերպվելու, որը պետք է անցներ Ռուսաստանով, հանդիպեր հայ-վրացական միացյալ բանակին, սկզբում ազատագրեր Արևելյան Հայաստանը, ապա անցներ Արևմտյան Հայաստան, իսկ թագավոր պետք է դառնար Հովհան Վիլհելմը։
Կողմնորոշում Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգեղակոթի ժողովից հետո իշխան Իսրայել Օրին վարդապետ Մինաս Տիգրանյանի հետ դիվանագիտական առաքելությամբ ուղևորվեց Եվրոպա։ Սակայն դիվանագիտական առաքելությունը ոչ մի արդյունքի չհասավ։ Արդյունքում Հայաստանի ազատագրության ծրագրերի իրականացումը կապեց Ռուսաստանից ստացվելիք օգնության հետ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ա. Հովհաննիսյան «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության», Երևան 1959
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 379)։ ![]() |