Արևմտյան Հայաստանն Օսմանյան կայսրության կազմում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590
Հայ ժողովրդի ծագումը
Ցեղային միություններ և
պետական կազմավորումներ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Մեծ Հայք
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի Առաջին Հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստանի Հանրապետություն
Արցախի Հանրապետություն

Հայաստան Հայաստանի պորտալ

Արևմտյան Հայաստանն Օսմանյան կայսրության կազմում եղել է մոտ 4-րդ դար՝ 1555-1923 թվականներին, երբ 1555 թվականին Ամասիայի հաշտության պայմանագրով՝ Հայաստանի 3-րդ բաժանումով արևմտյան մասն անցնում է Օսմանյան Թուրքիային։ 1639 թվականին Կասրե-Շիրինի պայմանագրով Հայաստանը կրկին վերաբաժանվում է և Արևմտյան Հայաստանն անցնում է Օսմանյան Թուրքիային և այս կարգավիճակը քիչ փոփոխություններով պահպանվում է մինչև 19-րդ դարի սկիզբը։

Արևմտյան Հայաստանը 19-րդ դարի սկզբին[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչաժողովրդագրական իրավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Հայաստանի սահմանները ձգվում էին մինչև պատմական Փոքր Հայք՝ Անտիտավրոսի լեռներ, հարավում՝ Հյուսիսային Միջագետք, հյուսիսում՝ Պոնտական լեռներ։ Երկիրը վարչականորեն բաժանված էր 7 փաշայությունների կամ էյալեթների (նահանգ)

Արևմտյան Հայաստանի տարածքը

Սրանք իրենց հերթին բաժանված էին սանջակների (գավառ), սանջակները՝ կազաների (գավառակ), կազաները՝ գյուղախմբերի։ Կիլիկյան Հայաստանը բաժանված էր Ադանայի և Մարաշի փաշայությունների, Սասունը, Շատախը, Մոկսը, Սավուրը, Իսյանը, Խնուսը, Մանազկերտը, Զեյթունը, Ալբիստանը կիսանկախ էին։ Էրզրումի փաշան՝ վալին, որ համատեղում էր կայսրության արևելյան մարզերի զորքերի հրամանատարի՝ սերասկյարի պաշտոնը, կրում էր Հայաստանի կառավարչի տիտղոսը։ Այս նահանգի գրեթե 1000 բնակավայրերում ապրում էր ավելի քան 400 000 հայ։ Հյուսիս-արևմուտքում էր գտնվում Ախալցխայի նահանգը, որը տարածվում էր մինչև Ջավախք գավառի Փարվանա լիճը և պարսկական տերության սահմանները՝ Շորագյալի (Արթիկի) սուլթանություն։ Ախալցխայի նահանգից հարավ ընկած էր Արևմտյան Հայաստանի ամենափոքր նահանգը՝ Կարսի էլայեթը։ Վանի ընդարձակ էլայեթը հիմնականում ընդգրկում էր պատմական Վասպուրական, Մոկս և Տուրուբերան նահանգները։ Արևմտյան հայաստանի հարավ-արևմուտքում Աղձնիք և Ծոփք նահանգների տարածքն էր զբաղեցնում Դիարբեքիրի էլայեթը։ Սեբաստիան գտնվում էր Հայաստանի արևմտյան մասում։

Արևմտյան Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս-թուրքական պատերազմներն Արևմտյան Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում էական փոփոխություններ չեն մտցրել։ Օսմանյանյան Թուրքիայում հողի գերագույն սեփականատերը պետությունն էր։ Պաշտոնյաներին և զինվորական մուսուլմաններին իբրև վարձատրություն ցմահ տրամադրվել են հողատարածքներ՝ խաս, զիամեթ, թիմար։ Մզկիթներին և վանքերին տրամադրվող հողերը՝ վակֆները, տրվել են ընդմիշտ։ Եղել են նաև փոքր քանակությամբ մասնավոր սեփական հողեր՝ մուլքեր, որոնք կարող էին օտարվել։

Գյուղացիության վիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղացիությունն իրավական առումով անձնապես ազատ էր, բայց քաղաքական լիակատար իրավազուրկ վիճակն ի չիք է դարձրել այդ ազատությունը։ Գյուղացիները մասնավոր օգտագործման իրավունքով համայնքից բաժնեհողեր են ստացել, իսկ հողազուրկ գյուղացիները՝ մարաբաները, հողը վերցրել ու մշակել են կիսրարության պայմանով։ Արևմտյան Հայաստանի մի շարք շրջաններում արտադրվել է մեծ քանակությամբ հացահատիկ, որը նաև արտահանվել է։ Կիլիկիայում մշակել են բամբակ և ծխախոտ, Տրապիզոնի փաշայությունում՝ ծխախոտ։ Դիարբեքիրում որոշակի զարգացման է հասել շերամապահությունը։ Աճեցվել են խաղողի, խնձորի, տանձի, ձիթապտղի և մերձարևադարձային այլ մշակաբույսեր։ Արևմտյան Հայաստանի հարավային շրջաններում վաչկատուն ցեղերի ներհոսքի հետևանքով լայնորեն տարածվել է անասնապահությունը։

Արևմտահայերից գանձվող հարկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլթանական կառավարության գլխավոր հողահարկը տասանորդն էր, որը հաճախ գանձվել է հացահատիկի բերքի 1/7-ի, 1/5-ի, նույնիսկ 1/4-ի չափով։ Քրիստոնյաներից գանձվել է նաև գլխահարկ, իսկ անշարժ գույքից՝ տների, խանութների, ջրաղացների, ձիթհանների և այլնի համար՝ տնահարկ։ Հարկեր են գանձվել նաև ամուսնության, քրիստոնյաներին թաղելու թույլտվության, միաբաններին, գիշերապահներին վճարելու համար և այլն։ Թեև Հայ եկեղեցին և հոգևորականությունն ագատ են համարվել հարկերից, սակայն Կոստանդնուպոլսի յուրաքանչյուր նորընտիր պատրիարք հաստատման հրամանը՝ ֆերմանը, ստանալու համար վճարել է որոշակի գումար։ Փաշաներն իրենց հերթին են հարկել վանքերը։

Արևմտյան Հայաստանի քաղաքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի տնտեսական կյանքում կարևոր դեր են խաղացել քաղաքները։ Ստվար հայ բնակչություն կար Կոստանդնուպոլսում, Ջմյուռնիայում, Կեսարիայում, Ամասիայում և այլուր։ Քաղաքներում զարգացել է արհեստագործությունը։ Արհեստավորներն ու վաճառականները միավորված էին էսնաֆությունների մեջ։ Օսմանյան կայսրության առևտուրը հիմնականում հայերի և հույների ձեռքին էր։ Հայերը տնօրինել են Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի ողջ առևտուրը։ Կարինը, Բաղեշը, Վանը, Ադանան և այլ քաղաքներ եղել են տեղական, եվրոպական և ասիական արդյունաբերական ապրանքի գնման, վաճառահանման ու կարավանայիև առևտրի կարևոր կենտրոններ։ Սուեզի ջրանցքի բացումը (1869) փոխել է առևտրական ճանապարհները, և Արևմտյան Հայաստանի քաղաքները կորցրել են իրենց առևտրական նախկին նշանակությունը։

Ազգային խտրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլթան Աբդուլ-Մեջիդ Առաջին «Թանզիմաթչի» (1839-1861)

Թուրքիայում առևտրի զարգացումը խոչընդոտել են անձի և գույքի անապահովությունը, հարկային ծանր բեռը, բարձր մաքսերը, ազգային խտրականությունը, եվրոպական կապիտալի մրցակցությունը։ Կառավարության ագգային ու կրոնական հալածանքների քաղաքականությունն արգելակել է արտադրող, ուժերի զարգացումը, հող ստեղծել վաչկատուն ցեղերի տարածման և տիրապետության համար։ 1830-ական թվականներին կայսրությունում տիրող ճգնաժամը, որն ավելի էր ծանրացրել հայերի, հույների, սերբերի և մյուս քրիստոնյա ժողովուրդների կացությունը, հարկադրել է իշխանություններին իրավիճակից դուրս գալու միջոցներ որոնել։ Որոշել են բարենորոգումների ուղիով կասեցնել կայսրության քայքայումը, բարելավել վարչական կառավարման համակարգը, կանխել ճնշված ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումները։

Օսմանյան կայսրության բարենորոգումների հրովարտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թանզիմաթ» (բարեփոխում) անվանվող հայտնի այղ փորձերը ձեռնարկվել են 1839 թվականին և շարունակվել մինչև 1870-ական թվականների սկիզբը։ 1839 թվականի նոյեմբերի 3-ին հրապարակվել է «Հաթթը շերիֆ» (սրբազան գիր) հրովարտակը, որով հռչակվել է բոլոր հպատակների (անկախ կրոն, և ազգային պատկանելիությունից) անձի, պատվի, գույքի անձեռնմխելիություն, հարկերի կարգավորում, զինծառայության ժամկետի կրճատում, ֆինանսական, վարչական, դատական համակարգերի բարելավում և այլն։ «Հաթթը շերիֆը», առանձին դեպքերում հակասելով շարիաթին, հանդիպել է մուսուլմանների կատաղի դիմադրությանը և հաճախ վերաճել քրիստոնյաների ջարդերի։ Օգտվելով նման իրավիճակից՝ 1842-1843 թվականներին Արևմտյան Հայաստանի քուրդ բեկերն ապստամբել են։ Ապստամբությունը ճնշվել է, քրդական կիսանկախ վարչական միավորները վերացվել են, ապստամբ բեկերը՝ աքսորվել։ Սակայն, նորերի գալով, դրությունը մնացել է նույնը՝ վատթարացնելով հայ-քրդական հարաբերությունները։ «Հաթթը շերիֆը» գրեթե ոչնչով չի փոխել իրավիճակը, այլադավաններին խոստացած հավասարությունը մնացել է թղթի վրա։

Արևմտյան Հայաստանի դրությունը Արևելյան պատերազմի տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Crimean-war-1853-56.png
Crimean-war-1853-56-legend.png

Ղրիմի կամ Արևելյան պատերազմի (1853-1856) տարիներին կտրուկ վատթարացել է կայսրության տնտեսական կացությունը։ 1854 թվականին Ռուսաստանի դեմ պայքարում Թուրքիային են միացել Անգլիան, Ֆրանսիան և Սարդինական թագավորությունը։ Ռուսաստանը ձգտում էր գրավել Արևմտյան Հայաստանը, հատկապես Բոսֆորի և Դարդանելի նեղուցները, Բալկանները, իսկ Թուրքիան՝ Կովկասը։ Պատերազմական գործողությունները ծավալվել են Դանուբի, Ղրիմի և Կովկասի ռազմաճակատներում։ Անցնելով հակահարձակման՝ ռուսումնական 10-հազարանոց զորամասը գեներալ Վալերիան Բեհբութովի հրամանատարությամբ 1853 թվականի նոյեմբերի 19-ին Բաշկադըքլար գյուղի մոտ պարտության է մատնել թուրքական 36-հազարանոց կորպուսին և հետ շպրտել դեպի Կարս։ 1854 թվականի հուլիսի 24-ին Քյուրուկդարայի ճակատամարտում գեներալ Վալերիան Բեհբութովի 18-հազարանոց զորամասը ջախջախել է թուրքական 60-հազարանոց զորաբանակը. այդ նույն ժամանակ Երևանյան ջոկատը գրավել է Բայազետը։ 1855 թվականի նոյեմբերի 16-ին ռուսական զորքերը Կովկասի նոր փոխարքա գեներալ Նիկոլայ Մուրավյովի հրամանատարությամբ գրավել են Կարսը։ Չնայած այդ հաջողություններին՝ Սևաստոպոլի անկումը (1855 թվականի սեպտեմբերի 8) ծանր հարված էր Ռուսաստանին։ 1856 թվականի մարտի 18-ին Փարիզում կնքված հաշտության պայմանագրով՝ Արևմտյան Հայաստանի բոլոր գրավված շրջանները վերադարձվել են Թուրքիային, փոխադարձաբար Ռուսաստանին են վերադարձվել Բեսարաբիան և այլ տարածքներ։

Հայերը Արևելյան պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը, ինչպես նախորդ ռուս-թուրքական պատերազմների ժամանակ, իրենց ազատագրության հույսը կապելով ռուսների հաղթանակի հետ, ռազմական և նյութական մեծ օգնություն են ցույց տվել ռուսական զորամասերին Ղրիմի և Կովկասի ռազմաճակատներում։ Իրենց ռազմական տաղանդով փայլել են հայազգի ռազմական գործիչներ գեներալ Վալերիան Բեհբութովը, ծովակալ Ղազար(Լազար) Սերեբրյակովը (Արծաթագործյան), գնդապետ Միքայել Լորիս-Մելիքովը և ուրիշներ։

Բարենորոգումների դերը արևմտահայերի կյանքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիան, Ֆրանսիան և Ավստրիան Թուրքիայից պահանջել են կենսագործել 1839 թվականին հռչակած բարեփոխումները։ 1856 թվականին սուլթանական կառավարությունը հրատարակել է բարեփոխումների մասին նոր հրովարտակ՝ «Հաթթը Հումայուն» (կայսերական գիր), որը լրացուցիչ արտոնություններ (հոգևոր խորհուրդներ ընտրելու իրավունք և այլն) է խոստացել քրիստոնյաներին։ Վարչական ոլորտում նախատեսվել է բարեփոխում՝ նահանգային մեջլիսներում (խորհուրդ) իսլամադավան ու ոչ իսլամադավան պաշտոնյաների ներկայություն։ Խոստացել են դադարեցնել հարկերի ու տուրքերի գանձման չարաշահումները, վերացնել կապալային վարձակալումը և անցնել հարկերի ուղղակի գանձման համակարգի։ Բոլոր հպատակներին, առանց դավանանքի խտրության, թույլատրվել է նշանակվել պետական ծառայության, ընդունվել զինվորական կամ քաղաքացիական վարժարաններ և այլն։ Թանզիմաթի շրջանակներում 1858 թվականին ընդունվել է հողային օրենքը, 1867 թվականին՝ վիլայեթների մասին կանոնադրությունը, 1869 թվականին՝ քաղաքացիական օրենսգիրքը։ 1858 թվականի հողային օրենսգիրքը սահմանել է հողերի 5 կարգ՝

  • մասնավոր
  • պետական
  • մզկիթապատկան (վանքապատկան)
  • համայնական
  • անօգտագործելի

1830- 1840-ական թթ-ին, երբ վերացվել են դերբեյությունները (կիսանկախ գավառներ՝ մուսուլմանների կառավարմամբ), Արևմտյան Հայաստանում նշանակալիորեն աճել է ազատ գյուղացիների թիվը։ Սակայն թե՝ իսլամադավան, և թե՝ հայ հողատերերը կամ նրանց ժառանգները, օգտվելով 1858-ի հողային օրենքից ու կառավարության հովանավորությունից, կրկին ձեռք են բերել տիրույթներ և ամրապնդել իրենց իշխանությունը գյուղացիության նկատմամբ։ Հայ գյուղացին, կորցնելով իր հողերը, կիսաճորտային կախման մեջ է ընկել հողատերերից։ Տարոնում, Վասպուրականում քուրդ բեկերը, իրենց հայտարարելով գյուղացու «պաշտպան», հարկադրել են նրանց դրա դիմաց կատարել ծանր աշխատանք։

Արևմտահայությունը 1830-1850-ական թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն էր։ Արտահանվել են հացահատիկ, չոր մրգեր, անասուններ, բուրդ, կաթնամթերք։ 19-րդ դարի 30-50-ական թվականներին կայսրությունում եղել են քառասունից ավելի հայկական և հայաբնակ քաղաքներ, որտեղ բնակվել է շուրջ 350 000 հայ։ Զարգացած էր մանուֆակտուրային արտադրությունը։ Սակայն որոշ քաղաքներ (Բայազետ, Կարին, Բալու, Մուշ, Գյումուշխանե և այլն), կտրված լինելով առևտրական մայրուղիներից, ինչպես նաև Ադրիանապոլսի պայմանագրին (1829) հաջորդած հայերի արտագաղթի հետևանքով զրկվելով հայ բնակչության զգալի մասից, անկում են ապրել։

Տեսարան Կոստանդնուպոլսից, նկարի հեղինակ Հովհաննես Այվազովսկի

Արհեստագործության կարևոր կենտրոններ էին Վանը, Կարինը, Եվդոկիան, Բաղեշը, Երզնկան, Արաբկիրը, Խարբերդը և այլն։ Վանը և Բաղեշն ունեցել են տեքստիլ ձեռնարկություններ։ 19-րդ դարի կեսից հայ արհեստավորներն ու արդյունաբերողները, չդիմանալով օտարերկրյա մրցակցությանը, սնանկացել են և քայքայվել։

Կոստանդնուպոլիսը դերը արևմտահայության կյանքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտահայերի հասարարական-քաղաքական, մշակութային կյանքում անգնահատելի դեր է խաղացել կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը, որտեղ ապրել է ավելի քան 200 հազար հայ։ Այստեղ էին Թուրքիայի հայոց պատրիարքարանը և սուլթանական արքունիքում որոշակի կշիռ ունեցող հայ մեծահարուստների ամիրայական դասը։ 1842 թվականից վերջինիս է հանձնվել հարկերի գանձման ապահովումը օսմանյան կայսրության ասիական և Եվրոպական նահանգներից։ Արքունի մանուֆակտուրաները նույնպես հիմնականում ամիրայության տնօրինության տակ էին։ 1856 թվականի «Հաթթը հումայունը» պայմաններ է ստեղծել բուրժուական միջավայրից ելած հայ էֆենդիների դասի առաջացման համար։ Նրանք պետական տարբեր պաշտոններ են վարել և նշանակալի դեր խաղացել արևմտահայության հասարակական կյանքում, օրինակ՝ Պողոս Արապյանն ստեղծել է թուրքական գրեր (Արապյան գրեր)։ Թանզիմաթից հետո ուժեղացել է էսնաֆությունների պայքարն ազգային գործերի տնօրինմանը մասնակցելու իրավունքի, պատրիարքների ու ամիրաների առանձնաշնորհումները վերացնելու համար։

Թանիզմաթը նպաստել է Արևմտյան Հայաստանում և Կոստանդնուպոլսում հայ հասարակական-քաղաքական կյանքի աշխուժացմանը։ 1844 թվականին Մատթեոս պատրիարքի արտոնագրով ստեղծվել է ազգային ժողովը (Կոստանդնուպոլսի հայկական համայնքի ներքին գործերը կարգավորող մարմին), 1847 թվականին՝ Ագգային հոգևոր (կրոն, գործերը տնօրինող, 14 հոգևորականից բաղկացած) և Գերագույն (կրթական ու մշակութային գործերը տնօրինող, 20 աշխարհականից կազմված) ժողովները, որոնց նպատակը պատրիարքի և ամիրաների գործունեությունը սահմանափակելն էր։ Արհեստավորներն իրավունք են ձեռք բերել մասնակցելու ազգային գործերի տնօրինմանը։ Այնուհետև, 1848 թվականի Ֆրանսիական հեղափոխության գաղափարների ազդեցությամբ մի խումբ հայ երիտասարդներ պայքար են ծավալել ազգային ներքին գործերի կառավարումը ժողովրդականացնելու ուղղությամբ։

«Ազգային սահմանադրություն»[խմբագրել | խմբագրել կոդը]

1853 թվականին կազմված ուսումնական խորհուրդը Նահապետ Ռուսինյան, Գրիգոր Օտյան, Նիկողոս Պարանյան, Սերովբե Վիչենյան (Սերվիչեն) և ուրիշներ] մշակել է արևմտահայ համայնքի կյանքին վերաբերող կանոնադրություն (1857), որի շուրջ պայքար է ծավալվել առաջադիմականների ու պահպանողականների միջև։ 1860 թվականի մայիսի 24-ին կանոնադրությունն ընդունվել է «Ազգային սահմանադրություն» անվամբ։ 1863 թվականի մարտի 17-ին սուլթանական կառավարությունը վավերացրել է այն՝ 150 հոդվածից թողնելով 99-ը։ Արևմտահայերի ներքին գործերը վարելու համար կազմվել են ազգային ժողով (օրենսդիր մարմին), ազգային կենտրոնական վարչություն (գործադիր մարմին), ազգային կրոնական ժողով (հոգևոր գործերը տնօրինող մարմին), քաղաքական ժողով (աշխարհիկ գործերը տնօրինող մարմին)։ Ստեղծվել են նաև ուսումնական, տնտեսական, վանքերի, թաղային և այլ խորհուրդներ։ Սահմանադրությամբ որոշվել են ընտրության կարգը, իրավունքներն ու պարտականությունները։ Ընտրելու իրավունք ունեցել են 25, ընտրվելու իրավունք՝ 30 տարին բոլորած տղամարդիկ։ «Ազգային սահմանադրությունը», որը դրական դեր է կատարել արևմտահայ կյանքում, 1896 թվականին արգելվել է Աբդուլ Համիդ II սուլթանի (1876-1909) հրամանով։

Արևմտյան Հայաստանը 19-րդ դարի վերջին[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեյթունի ապստամբությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջերին կայսրությունում սաստկացել են ազգային ճնշումն ու հալածանքները. կառավարությունն սկսել է վարել բացահայտ հայահալած քաղաքականություն։ Հայերին ձուլելու տարերային գործելակերպը դարձել է պետական քաղաքականություն։ Իսլամացումն իրականացվել է և՛ ուղղակի, և՛ տնտեսական հարկադրանքով։ Թուրքական կառավարությունը, չհանդուրժելով հայկական կիսանկախ իշխանությունների գոյությունը, 19-րդ դարի 20-ական թվականներից հետևողականորեն իրագործել է դրանք վերացնելու քաղաքականություն։ Մարաշի փաշայության մեջ էր մտնում Լեռնային Կիլիկիայի Զեյթուն (Ուլնիա) գավառը, որտեղ բնատնտեսության պայմաններում ապրել է 35-40 հազար հայ, որից 17 hազարը՝ Զեյթուն քաղաքում։

Մինչև 19-րդ դարի սկիզբը զեյթունցիները բազմիցս հակահարված են տվել թուրքերի հարձակումներին. 1829,1832,1841,1847,1856, 1858, 1860 թվականներին տապալել են Զեյթունն ընկճելու նրանց փորձերը։ 1862 թվականին Մարաշի Ազիզ փաշան զեյթունցիներից պահանջել է վճարել մի քանի տարվա հարկ։ Ի պատասխան իր ապօրինի պահանջի մերժման՝ հուլիսին նա 10-հազարանոց զորքով մտել է Զեյթունի գավառ, կողոպտել ու այրել մի քանի հայկական գյուղեր, օգոստոսին պաշարել Զեյթուն քաղաքը։ Զեյթունցիները 5-6 հազար հոգով, հնատիպ հրացաններով և հնարավոր այլ միջոցներով դիմել են ինքնապաշտպանության, որը գլխավորել են 4 տանուտերերը՝ Յաղուբյանը, Շովրոյանը, Սուրենյանը և Ենիտունյանը(Նորաշխարհյան)։ Օգոստոսի 2-ի առավոտյան Ազիզ փաշայի զորքերը մի քանի ուղղություններով գրոհել են քաղաքը։ Զեյթունցիները, այդ թվում՝ կանայք և ծերեր, միահամուռ ուժերով դիմադրել են թշնամուն։ Սխրանքներ են գործել Մարկոս Թաշճյանը, Մահտեսի Գրիգորը և ուրիշներ։

Զեյթունի ձորում ծուղակն ընկած թշնամու զորքից ավելի քան 750 զինվոր սպանվել է, իսկ մյուսները խուճապահար փախուստի են դիմել։ Ձեյթունցիներն այդ ձորն անվանել են Կոտորածի ձոր։ Հետ են մղվել թուրքերի բոլոր գրոհները. 2 հազար թուրք է սպանվել, իսկ մյուսները, թողնելով իրենց ունեցած 2 հրանոթը, փախուստի են դիմել։ Պարտության պատճառով պաշտոնանկ արված Ազիզ փաշային փոխարինել է իր դաժանությամբ հայտնի Աշիր փաշան։ Սակայն Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի և Ֆրանսիայի դեսպանի միջամտությամբ նոր արշավանք տեղի չի ունեցել։ Ջեյթունի վերնախավի ներկայացուցիչները համաձայնել են Ֆրանսիայի օգնության դեպքում նույնիսկ կաթոլիկություն ընդունել։ Թուրքական կառավարությունը և հայոց պատրիարքը, վախենալով զեյթունցիների՝ կաթոլիկություն ընդունելու և Ֆրանսիայի ազդեցության տակ ընկնելու վտանգից, դիմել են փոխզիջման։ Ուղարկվել է քննիչ-հանձնաժողով, կնքվել է հաշտություն։

1865 թվականից Զեյթունում նշանակվել է թուրք կառավարիչ՝ կայմակամ։ Զեյթունցիները կորցրել են իրենց կիսանկախ վիճակը և պարտավորվել հարկ վճարել, սակայն համայնքի ներքին գործերում պահպանել են ինքնուրույնությունը։ Ջեյթունի 1862 թվականի ինքնապաշտպանությունը մեծ ազդեցություն է ունեցել հայ ազգ-ազատագրական շարժման հետագա ընթացքի վրա։

Միքայել Նալբանդյանը, Հարություն Սվաճյանը, Ծերենցը (Հովսեփ Շիշմանյան) և ուրիշներ կապեր են ունեցել զեյթունցիների հետ, օգնել նրանց։ Հերոսամարտի մասին գրել են մամուլում, նաև բազմաթիվ գրողներ՝ Մկրտիչ Պեշիկթաշլյան, Սմբատ Շահազիզ, Նահապետ Ռուսինյան, Հարություն Չաքրյան («Զեյթունի քայլերգի» հեղինակը), Սիամանթո, Դանիել Վարուժան, Հովհաննես Թումանյան, Րաֆֆի, Մուրացան և ուրիշներ, իսկ ժողովուրդը հյուսել է երգեր («Զեյթունցիներ» և այլն)։

Հայ հասարակական-քաղաքական հոսանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի տնտեսական, մշակութային առաջընթացը, կապիտալիստ, հարաբերությունների նկատելի զարգացումը, հայ իրականության մեջ լայն արձագանք գտած եվրոպական ազգային-ազատագրական ու հեղափոխական շարժումները նպաստել են հասարակական-քաղաքական հոսանքների առաջացմանը։ Ունենալով որոշակի ընդհանրություններ՝ արևելահայ և արևմտահայ հասարակական-քաղաքական հոսանքներն ունեցել են նաև տարբերութուններ՝ պայմանավորված իրենց սոցիալական միջավայրին և ազգային խնդիրներին բնորոշ հատկանիշներով։ Մեծահարուտների և բարձրաստիճան հոգևորականության ներկայացուցիչները՝ Մսեր և Զարմայր Մսերյանները, Առաքել Արարատյանը, Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը, Ստեփան քահանա Մանդինյանը, Գրիգոր Շերմազանյանը, Գաբրիել Այվազովսկին, Հովհաննես Չամուրճյան-Տերոյենցը, Անտոն Հասունյանը և ուրիշներ, իրենց հրատարակած պարբերականներով՝ «Մասյաց աղավնի» (1855-58, Փարիզ, 1860-65, Թեոդոսիա), «Երևակ» (1857-62, 1864- 1866, Կոստանդնուպոլիս), «Ճռաքաղ» (1858-62, Մոսկվա), «Արևելյան դար» (1860-63, Կոստանդնուպոլիս) և այլն, քարոզել են հնազանդություն և հավատարմություն հայության հավատքին չդիպչող տիրակալներին։ Ազգը՝ գերագույն հեղինակություն, իսկ եկեղեցին ազգը միավորող, պահպանող գործոն են համարել հանրահայտ գործիչներ Մարկոս Աղաբեկյանը, Պետրոս Շանշյանը, Գևորգ Ախվերդյանը, Գաբրիել Պատկանյանը, Մկրտիչ Խրիմյանը, Գարեգին Սրվանձտյանը և ուրիշներ։ Լույս են ընծայել «Արծվի Վասպուրական» (1855-56, 1858-64, 1872-74, Կոստանդնուպոլիս, Վարագավանք), «Մեղու Հայաստանի» (1858-86, Թիֆլիս), «Կռունկ Հայոց աշխարհին» (1860-63, Թիֆլիս), «Արծվիկ Տարոնո» (1863-65, Մուշ) պարբերականները։

Մկրտիչ Խրիմյան

Ըստ նրանց՝ ազգային կենդանի լեզուն, գրականությունը, պատմությունը, մանուկների հայեցի դաստիարակությունը, հնամենի բարքերն ու ավանդույթները, հայրենասիրական գործերը, ժողովրդի լուսավորությունը և հայադավան եկեղեցին ազգի հարատևության և հայկական պետականության վերականգնման գրավականներն են։ Նրանք հանդես են եկել համքարությունների, տեղական արդյունագործության և առևտրի շահերի պաշտպանությամբ, ողջունել են Ջեյթունի 1862-ի հերոսամարտը, միջոցներ հանգանակել հօգուտ զեյթունցիների։ Նշանավոր մտավորականներ Ստեփանոս Նազարյանցը, Գրիգոր Արծրունին, Նիկողայոս Զորայանը, Գրիգոր Օտյանը, Ն. Ռուսինյանը, Ս. Վիչենյանը և ուրիշներ պայքարել են հայ հասարակական-քաղաքական կյանքը բուրժուականացնելու, հին կարգերը խաղաղ ճանապարհով վերափոխելու և եվրոպական առաջադեմ ուղուն հետևելու համար։ ժողովրդի ազգային ազատագրության և առաջադիմության միջոց համարել են բարեփոխումները, կարևորել լուսավորության, դպրոցի, լեզվի, գրականության ու գիտության զարգացումը։ Ստեփանոս Նազարյանցը Մոսկվայում հրատարակել է «Հյուսիսափայլ» (1858-62, 1864) ամսագիրը։ Գրիգոր Արծրունին համոզված էր, որ հայ ժողովրդի ազատագրության հարցը կլուծվի հայ-ռուսական զինակցության միջոցով՝ արևմտահայերի՝ թուրքական լծի թոթափմամբ։ Նահապետ Ռուսինյանը, Գրիգոր Օտյանը և նրանց համախոհները լուսավորությունը համարել են տնտեսական հետամնացությունը հաղթահարելու միջոց, կարևորել են երկրի տնտեսական անկախությունը և երկրագործության զարգացումը։ Միքայել Նալբանդյանը, Ստեփան Ոսկանյանը, Հարություն Սվաճյանը, Սերովբե Թագվորյանը, Մատթեոս Մամուրյանը և ուրիշներ կողմ էին հայ ժողովրդի ազատագրության համար առավել արմատ, միջոցների դիմելուն։ Մ. Նալբանդյանը հայ ժողովրդի սոցիալական ազատագրությունը կապել է ռուս ժողովրդի հեղափոխության հաղթանակի հետ։ «Ռոաիո ազատությունը,- գրել է նա,- ընդհանուր մարդկության ազատության վերաբերմամբ մեծ խորհուրդ ունի»։ Փորձում էր կապ հաստատել արևելահայ և արևմտահայ դեմոկրատական ուժերի միջև՝ միասնական պայքարով սոցիալական ազատագրության հասնելու համար։ Հ. Սվաճյանի կարծիքով՝ միայն ազատագրության համար մարտնչող ժողովուրդների ընդհանուր հեղափոխական պայքարով կթոթափվի եվրոպական և ասիական բռնապետությունների լուծը։ Մ. Մամուրյանը հայ ժողովրդի ազատագրության հիմնական միջոց է համարել համաժողովրդական ապստամբությունը։ Նա Արևմտյան Հայաստանի փրկությունը տեսել է նաև մեքենայական արտադրության զարգացման և հայրենի հողին կապվածության մեջ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png